Վան Նովիկով / Երիտասարդության ուտոպիական բարձունքը

0

Երիտասարդությունը սոսկ շարժիչ ուժ չէ: Վճռականության, կամքի կոփման, կաղապարաքարեր փշրելու, երբեմն նույնիսկ բնության երևույթներին ու կարծիքների բացառմանը հակասելու կենսաղբյուր է: Կյանքի ոսկե ժամանակահատված: Երիտասարդությանը խորթ է տեղապտույտը: Կես քայլն էլ թռիչքային առաջընթաց է անսահմանաչափ սխրանքի ճանապարհին: Հասարակական կարծրատիպեր ու կարծիք, ավագների թերհավատ հայացքներ… Ու մի կարճ կյանք: Հասցնելու ու սխրագործելու համար ուժ է պետք: Եվ դա ներշնչում է երիտասարդությանը: Թռիչք՝ հանուն երազանքի: Բարձունքը նրանց անդավաճան պաշտպանն է: Երբեք թիկունքով չի շրջվի: Սակայն պոպուլիզմը ձյունահյուսք է, որը գահավիժման անհրաժեշտ քանակությանն է սպասում: Ներքևում հավերժական լճացումն է, վերևում գահավիժելու անխուսափելիությունը: Սեթևեթանքը ժամանակավոր է, քանի դեռ չեն կտրվել խամաճիկային թելերը: Արհեստական ծագման բոլոր կապող-բանտող միջոցները` պարաները, ամրալարերը, ցանցերը և մյուս բոլոր միջոցները, որոնք ի տարբերություն երկրի ու բարձունքի ձգողության՝ ժամանակավոր են: Հավերժականն ընթացքն է ժամանակատարածային անսահմանափակումներով: Ուղղությունն էլ անդավաճան ուղեկից է` անգամ քաոսային շարժման դեպքում: Այսպես ուրեմն՝ բնության 5-րդ ու 6-րդ տարերքներն են երիտասարդությունն ու շարժումը: Անգամ հետքայլի ճկումն է բացառում տեղապտույտը: Թռիչքից առաջ զսպանակվելն ու ճկումն աքսիոմա է: Իրական առաջընթացը հենց ֆիզիկայի ու բնության չհայտնագործված ու չգրված օրենքներով թռիչքն է դեպի դեռևս ուտոպիական համարվող բարձունք: Եվ ով է բացառել, որ ուտոպիան հնարվել է որպես տիեզերքի ու շարժման չափման միավոր կամ անգոյության՝ միայն կաղապարներով սնվող մարդուն անտեսանելի տարածությունը բանաձևելու հնարանք:
Հակառակ դեպքում, ինչպես 20-25 տարեկան Ալեքսանդր Մեծի ժամանակի ուտոպիան գոյության կկոչեր հելլենիզմը, որից հանապազօրյա սնունդն են առնում բոլոր ժամանակների մշակույթն ու ընթացքը: Գրեթե նույն տարիքում Տիգրան Մեծը ստեղծեց հայոց պատմության առաջին /ու էլի ուտոպիա. չեմ ասում վերջին/ կայսրությունը, որը ցայժմ հպարտության զգացումն ապրելու բերկրանք է տալիս ահել թե ջահելի: Պետք է միայն հիշել այն անհույս լճացումը, որում հայտնվել էր երկիրը մինչև երիտասարդ Տիգրանի գահակալումը: Ընդամենը 3 տարում երիտասարդ Հիսուսն անշրջելիորեն շրջեց մարդկային պատմության ընթացքի վեկտորը, մարդու հոգևոր աշխարհը:
Նրանց երազանքներն ու աշխարհայացքները, գաղափարները, իրենց ժամանակի ուտոպիան էին: Բայց թռիչքն անպայման ինչ-որ տեղ հասցնում է: Հիսուսից առաջ ուրիշ մեսիաներ չեղան: Նա կայացավ, որովհետև նախորդները բարձունքին մոտ թռիչքի մեկնակետ էին թողել: Մաշտոցն ու աշակերտները հազիվ թե կարողանային գրերի գյուտից անմիջապես հետո հայոց պատմությունն ու մշակույթը լուսավորել »Ոսկեդարով«, եթե մեկնակետ չունենային` հեթանոսական մշակույթի քարաբեկորներից պատրաստված:
»Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ երկրագունդը«. սա արքիմեդյան ուտոպիա կարելի է համարել: Իսկ երկրագունդն արդյոք արդեն ձեռք չի բերել այդ հենման կետն ու անշրջելիորեն գլորվում է, թեկուզ ասենք՝ ոչ Արքիմեդի թեթև ձեռքով: Երկիր մոլորակի մեր ժամանակների օրհասական կծկումներն ինչ-որ մե՜ծ, բա՜րձր թռիքից առաջ ճկվելու դիրք է հիշեցնում: Այդ թռիչքի բարձրության ու երկրի մագնիսական ձգողության ճնշումը երիտասարդության թևերին է ծանրացած: Նրանք գալիս են նորի, ձևույթի, ներշնչանքի, արկածախնդրության, ինքնահաստատման, հեղափոխելու, վազանցելու և տիրանալու անհագ մոլուցքով: Գալիս են այնտեղից, ուր սարդոստայնապատ անկյուններում բահն ու մանգաղն արդեն հանձնվել են պարապությանը և իզուր է, որ դեռևս թանգարանային նմուշների ցանկում իրենց պատվավոր տեղը չունեն: Ոչ-ոք իրեն արժանի բարձունքում չի համարում: Ու սկսում է քաոսային մրցավազքը: Պայքար` կենսատարածքի, դիրքի, էգի, արուի, բանկային վարկերի հերթերի արտահերթ սողոսկումների, սելֆային լայքահավաքության, փչած շրթունքների, ընդգծված բարեմասնություններն ի ցույց դնելու վազանցի, մարմնի ու հոգու առևտրի, համացանցային երջանկության պատրանքի, քաղաքական խամաճիկային ներկայացումներում դեր ստանալու համար: Երիտասարդության տարերքն անբռնազբոսիկ ճախրանքն է: Բարձրության անկանխատեսելի վեհությունը: Ու այդ Երիտասարդությունն արդեն ճանաչում է իր բարձունքը: Եվ ոչ մի պայմանականություն չի կապում Նրա թևերը:

Տարածել

Պատասխանել