Վիտալի Պետրոսյան / Հուշերի արահետներով

0

* * *

Բառը թաքնված տեսողություն է,
երկմտանքը՝ չարձակված գնդակ,
և… անհայտ զոհ:
Հրանոթի աչքեր են հին
թիրախներս`
ժամանակից կտակ մնացած:
Մորթված մանկան պահանջկոտ
հայացք է վրեժխնդրությունը`
մեր աչքերին ուղղված:
Բռնաբարված զոհի
հին ուրվական է հիշողությունս
և խրամատի ներկա:
Թիրախ փնտրելու համար
ձեռքերս արկերն են
հին հիշողության:
Ուրվականի հետք է
հրանոթիս փողը
և ինքնաձիգիս հայացքը`
արյուն պահանջող:
Հին կրոնիս արյունն է
վխտում ռազմադաշտում:
Զոհված Վահագնի անցյալ
է զոհված զինվորի ժամանակը,
և արցունք` այլևս անցյալի դեմքին:
Անցյալը արյան ժանգն է
պատմության երակների
և չարձակված գնդակի մեղքը:
Սրանից հետո բառիս ներկան
արյուն պահանջող
արձակված արկիս ու գնդակիս
հիշողությունն է դառնալու:
* * *

Պոեզիան սկիզբն է
Եվայի,
աչքեր եմ տեսնում երազում,
երազներ եմ տեսնում անտեսանելի,
և փորձում եմ ճգնել`
այդ ամենը թարգմանելու համար:
Մուսաներիս հավաքատեղին
եղել ու լինելու է քո ծառի տակ,
քո քամիների մեջ,
տերևիս անցլալն էլ ապագա է:
Ուզում եմ մաքրվել մեղքերից,
որ ժամանակը հետընթաց ապրի,
որ կարոտներս ծառեր ունենան:
Ուզում եմ աչքերդ ճամփաներ
ունենան,
որ անընդհատ քայլեմ,
որ շարունակեմ թարգմանությունս,
որ հայացքներդ ասելիք ունենան:

Հոգուս մեջ կարոտդ մասրենի:
14.04.2017թ.

* * *
Փողոցի երկայնքով, մայթից մայթ,
թափված են աչքերիդ հետքերը:
Չքնաղ անծանոթուհուն երևի նույնպես
հանդիպել ես, քո աչքերից մի բույլ
ծաղկել էր նրա աչքերում:
Միգուցե ինձ նույնպես հանդիպել ես,
միայն թե աչքերդ կորցրել եմ
անծանոթուհու հայացքում:
Խաշամով ծածկված կածան են
քո և անծանոթուհու աչքերը
փողոցի կարոտների վրա:
Օղու դատարկ բաժակ,
գարեջրի դատարկ շիշ
մայթի լռության վրա:
Անտիկ կանգառ, որտեղ հանդիպելու են
իմ, քո, անծանոթուհու, օղու բաժակի,
գարեջրի դատարկ շշի և լռության
բացված աչքերը:
Եվ մայթը լցվելու է քեզնով:
14.05.2017թ.

* * *
Ծրարում եմ արցունքները
և ուղարկում եմ անհայտ ուղղությամբ,
որ դրանք այնքան հեռու լինեն
քո աչքերից,
որքան լռությունը բառից:
Հիշողություն է կածանը,
հիշողություն է աղբյուրը,
հիշողություն է փողոցը մայթի դեմքին,
ուղղակի փոխվել են անցորդները,
հասունացել է կածանի մասրենին,
և աղբյուրի ջուրը
երևակայությունն է տատանվող տերևի:
14.07.2017թ.

* * *
Ծառ եմ նկարում ավազի վրա,
և հիշողություն-ծառի ստվերում,
նստարան է անցյալը
և արցունք ներկայի վրա:
Կեցվածք է անցյալը,
ապրելու ձև է ներկան`
ավազի ու նստարանի հիշողություն
կարոտի վրա:
Բաղադրատոմս է քամին
և հեռանկար,
աչքերդ նստարանի վրա
գտնելու համար:
Ժամանակից դուրս
քո հայացքը կարոտն է
չապրած նստարանի:
Երևի թերթեմ աչքերդ
կարոտից կարոտ,
որ լռությունը աղմուկ չդառնա:
Միայնությունը զանգակատուն է
անլեզու զանգի,
որտեղ աղմուկ է ցանկացած աղոթք:
Քրմուհու աչքեր` թափթփված մայթին,
ձեր անցյալը իմ ներկան է:
22.07.2017թ.

* * *
Ինչ-որ մի ժամանակ,
օրեր, ամիսներ, տարիներ առաջ,
դու քայլել ես այս կածանով և
հայացքիդ
մնացորդները ինձ կտակ ես թողել:
Այսօր, օրեր, ամիսներ, տարիներ հետո
ես հավաքում եմ քո ինձ
հասցեագրված
աչքերը բոլոր թփերից, ծառերից ու
քրքրված հիշողության ճյուղերից:
Արժեք է կարոտը և ապրելու ներկա…
աղբյուրը հիշողությունն է աչքերիդ:
30.07.2017թ.

* * *
Գույների կարոտ կա
ծիածանիս մեջ,
հրացանազարկ եղած
նապաստակներ են վխտում
երկվության բացատներում:
Երբ լռությունն այլևս
ասելիք չունի,
ներկում եմ իրականությունը
պես-պես գույներով
և ուզում եմ չխփած գոլի
հեղինակ դառնալ:
15.04.20017թ.

Տարածել

Պատասխանել