ԵՐԲ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՎԱՍՏԱԿԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

0

1964162_460460747414205_917881637_nՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-80

Փետրվարի 18-ին լրացավ անվանի գրող,արձակագիր, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակը: ԼՂՀ գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ հոբելյանական երեկո, որին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր ՀՀ-ից, Մաքսիմ Հովհաննիսյանի վաստակը գնահատողներ:

Երեկոն բացեց Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: Գրողի վաստակը գնահատելու բազմաթիվ չափանիշներ կան: Բայց դրանց մեջ ամենակարեւորն այն է, թե գրողը, աշխարհ գալով, ինչ է թողնում այդ աշխարհում, ինչ նոր կերպար է բերում նա իր հետ: Մենք շատ գրողներ ենք ունեցել, բայց մատների վրա կարելի է հաշվել այն գրողներին, որոնք մնացել են ժողովրդի սրտում, որոնք ժողովրդի հետ մշտապես քայլում են, եւ նրանք Աստծո ընտրյալներն են: ԳՄ նախագահի խոսքով՝ հենց այդպիսի ընտրյալներից է Մաքսիմ Հովհաննիսյանը:Որովհետեւ Մ. Հովհաննիսյանը ոչ միայն որպես գրող, այլ նաեւ որպես դպիր, որպես մտածող, փիլիսոփա եւ գեղագետ նա բերեց իր կերպարը, ժամանակակից հայի, արցախցու կերպարը՝ իր իմաստնությամբ ու արցախցու հումորով, ստեղծեց իր ոճը, ստեղծեց իր ժամանակը, իր Հայաստանը, իր Արցախը եւ բերեց իր հետ իրենը՝ հովհաննիսյանականը: Մ. Հովհաննիսյանի 80 տարին լոկ թվական միավորներ չեն, այդ տարիքն իր մեջ կրում է շատ ավելի մեծ վաստակ, քան կարող են կրել այդ ութսուն տարիները: Գրողը միայն իր գրած տողով չէ, որ գրող է: Գրողը առաջին հերթին գրող է իր ազգային նկարագրով:
Երեկոյին հրապարակվեց ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձը՝ ուղղված հոբելյարին:
ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր շնորհավորական խոսքում նշեց, որ Մաքսիմ Հովհաննիսյանի արվեստը ճանաչում ու գնահատում են ոչ միայն Արցախում,այլ նաեւ Արցախից դուրս: ՀՀ գրողների միության նախագահը հոբելյարին պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով եւ «Գրիգոր Նարեկացի» մեդալով՝ արվեստի ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար:
Տեսագրությամբ հնչեցին նաեւ գրողներ Հրաչյա Բեգլարյանի, Լեւոն Անանյանի խոսքերը, որոնք բարձր են գնահատել Մ. Հովհաննիսյանի գրական գործունեությունը:
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր խոսքում նշեց, որ Մ. Հովհաննիսյանը պատվով է հաղթահարել ժամանակի փորձությունը: 80 թիվն ավելի շատ խորհրդանշում է ոչ թե տարիքը, այլ նրա մեծությունը՝ որպես մտավորական:
«Դուք այն երջանիկներից եք,-դիմելով հոբելյարին՝ ասաց Նարինե Աղաբալյանը,- ում վաստակի գնահատումը երկար սպասել չի տվել, թեեւ ես վստահ եմ, որ այդ գնահատանքը ժամանակի հետ ավելի շոշափելի պիտի դառնա, որովհետեւ մեծ է Ձեր ավանդը Արցախի լրագրության, գրականության, հրապարակախոսության եւ հրատարակչության զարգացման գործում»:
Շնորհավորանքի խոսք ասաց ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, ով բարձր գնահատեց հոբելյարի ծանրակշիռ ավանդը Արցախյան ազատագրական պայքարի եւ հայ գրականության զարգացման գործում:
Հոբելյարին անակնկալ մատուցեցին նաեւ նրա հարազատները՝ դուստրերն ու թոռները: Ներկայացվեց գրողի անձնական կայքէջը, որտեղ ընթերցողները կարող են ծանոթանալ նրա ստեղծագործություններին եւ կապ հաստատել անմիջապես հեղինակի հետ:
Շնորհավորանքի խոսք հնչեց նաեւ ԼՂՀ Ոստիկանության կողմից: Նվերներն ու ջերմ խոսքերն անսպառ էին:
Սրտի խոսք ասաց բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը, ով երկար ճանապարհ է անցել հոբելյարի հետ եւ գրականագետի հայացքով ուշի ուշով հետեւել նրա գրական գործունեությանը: Նրա խոսքով՝ Մաքսիմ Հովհաննիսյանի երջանկությունը կայանում է նրանում, որ նա աչքը դրսում չպահեց: Նա թումանյանական պատգամով ապրեց Արցախում, հաղթահարեց բոլոր դժվարությունները եւ Արցախի պատկերն ստեղծեց:
Ելույթներով հանդես եկան Արցախի լրագրության միության նախագահ, գրող Կիմ Գաբրիելյանը, բանաստեղծուհի Նվարդ Ավագյանը, գրող, լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը, թատերագետ Կարինե Ալավերդյանը, գեղանկարիչներ Սամվել Գաբրիելյանը եւ Սերգեյ Առուստամյանը, լրագրող Լաուրա Գրիգորյանը:
Հոբելյարի խոսքը խոստովանություն էր. «Ես ուշ հասկացա, որ ինձ մոտ ամեն ինչ ուշ է ստացվում: Բայց գոհ եմ, որ այնուամենայնիվ ուշացումով մի բան ստացվել է: Վերջին տաս տարիներին ստեղծել եմ «Չաստվածների խնջույքը» գիրքը, որի երկու հատորները լույս են տեսել, մյուսը երկու տարի է՝ գրված, դեռ չի հրատարակվել,բայց հուսամ կհրատարակվի մոտ ապագայում:Այս երեկո, երբ ես լսում էի ելույթները, ինքս ինձ մտածում էի՝ չբռնե՞մ էլի ապրեմ »,-անկեղծացավ Մաքսիմ Հովհաննիսյանը:
Խորհուրդ տվեց կարդալ <Չաստվածների խնջույքը», որտեղ հեղինակը համոզմունք է հայտնում, որ այն, ինչ-որ արել ենք, դա սկիզբն է մեծ ապագայի եւ հեռու չէ այն ժամանակը, երբ մենք կունենանք մեր երազած արցախցին, մեր երազած ԱՐՑԱԽԸ, որը կդառնա համայն հայության նշանաբանը:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Տարածել

Պատասխանել