ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆ | Ի՞նչ է լինելու

0

ԳյուղԴժվարացել է պատմվածք գրելը: Գյուղիդ այսօրվա առօրյան չի սնում միտքդ, բազում ակունքներից չի բխում գոյանում կյանք-ամբողջությունը, որում բացահայտվեին մարդ-կերպարներդ, որոնք էլ ուսուցանեին ապրողներին ապրելու արվեստը Աստծո սահմանած կարգով: Ցամաքել, շարունակում են ցամաքել այդ ակունքները` մարդկային արժեքները գյուղաշխարհի երբեմնի հարուստ ընդերքում: Գրողական ծանր ցավ է: Բայց չէ՞ որ հենց այսօրը պիտի լինի առաջին ասելիքդ, ոչ երեսուն-հիսուն տարիներ առաջվա ընկալումներդ: Գյուղդ չի բուրում մարդկայնության «գոլորշին», այն աներևույթ ոգեղենը, որ պիտի մղի քեզ ստեղծագորության: Արտագաղթն ամայացնում է մարդկային հարաբերությունները, հին բարի արժեքները տեղի են տալիս հոգու նյութականացմանը: 1993-ին, երբ վերադարձա Մեծ Թաղեր, հազար յոթ հարյուրից ավելի բնակիչ էր ապրում այստեղ: Վախենում եմ նույնիսկ ասել, թե քանի հարյուրն են հեռացել, այն էլ երիտասարդներն ընտանիքներով: Մնացյալ մարդկային կենսաուժը ի զորու չէ պահպանելու, շենացնելու համայնքն ու հարաբերությունները: Նույնիսկ բարեկեցվող կենցաղը չի օգնում, որի կրողներն են հենց քիչ երեխա ունենում: Նրանք են առաջինը իրենց երեխաների ապագան տեսնում դրսերում և հոգում են այդ մասին: Հիշում եմ քառասուն-հիսունականների իմ գյուղը: Դեռ մնում էին հողակտուր տները անձրևի ու ձյան տակ: Մեծ Թաղերը անվանն արժանի ամփոփում էր բնակավայրի մարդաշատ աղմկոտ առօրյան: Աղքատ էր, պարզմիտ, մարդկային ներաշխարհով ծփացող կյանքով: Գյուղացի աշխատավորը նոր էր թոթափել պատերազմի ցավը, իր ճակատագրին ապավինած` տառապանքը դարձնում էր ապրուստ, հավատում ինքն իրեն ու մյուսներին: Գարեհացը ողբերգություն չէր, թեև իրականում ողբերգություն էր: Հույսն ապրեցնում էր: Գյուղատակի տներից մինչև Իշխանագետ ձգվում էին թթաստանները, ասես անսկիզբ-անվերջ, որոնք այսօր չկան: Ջահել տղաներն ու աղջիկները թթաթափ էին անում, տղաներն իրենց բազուկներում ճողփացող արյունը սիրո զգացումներում զսպած, աղջիկները` թաքուն սպասումներում չադրաները պտտեցնելիս: Ցածում Իշխանագետը դեռ վարարուն գլորում էր Քիրսի, Դիզափայտի, Հարոսի վերջին ձյուներից եկող ջրերը: Գետափից մաքուր կապույտ երկինք էր ելնում ծուխը, ջահել կանայք կրծքի երեխաներին ճոճքում քնեցրած` գորգ ու կարպետ էին լվանում: Մանուկ-պատանիները լողում էին գետում, որ այնուհետև գետաքարերին պառկած արևահարվեին ու չեղած այսօրվա կենսական սնունդին անտեղյակ` կշտանային թթով ու առնականանային առողջ ու պնդակազմ: Իմ աշակերտելու տարիներին դպրոցը բվվացող մեղվափեթակի էր նման հինգ հարյուրից ավելի աշակերտով, այն էլ մեծահարստից խլված տանը: Ահա, երբ այսօրվա գյուղդ չի սնում գրողական հունչդ, ինչպե՞ս չդառնաս ապրածդ հին կյանքին, այն երանելի օրերին: Ինձ համար պարզից էլ պարզ է, թե ինչու Հրանտ Մաթևոսյանը կյանքի վերջին տասը-տասնհինգ տարիներին գրեթե գեղարվեստական բան չթողեց հոդված-հարցազրույցներից բացի: Նրա փոքր Ահնիձորը ավելի շուտ էր ավերմունքի ենթարկվել տնտեսապես ու բարոյապես:
Ժամանակակից գրական մտածողությանը գրեթե խորթ է անցյալի դրական-բացասական կերպար հասկացությունը, որը այլևս չի շարժի ընթերցողի զարմանքն ու հիացումը: Ոչ էլ հասարակարգի լավ ու վատ նկարագիրը: Հազար տարի մարդուն մարդ պահելու գրականության առաքելությունը այլընտրանք չունի, և դու պարտավոր ես գտնել այն ոսկե միջինը, որ համահունչ լինի ընթերցողական պահանջարկին: Այստեղ է, որ հայ գյուղագիրը միշտ էլ կորցնում է ոտքի տակի հողը, լինի նա Թումանյանը թե Բակունցը, Մնձուրին թե Համաստեղը, Մաթևոսյանը… Ի՞նչ է լինելու վաղը: Չէ՞ որ մեզանում գրեթե չի եղել և այսօր էլ նույնիսկ Երևան քաղաքում չի գոյավորվում այն մեծ կյանք-հասարակությունը, որն ունակ լինի ծնելու գոնե միջին հնչողության քաղաքագրություն, ինչը կարող է ժամանակի ընթացքում քաղաքային կենցաղին միտող, բնականությունը կորցնող գյուղի ու գյուղացու կերպարը ներկայացնել: Ինչո՞ւ մեր աչքի առաջ, մեր աչքից «աննկատ» այսպես է լինում: Արդեն պարզ է, որ տասնամյակներ հետո մեր գյուղագրական արձակը չի ունենալու արցախյան ժողովրդական բառուբանի, հումորառատ բնավորությունների ընձեռած ազգային կերտվածքի ողջ համապատկերը: Քաղաքակրթությա՞ն ավերածն է, թե մեր իսկ մեղքի, երբ երկրի ու ժողովրդի դիմագիծը կորցնում է վաղեմի իր արժանիքները, ինչով ենք միայն ճանաչված Արցախ, արցախցի: Ռուսներն ասում են. Грешить – природе вредить: իսկ ի՞նչ է ասում Պողոս առաքյալը. Քրիստոսը աշխարհ եկավ մաքրելու մեզ մեր մեղքերից, առաջինը` ինձ… Այսօր մեզնից ո՞վ կլինի նա, որ քայլ կանի առաջ. առաջինը` ինձ: Մարդն իր երկրի բնությունն է, բնությունն էլ նրան նվիրում է փոխհատուցելու պայմանով, իսկ մենք այսօր հպարտորեն պարծենալով, որ Արցախի նկարագիրն ենք` ինչպե՞ս ենք պահպանում նրա դիմագիծը, ինչպե՞ս ավերում, օրինակի համար, Քիրսատակի դարավոր անտառները մի փոր հացի համար… բայց մի փո՞ր հացի… Ես ինչպե՞ս այս ամենից հղանամ պատմվածքս, կերտեմ բոլորիս ցանկալի արցախցու կերպարը: Ստիպված նայում եմ ետ…

Տարածել

Պատասխանել