Գոհար Աքելյան / Խաչատուր Աբովյանի և գերմանական գրականության առնչության հարցերից

0

Հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկը՝ Խաչատուր Աբովյանը, ով բոլորին հայտնի է իբրև մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ և վերջապես հայ նոր գրականության հիմնադիր, շատ քիչ է ուսումնասիրված ոչ այնքան այն պատճառով, որ քիչ է եղել նրա հանդեպ հետաքրքրությունը, պատշաճ ուշադրությունը և նրա գործերին ու կյանքին վերաբերող աշխատությունները, այլ որովհետև բազմակողմանիորեն հարուստ ժառանգություն է թողել (հետագայում ամփոփված 10 հատորում), որոնք ներառում են տարբեր ոլորտներ՝ գրականություն, լեզվաբանություն, մանկավարժություն, աշխարհագրություն, պատմություն և այլն և ուղղվածության զանազանության հետ մեկտեղ ունեն նաև շերտային տարբերակվածություն. միևնույն նյութն իրենից հետաքրքրություն է ներկայացնում տարբեր ոլորտների համար և ահա այս պատճառով մինչ օրս աբովյանագիտությունը բազմաթիվ անելիքներ ունի, և շատ են այնպիսի հարցեր, որոնք ոչ միայն մանրակրկիտ կերպով ուսումնասիրված չեն, այլև գրեթե չեն արծարծվել: Այսպիսի հարցերից է Աբովյանի և եվրոպական գրականության առնչությունների խնդիրը՝ ի մասնավորի գերմանական գրականության հետ դրսևորած հարազատության հանգամանքը, որի՝ եվրոպականի դաշտից առանձնացումը հիմնավորելի է ոչ այնքան որակապես տարբերակելի լինելու կապակցությամբ, որքան քանակապես ծանրակշիռ և ոչ միջնորդավորված լինելու հանգամանքով: Հայտնի փաստ է, որ Աբովյանը 1830 թվի սեպտեմբերի 3-ից մինչ 1836թ. հունվարի 18-ը ուսանել է Դորպատի համալսարանում, ուր մթնոլորտը մեծապես գերմանական էր: Թեև 1632-ից մինչ 1710թ.-ը համալսարանի պաշտոնական լեզուն շվեդերենն էր, սակայն հետագայում գերմաներենը դառնում է գերիշխող, քանի որ ոչ միայն ողջ ուսանողությունը, այլև դասախոսական անձնակազմը աստիճանաբար գերազանցապես գերմանակազմ է դառնում: Ժամանակավորապես փակվելուց հետո 1802թ.-ին համալսարանը վերաբացվում է՝ արդեն որպես զուտ գերմանական ուսումնական հաստատություն՝ այդպիսին մնալով մինչ 1893թ.-ը: Աբովյանի ուսումնառության տարիներին, ինչպես տեսնում ենք, այն բացառապես գերմանական է եղել, ինչն էլ բացի գերմանական կրթությունից ենթադրում է նաև գերմանական միջավայր, մշակույթ, մտածողություն: Սա արդեն բավարար հիմք է Աբովյանի ստեղծագործության ուսումնասիրությունը նաև գերմանական զուգահեռմամբ տանելու համար, ինչը, ցավոք սրտի, գրեթե չի արվել: Ժամանակամիջոցը, երբ ստեղծագործում էր Աբովյանը, գրական ուղղության տեսակետից ռոմանտիզմի գերակայության շրջանն էր: Ռոմանտիզմը 18-19-րդ դարերի մշակութային երևույթ է, որ սկիզբ է առել Գերմանիայում: Եթե 18-րդ դարում ռոմանտիզմ էին անվանում այն ամենը, ինչ տարօրինակ էր, ֆանտաստիկ, ապա 19-րդ դարում այդ անվան տակ նկատի ունեին մի ուղղություն, որը հակադիր է կլասիցիզմին և լուսավորչականությանը: Թեև, 18-րդ դարից սկսած «Գերմանիան կամաց-կամաց սկսում է համակուել ընդհանուր ազգային ինքնագիտակցութեամբ», սակայն հատկապես 1830թ.