Ամալյա Գրիգորյան – Վարդան Հակոբյան (Հատված երկխոսությունից) / Սարինյանի ֆենոմենը

0

Ա.Գ.- Իր հոդվածներից մեկում Սարինյանն ուշագրավ դիտարկում է արել` գրելով, որ հայոց արդի բանաստեղծությունը համընթաց է համաշխարհային պոեզիայի ռիթմին: Թերևս, սա շատ բարձր տեսակետ է: Ի՞նչ կասեիք այս առումով և, արդյո՞ք, միայն պոեզիան: Իսկ արձակը մի՞թե զիջում է:
Վ.Հ.- Սարինյանի դիտարկումն, անշուշտ, անսխալ է, այն հենված է կոնկրետ իրողությունների վրա, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե այստեղ «զիջման» կամ չզիջման հարց է դրվում: Մեր ոսկեդարից հետո, արձակը չունեցավ նշանակալից դրսևորումներ ընդհուպ մինչև 19-րդ դարի սկիզբը և, բնական է, որ այս հանգամանքը չէր կարող մեր գեղարվեստական արձակի զարգացման վրա չթողնել իր հետքը: Այնուամենայնիվ, մեր իրականության մեջ ստեղծվեցին հզոր գործեր: Իսկ Հրանտ Մաթևոսյան երևույթը մեր գրականության մեջ դարձավ աննախադեպ՝ նաև եվրոպական չափանիշների նկատառումով. այս ճշմարտությունն իր հոդվածներում բազմիցս ընդգծել է Սարինյանը: Հրանտ Մաթևոսյանին շարունակելով՝ գեղարվեստական խոսքի նոր որակ բերեց մեր վաղամեռիկ արձակագիր Լևոն Խեչոյանն իր՝ «Խնկի ծառեր», «Արշակ արքա. Դրաստամատ ներքինի», «Սև գիրք, ծանր բզեզ» գրքերով:
Ա.Գ.- Ի դեպ, ասեմ, որ Սարինյանի տեսադաշտից ոչ միայն չէին վրիպել ժամանակի գրական գործընթացներում աչքի ընկնող առավել օժտված ստեղծագործողները, այլև ավելի շատ ուշադրություն էր դարձնում նրանց ստեղծագործական ճանապարհի վերելքին: Այս առումով Սարինյանի վերաբերմունքը հատուկ էր արձակագիր Լևոն Խեչոյանի նկատմամբ, որի յուրաքանչյուր ստեղծագործություն՝ գիրք լինի, թե՝ պատմվածք, Սարինյանի գիտական վերլուծություններում պատշաճ արձագանք էր գտնում: Ես գիտեմ, որ Սերգեյ Սարինյանի, Լևոն Խեչոյանի, ինչպես նաև Ձեր միջև տարիների ընթացքում ձևավորվել է ջերմ հարաբերություններ: Եվ ոչ միայն: Անդրադառնալով Լևոն Խեչոյանի, ցավոք, կարապի երգը դարձած «Մհերի դռան գրքին», Սարինյանը գրել է. «Եվ այժմ ահա գիրքը կա, բայց ինքը չկա, ու ակամա տրվում ես ճակատագրի խաղին, թե Մհերի գիրքը նաև իր կյանքի գիրքն էր ու խորհրդանշում էր ծնունդ և մահ ողբերգական անխուսափելիությունը… «Մհերի դռան գիրքը» բարդ կառուցվածք ունի: Գրողն ստեղծել է պարականոն վեպի մի տարբերակ, որպիսին անօրինակ է թե՛ ժանրային ձևով և թե՛ պատկերային համակարգով»:
Ի՞նչ կարող եք ասել գրական-ստեղծագործական այս առնչությունների մասին, մանավանդ, որ Լևոն Խեչոյանի ստեղծագործություններին անդրադարձել եք նաև Դուք՝ խոսելով մասնավորապես արձակագրի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպի մասին. «Իր վեպում պատմության ընթերցման միանգամայն նոր գեղագիտություն է առաջադրում Խեչոյանը: Պահը, որի մեջ հայտնվում է նրա հերոսը, միանգամից դառնում է դրամատիկ, ծայրահեղ իրադրությունների մեջ լարումն անընդհատ ուժգնանում է այնքան, որ կերպարային լուծումները հնարավոր են դառնում միայն մետաֆիզիկական դաշտում…»:
Վ.Հ.- Հոգևոր կապն ու առաջնությունը լինում են միայն Աստծով:
Լևոն Խեչոյանի հետ իմ մտերմությունը կայացավ դեռևս այն ժամանակ, երբ նա ոտք դրեց Արցախ՝ պատերազմական գործողություններին կամավոր մասնակցելու: Առաջին իսկ հայացքից մեր գրական տան անդամների ջերմագին ընդունելությանն արժանացավ Լևոնը, մեր գրողների միությունում, որը գտնվում էր Արցախի կառավարական շենքի չորրորդ հարկում, մեր ծանոթությունը նշեցինք՝ «սեղան բացելով»… Նա միանգամից, ինչպես ասում են, մեր սիրտը մտավ՝ մարդկային իր պարզ ու խորունկ, խաղաղ ու տաք բնավորությամբ: Հետո, տարիների ընթացքում, մանավանդ, որ ռազմադաշտից մեկ-մեկ Ստեփանակերտ էր գալիս, մեր հանդիպումները դարձան հաճախակի, մեր միջև ստեղծվեց մի հոգևոր հաղորդակցության ներքին կամուրջ: Ես Լևոնի մեջ տեսա գրչի ու մարդկային տեսակի այնպիսի մի նկարագիր, որը հատուկ էր մեր հոգևոր սխրանքի ազգային գործիչներին՝ Վարուժանից, Սիամանթոյից մինչև Տերյան ու Չարենց… Իսկ այդ նկարագրի ամենաբնորոշ գիծը ասպետականությունն էր, որը նրան ուղեկցեց ամբողջ կյանքում:
Իմ տպավորությունները օր օրի ամրապնդվեցին, ավելին՝ նոր որակ ձեռք բերեցին Լևոնի ստեղծագործություններին առավել հիմնավոր հաղորդակցվելուց հետո:
Լևոնի ստեղծագործության առանձնահատկություններից ես առաջին հերթին կառանձնացնեի մի էական հատկանիշ, որը նրա գրական կերպարին տալիս է վեհություն: Ո՞րն է դա: Լևոնը իր գործերում երբեք գաղափարական միջամտություններ չի կատարում, անկողմնակալ տեսանողի և անկողմնակալ վերարտադրողի նրա նկարագիրը դրանից դառնում է ավելի ամբողջական: Եվ գուցե պատճառն էլ հենց դա է, որ գրողի յուրաքանչյուր բառի մեջ մարդու դրաման մեծ ու անընդգրկելի է: Նա իր հերոսներին հավատում է այնպես, ինչպես իր արյան ընթացքին և երբեք չի միջամտում նրանց գործողություններին՝ «արվեստական թույնից» ու բարոյական քարոզչությունից հեռու պահելով իր գրիչը:
Ա.Գ.- Ավանդույթ էր ձևավորվել, ամեն անգամ, երբ Լևոն Խեչոյանը գալիս էր Արցախ, հանդիպումներ էր ունենում Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողների հետ, որոնք նրա գրեթե բոլոր գործերին քաջատեղյակ են: Դրանում դեր ունի, անշուշտ, նաև այն հանգամանքը, որ Լևոն Խեչոյանի կողմից Ձեզ մակագրված բոլոր գրքերը պահվում են բուհի Սերգեյ Սարինյանի անվան գրադարանում: Շեշտենք, որ շատ սրտառուչ էր նարեկցիների հետ վերջին հանդիպման ժամանակ նրա ելույթը: Ի դեպ, տեսահոլովակը հայտնվել է նաև համացանցում, արժանացել բազմաթիվ մարդկանց հավանությանը:
Վ.Հ.- Ես և Կիմ Գաբրիելյանը մշտապես նրան ուղեկցում էինք Արցախում: Անմոռաց է մեր երեքի անցկացրած երեկոն Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող իմ այգում: Այդ մասին ես մի պատառիկ հուշ ունեմ. «Ճանապարհը, Ստեփանակերտից նոր-նոր դուրս եկած՝ Հայկազովից մի քիչ վեր, շեղակի թեքվում է ձախ, և, ճյուղերո՜վ կամարներ կապած ծառերի արանքով, մեքենան միանգամից մխրճվում է ասես հսկա անտառի մեջ: Մանավանդ՝ գետանցման ժամանակ, անիվների տակ լիուլի ճողփացող ջուրը նպաստում է նման պատրանքի ստեղծմանը, թեև իրականում դա ամենևին էլ այդպես չէ: Մենք պարզապես հայտնվել էինք ծառաշատ իմ այգում:
Լևոն Խեչոյանն էր, Կիմ Գաբրիելյանը և ես: Լևոնը լավ էր զգում իրեն: Ճիշտ է, իմ այգում հազարան բլբուլ չկա, բայց մայրամուտը բանի տեղ չդնող հավքերն այնպես են երգում, ասես լույսը նոր պիտի բացվի: Քանի դեռ ես ու Կիմը զբաղվում ենք խորովածն ու սեղանը պատրաստելու գործերով, Լևոնը որոշում է հարևան այգիներին էլ կողքից աչք ածել, կածաններով վեր ու վար քայլել, մի քիչ ծմակուտվել, հիանալ: Իսկ երբ վերադառնում է, ասում է.
– Վարդա՛ն, ոչ մի այգում թռչունները չեն երգում, բացի քո այգուց: Կարո՞ղ ես ասել, թե ինչից է դա:
Ես լռում եմ մի պահ, մտածում, որ պատասխանս համոզիչ լինի: Իմ փոխարեն վայրկյանի տակ խոսում է Կիմը.
