Արցախում կանցկացվի միջազգային գրական փառատոն

0

ՍտեփանակերտԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԻՐ ՄԱՐԴՈՒ ՄԻՋԻՑ…
ԵՎ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՄԱՐԴԸ

«Եղիցի լույս» թերթի հատուկ թղթակից Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հարցազրույցը գրողների միության և պոեզիայի արցախյան երկրորդ փառատոնի կազմկոմիտեի նախագահ Վարդան ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

Արցախն առաջին երկիրն է Անդրկովկասում, որտեղ կազմակերպվեց պոեզիայի միջազգային փառատոն: Ինչո՞վ եք բացատրում այդ երևույթը:

– Պոեզիան ցավից է ծնվում: Կարելի է հարցին տարբեր մեկնաբանումներ տալ, բայց գլխավորը, երևի, այն իրավիճակն է, որի մեջ գտնվում է աշխարհի ամենասոսկալի ու դաժան պատերազմների միջով անցած, իր լավագույն զավակների արյամբ թրծված Արցախը, որը բանաստեղծությունը` որպես ազատության, սիրո ու խաղաղության դրոշ, պարզում է իր բարձր լեռների վրա` ի տես ամբողջ աշխարհի… Մեր հայրենիքը բազմիցս մասնատվել է դարերի ընթացքում, որը և յուրաքանչյուրիս մեջ ավելի զգայուն է դարձրել միասնականության հզոր գաղափարը, ընդհանուր ցավը, որոնցից էլ ակունք է առնում մեր երկիրը հայրենիք դարձնող բանաստեղծությունը:
Չմոռանանք, որ յուրաքանչյուր արցախցու մեջ խորն է նստած բանաստեղծը:

-Ուրեմն, պոեզիան պայքարի միջո՞ց է:

-Ես չեմ ուզում հարցը քաղաքականացնել, մանավանդ, որ արվեստը և քաղաքականությունը միշտ էլ հակադիր բևեռներում են գտնվում: Բայց այսօր աշխարհի մեծ տերությունների կողմից չճանաչված, իր անկախ պետականությունը կերտող Արցախում ապրող և ստեղծագործող գրողը մեծ խնդիրներ ունի իր առջև: Դա ոչ միայն բանաստեղծի, այլև պոեզիայի միջոցով երկրի ճանաչման պրոբլեմն է: Իսկ պոեզիայի միջազգային նման փառատոները մի քանի օրվա ընթացքում անում են ավելին այդ առումով, քան պետական-կառավարական մի շարք կառույցներ տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է զուտ գրականության զարգացմանը, ապա համարձակորեն կարող ենք ասել, որ ամբողջ աշխարհում ընդունված ճշմարտություն է` մշակույթների կենդանի շփումներն առաջընթացի և զարգացման խթան են հանդիսանում:

– Այս տարի պոեզիայի արցախյան երկրորդ միջազգային փառատոնին ո՞ր երկրներից են գրողներ ներկայանում:

– Տասից ավելի պետություններից մասնակցության հայտ են ներկայացրել անվանի շատ գրողներ ու մշակույթի գործիչներ:

-Ուրեմն Արցախը տասնմեկերորդ պետությո՞ւնն է…

-Ոչ թե տասնմեկերորդը, այլ առաջինը` Մայր Հայաստանի հետ միասին: Հայաստան, Ռուսաստան, Իտալիա, Լեհաստան, Գերմանիա, Ռումինիա, Բուլղարիա, Սերբիա, Վրաստան, Լիբանան…

-Առաջին փառատոնից մինչև երկրորդն ընկած ժամանակահատվածում, արդյո՞ք, զգալի են, այսպես ասած, գրականությունների կենդանի շփման արդյունքները: Ինչպե՞ս են դրանք երևում, ինչո՞ւմ են արտահայտվում:

– Դրանք, իհարկե, ձեռքի մեջ չեն շոշափվում` ինչպես լույսի շողը, որ ափիդ մեջ է, բայց մատներիդ մեջ բռնել չես կարող: Հոգու և հոգևորի պտուղներ են դրանք, որ սերմնավորվում ու բերրի են դարձնում հողը, երկիրը, ապագան:

-Կարո՞ղ եք ավելի կոնկրետ նշել:

-Նախ ասեմ, որ տարբեր ազգերի գրողներ, լինելով Արցախում, մոտիկից ծանոթանում են արցախյան հիմնախնդրին, մեր ժողովրդի նիստ ու կացին, օբյեկտիվ ու անկողմնակալ կարծիք կազմում մեր ազատագրական պայքարի մասին: Իսկ այս կարևոր հանգամանքը պատճառ է հանդիսանում, որ նրանք ոչ միայն մեր երկրի արդար դատի պաշտպաններ դառնան, այլ նաև իրենց գրչով միանան անկախության ու ճշմարտության համար մեր պայքարին:
Ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բոբրովը, արաբ բանաստեղծ Աբդո Լաբաքին, սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը, գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս Վիլհելմ Բարչը, վրացի բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին, ռումինացի բանաստեղծ Մարիուս Չելարուն, բուլղարացի պոետներ Ռոման Կիսյովն ու Վանիա Անգելովան հանդես են եկել ոչ միայն հոդվածներով, արցախցի գրչակիցների գործերի թարգմանություններով, այլև հեղինակել են առանձին գրքեր արցախյան թեմաներով: Եվ պատահական չէ, որ Արցախում անցկացված պոեզիայի միջազգային նախորդ փառատոնից հետո Ադրբեջանը բողոքի նոտա է հղել մի շարք պետությունների` այդ երկրները ներկայացնող գրողներին անցանկալի անձ հայտարարելով ու արգելելով նրանց մուտքն Ադրբեջան:

– Ուրեմն, ուզենք թե չուզենք, փառատոնը նաև քաղաքական հարցե՞ր է շոշափում:

-Եթե հիշում եք, անցյալ անգամ մեր փառատոնի կարգախոսն այսպիսին էր` գրողը խաղաղության մունետիկ: Այս անգամ էլ գրեթե նույն «լարին» ենք խփում` խաղաղություն և սեր:
Սրանք պոեզիայի հավերժական թեմաներից են, որ քարոզում են մարդասիրություն ու համերաշխություն ամբողջ աշխարհում` հավատ ներշնչելով մարդկությանը` «գեղեցիկը փրկում է աշխարհը»… Պոեզիան դառնում է հաղորդակցության լեզու ոչ միայն պոետների, այլև ժողովուրդների ու նրանց գրականությունների համար:
Թարգմանության մի դաշտ է ստեղծվում, ուր ամեն մեկը կարողանում է ներկայանալ իր տաղանդի ու կարողության բոլոր կողմերով: Վերջերս մենք Ստեփանակերտում հրատարակեցինք բուլղար գրող և նկարիչ Ռոման Կիսյովի բանաստեղծությունների եռալեզու (հայերեն, բուլղարերեն, ռուսերեն) գիրքը` հեղինակի հրաշալի ձևավորմամբ: Լյուբիցա Միլետիչի ժողովածուն լույս է տեսել և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում, և՛ Սերբիայում` ամբողջովին համահայկական թեմաներով: Վանիա Անգելովայի քնարական գործերի փոքրիկ ժողովածուն` հայերեն լեզվով, ուղղակի օրերս դրվեց իմ սեղանին` բավականին հետաքրքիր հրատարակությամբ… Թարգմանական աշխատանքը նպաստում է նաև երիտասարդ թարգմանիչների պատրաստմանը:
Պոեզիայի միջազգային փառատոները գրական կամուրջներ են ստեղծում ազգերի ու ժողովուրդների, նրանց մշակույթների միջև: Մեր պոետներից մի քանի հոգի արդեն հասցրել են լինել աշխարհի տարբեր երկրներում` Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Լեհաստան, Կոլումբիա, Չինաստան… Ի դեպ, ասեմ, Մակեդոնիան առաջին երկիրն է աշխարհում, ուր սկզբնավովրել է պոեզիայի միջազգային փառատոնի անցկացման գեղեցիկ ավանդույթը:
Եվ մի հանգամանք ևս` պոեզիայի միջազգային փառատոների անցկացումը հատուկ է միայն զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրներին. չէ՞ որ գրողները քաղաքակրթություն ստեղծող անհատներ են:

-Ի՞նչ կասեք պոեզիայի արցախյան երկրորդ միջազգային փառատոնի ծրագրի մասին:

-Բավականին հարուստ է այն ու բազմազան: Թե՛ Եվրոպայից, թե՛ Ռուսաստանից ու այլ վայրերից ժամանող գրողները հանդես կգան իրենց գործերի ընթերցմամբ, կկազմակերպվեն պոեզիայի ժամեր` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, Գանձասարում կանցկացվի արաբական պոեզիայի ժամ: Ամեն փառատոնի ժամանակ որևէ երկիր ներկայացվում է իր պոետական ընդհանուր նկարագրով: Անցյալ փառատոնի ժամանակ մենք վրացական պոեզիային նվիրված նման հանդիպում ենք կազմակերպել: Հետաքրքիր կլինի նաև «Բանաստեղծությունը և տիեզերական շարժումը» թեմայով «Գրիգոր Նարեկացի» համալսարանում անցկացվելիք գիտաժողովը, որտեղ տարբեր երկրներից ժամանած պոետները հանդես կգան իրենց ազգային գրականության զարգացման միտումների մասին պատմող զեկուցումներով: Ժենգյալով հացի տոն ու ծառատունկ կանցկացվեն հինավուրց Տիգրանակերտում…
Մի խոսքով, ծրագրերը հետաքրքիր են:

-Մաղթենք Ձեզ և բոլորիս հաջողություն` այդ լավ նախաձեռնության իրականացման գործում:

Եվ` շնորհակալություն հարցազրույցի համար:

Տարածել

Պատասխանել