-ին հայրենասիրական գաղափարաբանության խտացումը ձևավորում է «Երիտասարդ Գերմանիա» գրական դպրոցը, որի ներկայացուցիչները ձգտում էին գրականությունը վերածել մի զենքի, որը կնպաստեր լիբերալիզմի պրոպագանդմանը և Գերմանիայի միավորմանը: Խ. Աբովյանն, իհարկե, քաջատեղյակ էր այս բոլոր գրական գործընթացներին ոչ միայն գեղարվեստական գործերի տեսքով, այլև տեսական փիլիսոփայական աշխատությունների ուսումնասիրությամբ. «Հսկայական է եվրոպական փիլիսոփայության մտքի ազդեցությունը Աբովյանի ռոմանտիկական աշխարհայացքի ձևավորման գործում: Դեռ ուսումնասիրության կարոտ է եվրոպական փիլիսոփայական մտքի հետ Աբովյանի առնչության հարցը, բայց որ Աբովյանը ունեցել է փիլիսոփայական ուսմունքի հիմնավոր իմացություն, մեզ անվիճելի է թվում»: Դրանում համոզվելու համար բավական է քիչ թե շատ ծանոթ լինել Աբովյանի երկերին, ինչպես նաև տարբեր առիթներով արված զանազան դատողություններ նույնպես գալիս են մեջբերված կարծիքը հաստատելու, մինչդեռ այստեղ բավարարվենք մի անհայտ ֆրանսիացու՝ Աբովյանի մասին հայտնած կարծիքի հիշատակմամբ, որը մեզ համար արժեքավոր է այնքանով, որ ոչ թե հետևությունների ու եզրակացությունների վրա է հիմնված, այլ Աբովյանի հետ անձնական տեսակցություն և զրույց ունենալու արդյունքում է ձևավորվել. «Գերմանական փիլիսոփայության և գրագիտության տեսիլները իրեն այնքան ընտանի են, որ նույնիսկ եվրոպական մը՝ օգուտ կրնա քաղել իր կարծիքներին: Շիլլերը ջուրի պես գիտե, Լեսիգին, Լեյպնիսին կարծիքները մազե անցուցեր է իր ասիական երևակայությունով անոնց նոր գույն մը կուտա: <> Տարօրինակ երևույթ մարդկային լուսավորության հայու մը բերան արձագանք է այնպիսի տեսիլներու վրա, վոր մեր մեջ դեռ նոր կտարածվին: Շիլլերի, Լեսինգի դրույթները Կովկասի լեռներու մեջ կհաստատվին և լսելի կլլան և դեռ Յեվրոպայի մեջ ժողովուրդ կա, վոր այս հեղինակներու անունն լսած չէ»: Թեպետ Շիլլերն հաջորդիվ կանդրադառնանք, սակայն այստեղ տեղին է ի գիտություն ունենալ, որ «Շիլլերը ջուրի պես» իմանալը ենթադրում է նաև ծանոթ լինել Շիլլերի փիլիսոփայական հետաքրքրությունների դաշտին (հատկապես՝ Կանտին) և հենց իր` Շիլլերի փիլիսոփայական աշխատություններին: Սակայն պետք է նկատի առնել նաև, որ Աբովյանի գրական-գեղագիտական հայացքների ձևավորումը ոչ միայն գերմանական կրթության և դորպատյան կյանքի հետևանք է, այլև Աբովյանի ներքին, ինքնաբուխ որոնումների հետագա հասունացման արդյունք: Ինչպես գրում է Պ. Հակոբյանը՝ «Մայրենի քերթողների երկերից բացի, նա գրաբար թարգմանություններով և