by

1381766_1486011121670810_4520223312802812824_n (1)Հոկտեմբերի 19-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց պոեզիայի միջազգային երկրորդ փառատոնը: Նշենք, որ Արցախն առաջին երկիրն է Անդրկովկասում, որտեղ արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է պոեզիայի միջազգային փառատոն: Փառատոնին ներկա են տասից ավելի պետությունների անվանի գրողներ, մշակութային գործիչներ: Փառատոնի կարգախոսն է «Խաղաղություն եւ սեր»:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Բացման խոսքով հանդես եկավ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ նշեց, որ Անդրկովկասում առաջին անգամ կազմակերպել նման միջազգային փառատոն եւ այն էլ՝ նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, դա սխրանք է թե՛ քաղաքական առումով եւ թե՛ գեղարվեստական: Արցախի ԳՄ նախագահը մասնակիցներին հղեց նաեւ ՀՀ ԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի ողջույնները:

1487983_1486011125004143_9040695713874564858_o (1)«Մենք բանաստեղծությունը պարզել ենք մեր լեռների վրա՝ որպես խաղաղության, սիրո եւ հավատի խորհրդանիշ: Մեր բոլոր գրողներին, ովքեր ներկայացել են փառատոնին, մենք համարում ենք խաղաղության դեսպաններ եւ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր նախորդ փառատոնից մինչեւ այս փառատոնն ընկած ժամանակաշրջանում գրքեր են տպագրել Արցախի եւ Հայաստանի մասին, որոնք ճանաչել են մեր հիմնախնդիրը, կանգնել են Արցախի կողքին, մենք մեր խոնարհումն ենք բերում բոլոր նրանց»,-նշեց Վ. Հակոբյանը:
Փառատոնի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա նշեց, որ փառատոնի շնորհիվ Արցախը ձեռք է բերում նոր բարեկամներ:
Նախարարը նշեց նաեւ, որ այս տարին հոբելյանական է Արցախի համար: Պատերազմում զինադադարի հաստատման, ասել է թե՝ խաղաղության 20-րդ տարեդարձն է: Արցախում բոլոր մշակութային ձեռնարկներն անցել են հենց այդ խորագրի ներքո՝ «Խաղաղություն Արցախին», բացառություն չէ նաեւ այս փառատոնը:
«Բոլոր այս տարիներին խաղաղությունը մեր սահմանին պաշտպանել են մեր 18 տարեկան երիտասարդները,-ասաց Ն. Աղաբալյանը,- իսկ մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ խաղաղությունը կենսունակ լինի, իսկ խաղաղությունը կենսունակ է այն ժամանակ, երբ մարդիկ լցված են ստեղծելու, կառուցելու մղումով: Մեր հարեւան երկրում՝ Ադրբեջանում, իրենց ճանաչված գրողի գրքերն են վառում հրապարակավ եւ հալածում են նրան միայն այն պատճառով, որ այլ կարծիք ունի: Մենք բարի գալուստ ենք ասում բոլորին, ովքեր Արցախ են գալիս բարի կամքով եւ մեզ համար կարեւոր է յուրաքանչյուրի կարծիքը»:
10655219_1486011131670809_7500002969950404451_o (2)ԼՂՀ ԿԳ փոխնախարար Արմեն Սարգսյանն, իր ելույթում կարեւորելով Արցախում պոեզիայի միջազգային փառատոն կազմակերպելը, նշեց, որ դրանով մեկ անգամ եւս փաստում ենք, որ Արցախը ժողովրդավարության հիմնաքարն է:
«Այս միջոցառման հիմքը ձեր բարի կամքն է,-դիմելով փառատոնի մասնակիցներին նշեց Ա. Սարգսյանը եւ հավելեց,-ու նաեւ այն լեզվական, մշակութային, գիտական ու կրթական կապերը, որ դարեր շարունակ հայ ժողովուրդն ունեցել է ձեր հայրենիքների հետ: Ասել է թե՝ կապը ձեր հայրենիքների հետ շատ վաղուց է, եւ պոեզիայի միջազգային փառատոնը նոր լիցք կհաղորդի դրան: Պոեզիան կապող օղակ է բոլոր սրտերի համար՝ անկախ դավանանքից, լեզվից եւ ճանաչված ու չճանաչված լինելուց»:
Այնուհետեւ հայ եւ օտարազգի պոետներն արտասանեցին իրենց ստեղծագործություններից: Ելույթներն ընդմիջվում էին երաժշտական կատարումներով ու պարերով:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

0 Comments

You can be the first one to leave a comment.

Leave a Comment