ԳԻՏԱԺՈՂՈՎ | ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԻ ԱՐՁԱԿԸ

0

Համլետ ՄարտիրոսյանԱրցախցի արձակագիր Մարտիրոս Ոբնին /Համլետ Մարտիրոսյան/ ընթերցողը ծանոթ է նրա «Ապրում ենք էլի», «Թողեք ապրեմ», «Ամառ էր, կիրակի», «Հրեշտակին այցելիր գիշերով», «Դժոխքից եկածին հարցեր չեն տալիս», «Համազարկ՝ հրաժեշտից առաջ» պատմվածքներից ու վեպերից: Օրերս ընթերցողի սեղանին դրվեց հեղինակի երկերի առաջին եւ երկրորդ հատորյակները: Նշենք նաեւ, որ տարին հոբելյանական է Մարտիրոս Ոբնի համար. լրացել է գրողի ծննդյան 60-ամյակը, որի առթիվ էլ սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի գիտական նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված հոբելյարի ստեղծագործություններին: Գիտաժողովին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր մայրաքաղաքի տարբեր բուհերից, գրողի գրչընկերները, հարազատներն ու նրա ստեղծագործությունների երկրպագուները:

Գիտաժողովը բացեց ԼՂՀ գրողների միության նախագահ, Գրիգոր Նարեկացի պետհամալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը: Համլետ Մարտիրոսյանն ինքնատիպ արձակագիր է: Նա իր գրականությամբ, իր բառով կարողանում է բարձրացնել գեղարվեստական խոսքի դերակատարությունը ժողովրդի մեջ: Դարձդարձիկ այս ժամանակներում, թվում է, գրականությունը երկրորդ պլան է մղվում: Յուրաքանչյուր ճշմարիտ արվեստաբան իր համար ստեղծում է բանտ եւ իր ճշմարտությամբ հաղթահարում այդ բանտը: Այսինքն՝ բառը տանում է ազատության: Համլետ Մարտիրոսյանի արձակը գնում է դեպի այդ ազատությունը, համոզմունք հայտնեց բանախոսը:
«Ըթերցելով Համլետին՝ ես մշտապես տեսնում եմ Աստծո կողմից օժտված գրողի; Նրա տողն ընթերցելիս նրա պատկերի մեջ ոչ մի ճիգ չենք տեսնում, կարծես թե վերարտադրվում է իրականությունն այնպես, ինչպես կա: Համլետ Մարտիրոսյանը մեր գրական ընտանիքում տարբերվում է մի առանձնահատկությամբ. Դա նրա մտքի ինտելեկտուալությունն է: Նրա տողը ինֆորմատիվ է»,-նշեց Վ. Հաբյանը:
Համլետ Մարտիրոսյանի գեղարվեստական արձակի մասին խոսք ասաց Արցախի գրական ընտանիքի նահապետ, արձակագիր, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը: «Համլետը կարդացած հեղինակ է,-նշեց նա,-համաշխարհային գրականության տողերը վերածնվում են նրա ստեղծագործության մեջ: Եվ սա միայն դրական իմաստով: Կյանքի սյուրռեալիստական ոճն է գերիշխում նրա երկերում: Կյանքի երեւույթներն անցնում են նրա էության միջով, եւ դա ոչ թե խոսք է, այլ՝ ցավի ճիչ, բողոք: Նրան կարդալը ե’ւ հետաքրքիր է, ե’ւ ծանր»:
Զեկուցմամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, գրող Կիմ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ Հ. Մարտիրոսյանի գրական հայեցակարգը հենված է երկու կարեոր հենակետերի վրա՝ գեղագիտություն եւ բեմադրություն: Նա իր պատկերներն ստեղծում է գեղանկարչի վարպետությամբ, ամենանուրբ գույները կարողանում է տեղադրել՝ ասելիքը ընթերցողին հասցնելու համար:
Համլետ Մարտիրոսյանի կերպարակերտման արվեստին անդրադարձավ Գրիգոր Նարեկացի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս եւ բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը: Գրականագետի դիտարկումները «Հրեշտակին այցելիր գիշերով» պատմվածքների ժողովածուի շրջանակներում էր: «Պատմվածքներն աշխարհի զգայական ընկալման դրվագումներ են,-ընդգծեց Ժաննա Բեգլարյանը,-որոնց հիմքում ընկած են կին-տղամարդ հարաբերության բազմածալքերը, որը տիպականացնելով՝ գրողն ակնհայտորեն դրսեւորում է իր աշխարհընկալումն ու կենսափիլիսոփայությունը: Հ. Մարտիրոսյանը երեւույթները դիտում է ներսից, վերհանում դրանց պատճառահետեւանքային կապը, ինչի հետեւանքով նրա պատումները ձեռք են բերում գեղարվեստական համոզչականություն: Պատմվածքները կյանքի երեւույթների պատճենահանումներ չեն, գրողը կյանքի երեւույթները ներկայացնում է հոգեբանական խորքից՝ նոր աստիճանի հասցնելով արդի հայ հոգեբանական արձակի հնարավորությունները»:
«Բառի զգացողությունը եւ գրողի խոսքը» զեկուցմամբ հոբելյարի ստեղծագործություններին անդրադարձավ բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը. «Հրաշալի արձակ է ստեղծում Համլետ Մարտիրոսյանը: Նա պատմելու բացառիկ շնորհ ունի:Արվեստի տեսանկյունից շատ կարեւոր է ինչպեսը: Համլետ Մարտիրոսյանն այնպես է պատմում, որ ընթերցողն ակամայից կլանվում է ընթերցանությամբ»: Հրանտ Ալեքսանյանը կարեւոր է համարում գրողի ասացման շնորհն ու կարողությունը, որով օժտված է Հ. Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ հեղինակը բառի լավ զգացողություն ունի եւ ուղղակի սիրահարված է իր բառին:
Գրողի գործընկեր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի խոսքը ընթերցողի խոսք էր. «Ինձ համար հայտնություն էր Մարտիրոս Ոբնի ստեղծագործությունը: Նա գիտի գրելու գաղտնիքը»:
«Արցախյան շարժման արտացոլումը Մարտիրոս Ոբնի ստեղծագործություններում» թեմայով հանդես եկավ Գրիգոր Նարեկացի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս Ամալյա Գրիգորյանը: Արցախյան գոյամարտի ականատես ու մասնակից Համլետ Մարտիրոսյանը պատերազմական տարիներին իր ապրածն ու տեսածը արտացոլել է «Դժոխքից եկածին հարցեր չեն տալիս» վեպում եւ «Համազարկ՝ հրաժեշտից առաջ» պատմվածաշարում, որոնց շուրջ էլ մանրամասն խոսեց բանախոսը:
Չկա լեզվի բառապաշարի մի շերտ, որին ձեռք մեկնած չլինի Մարտիրոս Ոբնը,ինչն էլ նրա պատումը դարձնում է հյութեղ, կենդանի եւ կոլորիտային, որով էլ առանձնանում է նրա ստեղծագործությունների գեղարվեստականությունն ու որույն մտածելակերպը:
Այս առումով հետաքրքրական են Արցախյան ժողովրդական բանահյուսության նմուշները նրա ստեղծագործություններում եւ մի առանձնահատուկ համուհոտ են հաղորդում նրա գործերին:
«Արցախյան ժողովրդական բաահյուսությունը գրողի արձակում» զեկուցումով հանդես եկավ Գրիգոր Նարեկացի համալսարանի Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս Ռենա Մովսիսյանը:
Հոբելյարին շնորհավորանքի խոսք ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի Զինաիդա Բալայանը եւ իր գրքից նվիրեց Հ. Մարտիրոսյանին:
Գիտաժողովի երկրորդ մասը նվիրվեց Համլետ Մարտիրոսյանի նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսին, որի գինեձոնը կատարվեց հանդիսավոր կերպով: Գրողների միության կողմից ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը նվեր եւ ծաղիկներ հանձնեց հոբելյարին:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր ելույթում արժեւորեց Մարտիրոս Ոբնի արձակը եւ ընդգծեց նրա ստեղծագործությանը նվիրված գիտաժողովի կարեւորությունը: «Արցախում ստեղծվում է լավ գրականություն»,-այսպես ամփոփեց իր խոսքը բանաստեղծը:
Վերջում ծավալվեց անկեղծ ու անմիջական հարցուպատասխան Մարտիրոս Ոբնի եւ ներկաների միջեւ:
Հոբելյարը հուզված էր եւ շնորհակալությամբ լի հնչած ջերմ խոսքերի, գնահատականների համար: «Կարծում եմ, անկեղծ էիք ձեր խոսքերի եւ կարծիքների մեջ,-դիմելով ներկաներին՝ ասաց Հ. Մարտիրոսյանը,-քանի որ, երբ խոսք է գնում արվեստի մասին, մարդկային բոլոր փոխհարաբերությունները պետք է ստորադասվեն արվեստին, որովհետեւ ամենավեհն ու գեղեցիկը արվեստն է»:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Տարածել

Պատասխանել