ռուսերեն բնագրերով կարդում է կլասիցիզմի դարաշրջանի գրականության արգասիքները, իսկ շատ չանցած՝ ինքնաբերաբար հակվում է դեպի ժամանակակից գրական դպրոցների՝ սենտիմենտալիզմի ու ռոմանտիզմի գեղագիտությանը»: Այս ամենով հանդերձ՝ հետաքրքրական է, որ Աբովյանի ռոմանտիզմն, այնուամենայնիվ, էականորեն տարբերվում է գերմանական ռոմանտիզմից: Աբովյանը չի դառնում եվրոպական մշակույթի կույր հետևորդը, այլ գիտակից կերպով որոշ «վերաձևակերպման» է ենթարկում ռոմանտիզմը՝ հաշվի առնելով մեր գրականության բնույթը, ազգային պահանջների, խնդիրների լուծման համար անհրաժեշտ ուղիները և նմանատիպ այլ հանգամանքներ: Փաստորեն, Աբովյանն առաջնորդվում է ոչ միայն զուտ գեղագիտական հարցադրումներով, այլև որոշակի գործառութային համակարգի ստեղծման անհրաժեշտության գիտակցմամբ: Ժուկովսկուն ուղղված նամակներից մեկում նա հստակ կերպով արտահայտում է իր՝ արվեստների դերի մասին ունեցած պատկերացումը. «Որովհետև որոշ չափով ինձ հայտնի են իմ արևելյան հայրենակիցների՝ հայերի և ուրիշների, մտածելակերպը և կյանքը, ուստի բազմակողմանի փորձերով ապացուցված եմ համարում, որ նրանք ուրիշ ո՛չ մի այլ միջոցով չեն կարող ամենից լավ և արագ իսկական կրթության և լուսավորության հասնել, քան գեղեցիկ արվեստներին՝ բանաստեղծության, երաժշտության և նկարչության միջոցով: Եթե Ասիան պիտի ստանա լուսավորության իսկական լույսը, ասում էի ես իմ մտքում, ապա այդ բանը ոչ մի այլ միջոցով չէր կարող ամենից լավ և արագ կատարվել, քան դրանց միջոցով…»:
Ահա այս նկատառմամբ առաջնորդվելու պարագայում այլևս զարմանալի չի թվա այն պարադոքսը, որ թեև ռոմանտիզմը ձևավորվեց ի հակադրություն լուսավորչականությանը, սակայն Աբովյանի ռոմանտիզմը, որ սերում էր անմիջապես գերմանական ակունքից, մեծապես լուսավորչական էր, և լուսավորչական էր միանգամայն ներդաշնակ կերպով՝ առանց հակադրության մեջ մտնելու ռոմանտիզմի հետ:
Մյուս կողմից նկատենք նաև, որ ռոմանտիզմի աբովյանական կերպը զուրկ չէ գեղագիտորեն իմաստավորվելու որոնումներից, ինչն էլ հաղորդում է Աբովյանի գրին ինքնատիպություն և հետաքրքրություն: Այսպես օրինակ՝ գերմանական ռոմանտիզմի՝ ժողովրդականի, բանահյուսականի հանդեպ ունեցած վերաբերմունքը համակրելի է Աբովյանի համար և լայնորեն կիրառելի մոտեցում (նույնիսկ՝ ելակետային), մինչդեռ ժամանակակից ռոմանտիկ հեղինակների գործեր Աբովյանը գրեթե չի թարգմանել՝ նախընտրելով նախորդող դարաշրջանների գերմանացի՝ երբեմն անգամ երկրորդական գրողների ստեղծագործությունները:
Բայց նախքան առանձին հեղինակների գործերի թարգմանությանն անդրադառնալը, կանգ առնենք Աբովյանի՝ ժողովրդական խաղերի, զրույցների թարգմանության հարցի վրա: Եթե «Պարապ վախտի խաղալիք» գրքույկում քիչ չեն ինքնուրույն առակները և փոխադրության կամ մշակման արժեք ունեցող թարգմանությունները, ապա «Զվարճալի ու կարճ պատմությունք» և «Կարճառոտ պատմությունք» ժողովածուներում հեղինակային գործեր կարծես թե չկան:
«Զվարճալի ու կարճ պատմությունք»-ի կապակցությամբ ծանոթագրություններում կարելի է հետևյալ դիտողությունը կարդալ. «Թվում է, թե այս գրքում տեղ գտած նյութերը Աբովյանը մեծ մասամբ ծաղկաքաղ է արել օտար լեզուներից, այն ժամանակ գույություն ունեցող համանման գրքերից, ինչպես նաև բանավոր անեկդոտներից ու զրույցներից»: Թե կոնկրետ որ լեզուների, ինչ հեղինակներից կամ ինչ գրքերից է վերցրել նյութերը, հեշտ չէ պարզել, սակայն, ոչ առանց որոշակի հիմքի, ենթադրվում է, որ նյութերի հավաքագրմամբ սկսել է զբաղվել 1837թ.-ից սկսած: Զրույցներում, թեև, որոշներում հերոսները գերմանացիներ են, կամ դեպքերը տեղի են ունենում Գերմանիայում, սակայն դա դեռևս հիմք չէ ենթադրելու, թե գործ ունենք գերմանական բանահյուսության կամ գերմանացի հեղինակների գործերի հետ, նամանավանդ, որ նման պատմություները համեմատաբար քիչ են (1 «Շատակեր աշխարքումս անթիվ են էլել ու էս օր էլ կան, որ թե գրող ըլի, գրքեր կարելի ա շինել: Գերմանիա 1754 թվին մեկ էսպես մարդ լիս ընկավ, անունը Հակովբ ալե…», «Մեկ կաղ ֆրանցուզ Գերմանիո միջովն անց էր կենում, ձիուցը վեր ընկավ»՝ ուշագրավ է այս զրույցի ավարտը.
«Նրա բախտիցը մեկ մարդ էկավ որ երկու լեզուն էլ գիտեր ու խեղճին ազատեց էս դառը տանջանքիցը», «Կոնրադ Գ. Թագավորն Գերմանացոց 1138 թվին….» և այլն):
Մի ուշագրավ պատմության էլ կարելի է հանդիպել «Նախաշավիղ կրթության» դասագրքում, որը սկսվում է հետևյալ կերպ.
«Երևելի փիլիսոփայն Գերմանացվոց Լեսսինգ սովորություն ուներ գիշերը երկար նստիլ և գրել»: Եվ, այնուամենայնիվ, ինչպես արդեն նշել ենք, այս պատմությունների սկզբնաղբյուրներն անհայտ են և անգամ լեզվական առանձնահատկություններից ելնելով հնարավոր չէ հետևություններ անել, մինչդեռ, օրինակ, «Պատմութիւն հին դարուց» աշխատության կապակցությամբ ենթադրվում է, որ Աբովյանը հիմնականում գերմանալեզու աղբյուրներից է օգտվել, քանի որ նյութերը հավաքել է Դորպատում եղած ժամանակ, ինչպես նաև որոշ բառաձևեր գերմանական հնչյունաբանությանն են համապատասխանեցված, իսկ որոշ հատուկ անուններ տառադարձվել են գերմաներենից՝ «նեուզելանդացուց», «Ավղուստուս», «Զիխսմուդ» և այլն: Ամեն դեպքում, չի բացառվում, որ անկախ հերոսների ազգային պատկանելությունից՝ զրույցների մի մասը Աբովյանը վերցրած լինի գերմանական բանահյուսությունից՝ հաշվի առնելով նրա՝ գերմանական նյութեր գտնելու ավելի մեծ հնարավորություններն ու գերմանական մշակույթի հանդեպ տածած սերը, որն ավելի հաճախ երևան է գալիս գործով, քան ուղղակի խոստովանությամբ: Նման հազվադեպ խոստովանություններից է Պետերմանին ուղղված հետևյալ նամակը. «Որպէս Դուք զհայ, նույնպէս և ես զգերմանացի լեզու և գրականութիւն սիրեմ, այլ չգիտեմ կարէ՝ արդեօք առաջինն այնպէս լնուլ զփափագ Ձեր և վարձատուր լինել աշխատանաց Ձերոց, որպէ՛ս յետինն ինձ»:
