Սիրվարդ Մարգարյան-Դավիթ Միքայելյան / Սիրուց ու ցավից ծնված երգեր

0

Արցախյան պատերազմի ընթացքում և հետագա տարիներին ծնվել են բազմաթիվ երգեր, որոնք, հիրավի, սիրո ու ցավի արտահայտություն են: Դրանցից շատերը հնչում են տոնական միջոցառումների ժամանակ, մի ստվար մասն էլ սպասում են իրենց հերթին։ Այդ երգերը (և ոչ միայն դրանք) մեր անցած բուռն վայրիվերումներով լի ճանապարհի լիիրավ վկայագրերն են՝ երգի (իմա` բանաստեղծությունների) և երաժշտության լեզվով։ Բանաստեղծ Դավիթ Միքայելյանն այն քչերից է, ով արցախյան նորօրյա պատմությունը կերտել է նաև մեղեդու լեզվով։ Նա համագործակցել է նաև այնպիսի անվանի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Խաչատուր Ներսիսյանը, Էդուարդ Ղազարյանցը, Արմեն Նասիբյանը, Արթուր Ալեքսանյանը, այլք։ Շուրջ 25 տարի առաջ ձեռնարկած գործն ինչպիսի ընթացք է ունեցել ու երբ է մտադիր հեղինակն այն հասցնել «վերջնական հանգրվանին», ինչպիսի նոր ծրագրեր ունի և երգն ընդհանրապես, ինչ է իր համար։ Այս և մտահոգող այլ հարցերի շուրջ է Դավիթ Միքայելյանի և Սիլվա Մարգարյանի երկխոսությունը:
-Դավիթ, ո՞րն է այն ազդակը, այն սնուցող երակը, որից սնվել ու ծնունդ են առել Ձեր՝ շուրջ երկու տասնյակի հասնող ստեղծագործությունները։ Ինչպե՞ս ծնվեց Ձեր առաջին երգը և ո՞ւմ է այն նվիրված։
-Ինչպես հատուկ է յուրաքանչյուր հայ մարդու, իմ պարագայում ևս երգի սնուցող երակն (ավիշը) ինձ է փոխանցվել ծնողներիցս։ Իմ գեներից է այն մի պտղունց բաժին հասել, ու մանկության տարիներից ի վեր այսօր էլ ուղեկցում է ինձ։ Բազմանդամ մեր ընտանիքում երգում էին թե՛ հայրս, թե՝ մայրս, նաև՝ ավագ եղբայրներս։ Ավագներից լսել եմ, որ նաև ժողովրդական, գուսանական երգերի հրաշալի կատարող էր երջանկահիշատակ Արտավազդ հորեղբայրս, ով շատերի պես չի վերադարձել Մեծ հայրենականից։ Թախիծն ու ուրախությունը միահյուսվում էին իրար, և ամենատարբեր առիթներով երգում էինք հավաքույթներին, ծնունդներին։ Իսկ ամենաանուշ երգերը, որ լսել եմ իմ ծնողներից, այսօր էլ իմ ունկերում են, իմ հոգում։ Հայրս «Սարի աղջիկ» երգն էր շատ սիրում, իսկ մայրս, երբ պառկում էինք քնելու, Գևորգ Դոդոխյանի «Ծիծեռնակն» էր մեզ համար երգում։ Դա էլ իր «նախապատմությունն» ուներ։ Նրա երկու եղբայրները պանդխտությունից տուն չեն վերադարձել ու այդպես էլ անորոշ է մնացել նրանց դառը ճակատագիրը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է ծնվել իմ առաջին երգը, որքան էլ որ դժվար լինի պատասխան գտնելը, կփորձեմ քրքրել հիշողությունս։ Թշնամին դաժան պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ, և առաջին զոհերի մասին ողբերգական լուրերը խոցում, տակնուվրա էին անում մեր սրտերը։ Առավել սոսկալի էր, երբ այդ տղաներից շատերին անձամբ ճանաչում էի։ Եվ ապա առնելով Կրկժանի ազատագրման ժամանակ խիզախաբար զոհված Սամվել Զաքարյանի մասին լուրը, ով կռվում էր երկու եղբայրների հետ, կողքկողքի, թախծոտ բանաստեղծություն նվիրեցի նրան, ամենևին էլ չմտածելով, թե հետագայում այն կարող է վերածվել երգի…
