Արտաշես Ղահրիյան | Փոխել պետք է

0

Stepanakert-city-panorama/Կարծիք/

Երկրորդ անգամ եմ անդրադառնում սույն մտքին (առաջինը տարիներ առաջ, «ԼՂ հանրապետություն» թերթում)` համոզված, որ այն այսօր էլ հրատապ է, և եթե մենք կյանքի չկոչենք, գալիք սերունդն անելու է հաստատապես, քանզի նա ինքն իրեն հարցնելու և տարակուսելու է. ինչու՞ է մեր մայրաքաղաքը կրում Ստեփանակերտ անունը, պատմականորեն և տրամաբանորեն ո՞ր հիմնավորմամբ: Գրեթե կրկնելով հին առաջարկություն, փորձեմ համոզել հետևյալում: Այո, կոմունիստական կուսակցության ականավոր գործիչ Ստեփան Շահումյանը մեծ հեղինակություն էր վայելում, հատկապես Բաքվի կոմունայի կազմակերպմամբ, որը խորհրդային պետության ամուր հենարանն էր լինելու Այսրկովկասում և զրկելու էր օտարերկրյա հավակնությանը Բաքվի նավթից: Այս նկատառումով էր Լենինն իր հիացմունքը հայտնում նրա հաստատակամ գործելաոճից, ինչի վերջնական արդյունքը լինելու էր Ադրբեջան պետության ստեղծումը` իրականում համաթուրանական պատվարը, ուր էլ 1920-ին գումարվեց արևելքի այսպես կոչված` ճնշված ժողովուրդների ժողովը (Լենինի նախաձեռնությամբ) և ուր թուրք-սիոնիստական հավակնություններին տոն էին տալիս Զինաևը և երիտթուրք Էնվերն ու նմանատիպ գործիչները, որոնց բոլոր կրքոտ ելույթները հիմնականում հետագայում, երբ երկրի ղեկը զավթեց Ստալինը, գիտենք բոլորս: Շահումյանի փայփայած գաղափարը, եթե այն իրականում գոյություն էլ ուներ, դեռ այն ժամանակ նետվեց պատմության աղբարկղ, ինքն էլ չգնդակահարվեր, միևնույն է, զոհն էր դառնալու ստալինյան բռնությունների, որոնց չէր մերվելու: Ասելիքս սակայն այլ բացատրություն է. տիրելով երկրին` Ստալինն ամենից առավել էր զգում կարիքը համերաշխ հասարակության` իր իշխանապետությունը պահպանելու նկատառումով: Եվ 26 կոմիսարների գործը հերոսապսակով զարդարվեց մեր խառնակ երկրամասում «ինտեռնացիոնալ եղբայրություն» հաստատելու համար, քանի որ այդտեղ էին թաղված տիրակալի բազմաթիվ մեղքերը` տարածքային և այլն: Ստվերի տակ թողնելով ավելի կարկառուներին (Ավագյան և այլք), սրբացվեց տարազգի I քառյակը` (Շահումյանին հավասար` Ջխարիձեն, Ազիզբեկովը, Ֆիոլետովը), որի հանրահայտ մերկուրովյան քանդակն էլ սրբապղծվեց Ալիևի ձեռքով, իսկ այսօր գոյություն էլ չունի: Այս է Շահումյանի գործի վաճխանը: Ի՞նչ եմ ուզում ասել. արդյո՞ք մեր քաղաքին մերվում է թեկուզև նշանավոր բոլշևիկի անունը: Նա՞ է կերտել այն, ունեցե՞լ է որևէ առնչության կերտմանը: Շահումյան և Ղարաբաղ-ոչ մի կապ ու հիշատակություն այդ առնչության: Նա երբևէ չի եղել այստեղ: Ազգերի ինքնորոշման վերաբերյալ դատողություններում նա իր ազգային խնդիրները չի արծարծում, լենինյան դրույթներն է պաշտպանում և վերջ: Մեզ քաջ հայտնի է ռուս բանաստեղծ Ս.