Բացի գերմաներենից հայերեն թարգմանություններից, Աբովյանն արել է նաև հայերենից գերմաներեն թարգմանություններ, որոնք, համենայն դեպս մեզ հասածները, կրկին ժողովրդական մոտիվներով են կամ հենց բանահյուսական նյութից են վերցված: Աբովյանը կազմել է առանձին տետրակ, որն ուղարկել է գերմանացի բանաստեղծ Բոդենշտեդին՝ տետրակի վերջում կցված բացատրականում ասելով, որ «եթե իսկապես պոեզիայի մանկության շրջանում ծաղկող այս փորձերը կարող են Ձեզ և, Ձեր աջակցությամբ, եվրոպական հասարակության համար որևէ հետաքրքրություն ներկայացնել, ապա խոստանում եմ Ձեզ ամբողջ գրքեր լցնել նրանցով և, ինչպես այժմ, ժամանակ առ ժամանակ ուղարկել Ձեզ»: Այս գրքույկը կազմվել էր հենց Բոդենշտեդի խորհրդով և ներառում է հայկական, քրդական, թուրքական ժողովրդական երգեր՝ թարգմանված գերմաներեն («Խաչատուր Աբովյանը և Յոհան Հերդերի բանագիտական հայացքները» հոդվածի հեղինակ Լ. Հովսեփյանը ենթադրում է, թե Աբովյանն իր այս գրքույկը կազմել է Հերդերի «Ժողովրդական երգեր» անթոլոգիայի նմանողությամբ՝ որպես ապացույց մատնանշելով անթոլոգիայում անգլիական, գերմանական և «հյուսիսային» ժողովուրդների երգերի առկայությունն ու վերջին երկուսի գերմաներեն թարգմանված լինելու հանգամաքը, սակայն սա այնքան էլ հիմնավոր կարծիք չի թվում, մանավանդ, որ հոդվածի հեղինակը չի հիշատակում Բոդենշտեդին և նրա առաջարկը: Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, անշուշտ, որ Աբովյանն, ամենայն հավանականությամբ, ծանոթ էր այդ և նմանատիպ այլ անթոլոգիաների):
Ակնհայտ է, որ Աբովյանը ոչ միայն միտք ուներ եվրոպական գիր ու գրականությունը հասանելի դարձնել կովկասյան ժողովուրդների համար, այլև հակառակը՝ վերջիններիս հարուստ ժողովրդական բանահյուսությունը, որոնցով պատրաստվում էր «ամբողջ գրքեր» լցնել, ներկայացնել եվրոպացի ընթերցողին, քանի որ դրանցում ևս բազմաթիվ արժեքավոր ու ուշագրավ բաներ կան՝ ստեղծված բնատուր տաղանդով և երևակայությամբ, որը և Աբովյանը արժանի էր համարում միջազգային ասպարեզ հանելուն՝ չնայած «պոեզիայի մանկության շրջանում ծաղկող այս փորձերը» որակմանը (սա, ի դեպ, վկայում է այն մասին, որ Աբովյանը զուրկ չէր «գրականագիտական» ճաշակից և օբյեկտիվությունից): Պահպանվել է նաև մեկ այլ՝ Բոդենշտեդին ուղարկվելիք բանաստեղծությունների տետրակ, որն ամփոփում է Աբովյանի հեղինակային բանաստեղծությունների գերմաներեն թարգմանությունը և որն այդպես էլ չի հասցնում ուղարկել: Այսօրվա հեռավորությունից արդեն դժվար է գուշակել, թե ինչ կստացվեր Աբովյանի և Բոդենշտեդի այս համատեղ ձեռնարկից, սակայն մեծ գրողները երկուստեք ոգևորված էին:
