Նվարդ Ավագյան|ՄԵՖԻՍՏՈՖԵ՞Լ, ԹԵ՞ ՖԱՈՒՍՏ

0

mefistFaustԱպրում ենք ժամանակներ` երբ գնալով բարդանում են ոչ միայն մարդկային ցեղի տարբեր խմբերի, այլեւ առանձին մարդկանց միջեւ հարաբերությունները: Մտածում ու չենք կարողանում գտնել հարցի պատասխանը, թե ո՞րն է մարդկային կյանքի իմաստը:Չենք ասում՝ ինչպիսի՞ն կլինի աշխարհի վաղը, եւ ի՞նչ է սպասում մեզ…
Իրավ` ի՞նչ է «հոմո սապիենսի» կյանքը: Կենսաբանորեն նույնատիպ նմուշների՝ ստերեոտիպի բազմացում ու տարածու՞մ, թե՞ ուրիշ առաքելություն էլ կա: Ասենք` իրենով սահմանել ազատություն, չարություն, բարություն հասկացությունները, որպեսզի հետո այդ ազատության սահմանները մշակենք` քաոսից խուսափելու համար… Հեյդեգերն ասում է`.«Մարդկային ազատության միակ ոլորտը մահն է»: Թվում է` վիճարկել պետք չէ, որովհետեւ մարդն իրո՛ք ազատ է մեռնելու իրավունքի մեջ, ոչ-ոք չի կարող նրան խանգարել մեռնել, արգելող օրենք չկա, բայց այդուհանդերձ` չեմ ուզում ընդունել այդ այսպես կոչված` էկզիստենցիալիստական բանաձեւը, որովհետեւ այն փաստորեն ժխտում է մարդկային զգացմունքների ու մտքերի զարգացման պատմությունը:
Մարդու աշխարհ գալու առաքելության նկատմամբ ես լավատեսական մտքեր ունեմ ու գիտեմ, որ ցանկացած լավատեսության հաստատման համար կա երկու ուղի. մեկն անցնում է իրականության լավատեսական ընկալման, մյուսը` դրամատիկ
երբեմն նույնիսկ ողբերգական/ ապրումների միջով: «Ողբերգական ապրումներ» ասելով պետք է հասկանալ ցավը, տառապանքը, թախիծը, կարոտը, պայքարը, կասկածանքը…կարճ ասած ` այն ամենն, ինչ մարդկային է: Ինձ անգամ թվում է, թե նախախնամությունն այնպես է տնօրինել, որպեսզի առանձին վերցված ժողովուրդներ… աշխարհ գան հատո՛ւկ առաքելությամբ: Օրինակ` հայերն ու հրեաները` հայրենակորսության ցավն ու հայրենահավաքի բերկրանքն զգալու, թուրքերն ու գերմանացիներն` առաջիններին սթափ լինելու դաժան դասեր տալու համար… Լավատեսության հաստատման երկու ուղի` որոնք թեեւ տարբեր են եւ անգամ հակադիր, բայց հանգում ու հանգեցնում են գաղափարական նույն արդյունքին:
Բանական էակին հատուկ զգացմունքների զարգացման պատմությունը մեզ հիշեցնում է երկու գույնի մասին` սեւի ու սպիտակի: Առաջինը չարի խորհուրդն է, երկրորդը` բարու: Ընդ որում` չարի հետեւից մարդուն հեռու գնալ պետք չէ. այն մեր ներսում է ճիշտ այնպես` ինչպես բարին, ամբողջ խնդիրն այն է, թե երկուսից ո՞րն ու ե՞րբ է գերակշռում, ուրեմն եւ` հաղթում մեզ:Իզուր չի ասված՝ ո՜վ մարդ, քո գլխավոր թշնամին ինքդ ես:Այստեղից էլ մյուս իմաստուն բանաձեւը. ամենամեծ հաղթանակը ինքն իրեն հաղթահարելն է:
Եվ այսպես` մարդու մեջ մշտապես բարու եւ չարի պայքար է գնում: Պատահական չէ, որ աշխարհի մեծագույն բանաստեղծներից մեկը չարին տեսնում է սեւ զգեստով, սեւ գլխարկով, բարուն` սպիտակ տունիկայով. այո, մարդու հոգեկան էության զույգ պարունակն են եղել ու մնում… Մեֆիստոֆելն ու Ֆաուստը:Նույն բնակարանում / հոգու մեջ/ գրանցված երկու հակոտնյա բնակիչներ, որ չեն կարող ընդհանուր հայտարարի գալ, այսինքն` հաշտվել:
Չարի եւ բարու հավերժական գոտեմարտում հաճախ հաղթում է առաջինը, որովհետեւ ավելի ճարպիկ է ու խորամանկ: Ես հասկանում եմ հեքիաթագիրներին, գիտեմ ինչու են գրական այնքան ժանրերից գերադասում հեքիաթը. որովհետեւ ռեալ իրականությունից հոգնած ու դառնացած` հյուսում են իրենց սրտի ուզածը, որպեսզի գեթ այնտեղ բարին հաղթի:Բայց ես հեքիաթներ չեմ գրում ու նաեւ չեմ ուզում ընդունել իրերի նման դրվածքը, ես ուզում եմ մտածել, որ չարը երբե՛մն է հաղթում: Գիտե՞ք ինչու, որովհետեւ գոյություն չունի մարդու հավերժական մոդել, եւ չարն էլ կարող է ինչ-որ մի ժամանակ, գուցե ճակատագրական պահի, փոխվել լավի: Աշխարհում շա՞տ են նրանք, ովքեր մի ձեռքով ողջունում են Ֆաուստին, մյուսով` նրա հակոտնյային: Հազիվ թե: Չնայած դիցաբանությունը հատուկ պերսոնաժ է ընտրել դրա համար` երկդեմ Յանուսին: Ոչ, եթե շատ լինեին յանուսները, քար չէր մնա քարի վրա…
Մարդ աճում է լոկ այն ժամանակ, երբ փոխվում է դեպի լավը: Հակառակ պարագայում նա մնում է կիսակենդանական վիճակում, գերի` ոչ այնքան մշակված զգացմունքներին, որքան բնազդի մութ կրքերին: Չի կարելի երես տալ հայտնի սեւազգեստին… Ասում են` հարստությունը մարդուն ազատություն եւ անկախություն է ապահովում: Պայմանականորեն համաձայն եմ… պայմանական ազատության հետ, իսկ բացարձակի մասին եկեք չխոսենք. բացարձակ ազատություն չի լինում: Արժե հարց տալ. կուտակելու մղում` այո, բայց մինչեւ ե՞րբ, մինչեւ որտե՜ղ: Երբ մի անգամ այդ մասին զրուցում էի արցախյան նուվորիշներց մեկի հետ, մաքիավելլիական ժպիտ խաղաց դեմքին` մինչեւ մահ-գերեզման: Ողջունում եմ նրա գոնե անկեղծությունը…
Եվ այսպես, կան մարդիկ, որոնց աչքն իրենց բանջարանոցից դենը չի տեսնում: Սեփականության իրավունքը ես էլ եմ հարգում, բայց մի՞թե ամեն ինչ գեղեցիկ չէ չափի՚ մեջ…Եթե այո` հարստանա՚լն ինչու՞ պիտի բացառություն կազմի: Հնարավո՞ր է ժխտել ճշմարտությունը, որ անչափ մեծ հարստությունը մարդկանց օտարում է միմյանցից` նրանց
վերածելով ասես կենսաբանական բջիջների: Անգամ հարազատներին՝ եթե մեկը հարուստ է, մյուսն աղքատ: Աստված էլ ինչու՞ է մեզ սիրտ ու զգացմունք տվել…Շատ ափսոս, որ իր բազմահազարամյա պատմության ընթացքում մարդկությանը չի հաջողվել գտնել հարստության բաժանման այնպիսի կատարյալ միջոց, որի պարագայում մարդը ե՚ւ հարուստ լինի, ե՚ւ… բարոյապես մաքուր:
Մեր վայրի կապիտալիզմը բնավ սիրելու բան չէ` եթե խոսելու լինենք ոչ թե մի բուռ մարդկանց, կամ նրանց որոշակի խմբերի, այլ հիմնական զանգվածի` աշխատավոր ժողովրդի անունից ու շահից: «Աշխատավոր» բառն էլ հիմա ասես նոմինալ մի բան է . աշխատատեղ չեղած պարագայում աշխատավո՛րը որտեղից…Ժողովրդի կեսից ավելին չարչի է դարձել: Եթե դա աշխատավոր-ություն է, ուրեմն «չարքաշ» ածականն էլ պիտի կցենք… Հայտնվել ենք տարօրինակ «դրախտում». փոքրամասնությունը համբուրում է Շուկհար կոչվող /շուկայական հարաբերություններ/ նորածնի ատլաս երեսը, մեծամասնությունը` լվանում նրա կեղտոտ խանձարուրները…Դա՞ էլ է մարդկյաին կյանքի իմաստ:
Չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե կյանքիս վերջին շրջանում, երբ գուցե թե ազատ ժամանակ ունենամ, գրելու եմ իմ գլխավոր գիրքը, որում ի մի բերված կլինեն կյանքի հանդեպ բոլոր եզրահանգումներս…Վստահ եմ, որ դա լինելու է որքան անկեղծ ու ազնիվ` նույնքան էլ կոշտ ու դաժան գիրք, որտեղ կերեւա իմ ապրած ժամանակի անհամամասնությունների արտացոլանքը: Ուզում եմ բանավեճի մտնել արդիականության հետ` ապացոււցելու համար, որ արդարության ու բարության թափուր տեղը ոչինչ չի կարող լցնել:Իրողությունները կարձանագրեմ ինձ լավ ծանոթ ոլորտի օրինակով. կփաստեմ, թե ինչպես էին գրողները փորձում պայքարել հանուն բարձր արվեստի` դրա համար, ավա՜ղ, չտեսնելով կայուն հեռանկար: Ինչպես էին ձգտում բարձրին` մնալով ցածում: Երազում շատի մասին` մնալով քչի տեր: Եվ ռեզյումեն կլինի այսպիսին. այդպես եղավ, որովհետեւ մենք չկարողացանք խլել ժամանակից, բայց ժամանակը խլեց մեզնից… Այն մեզ հանձնել էր նուվորիշների ողորմածությանը, վերջիններիս շարքում էլ, ավա՜ղ, չգտնվեցին մեկենասներ: Դիպվածից -դիպված ձեռքը դժկամությամբ գրպանը տանող ձեռներեցը մեկենաս չէ:Նույնիսկ տաղանդավոր գրքերը մնացին ձեռագիր վիճակում, իսկ նրանց հեղինակները թախծոտ հեռացան կյանքից: Արդյունքում կորցրին ոչ միայն իրենք, այլեւ` ազգն ու մշակույթը: Կգրե՛մ այդպիսի գիրք, երբ սոցիալական պահանջի…բացակայությունից ելնելով` առաջվա պես ամեն օր աշխատանքի գնալու ինքնահրամայականը չունենամ: Իսկ այդ բացակայությունը կլինի՞ , արդյոք: Եթե երկիրն այսպես էլ մնա` վախենամ ՝ ոչ:
Այսպես չի կարելի շարունակել: Մենք պարտավոր ենք դառնալ ոչ միայն ավելի ինքնաբավ ապրող, այլեւ ավելի սրտաբաց ու բարի` քանի դեռ ուշ չէ: Որովհետեւ բարություն հնարավոր է անել…ապրո՛ղ մարդու համար: «Քանի դեռ ուշ չէ»-ն հուշում է մեռնողների եւ արդեն մեռածների մասին:
Քանի դեռ ուշ չէ՝ օգնի՚ր կողքինիդ: Ձեռք մեկնիր կարիքավորին: Ունեցածդ տասից մեկը տուր չունեցող արժանավորին, կուտակած հարյուրիցդ տասը որբին՝ որ մեծանա ու ոտք բռնի ծնող ունեցողի հետ: Միլիոնիցդ մաս ծառայեցրու լույսին՝ արվեստին , գրականությանը: Անշահախնդիր, առանց ետին միտք ու նպատակի: Մի հարցրու` բա իմ օգու՞տը որն է…
Քո օգուտը… քո մաքրվելն է լինելու ագահության ախտից, մեկ էլ` Աստծո օրհնությունը: Անգամ անվանդ «հնչելու» մասին մի մտածիր, քանզի դա էլ է շահախնդրություն. տամ` որ անունս հիշվի… Հիշողը հիշում է սրտով, եւ դրանով է արդար տուրքը: Տուր` եւ կստանաս, ասված է Գիրք-գրոցում: Ուրեմն` դուրս եկ անտարբերության խավարից եւ լույսի շրջան մտիր` քեզ տենենք ոչ միայն աչքով, այլեւ շնորհակալ սրտի ջերմությամբ: Որպեսզի երկրիդ բանաստեղծները ցանկություն չունենան գրել այնպիսի տողեր, ինչպիսին գրել եմ ես` պատերազմական տարում, երբ «տաք ձեռամբ» այրերն իրենց արու զավակներին փախցնում էին զինվորությունից.
Հացի բոքոն տվեց որբին,
Որ չասեն, թե… ու՞ր է որդիդ:
Սա հո կյանք չէ` հանելուկ է.
Երկրի կեսը սովալլուկ է,
Իսկ նա «կաթով է լողանում»…
Չի տեսնու՞մ դա Տերը վերից,
Դաժան կյանքի մագիլներում
Մինչեւ ե՞րբ ենք մենք դողալու:
«Պետք է դառնալ բարի». այս բառերը հարկավոր է հաճախակի կրկնել, պարոնայք, որպեսզի հասու դառնաք Աստծո եւ մարդկության մեծերի ճշմարտությանը: Գյոթեն ասում է՝ մեր չորս կողմը եւս մշտապես քարոզվում են սխալները… Մարդ լինելու համար շա՜տ էներգիա պիտի ծախսել: Շատ մտածել: Շատ զգալ:Շատ տառապել: Տառապանքը մարդուն ազնվացնում է` եթե խավարը ճեղքող լույսի ճառագայթի է նման: Դիմացինիդ մեջ տես եղբորդ` թեեւ առանց ընդհանուր արյան: Գոնե փորձիր, գուցե ստացվեց: Ի վերջո` վերելքը հաղթահարում է բարձրացո՚ղը…
Մարդու հոգին նման է ծովի. երկուսի հատակում էլ լինում են ե’ւ որդեր, ե’ւ մարգարիտներ, ձգտիր հատակից բարձրացնել միայն մարգարիտը: Մարդու հավերժական մոդել գոյություն չունի, այո, ամեն ինչ հոսում է` ամեն ինչ փոխվում:Ուզու՛մ եմ հավատալ, որ բարի մարդկանց թիվն է շատ աշխարհում: Պարզապես բոլորը չէ, որ ընդգծվում են օրվա պաստառի վրա: Բանն այն է, որ անհատի կերպարն ընդհանուր ֆոնի վրա գծագրվում է հասարակության զարգացմանը զուգահեռ…Նայենք մեր ներսը, տեսնենք այնտեղ ով է դոմինանտի դերում` Ֆա՞ուստը, թե՞ Մեֆիստոֆելը: Եթե առաջինն է, ուրեմն` վաղն ավելի լավ ու ճիշտ ապրող հասարակություն կունենանք:
Եղիցի՜…

Նվարդ ԱՎԱԳՅԱՆ

Տարածել

Պատասխանել