by

Նորեկ ԳասպարյանՆոյեմբերի 7-ին լրացավ բանաստեղծ, հրապարակախոս Նորեկ Գասպարյանի ծննդյան 55-ամյակը: Օրերս Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի պոեզիայի եւ գիտական նիստերի դահլիճում կայացավ հանդիպում գրող Նորեկ Գասպարյանի հետ: Հանդիպմանը ներկա էին գրողներ, դասախոսներ, ուսանողներ, գրողի ստեղծագործության երկրպագուներ: Ծավալվեց անկեղծ ու անմիջական զրույց պոեզիայի, գրականության մասին: Գրողներն ու ընթերցողներն իրենց խոսքերում գնահատեցին Ն. Գասպարյանի ստեղծագործությունների գեղագիտական արժեքը, կարդացին բանաստեղծություններ եւ հանդես եկան գրականագիտական վերլուծություններով:
«Գրականության մեջ կեղծիքը, ինչպես ասում են, կործանարար է,-նշեց Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը,-մենք այսօր բոլոր հիմքերն ունենք անկեղծ լինելու եւ պոեզիայի մասին մեր մտածումները բանաձեւելու համար: Նորեկ Գասպարյան երեւույթն իր ստեղծագործությամբ, իր մարդկային նկարագրով այդ հնարավորությունը տալիս է: Ն. Գասպարյանի յուրաքանչյուր տողի մեջ միտում կա նորարարության: Նա կարողանում է տողի միջից ճեղքել ու դուրս գալ եւ նոր տող, նոր միտք, նոր բանաստեղծություն բերել: Բոլոր բանաստեղծները մեծ են այնքանով, որքանով նրանք կարողանում են իրենց նկարագիրը ստեղծել, իրենց նշանների համակարգը ստեղծել, իրենց կոդը ստեղծել: Նորեկն ունի իր նշանների համակարգը եւ կարողանում է ընթերցողին մտածողության տանել»:
«Գրիգոր Նարեկացի» համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, բանաստեղծուհի Տաթեւ Սողոմոնյանն իր խոսքում նշեց, որ Ն. Գասպարյանի տողում մեր երկիրն է, մի ամբողջ սերնդի կորսված մանկությունը:
Համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս Զարինե Սառաջյանը խոսեց Ն.Գասպարյանի բանաստեղծության փիլիսոփայական միտումների մասին: «Գասպարյանի բանաստեղծության գեղարվեստական մտածողությունն աղերսվում է էկզիստենցիալ մտածողությանը, այսինքն` մարդկային գոյությունը դիտում է որպես անհատի ինքնին գոյություն` տառապող, պայքարող եւ սիրող մարդու սուբյեկտիվ գոյություն: Ն.Գասպարյանի բանաստեղծական աշխարհում ակնառու են նաեւ պոստմոդեռնիզմի տարրեր»,-նշեց նա:
Կիմ Գաբրիելյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Ն. Գասպարյանի պոեզիան, արձակը, հրապարակախոսությունը երկրպագուներ շատ ունի: Նա, կարելի է ասել, Արցախում հեռուստահրապարակախոսության հիմնադիրն է նաեւ:
Գրող, լրագրող Նվարդ Ալեքսանյանի խոսքով` Ն.Գասպարյանն իր պատկերային համակարգով, խոսքի բազմաշերտությամբ միշտ յուրահատուկ է: Նրա մտերմիկ զրույցն ընթերցողի հետ միշտ էլ շարունակվում է: Ն. Գասպարյանը հորիզոնում այնպիսի մի տեղ է ընտրել իր համար, որտեղից շատ պարզ երեւում են ե°ւ երկինքը, ե°ւ երկիրը: Նա ավանդապաշտ է իր նորարարությամբ:
Իրենց սրտի խոսքն ասացին գրողներ Ռոբերտ Եսայանը, Սոկրատ Խանյանը, Հրանտ Ալեքսանյանը, Ալիսա Բաղդասարյանը, Անուշավան Պողոսյանը, Դավիթ Միքայելյանը, Նարինե Բալայանը և ուրիշներ:
Հանդիպման ընթացքում Ն. Գասպարյանին ուղղեցին տարբեր հարցեր ժամանակակից բանաստեղծության, պոեզիայի զարգացման միտումների վերաբերյալ, որոնց շուրջ իր տեսակետն արտահայտեց գրողը:
Ինքնատիպ է Նորեկ Գասպարյանի մտածումների բանաձևումը. «Իրականությունը բանաստեղծության մեջ ավելի իրական է, քան ինքը` իրականությունը… Բանաստեղծությունը 11-րդ պատվիրանն է»:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

0 Comments

You can be the first one to leave a comment.

Leave a Comment