-Գաղտնիք չէ, որ այդ երգերը հեշտությամբ չեն ծնվել և աշխարհ են եկել տառապանքով՝ միահյուսելով ցավն ու վիշտը, թախիծն ու լույսը… Որքան հասկացա, Դուք անձամբ ճանաչել եք Ձեր հերոսներից շատերին, ինչպիսի՞ հիշողություններով եք կապված նրանց հետ։
-Այո՛, իմ հերոսներից յուրաքանչյուրն իրական կերպար է և, ինչպես նշեցի, շատերին ճանաչում էի մոտիկից։ Ոմանք մեր բակում, նույն թաղամասում ծնունդ առած, մեծացած երիտասարդներ էին: Մի քանիսն էլ իմ հայրենի ծննդավայրի՝ Այգեստանի կամավորական ջոկատի քաջարի տղաներից էին, շատ հոգեհարազատ անձինք, ովքեր հասակ էին առել իմ աչքի առաջ, որոնց ճակատագրի նկատմամբ չէի կարող անտարբեր մնալ ու չկիսել հարազատների և մտերիմների, մարտական ընկերների վիշտը։ Երբ Սամվելի մասին գրածս չափածո ստեղծագործությունն իմ կողմից մի օր վերածվեց թախծոտ երգի, որի մեջ լուսավոր ելևէջներ կային, հասկացա, որ դա մտահղացման «նախերգանքն է» և անպայման պիտի ունենա իր շարունակությունը։ Ինչպես նրա ճակատագրին արժանացած շատ ու շատ երիտասարդներ (Մարատը, Դավիթը, Ռուդիկը, Գագիկը, Բորիսը և ուրիշներ), որ ծնվել էին ապրելու, արարելու, սիրելու համար, իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին՝ համոզված լինելով, որ Արցախն ազատագրվելու է գերությունից և իրենց ընտանիքներին այլևս վտանգ չի սպառնալու, սերունդն ապրելու և արարելու է երազած ազատ ու անկախ երկրում, խաղաղ ու անամպ երկնքի տակ։ 20-ամյա Ս. Զաքարյանի վշտահար մորը հարազատները գերեզմանոցից չէին կարողանում տուն բերել։ Իմ երգը, կարծես, սպեղանի դարձավ նրա վերքերին, և ունկնդրելով՝ հպարտության զգացումը մի փոքր թեթևացրեց կորստի ցավը։ Իսկ երբ այդ մասին որդեկորույս մայրն անկեղծորեն խոստովանեց, ես առավել պարտավորված զգացի։ Ինձ մնում էր յուրովի կրել տառապանքի իմ «չափաբաժինը» և համալրել ցավից ու սիրուց ծնված երգերի շարքը, որը երկու տասնյակի է հասնում։ Յուրաքանչյուր ստեղծագործության՝ ծննդյան շարժառիթի հետ կապված տխուր, բայց պայծառ, անմոռանալի հիշողություններ ունեմ, որոնք կարոտի ու ափսոսանքի զգացումով են լցնում հոգիս։ Շատ դեպքերում շիրմին արտասվող հենց հարազատ մոր, քրոջ կամ պարզապես սիրած աղջկա մորմոքող խոսքերն են ինձ համար երգեր ստեղծելու առիթ հանդիսացել։ Թերևս, նման օրինակներից մեկն եմ փորձում վերհիշել։ Օրերից մի օր Գրողների միության իմ աշխատասենյակ մտավ սևա- զգեստ մի աղջիկ և ոտանավորների տետրը դնելով սեղանիս՝ ասաց, որ վաղամեռիկ եղբոր գրածներն են։ Հետաքրքրվեցի նրա ճակատագրով, և պարզվեց, որ Բորիս Բաղդասարյանը (ծննդով Հադրութի շրջանից) տան միակ արու զավակն էր և արցախյան պատերազմում զարկվել է թշնամու գնդակից։ «Ընտանիքում յոթ քույր էինք ու մի եղբայր,¬ արցունքները մի կերպ զսպելով՝ ասաց Աիդան։ ¬Մայրս վշտին չդիմացավ ու նրա մահից մեկ տարի չանցած՝ մարեց։ Ճակատագիրը շատ էր դաժան մեր հանդեպ։ Եղբայրս նշանած ուներ և ամռանը որոշել էինք հարսանիք անել…»: Հետո նա ինձ պատմեց, որ սովորական այգեգործ էր Բորիսը, ու մինչև պատերազմն այդ աշխատանքով իրեն երջանիկ էր զգում։ Ես փորձեցի «վերծանել» նրանց ցավը՝ ծնունդ առնող երգի մեջ խտացնելով որդեկորույս մոր, քրոջ և սիրած հարսնացուի կարոտը։ Այդպես էլ երգը կոչեցի` «Կարոտ»…
