ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՇՈՒՇԻՈՒՄ ԵՎ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ

0

 

10406763_1486027598335829_7725246783271094762_nՀոկտեմբերի 20-ին, օրվա երկրորդ կեսին պոեզիայի միջազգային երկրորդ փառատոնի մասնակիցներն այցելեցին Շուշի, եղան Շուշիի տեսարժան վայրերում: Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մոմավառությունից հետո այցելեցին Շուշիի Արվեստի կենտրոն: Հյուրերը եղան նաեւ գորգերի թանգարանում, հիացան հայկական գորգերով, ապա այցելեցին Կերպարվեստի թանգարան, որտեղ էլ տեղի ունեցավ մեկ տասնյակից ավելի գրքերի շնորհանդես եւ պոեզիայի ժամ:
Գրքերը, որոնց մեծ մասը Արցախի եւ Հայաստանի մասին են, ծնվել են պոեզիայի միջազգային առաջին փառատոնից հետո.
Վարդան Հակոբյան «Քարի շնչառություն» (բուլղարերեն), Հրանտ Ալեքսանյան «Ոգու մատրիցա», Ռոբերտ Եսայան «Ոգու թռչունների հայրենիքում», Կալինա Իզաբելա Զիոլա, Դարիուս Թոմաս Լեբիոդա, Ռոման Կիսյով «Համբարձում» (հայերեն, ռուսերեն, բուլղարերեն), Վանյա Անգելովա «Միշտ հիշելու եմ», Լյուբիցա Միլետիչ «Արարատի հողմերը», Նվարդ Ավագյան «Արցախյան օրագիր» (ռուսերեն), Էդուարդ Սաֆարյան «Մասունքի խորհուրդը» եւ այլն:
Շնորհանդեսը բացեց Արցախի ԳՄ նախագահ Վ. Հակոբյանը: Նախ հյուրերին համառոտ ներկայացվեց հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի պատմությունը. Շուշին խոշոր մշակութային կենտրոն է եղել միշտ էլ: Եվ պատահական չէ գրքի շնորհանդեսը Շուշիում անցկացնելը, որովհետեւ Շուշին գրքի, արվեստի, հայոց եկեղեցիների ու մշակույթի քաղաք է:
Գրող, լրագրող Կիմ Գաբրիելյանը ներկայացրեց Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» (բուլղարերեն) գիրքը, որը թարգմանել է Ռոման Կիսյովը:
Գրող, թարգմանիչ Գագիկ Դավթյանը ներկայացրեց բուլղար բանաստեղծ-գեղանկարիչ, պոեզիայի առաջին փառատոնի մասնակից Ռոման Կիսյովի երգակտավների եռալեզու գիրքը ու նաեւ՝ սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի երեք գրքերը, որոնք թարգմանել է ինքը՝ Գ. Դավթյանը:
Ելույթներով հանդես եկան գրքերի հեղինակները, որոնք բարձր գնահատեցին միջազգային փառատոնի դերն ու նշանակությունը: Նշենք նաեւ, որ բոլոր հեղինակները բանաստեղծություններ ու առանձին գրքեր են հրատարակել Արցախի ու Հայաստանի մասին:
Առանձնահատուկ էր արաբ բանաստեղծ Աբդո Լաբաքիի «Ղարաբաղ» բանաստեղծությունը, որը ներկաները վայելեցին Սարգիս Կիրակոսյանի թարգմանությամբ եւ արտասանությամբ:
1932270_1486027601669162_4483772747213791665_nՊոեզիայի երեկոյին հեղինակները ներկայացրին Արցախին ու հայերին ձոնած իրենց ստեղծագործություններից, իսկ Աննա Սանտոլիքուիդոն (Իտալիա) եւ Աբդո Լաբաքին (Լիբանան) ասմունքից բացի նաեւ երգեցին:
Երեկոյի ընթացքում գրողները միմյանց նվիրեցին իրենց գրքերից:
Միջոցառումը եզրափակեց բանաստեղծ Սոկրատ Խանյանը՝ կարեւորելով գրականությունների միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:
Նա խոսեց նաեւ բուլղար բանաստեղծուհի Վանյա Անգելովայի «Միշտ հիշելու եմ» գրքի մասին, որի թարգմանիչը Ս. Խանյանն է:

Տարածել

Պատասխանել