Անգելինա Առստամյան / Գրքի տոն

0

Գիտության, տեխնիկայի և հաղորդակցման ժամանակակից միջոցների զարգացման արդի ժամանակաշրջանում գիրքը շարունակում է մնալ մարդու լավագույն բարեկամը: Այն չի կորցնում իր հետաքրքրությունը, մնում է գիտելիք և գեղագիտական վայելք հաղորդելու ամենաարդիական միջոցներից մեկը՝ լինի տպագիր, թե թվայնացած:
Ահա քանի տարի է փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հայ իրականության մեջ նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Գրիգոր Նարեկացի համալսարանում ավանդական է դարձել գիրք նվիրելու օրվա նշումը, որը վեր է ածվում գրքի յուրահատուկ տոնի: Փետրվարի 19-ին համալսարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին համալսարանի դասախոսական կազմը և ուսանողությունը: Ցերեկույթը բացեց և վարեց, համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը: Գրականության և լեզունների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը անդրադարձավ գրքի դերին մարդկության պատմության մեջ և հատկանշեց գրքի պաշտամունքի առկայությունը հայերիս մեջ անգամ պատմական ամենաճակատագրական պահերին: Համալսարանին կից քոլեջի հայոց լեզվի դասավանդման բաժնի չորրորդ կուրսի ուսանողուհի Անգելինա Առստամյանը իր խոսքում նշեց գիրք ընթերցելու ցպահանջ լինելը նաև մեր օրերում և իր խոսքը եզրափակեց Պարույր Սևակի «Ատում եմ» բանաստեղծությամբ:
Համալսարանի ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի անվան գրադարանի «Տարվա լավագույն ընթերցող» անվանակարգում նշվեցին ակտիվ ընթերցող դասախոսների և ուսանողների անունները: Միջոցառմանն անցկացրած ուսանողական ինտելեկտուալ խաղում հաղթող ճանաչվողները ռեկտորի անունից պարգևատրվեցին գրքերով: Ցերեկույթն ավարտվեց գրքերի փոխնվիրումներով:

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի քոլեջի ՀԼԴ բաժնի
չորրորդ կուրսի ուսանողուհի

Տարածել

Պատասխանել