Ֆելիքս Բախչինյան / Հիշողությունը` Ռոբերտ Եսայանի ներհայեցողությամբ

0

Հրեշտակները մաքրության և ազնվության խորհրդանիշեր են: Ո՞վ կարող է դուրս գալ իր հրեշտակի դեմ, որքան էլ դժվարանցանելի լինի նրա լուսեղեն մաքրության հետ հարաբերվելու ճանապարհը: Անշուշտ, նրանք, ովքեր երբևէ չեն ճաշակել լույսի համը:
Ռոբերտ Եսայանի բանաստեղծական խոսքը քաոսի վրա բացվող լույսի մասին է, այլ խոսքով՝ իր իսկ հրեշտակի մասին, որին կարող ես հանդիպել ընթերցանության պահին, եթե <<ետ տանես տողը>>: Մի մաքրամաքուր հրեշտակ է անցնում Ռոբերտ Եսայանի տողերի միջով, տողատակով ու տողերի գլխավերևով՝ պահպանելով առաջ ընթացող ճանապարհի լուսավոր անշեղությունը.
Ետ տար տողը, ինչպես կափարիչը  քաոսի,
Եվ կտեսնես, թե ինչպես է ծնվում ճանապարհը…
Առջևում ձգվող ճանապարհը բռնելուց առաջ բանաստեղծին հարկավոր է ճշտվել, սեփական եսը մաքրել նրա շուրջը վխտացող քաոսային թափթփուկներից, որի մասին նա այսպես է խոստովանում.
Հրեշտակի թևը բարձրացնում եմ
Եվ նայում իմ ապագային:
Այսպես, հրեշտակաթև հովանու ներքո է պարփակում իր բանաստեղծական աշխարհը, այդ հովանու հետ համաձայնեցնում, զուգահեռում, ոգեզարդում իր կյանքը Ռոբերտ Եսայանը, միևնույն ժամանակ բացելով հրեշտակի թև ունենալու գաղտնիքը:
Ծխում եմ հուշերիս ածուխը կարմիր,
և հոգուս խորքից բարձրանում է վեր
ցավերիս լո՜ւյսը-հրեշտակի՜ թև…
Ահա, թե ինչի կարող է փոխակերպվել ցավից բարձրացող լույսը, այլ խոսքով՝ տառապանքի լույսը: Փիլիսոփայական հայեցողության մի հրաշալի օրինակ է սա, որ հատուկ է Ռոբերտ Եսայանի պոեզիային: Վաղուց ի վեր և մշտապես մարդկային խոնարհումով արված ետառապանքի ծաղիկ, արտահայտությունն այստեղ զիջել է իր տեղը, ընդունելով չմարող հույսերով լի և առավել լուսավոր որակներ: Ցավերի թողած հետքը ոչ թե մխիթարող ու նրբագեղ ծաղիկ է, այլ նոր, թարմ ու մաքրամաքուր թևաբախումների կոչող հրեշտակի թև:
Բանաստեղծական ներհայեցողության պահին ադամանդի կարծրությամբ ու խտացված շողերի յուրահատուկ փայլով ծնվում է բանաստեղծի խոսքը, որպես բանաստեղծական տողերում խտացված փորձառության իմաստուն ձևակերպում.
Եթե հիշողությունների միջև կամուրջներ
չկան-ուրեմն դեռ չի՜ ծագել տարածության աստղը:
Իսկ, եթե կամուրջներ կան, հենց նրանք են տարածության վրա բացված աստղերը, որոնք իրար փոխանցվող շողերով զարդարում են ողջ տարածությունը:
Հիշողությունը որպես տարածություն ընկալելու ներհայեցողական ապրումի վարպետ ներկայացում է <<Հայաստանի ջուրը>>: Հիշողության ջրով ծարավը հագեցնելու բավականություն է նույն բանաստեղծությունը:
Հիշողության ջրերի վրա նույն հիշողությանը նվիրյալ վարպետ նավավարի նավարկություն է <<Հայաստանի ջուրը>>:
Հիշողությունը ետևում թողնված տարածություն չէ, այլ կամուրջ առ կամուրջ կանգառելու, և կամրջի գլխից ետարերքն աստղերի, ու աստղի ծագումն ըմբոշխնելու հնարավորություն:
Ահա մի կամուրջ՝ հիշողության հոսող ջրերի վրա, որտեղ հայրենի եզերքում հոսող ջրի յուրաքանչյուր ումպի հետ՝
…քարն իր խորքերի ծիածանն է բացում
Բողբոջի կապույտ երակի վրա:
Եվս մի կամուրջ, որտեղ՝
…երկնքի կեղևից ծիլ է տալիս հորիզոնը՝
Ներշնչանքի ճի՛չ:
Հիշողությունը հոսող ջրերի տարածք է, իսկ եթե հայրենիքի ջուրն է, ուրեմն՝ խմածդ <<ոգին է կայծքարի>>, <<տարե՜րքն աստղերի>>, <<հո՜ւյսը ընթացքի>>, <<շո՜ւնչը երազի>>…
Ու տող առ տող շարունակվում է ծարավն ու հագեցումը, ու շարունակվում է՝ <<ցողուններում Անսահմանի:
Ծարավը հուշերով հագեցնող տարածության մեջ բանաստեղծն իրեն այնպես է զգում, ինչպես մեղուն՝ ծաղկի լուռ համաձայնությամբ, նրա կենտրոնում նեկտար է հավաքում:
Հուշարձանի կարմիր լռությո՜ւնն է հառնում
Ծաղիկների քարե ճիչերի միջից:
Ժամանակի ափից ջո՜ւր է խմում հիշողության լույսը:
Ռոբերտ Եսայանի խոհը, որ պտտվում է հիշողության շուրջը, նրա միայն մի անկյան վրա չէ, որ կանգ է առնում: Մի տեղ այն կամուրջներ ունեցող և հոսող ջրերի տարածք է, մի տեղ՝ տարածություն է, որ արմատներ ունի: Ժամանակն ինքը պտտվող հիշողություն է, և ժամանակային բոլոր ձևերն, իրենց հերթին, պտտվում են հիշողության շուրջը.
Հո՜ւյսն եմ համբուրում
Ես արմատներով հիշատակների:
Ես հո՜ւնդն եմ վաղվա…
Ոգեղեն բարձունքում լինելու գոյության ձև է՝ ժամանակի հոսքն իր ներսում ամբողջացնելու ապրելաձևը: Ոգեղեն բարձունք, որին հասնելու համար ողջ ճանապարհին պետք է լույսը զատել քաոսից, և կյանքը՝ մահից:
Օ, ոգու տարածքից աքսորված արշալույս,
Օ, արմատի ճիչ,
հիշողության փշրված դռներ՝
արմատներիս տրոփող երկինքների մեջ,
կամուրջների հեկեկանք՝
թաշկինակի պես հորիզոնի ձեռքերից սահող…
Ահա մի տառապանք, որի գլխավերևում չի կարող չհայտնվել նոր թևաբախումների կոչող հրեշտակի թևը.
Ես ուղղում եմ
Քայլս
Անհունի շնչառությամբ
և իշխում
մահի
ունայնության վրա.
Ռոբերտ Եսայանի բանաստեղծական ընդհանրացումը հավքի կերպարանք ունի, որը յուրաքանչյուր թռիչքի հետ կարոտի մի փետուր է թողնում հիշողության գետնին: Անցյալում մնացած այդ կարոտներն էլ զատվում են քաոսից և լուսավոր հույսերի դռներ բացում ապագայի համար:

Տարածել

Պատասխանել