ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ՝ ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

0

10633496_1482589882012934_2091158120296621723_oՀոկտեմբերի 10-ին ԼՂՀ Գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում տեղի ունեցավ Ստեփանակերտի համար 1 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Սարումյանի թվով ինը գրքերի շնորհանդեսը («Հայոց լեզու», «Համանունների բառարան»,«Եղիշե Չարենց», «Խաչատուր Աբովյան», «Պարույր Սեւակ», «Ավետիք Իսահակյան», «Վահան Տերյան», «Հովհաննես Թումանյան», «Ակսել Բակունց»): Հրավիրված էին գրականագետ Դավիթ Գասպարյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, հյուրեր ԼՂՀ ԿԳ նախարարությունից, ուսուցիչներ՝ մայրաքաղաքի տարբեր դպրոցներից, հեղինակի հարազատներն ու ընկերները: Ա. Սարումյանի գրքերը քննարկվել եւ տպագրության են երաշխավորվել ՀՀ Կրթության ազգային ինստիտուտում:
Բացման խոսքում Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը նշեց, որ բանասիրությունը սիրում է ամբողջական նվիրում, պետք է գործին մոտենալ հոգու ջերմությամբ: Անուշ Սարումյանը հենց այդպիսի մասնագետ է: Նրա խոսքով՝ Ա. Սարումյանը կարողացել է գիտական մոտեցմամբ համահավաք գործ ստեղծել եւ մի պատուհանի մեջ ցույց տալ տվյալ հեղինակի ամբողջական կերպարը, որը շատ բարդ աշխատանք է: Այս գրքերը կարող են օժանդակ ձեռնարկ լինել ցանկացած ուսումնական հաստատության համար՝ համոզմունք հայտնեց Վ. Հակոբյանը:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը եւս իր խոսքում բարձր գնահատեց հեղինակի կատարած աշխատանքը եւ վստահություն հայտնեց, որ այդ գրքերը դպրոցներում, իրոք, ծառայելու են իրենց նպատակին:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ քաջ ծանոթ է Ա. Սարումյանի գրքերին, որոնցից յուրաքանչյուրը մի փոքրիկ հանրագիտարան է: Գրականագետի խոսքով՝ գնահատելի է հեղինակի պարկեշտությունը, որ գրել է՝ կազմեց Անուշ Սարումյանը: Պարկեշտությունն այսօր, իսկապես, անհրաժեշտություն է նաեւ գիտության մեջ:
«Ցանկալի է, որ այս գրքերը լինեն յուրաքանչյուր գրականության կաբինետում, որովհետեւ այսպիսի գրքերը փոքրիկ հանրագիտարանների պես գրողի կերպարի մասին ամբողջական տեղեկություններ են տալիս, մշտապես դպրոցին անհրաժեշտ են եւ կուղեկցեն ուսուցչին»,-ասաց Դավիթ Գասպարյանը:
ԼՂՀ ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության ավագ տեսուչ Գայանե Գրիգորյանը նշեց, որ անժխտելի է հիշյալ գրքերի դերը դպրոցներում հայ գրականության ուսուցման գործում.«Զարմանալի եռանդ ու աշխատասիրություն է դրսեւորել Ա. Սարումյանը: Եվ ուրախալին այն է, որ դեռ նոր մտահղացումներ ունի»:
«Կարդալով Անուշ Սարումյանի գրքերը եւ մեր գրողների կենսապատումների ամբողջականությունն այդտեղ տեսնելով՝ աշակերտների մեջ եւս ցանկությունը կմեծանա առնչվելու մեր մեծերին: Գրականությունը հրայրքոտ ու հմայքոտ աշխարհ է,-իր խոսքում նշեց գրականագետ, դասախոս Սիրուն Բաղդասարյանը,-եւ ողջունելի է, որ այդ աշխարհը մտնում են երկյուղածորեն, եւ այդ աշխարհի դռները բացում են հմայիչ, հմայքոտ եւ հրայրքոտ մարդիկ, որոնց մեջ հուր կա, որոնք ունեն պրպտումներ, ստեղծագործական ջիղ: Ուրախալի է, որ այսօր մեր դպրոցներում Ա. Սարումյանի նման նվիրյալ ուսուցիչներ են աշխատում»:
Գրականագետ, դասախոս Զինաիդա Բալայանն իր խոսքում նշեց, որ հեղինակն իր փխրուն ուսերին մեծ առաքելություն է վերցրել եւ պատվով է իրականացրել այդ առաքելությունը:
Գրքերի գինեձոնից հետո սրտի խոսք ասաց հեղինակը: Ա. Սարումյանը խոստովանեց, որ այդ գրքերն անքուն գիշերների արդյունքում են ստեղծվել: «Այս գրքերն ստեղծվել են, որպեսզի ոչ մի ուսուցիչ աշակերտի առջեւ չկարմրի: Այստեղ կան բոլոր հարցերի պատասխանները: Դպրոցական դասագրքի կենսագրականը կարդալով՝ մենք չենք կարող տեսնել գրող-զավակին, գրող-ամուսնուն, գրող-մտավորականին, գրող-մարդուն: Այդ բացը լրացնելու են գալիս հիշյալ գրքերը»,-նշեց Ա. Սարումյանը:
Ողջունելի է, միանշանակ, երբ ուսուցիչը դուրս է գալիս ծրագրային ու մեթոդական սահմաններից եւ աշակերտին հավելյալ նյութ է մատուցում:
Իսկապես, Ա. Սարումյանի բոլոր գրքերն էլ յուրահատուկ շտեմարաններ են ոչ միայն աշակերտների, այլ նաեւ ուսուցիչների համար: Բոլոր այդ առանձին գրքերում խտացված են այն հավաքագրված հետաքրքիր նյութերը՝ մեր դասական հեղինակների կյանքի ու գործունեության մասին, որոնց միջոցով ցանկացած հայ գրականության ուսուցիչ դասը կարող է դարձնել հագեցած՝ ապահովելով բազմակողմանի հետաքրքրություն, ինչի կարիքն ունի ժամանակակից աշակերտը:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Տարածել

Պատասխանել