-Որքան հայտնի է, սկզբնական շրջանում և՛ տեքստերն էիք դուք գրում, և՛ երաժշտությունը։ Ապա սկսեցիք համագործակցել կոմպոզիտորներ Էդվարդ Ղազարյանցի, Արմեն Նասիբյանի, Խաչատուր Ներսիսյանի և Արթուր Ալեքսանյանի հետ։ Նրանցից ո՞ր մեկի հետ էր առավել արդյունավետ ստացվում աշխատանքը։
-Ես չեմ կարող որևէ մեկին առանձնացնել, մանավանդ, որ նրանցից յուրաքանչյուրը երաժշտական արվեստում իր ծանրակշիռ ավանդն ունի, իր արժանի տեղը։ Բոլորի հետ աշխատելն էլ պատիվ ու փորձաքննություն էր ինձ համար, և խոր սիրով ու հարգանքով եմ վերաբերվում նրանց։ Առաջին համագործակցությունս տեղի է ունեցել երջանկահիշատակ Էդվարդ Ղազարյանցի հետ, որը շատ արգասաբեր եմ համարում։ Իմ բանաստեղծությունների տեքստերով նա գրեց «Ավո», «Բեկոր», «Վերջին մարտը», «Լալիկ աղբյուր», «Երգիր, քո՛ւյր իմ» (նվիրված հայկական շարականների անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի պայծառ հիշատակին) ու մի շարք այլ երգեր, որոնց թիվը 10-ի է հասնում։ Շնորհանդեսը կայանում էր երաժշտական ուսումնարանում։ Դաշնամուրի վրա, բնականաբար, նվագում էր մաեստրոն, առաջին կատարողը ես էի, իսկ ունկնդիրը՝ միշտ մեզնից անբաժան, շնորհաշատ երաժիշտ Ալբերտ Սաֆարյանը։ Չնայած այդ օրերին քաղաքը շարունակ հրետակոծվում, ռմբահարվում էր, բայց մենք ինքնամոռացության տրված՝ մեր գործն էինք շարունակում։ Ու նկատել էր պետք տաղանդավոր կոմպոզիտորի ոգևորությունը, նրա անսահման սերն ու նվիրումը՝ Հայրենիքի, Արցախի համար նահատակված լեգենդար հերոսներին։ Բավականին արդյունավետ էր և՛ Արմեն Նասիբյանի հետ համագործակցությունը, և՛ այսօր հնչող «Իմ Հայոց Շուշին» երգի ստեղծման ընթացքը. այդ երգը տեղ է գտել կոմպոզիտորի ստեղծագործությունների ալբոմում. այն իմ շատ սիրած երգերից մեկն եմ համարում։ Առանձնակի հպարտությամբ եմ ուզում անդրադառնալ անվանի կոմպոզիտոր Խաչատուր Ներսիսյանի հետ իմ համագործակցությանն ու բարեկամությանը: Նրա ստեղծագործություններից շատերը մշտական տեղ ունեին հանրահայտ երգիչներ Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի, Ռուբեն Մաթևոսյանի և ուրիշների երգացանկում։ Մաեստրոն 10 երգ է ստեղծել իմ տեքստերով, որոնց մի մասը տեղ է գտել նրա «Կռունկները շարա՜ն¬շարա՜ն» ստեղծագործությունների ընտրանիում։ Շուտով լույս կտեսնի նաև երգերի երկրորդ հատորը։ Այնտեղ ևս ընդգրկվել են երգի համար գրած իմ տեքստերից (բանաստեղծություններից)։
-Տարիներ առաջ Էդվարդ Ղազարյանցի կողմից Ձեր տեքստերով գրված երգերը կատարվում էին տարբեր համույթներում։ Մինչև իսկ տեղյակ եմ, որ ստեղծագործություններից մի շարք ձայնագրվել և հնչեցվել է Ավստրիայի հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով՝ «Արցախի բալիկներ» համույթի կատարմամբ։ Ինչո՞ւ այսօր «խորհրդավոր լռություն» է պահպանվում…
