Կամիլա Քեշիշեան / Փետրուարեան թիթեռներ

0

ՎԻՐԱԾԱՂԻԿՆԵՐ

Վիրածաղիկներ կան իմ ձեռքերի մէջ,
Շուրթերիս վրայ աղօթքն է բուրում:
Վշտի լճակում ձկներն են լողվոր,
Նրանց աչքերում ձանձրոյթն է լողում:

Երկինքը փռուել լոյսի հովիտում
Մշուշի խոնաւ եղեամն է խմում
Եւ վերջալոյսի թաղանթներով մուգ
Թալկացող ստուերներն են գիշերում:

Վիրածաղիկներ կան իմ ձեռքերի մէջ,
Ձկների նման անշշունջ եւ լուռ:
Աչքերիս վրայ թրջոցներն են հանգչող՝
Տեսիլքն է լողում նրանց յոյզերում:

Իջնում է մուժը մթի սափորից,
Ծնկած բեռների տքնանքն է կրում:
Հայելու տարտամ, անգորով գրկում
Օրուայ տենչանքն է անխռով մարում:

Վիրածաղիկներ կային իմ ձեռքերի մէջ…

ՏԱՐՓՈՒՀԻ

Իղձերի չքնա՜ղ տարփուհի,
Քո բուրմունքից գարշահոտ,
Մարեց երազը բախտի:
Փռուել ես մեղքի ջրերում,
Յոյզերդ ես ծածանում պապագ:
Խայտում են կրծքերդ մսեղ

Ու քաղցած է մարմինդ դիւթիչ:
Կրքերն են բոցկլտում հլու,
Թուրմն է բոյրերիդ ելնում,
Մռայլ, վեհերոտ մթից
Լուսինն է քեզ անթարթ նայում:
Կանչում ես մոտիկ քո հեռվից,
Թոյնդ ես արձակում քուլայ,
Գիշերուայ ջլառատ ծոցի մեջ,
Ցանկաբեր փեշդ ես բացում:
Իղձերի գարշաբոյր տարփուհի,
Քո բուրմունքից նախանձոտ,
Մեռաւ երազը բախտի:
Պառկել ես ջրերում նեխած,
Մահիճդ պղծել են անսիրտ,
Չեն խայտում համբոյրներդ թովիչ
Ու փուչ են օրերը լկտի:
Մահազանգն է կախուել վերեւից,
Եռուզեռն է ցրուել փողոցում,
Դու չկաս, բայց մարմնից քո տանջուած,
Խղճի արիւնն է հոսում:

ՏԵՆԴ

Ագռաւականչ կռկռոցի մէջ խեղդամահ դաշտե՜ր,
Պառաւած դեզերով դեղնամաշկ:
Ծաղիկների երազները գրկած,
Խամրում եք ատամնաթափ ժամանակի
երախում:
Դեղնավիշտ զառանացանքով հիւծուած
դաշտե՜ր,
Ստուերների կըքած պարկերով լեցուն,
Խոր կածաններով ճամփեքին պառկել՝
Հնամաշ յուշեր եք փռել շուրջ բոլոր:
Երկինքը փաթաթուել է ձեր հոգնաբեռ
մարմնին
Ու հիվանդ թախծի վերքերի վրայ,
Գզգզուած ամպերից անձրեւ քամելով,
Փայլփլուն շիթեր է կաթեցնում վերից:
Տենդաձայն, վշտամրմունջ դաշտեր,
Ննջէ՜ք երկնքի վերմակի տակ փափուկ,
Խաղա՜ղ, ինչպէս խաւարն է ննջում լոյսի
ծոցում:

ՁՄՌԱՆ ԿԻՐԱԿԻ

Ցուրտն է ելնում սառցէ անկողնուց,
Ուռճանում, որպէս առաւօտ:
Քամին հոշոտում է պարկը յուշերի,
Օրն է մաշւում խնկահոտ:
Մթով ծրարուած լոյսի դաշտերում,
Ձմեռն է խնկարկում գոյութիւնը իր
Եւ ալեծուփ, լուսակրօն գրկում,
Թռչուններն են պատարագում:
Լոյսը փարուել է սառը մշուշին,
Մթամած աչքերն է օրուայ համբուրում:
Օրհնանքնե՜ր են թափւում մշտահորդ
երկնից,
Որ չմրսի ձմռան կիրակին:

ԻՆՔՆԱՆԿԱՐ
Ա
Արտասուքի հայելու մէջ ահաւոր,
Լուսաթախիծ, անտրտունջ այգիներ:
Ամպէ բարձեր, լի յոզերով բեղմնաւոր,
Ուղեպարկեր՝ մելամաղձոտ ու քրտնած:
Թոքախտաւոր տառապանքիդ հետքերով,
Ցաւէ պսակ հեծեծանքներ ինքնամերձ:
Դու բաժնեցիր նուագներդ լուսահեղ,
Նայուածքներիդ հմայքներով լուսաբեր:
Իմ ծաղկաւէ՜տ, դու հարազատ իմ ծաղկանուն,
Անցի՛ր, գնա՛ վշտալեզու կեանքի ճամփով,
Գորշ, աղմկոտ մարդկութիւնից սգաւոր:
Հոգնած հոգուդ տենչանքներին թեւաւոր,
Ծաղկեփնջեր ու ծաղկալաց երկնաւոր:

Բ
Ստուերներից լոյս թրծող աղջիկ…

ՓԵՏՐՈՒԱՐԵԱՆ ԹԻԹԵՌՆԵՐ

Լուսամուտը՝ հեռաւորութեան պատեան,
Իր մէջ դաժան եռուզեռն է կեանքի,
իսկ դրսում մրսում է փետրուարը
Եւ ցուրտ անորոշութիւնն է ծուարել օրուայ փեղկերին:
Բարձունքներից թափուող թիթեռներ,
Մաքրեք հառաչանքի դառնահամ կեղեւը
Եւ որպէս լուսէ թրջոցներ նստեք
Դատարկ դաշտերի տենչանքի վրայ:
Երազները փաթի՜լ- փաթի՜լ իջնում են
Փետրուարեան ցուրտ տանիքներին
Ու հալւում են ճակատագրի շնչառութեան վրայ:

Ձնծաղիկնե՜ր բերեք,
Շիրմաթմբի պատեան լուսամուտին…

ՏԱՐ ԻՆՁ ՔՈ ՀԵՌՈՒՆ

Երկնքի շնչառութիւնը լուրթ կապոյտի մէջ զսպնակած,
Ազատութիւնն ինքն իր մէջ թռցնոզ Թռչուն,
Տա՜ր ինձ քո հեռուն:
Քո թեւերը հրեշտկանման են,
Իսկ թռիչքը՝ գնդակահարուած:
Հորիզոնից այն կողմ բազմել է դատարկութիւնը
Ու եզերքներում անտես,
Յուշն է ծրարում սաւառնանքը գոյիդ:
Գիշերը մարմնացել ու կարծր մատներով սեղմում է ուսերս
Եւ սեւ կողերն է հալեցնում մեջքիս, մինչեւ լուսաբաց:
Թռչո՜ւն,
Տար ինձ քո հեռուն…

Տարածել

Պատասխանել