Վարդան Հակոբյան / Գրողի առաքելությունը

0

 

Նախ՝ ողջունում եմ մեր սփյուռքահայ գրողներին, բոլոր ներկաներին: Բարով տեսանք: Կարծում եմ, որ այս մի քանի օրվա ընթացքում ձեր ներկայությունը Հայաստանի եղանակի վրա որոշակի ազդեցություն ունեցավ, որովհետև յուրաքանչյուր հայ մտավորական, յուրաքանչյուր հայ գրիչ իր շնչառությամբ օդ է փոխում և, այս առումով, մենք հիմա բավականին լավ կլիմայական պայմաններում ենք:
Ես կուզենայի կիսվել ձեզ հետ՝ զրույցի կարգով, այն խնդիրների մասին, որոնք մեզ մտահոգում են: Իհարկե, ինչպես գրականագետ Սուրեն Դանիելյանն ընդգծեց, մեր հիմնական թեման այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն են, բայց ես, օգտվելով առիթից, գուցե և հուզող հարցերի ավելի լայն շրջանակներ շոշափեմ իմ խոսքում:
Այսպիսի համաժողովներ պետք է հաճախակի կազմակերպվեն՝ համահայկական ձևաչափով: Բավականին հետաքրքիր ծրագրով է անց կացվում մեր հավաքը, և գրողների միությունը զգալի աշխատանքներ կատարել է, որ ամեն ինչ պատշաճ մակարդակով լինի: Նման շփումները շատ բան են տալիս մեզ: Ես ինչու եմ սա կարևորում, որովհետև Արցախում և, ընդհանրապես, ամենուր գրական գործունեության ծավալման և շոշափելի արդյունքների հասնելու համար խիստ կարևոր են շփումները:
Ասեմ, որ Արցախի գրական ընտանիքը վերջին տարիներին բավականին աճել է: Արցախում ստեղծվում են գործեր, որոնք լուրջ ուշադրության արժանի են: Մենք գտնում ենք, որ Արցախյան հիմնախնդրի մասին պիտի գրեն ոչ թե միայն օտար հեղինակները, այլ, առաջին հերթին, Սփյուռքի հայ գրողները: Դա աշխարհի հետ խոսելու լավագույն ձևն է՝ առանց որոշակի միջնորդության:
Արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ գրող, կարծում եմ, առաքյալ է: Հայրենյաց երկրի դեսպան: Ես շատ կուզենայի, որպեսզի մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները հաճախակի լինեին Արցախում, նրանց ներկայությունը բազմապատկում է մեր ներուժը, նոր թափ հաղորդում մեր պայքարին:
Արցախի գրական ընտանիքը, ճիշտն ասած, չունի այն հնարավորությունները, որ կարող են ունենալ տարբեր տերություններում ապրող մեր գրչեղբայրները: Ցավոք, Արցախի հանրապետությունը դեռևս ճանաչված չէ աշխարհի մեծ տերությունների կողմից: Այդ ուղղությամբ մենք լայն գործունեություն ենք ծավալել: Դժվար էր անկախության հասնելը, բայց առավել մեծ ջանքեր են հարկավոր անկախության պահպանման ու վերջնական կայացման համար:
Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ ոտք դնելով Արցախում՝ մնայուն կնիք է դնում հայկական հողի վրա:
Պիտի Արցախը դառնա հայերիս Երուսաղեմը:
Պիտի մենք լինենք մշտապես այնտեղ՝ զինվորի կողքին: Երբ սահմանապահ զինվորը ծոծրակի վրա զգում է հայ գրողի, մտավորականի, հայ մարդու շնչառությունը, նա դառնում է ավելի անհաղթելի:
…Ես ձգտում եմ, որ իմ բանաստեղծության բառը լինի անմիջական և ազնվական, ընթանա այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ զինվորի արյունն է հոսում, ինչ ուղղությամբ արձակվում է նրա գնդակը: Ես մշտապես խուսափում եմ բառի պոպուլիզմից: Դա ահավոր է և շատ վտանգավոր:
Մարդու բնույթը հաճախ անհասկանալի է: Երբեմն մարդ մեղք է գործում և սկսում «մեղադրել» Աստծուն: Մենք աղոթում ենք, որ Աստված «աչքը մեզ վրա պահի», բայց պետք է առաջինը մենք գործենք: Գանգատավոր լինելուց հրաժարվենք, որովհետև այն վիճակը, որի մեջ մենք հայտնվում ենք ազգովի, մենք ենք ստեղծում, այդ վիճակի համար ես գտնում եմ, որ առաջին մեղավորը մենք ենք: Ես չեմ ուզում քաղաքականությանը դիմել, բայց լինի Ռուսաստան, լինի Արևմուտք՝ նույն վերաբերմունքը պիտի լինի մեր հանդեպ, այսինքն՝ տարբերությունը մեզանից պիտի գա: Մենք պիտի մեր պահվածքով ստիպենք, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես մենք ենք ուզում: Այսինքն, մենք պետք է ունենանք այն արժեհամակարգը, որով մենք առանձնանում ենք աշխարհում: Ես ցանկացած երկրում, երբ մեկ-մեկ հնարավորություն եմ ունենում գնալ, այն զգացողությունն եմ ունենում, թե մարդուն, ով նույնիսկ հայերեն չգիտի կամ հարյուր տարի ապրում է դրսում, կարող եմ մի հայացքով ճանաչել՝ հայ է, թե հայ չէ: Եվ առավել ևս՝ նրանք, որոնք ունեն ազգային նկարագիր, պետք է չկորցնեն դա՝ ոչ մի պարագայում:
Արժեհամակարգի ազգային գլխավոր գծերը միայն գիրքը, միայն արվեստը, քանդակը չեն, այլ ազգանվեր այն գործերն են, որոնցով մեզանից յուրաքանչյուրն առանձնանում է: Մենք, արդյոք, չե՞նք կորցնում ազգային մեր արժեհամակարգը լրացնող մեր հատկանիշները: Ես տեսնում եմ, որ մեր մեջ, հայի մեջ ազգային շատ գծեր, ցավոք, կորսվում են: Հանդուրժողականությունը, սերը՝ մեկը մյուսի հանդեպ, կորցնում ենք: Ես այն կարծիքին եմ, Մոսկվայում լինի, թե Նյու Յորքում, եթե երկու հայ իրար սիրում են, ուրեմն դա հայրենասիրություն է, եթե հայը հային, Աստված չանի, դավաճանում է, ուրեմն հայրենիքին է դավաճանում:
Այս խնդիրներն ինձ միշտ հուզում են:
Խոսում ենք լեզվի, եկեղեցիների պահպանության մասին: Անշուշտ, մենք հավատացյալ ժողովուրդ ենք: Բայց ինչպես կարելի է ունենալ հազարավոր եկեղեցիներ և նրանցում մոմ չվառել: Աստված արդպես չի կամենում: Դա Աստծուն դեմ է: Բայց այդ ոնց պատահեց, որ, ցավոք, մեր շատ վանքերում չենք կարող լինել:
Հասնենք նրան, որ մեր եկեղեցում մեր մոմը վառվի:
Եվ ապա՝ ես չեմ ուզում տեսնել այնպիսի մարդկանց, որոնք խոսում են Արևմտյան Հայաստանի ազատագրության մասին և, միևնույն ժամանակ, լքում մայր Հայաստանը: Արևելյան Հայաստանն եք ձեռքից տալիս՝ գաղթելով: Հայաստանում ապրողների թիվն այնքան է նվազում, որ դառնում ենք մեր իսկ երկրում գաղթական: Սա մեր ներքին խնդիրն է, մեր ներքին ցավը, մենք պետք է հրաժարվենք միայն ուրիշին մեղադրելուց, ինքներս մեզ արդարացնելուց, մեր հողին տեր չկանգնելուց: Եթե հողի վրա ամուր չես, հողը ոտքերիդ տակից գնում է: Եթե եկեղեցում մոմ չես վառում՝ եկեղեցին չկա, հայերեն չենք
խոսում՝ կորցնում ենք Աստծո հետ հաղորդակցվելու մեր մայրենի լեզուն:
Լեզուն չի ստեղծում գիտնականը, լեզուն ստեղծում է ժողովուրդը՝ խոսելով:
Արևմտահայերենի մասին: Շփումների ժամանակ, ինչպես մեր այս համաժողովում, տեսնում եմ, որ մեր արևմտահայերենը և արևելահայերենը սնում են իրար, իրարով հարստանում, և արդյունքում շահում է ոսկեղենիկ մեր լեզուն: Ինչպես կարելի է գերադասել Պարոնյանը Թումանյանից կամ Թումանյանը՝ Պարոնյանից: Ամեն մեկն իր անփոխարինելի, անկրկնելի տեղն ունի:
Հայոց լեզուն մեր գլխավոր արժանիքն է:
Արևմտահայերենի մասին խոսեցի ու հիշեցի վերջերս Սուրեն Դանիելյանի հետ ունեցած մեր զրույցը, ուր խոսք եղավ մի այսպիսի նախաձեռնության մասին. ես Ստեփանակերտում ունեմ հավատարմագրված, պետական կարգավիճակով համալսարան՝ Գրիգոր Նարեկացի: Որոշել եմ այնտեղ ստեղծել գրաբարի ու արևմտահայերենի կենտրոն: Դա բավականին մեծ դերակատարություն կունենա նաև մեր լեզվի երկու ճյուղերի զարգացման, մերձեցման, միացման առումով:
…Անդրադառնամ կրկին մեր գրական կյանքին:
Մենք Արցախում արդեն երկու անգամ կազմակերպել ենք Պոեզիայի միջազգային փառատոն: Անդրկովկասում առաջինը մենք խիզախեցինք՝ գնալ այդ քայլին: Եվ քսանից ավել պետությունների ներկայացուցիչներ եղան Ստեփանակերտում: Արդրբեջանը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, ինչպես և սպասվում էր, բայց գրողը մնում է գրող, արդյունքը եղավ այն, որ մեր կապերն, այդ ճանապարհով, Սփյուռքի հետ շատ ավելի սերտացան, ամրապնդվեցին: Այդ օրերին գրողների միության հասցեով հարյուրավոր նամակներ եկան համացանցով, առաջարկություններ եղան: Անվանի շատ գրողներ՝ տարբեր երկրներից, ցանկություն էին հայտնում՝ գալ ու մասնակցել փառատոնին:
Դա արդյունք էր մեր, այսպես ասած, արտերկրյա գրական շփումների: Առաջին անգամ էր, որ նման միջոցառում կազմակերպեցինք: Ես և Հրանտ Ալեքսանյանը մինչ այդ էլ ենք եղել Մակեդոնիայում՝ նրանց հրավերով: Մակեդոնիայում փառատոնը կազմակերպում էին 51-րդ անգամ: Փառատոնի կազմակերպման ձևերը յուրացրինք և Արցախում անցկացված մեր Պոեզիայի միջազգային փառատոնը ոչնչով չէր զիջում աշխարհի տարբեր ծագերում կազմակերպվող նման տոներին:
Դա խոսում է մեր գրական ընտանիքի տեսանելի ձեռքբերումների մասին:
Սիրելի գրչակիցներ: Այսօրվա մեր համաժողովին Արցախից մասնակցում են մի խումբ գրողներ, որոնցից շատերն առաջին անգամ են ներկա լինում գրական նման համաժողովի: Ուզում եմ շեշտել, որ մեր նմանատիպ հավաքները մեծ գործառույթներ են իրականացնում: Իրար քիչ ենք ճանաչում, իրար ստեղծագործություններ չենք կարդում: Ես նկատի ունեմ տարբեր ծագերում գտնվող գրողներիս: Սա լուրջ խնդիր է:
Արցախում, օրինակ, ամենից շատը երևի Հրանտ Ալեքսանյանն է լինում արտերկրում: Նա հրատարակչական լայն գործունեություն է ծավալում Արցախում, իրականացնում թարգմանչական աշխատանքներ: Ցավալի է, որ Հրանտի նման բանաստեղծը՝ որոշակիորեն միջազգային ճանաչման արժանացած և բազմաթիվ լեզուներով թարգմանված, մեր իրականության մեջ դեռևս արժանիորեն չի գնահատվում:
Երբ, օրինակ, Հրանտի հետ եղանք Մակեդոնիայում, ծանոթացանք նաև տեղի հայկական համայնքի կյանքին: Այնտեղ Անահիտ անունով մի աղջիկ մեզ դիմավորեց: Նա հայկական համայնքի հետ աշխատանք էր կատարում: Հետագայում և Վարշավայում եղանք և Պոզնանում: Բավականին մեծ տպավորություն ստացանք հանդիպումներից: Մեր տպավորությունները վերածվեցին կոնկրետ գործերի: Այնտեղ ծանոթացանք ռումինացի գրող, նկարիչ Ռոման Կիսյովի հետ, հրավիրեցինք Արցախ: Կիսյովը եկավ և մենք նրա գիրքը հայերեն տպագրեցինք Արցախում: Հետո մեր գրքերն են թարգմանվում ու տպագրվում տարբեր լեզուներով: Դա, բնականորեն, մեծապես անդրադառնում է Սփյուռք-Արցախ գրական կապերի սերտացմանը: Բայց այս խնդրում կա մի դժվարություն, որը մինչև այսօր անհաղթահարելի է: Արցախի գրական կազմակերպությունը զրկված է միջազգային դրամաշնորհներից, որոնցից օգտվում են աշխարհի գրեթե բոլոր գրական կազմակերպությունները: Արցախի ԳՄ-ն, ցավոք, այդ հնարավորությունից զրկված է: Մենք չենք կարող լինել արտասահմանում՝ քանի որ հրավերներ չկան: Ես կարծում եմ, որ պետք է ակտիվացնել Արցախ բերող և Արցախից արտերկիր տանող ուղիները, ցանկալի և անհրաժեշտ է, որ դրանք միշտ բանուկ լինեն: Մեր այս վիճակը մեր ցանկություններին, մեր ձգտումներին չի համապատասխանում: Դրա համար պետք է բոլորս միասին գործենք, որ կարողանանք հասնել մեր նպատակին:
Երբեմն ասում են, թե գրականության ժամանակը չէ: Չեմ ընդունում նման ձևակերպումը:
Հրանտ Մաթևոսյանն ինքն է ստեղծել իր ժամանակը: Ստեղծեց արժեքավոր, մնայուն իր գործերով: Գրականության ժամանակը ստեղծում է գրողը: Դոստոևսկին ստեղծել է իր Ռուսաստանը, իր ժամանակը: Սա է մեր դասը: Գուցե մեր ուսերը վտի՞տ են՝ այդպիսի բեռ վերցնելու համար: Բայց Աստված կամեցել է, որ այդ բեռը մենք տանենք: Եթե մենք մեր հողին ամուր կանգնենք, մենք կստեղծենք և երկիր, և երկրի ժամանակ, և գրականության ժամանակ, որովհետև հայը մշտապես ավելին է արել, քան կարող է: Եվ հենց հայը իր այս կերպարով է առանձնանում աշխարհի բոլոր անկյուններում, նա միշտ անհնարինն է անում: Հնարավորն անել, դա նշանակում է ոչինչ չանել: Իսկ դժվարագույնը, երբ անում ես, դա այն է, որ դու հայ ես, կարողանում ես դա անել այնպես, ինչպես ոչ ոք, ինչպես մեր ժողովուրդը սպասում է:
Մեր ժողովուրդն այժմ մեծ մարտահրավերների առաջ է կանգնած, այս առումով վիթխարի գործ ունի կատարելու մեր գրականությունը: Մեր լեզուն պահողը մեր գրականությունն է: Այսօր զինվորը, որ զենք է վերցնում՝ սահմանը հսկելու, նրա թևերի մեջ ուժ են ներարկում Րաֆֆին, Շիրազը, Սևակը, Չարենցը, Անդրանիկ Զորավարը, Նժդեհը, Ավոն… Եվ մենք պետք է կարողանանք արժանի հետևորդներ լինել՝ թե՛ մայր Հայաստանում ու Արցախում, թե՛ Սփյուռքում: Այսինքն մեր կերպարը մեր յուրաքանչյուր քայլով, սխրանքով, յուրաքանչյուր բառով քանդակում ենք, և պետք է արժանի լինենք դրան:
Մեր անցած ճամփան մեր դասն է: Դժբախտաբար, սա միշտ ասում ենք, բայց դասից դաս չենք առնում: Տաղանդավոր բանաստեղծ Գրիգոր Ներսիսյանի ոտնահետքերը դաջվել, մինչև հիմա էլ մնում են Շուշիի քարերին: Դեռևս 1914թ. հայկական Շուշիում բանաստեղծություններ էր գրում Գ. Ներսիսյանը, գրքեր էր տպագրում: Ազգային մեծ գործունեություն էր ծավալում Արցախում: Նա է Արցախի գրական կազմակերպության հիմնադիրը: 1937թ. նրան արտաքսեցին Սիբիր՝ ազգայնամոլի պիտակով: Նրանից հետո եկան ուրիշները՝ Բ. Ջանյանը, որին դարձյալ քշեցին Սիբիր, Բագրատ Ուլուբաբյանը, որին հեռացրին Արցախից: Ասել է թե՝ արցախյան համազգային ազատագրական շարժման բոլոր փուլերում էլ Արցախի գրողների միությունը եղել է պայքարի առանցքում՝ որպես ժողովրդական տրամադրությունների արտահայտիչ:
Արցախում գրական սերնդափոխությունը միշտ եղել է խաթարված: Այժմ, այս առումով, այլ է պատկերը:
Ազերիները Արցախի ժողովրդի դեմ պայքարը միշտ էլ սկսել են նրա մտավորականներից՝ առաջին հերթին գլխատելով գրողների միությունը: Հիմա մեր գրական ընտանիքն ունի ավագ սերունդ, որի ներկայացուցիչներից մեկն էլ Սոկրատ Խանյանն է, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, այստեղ է: Նա զգալի ծառայություն ունի մեր հոգևոր աշխարհում: Այստեղ են նաև շնորհաշատ արձակագիր Կիմ Գաբրիելյանը, օժտված բանաստեղծ-ազատամարտիկ Գագիկ Բեգլարյանը, խոստումնալից երիտասարդ գրող Վանիկ Նովիկովը:
Անշուշտ, մենք ունենք նաև ոչ քիչ դժվարություններ, որոնցից մեկն էլ այն է, որ Արցախում սփյուռքահայ գրականության մասնագետներ քիչ ունենք: Իհարկե, այդ բացը որոշակիորեն լրացնում ենք, բայց դա շատ խիստ մասնագիտական մոտեցում է պահանջում, որովհետև մենք ունենք աշխարհով մեկ սփռված հայ գրողներ, որոնց որ, ինչպես օրինակ, մեծանուն Նիկողայոս Սարաֆյանին, ոչ միայն չեն ճանաչում Արցախում, այլ նաև մայր Հայաստանում: Կամ՝ Կարիկ Պասմաճյանը, ում որ, ցավոք, երիտասարդ տարիքում սպանեցին Մոսկվայում: Կարիկը մեր հայ իրականության մեջ ամենաինքնատիպ բանաստեղծներից մեկն էր: Մեծ էր նաև որպես թարգմանիչ:
Այո, այսօրվա իրականությունը մեր մեծերին չի կարողանում գնահատել: Ժամանակն է, որ մեր արժեհամակարգը վերանայվի: Գրականությունը համապարփակ ձևով կարողանանք ժողովրդին ներկայացնել: Ի դեպ, Հայաստանում, թե Արցախում գրողները շատ ավելի լավ վիճակում չեն, քան, ասենք, արտերկրում: Բայց մեր ժողովուրդը բավականին բարձր տրամադրությամբ է տոգորված, հզոր բանակ ունենք, միասնական ենք: Իհարկե, թերություններ էլ կան, այն էլ՝ շատ: Բայց մենք հենվելով լավի, դրականի վրա, մշտապես ամուր ենք պահում մեր հողը, մեր երկիրը, մեր ոգին: Սա հայի մշտական նկարագիրն է: Ընդհանրապես, գրողը պետք է հեռու լինի քաղաքականությունից, բայց հայ գրիչը կոչված է մի մշտնջենական բեռ տանելու՝ գրողն ավելի քաղաքական գործիչ է, քան գրող, ավելի շատ զինվոր է, քան գրող, ավելի շատ… Ինչ արած, մենք չենք կարող մեր բեռն ուրիշին տալ, մենք «դատապարտված» ենք մեր բեռը մինչև վերջ տանելու պատվին:
Եվ հենց այդ բեռն է, որ ամրացնում է մեր ուսերը, մեր ոտքերը, մեր քայլը մեր հողի վրա դարձնում առավել խրոխտ ու հաղթական:

Տարածել

Պատասխանել