-Դուք ճիշտ եք նկատել, իրոք, կար ժամանակ (Էդվարդ Ղազարյանցի կենդանության տարիներին), երբ այդ երգերն ընդգրկված էին տարբեր համույթների համերգացանկերում։ Ոմանք կարող են մտաբերել, թե Արցախում անցկացվող «Ամադեուս» միջազգային մրցույթն ինչպես էր իր շուրջը համախմբում պատանի լավագույն կատարողներին, ոգեշնչում նրանց։ Հաղթողները պարգևատրվում էին դափնեկրի ոսկե մեդալներով։ Հնչեցվող ստեղծագործություններում, բնականաբար, նաև մեր համագործակցության արդյունքում ծնված երգերն էին. դրանք երաժշտասերների կողմից ընդունվում էին ջերմորեն։ Իսկ, թե ինչու այսօր «խորհրդավոր լռություն» է պահպանվում, հարցի պատասխանը, ես չէ, որ պիտի գտնեմ… Մեր երկրում, ավելի ստույգ՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, բազմաթիվ ընկերներ ու բարեկամներ, երկրպագուներ ունի Էդվարդ Ղազարյանցը, ում ծննդյան 80-ամյա հոբելյանը լրացավ ամիսներ առաջ։ Ցավում եմ, որ սիրելի կոմպոզիտորի մահից հետո չկա այն սրտացավ անձնավորությունը, որը խիզախություն կունենա հետադարձ հայացք ձգել Մաեստրոյի ստեղծագործական հարուստ ժառանգության վրա և վերստին շունչ ու ոգի հաղորդել։ Կարծում եմ` դա յուրահատուկ հարգանք և խնկարկում կլիներ Էդուարդ Ղազարյանցի պայծառ հիշատակին։
-Հե՞շտ է լեզու գտնել համույթների հետ, ունե՞ք, այսպես ասած, Ձեր երգիչը, թե՞ հեղինակած ձեր երգերի լավագույն կատարողը դեռևս դուք եք մնում։
-Անկեղծ ասած, նման «աշխատաոճը» հատուկ չէ իմ բնավորությանն ու նախասիրություններին, ու թող ներվի, ոչ մեկի «փեշից» չեմ փորձել բռնել և «անհանգստացնել»։ Տեղյակ եմ, որ ՊԲ համույթի տղաների կողմից, ինչպես նաև մի շարք զորամասերում, կատարվում են «Ավո», «Բեկոր», «Ձեզ այցի կգամ լուսաբացին» (նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին) երգերը, ինչի համար շատ ուրախ եմ։ Այդ ստեղծագործությունները վերջերս ունկնդրել է նաև իմ լավագույն բարեկամներից մեկը, հայկական ժողովրդական երգերի ու խաղիկների հրաշալի կատարող Արսեն Գրիգորյանը (Մրո), ով խոստացել է «կանաչ ճանապարհ տալ» այդ երգերին…
-Ձեր երաժշտական ստեղծագործությունները «սփռված են» և՛ մամուլի էջերում, և՛ մի շարք հեղինակների երաժշտական ալբոմներում: Մտադիր չե՞ք երաժշտական ալբոմ հրատարակել, նկատի ունեմ՝ մի «տանիքի տակ» հավաքել Ձեր բոլոր ստեղծագործությունները։
-Ծրագրել եմ (թեկուզև՝ շատ ուշացած) նոտաներով հրատարակել մի երգարան, ուր տեղ կգտնեն իմ հեղինակած, ինչպես նաև իմ տեքստերով կոմպոզիտորներ Խ. Ներսիսյանի, Է.Ղազարյանցի, Ա.Նասիբյանի և Ա. Ալեքսանյանի գրած ստեղծագործությունները, որը «Ցավից ու սիրուց ծնված երգեր» խորհրդանշական խորագիրն է կրելու։ Ինչ վերաբերում է երաժշտական ալբոմ հրատարակելու մտադրությանը, ապա դա շատ համարձակ ու դժվարին գործ է, ինչը բավականին թանկ հաճույք է, և գաղափարի իրագործման համար մեծ ջանքեր և ֆինանսական աջակցություն է պահանջում։ Ես չեմ հուսահատվում և հավատում եմ, որ կգա նաև այդ օրը։

Տարածել

Պատասխանել