Գալով Աբովյանի կատարած մյուս թարգմանությունների խնդրին` կարող ենք նկատել, որ առանձին հեղինակների գործեր թարգմանելիս նույնպես Աբովյանին գրավել են ժողովրդական երգերի տարրերով հագեցած ստեղծագործությունները, որոնք որոշ կողմերով հիշեցնում են հենց իր՝ Աբովյանի գրաբար և աշխարհաբար բանաստեղծությունների ոճը: 18-րդ դարի բանաստեղծ Հեոլտից (հիմնականում ժողովրդական մոտիվներով է ստեղծագործել) Աբովյանի թարգմանությամբ չորս բանաստեղծություն է մեզ հասել, որոնց վերնագրերն անգամ ցույց են տալիս վերում ասվածի իրավացիությունը. «Ողբ օրիօրդի միոյ ի վերայ մահուան ընկերնեին իւրոյ», «Եղերերգութիւն ի վերայ շինական աղջկան միոյ», «Հովհաննէս եւ Անխին», «Ադելարան եւ Րոզխէն (վարդ)»: Նույն հարյուրամյակից մեկ այլ բանաստեղծուհուց՝ Աննա Լուիզա Քարշից, Աբովյանը թարգմանել է «Առ արեգակնամուտս» և «Ի ծագիլ արեգականն» բանաստեղծությունները: Այս հեղինակը գերմանական գրականության երևելի դեմքերից չէ, սակայն ժամանակին մեծ հեղինակություն է վայելել: «Առ արեգակնամուտս» բանաստեղծությունն ունի «ի բաժանիլ սիրելւոյն իւրոյ» բնաբանը, և ոճով երկուսն էլ բավական հարազատ են Աբովյանի սիրային բանաստեղծություններին: Նույն կերպ և Դուշեից թարգմանած «Եղերերգութիւն ի վերայ Դաֆնեի» բանաստեղծությունը որոշակի նմանություն է ցուցաբերում Աբովյանի վաղ շրջանի գործերի հետ: Առհասարակ, Աբովյանը գերմաներենից հայերեն և հայերենից գերմաներեն թարգմանություններով ակտիվորեն զբաղվել է Դորպատում գտնվելու առաջին տարում՝ լեզուն յուրացնելու նպատակով, և այս շրջանում դեռևս հիմնավորապես չէին ձևավորվել նրա հայացքներն ու նախասիրությունները: Հետաքրքրական է, որ Աբովյանը մեծանուն բանաստեղծ Քրիստոֆ Վիլանդից թարգմանել է միայն մեկ բանաստեղծություն (Վիլանդն աբովյանական կոնտեքստում մեզ համար հետաքրքրական է այն առումով, որ մեծ մասնակցություն է ունեցել գերմանական գրական լեզվի մշակման գործում)՝ այն էլ աստվածաբանական թեմատիկայով (աստվածաբանական թեմատիկայի շեշտադրումն այս պարագային ուշագրավ է ռոմանտիկների՝ եկեղեցու, կրոնի հանդեպ ունեցած մերժողական վերաբերմունքի տեսանկյունից ելնելով. սա ևս մեկ անգամ ապացուցում է Աբովյանի նախասիրությունների ձևավորման ինքնուրույնության և նրա ռոմանտիզմի ինքնատիպության հանգամանքը): Խոսքը՝ «Տխմարներն ասացին իրենց սրտում, որ Աստված չկա» բանաստեղծության մասին է:
Այսքանով, իհարկե, հնարավոր չէ սպառել հայ մեծ լուսավորչի և գերմանական գրականության առնչության հարցերը, դեռ ավելին՝ սա պարզապես խնդրի ուրվագծումն էր և ոչ մանրամասն զննումը և զուգահեռ համեմատությունը, ինչպես հարկ էր կատարել, սակայն նման աշխատանքը շատ ավելի լուրջ ուսումնասիրության է կարոտ, ինչին և, հուսանք, մի օր կարժանանա:

«Եղիցի լույս»
Թիվ 05 (179) 2017թ.

Տարածել

Պատասխանել