Գորոդեցկու ասես մեր հոգուց բխած հոդվածը` Ղարաբաղի ճակատագրի ցավով առլեցուն: Ո՞նց է, որ Շահումյանը չէր ապրում այդ ցավով: Չէ՞ որ իր սերնդակիցները կենաց-մահու կռվի մեջ էին թուրքական բռնապետությունից Հայաստանն ու Ղարաբաղը ազատագրելու մտահոգությամբ: Ժնևում նա հաճախում էր «Դրոշակի» խմբագրություն և, ինչպես վկայում է թերթի խմբագիր Միքայել Վանանդյանը, զրույցի բռնվում դաշնակցության ղեկավարների հետ, ովքեր նրան հեգնանքով հիշեցնում էին իր բռնած ուղու անհեթեթությունը, սակայն լենինյան գործիչը միշը մնում էր անդրդվելի: Ահա, ինչո՞վ է իմաստավորվում Ստեփանակերտ անվանումը, հանոն նրա ո՞ր ծառայության իր ժողովրդին: Դա դեռ քիչ էր, նորաստեղծ շրջանն էլ կոչվեց Շահումյան, երբ մայրաքաղաքի կենտրոնում նրա արձանն է, իր անվամբ մարզադաշտը և այլն: Ռուսաստանում և հետխորհրդային մյուս հանրապետություններում վաղուց վերականգնվելու են բազմաթիվ մեծ ու փոքր քաղաք-բնակավայրերի նախկին անունները, ժամանակը չի՞ մենք էլ վերանայենք մերը, ո՞վ է մեր ձեռքը բռնում: Եվ ինչքան շուտ արվի դա, այնքան էլ շուտ կհնչի ժողովրդի բերանում: Գուցե ոմանք առարկեն` մնա ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո: Ընդհակառակը, քաղաքը վերանվանելով` կցուցադրենք մեր վճռականությունը մեր ներքին գործում, ի հեճուկս մեր երկրին հավակնողի մաղձոտ չարության:
Ստեփանակերտ-նաև երկար ու ոչ հնչեղ, սազ էլ չի գալիս բանաստեղծության տողին կամ երգի սահուն հնչողությանը: Նոր անունը դժվար հորինելի չէ, այն կծնվի հասարակության համաձայնությամբ: Գիտեմ, որ միակ դժվար հաղթահարելին լինելու է ստեփանակերտցիների (մանավանդ հին) կարոտախտն իրենց մեջ արմատավորվածին, և նրանք հեշտ չես համոզվելու սույն առաջարկությանը: Անցյալ դարի վաթսունականներին բրազիլացի ճարտարապետը նախագծից նոր մայրաքաղաքը, և այն կառուցվեց երկրի ուղիղ կենտրոնում, հենց պետության անվանմամբ` Բրազիլիա, քանի որ Ռիո դե Ժանեյրոն ծայրամաս էր, հեռու մնացած տարածքներից: Մենք էլ կարող ենք ընտրել Արցախ մայրաքաղաքային անունը, աշխարհում նման օրինակներ կան: Բացի այդ, ճանապարհ կհարթվի դեպի վերջնական` Արցախի Հանրապետության (ոչ ԼՂՀ) գոյությունը պարագայում: Եթե անհրաժեշտ է քաղաքին շնորհել ժողովրդի մեծ զավակի անուն` այն ունենք: Ղարաբաղը, Շուշին ն առաջադրել ամենամեծ հայ պետականորեն մտածող գործչին` Արամ Մանուկյանին, ում ենք պարտական այսօրվա Հայաստան պետության (որի մասն է Արցախը) գոյության համար, նրան, ով կերտելով Վանի նահանգապետությունը` երջանկացած ասում էր` ես հիմա նույնքան վանեցի եմ, ինչքան` ղարաբաղցի, հետևապես` այս անվանումը. Արամավան-հայեցի, հնչեղ, գեղեցիկ: Կարելի է ուրիշ անուններ էլ հայթայթել Արցախի պատմության ընդերքից, ցանկալին կգտնվի: Միայն թե չկաշկանդվենք տարածության բավիղներում ու մնանք անարդյունք վերջնահաշվում: Կարծում եմ Արցախ անվանումը մյուս բոլորից առավել աշխարհին կցուցադրի երկրամասի հայկականությունը վերջնական ժամանակներից, ինչի հանդեպ անզոր կմնա երեկվա քոչվոր-եկվորականից սերված «պատմաբան» բունիաթովականը, հայոց արևելից կողմանց պատմության ու մշակութային արժեքների պատմաբան-գողը:

Տարածել

Պատասխանել