– Քո պատվին ուղղակի թռչուններին երգի պատվեր ենք տվել:
– Չէ,- ասում է Լևոնը` իրեն հատուկ բարի ժպիտը դեմքին,- երևի թռչունները գիտեն, որ այգու տերը պոետ է:
– Այդքանը հասկացող հավքերը ո՞նց կարող են չիմանալ, թե այսօր ինչպիսի գրողի են հյուրընկալել այն այգում, որն ավելի շատ հավքերինն է, քան իմը,- փորձում եմ խոսքի տակ չմնալ:
– Բայց ես չեմ կատակում,- պատասխանում է Լևոնը:
Ես արդեն գտել էի հարցի պատասխանը.
– Լևոն, դրա գաղտնիքը նրանում է, որ ես ամբողջովին չեմ հավաքում իմ այգու բերքը՝ մոշը, մոռը, մորին և մնացած բերք-բարիքը, հավքերի բաժինը լի ու լի թողնում եմ, դրա համար էլ հավքերը սիրում են իմ այգին, իսկ սերը երգ է ծնում:
– Վարդան, դու հաստատեցիր իմ ասածը. եթե պոետ չլինեիր, թռչունների բաժինն այդքան շատ չէիր թողնի, իրենք էլ չէին գա քո այգին ու ինձ համար չէին երգի…
– Դա ճիշտ է:
Ու ծիծաղով նստում ենք հացի՝ թռչունների երգի տակ:
Ի՜նչ երանական օր էր»:
Եվ խոստովանեմ, որ նրա «Խնկի ծառերը» դարձավ իմ սեղանին մշտապես «գրանցում ստացած» գրքերից մեկը՝ Նարեկացու, Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Վարուժանի, Շիրազի ու Սևակի գործերի շարքում: Ես, բնականաբար, իմ հիացմունքը կիսում էի Սերգեյ Սարինյանի հետ, Լևոնի լույս տեսնող ամեն մի նոր գործ՝ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», «Սև գիրք, ծանր բզեզ», «Հողի դողը», մյուսները, ներառյալ՝ մանկական հեքիաթների գիրքը, որ մեր խոսակցության գլխավոր նյութն էին դարձել: Սարինյանը անսովոր երևույթ էր համարում Լևոն Խեչոյանին՝ մեր արձակում, միանգամայն նոր մակարդակ՝ Հրանտ Մաթևոսյանից հետո:
Լևոնի մի շարք գործեր առաջինը տպագրվել են Արցախում՝ իմ խմբագրած «Եղիցի լույս» գրական թերթում: Եվ ամեն անգամ, երբ նոր համարը հասնում էր Սարինյանին (մենք պարբերաբար նրան ուղարկում էինք թերթի օրինակներից), զանգում էր ու իր վերաբերմունքն արտահայտում.
-Լևոնի պատմվածքից մեծ բավականություն ստացա…
Իսկ երբ Լևոնից գործ չէր լինում թերթում, հարցնում էր.
– Բա ինչո՞ւ Լևոնից բան չեք դրել:
Կար մի շրջան, երբ մեր թերթի գրեթե ամեն համարում տպագրում էինք Լևոն Խեչոյանից որևէ ստեղծագործություն, գրական-ստեղծագործական համագործակցություն էր ստեղծվել: Մեզ էր ուղարկում, իմ խնդրանքով, նաև իր շնորհաշատ հարսի կատարած թարգմանական գործերը՝ իրանական ժամանակակից արձակից: Եղավ այնպես, որ շնորհաշատ արձակագիր ու բանաստեղծ Կիմ Գաբրիելյանին, ում հարկի տակ, սովորաբար հանգրվանում էր Լևոնը՝ Ստեփանակերտում, մի օր ասացի.
– Կիմ, ուզում եմ մի լավ գործ առաջարկել…
Ես ու Կիմը երկար տարիներ աշխատել ու աշխատում ենք միասին՝ Արցախի ԳՄ-ում, գիտեմ, որ անզուգական լծակից կարող է լինել ամենօրյա աշխատանքներում:
– Ի՞նչ գործ…
– Կի՛մ, ուզում եմ մի թեմա վերցնես ժամանակակից գրականությունից, թեկնածուական ատենախոսություն գրես-պաշտպանես ու գաս, Գրիգոր Նարեկացի համալսարանում էլ ինձ հետ աշխատես:
Իհարկե՛, ես խորքով գիտեմ Կիմի իմացական հնարավորությունները, նա այն քիչ գրողներից է, ովքեր տիրապետում են նաև գրականության ու արվեստի գիտությանը:
Կիմը լսում է ինձ ու տեսնում եմ, որ տրամադրությունը փայլ է հաղորդում աչքերին:
– Լավ գաղափար է, բայց…
– «Բայց» չկա, Կիմ, – արքով վրա եմ բերում ես,- թեման էլ կա՝ «Լևոն Խեչոյանի ստեղծագործությունը»… Նոր չպիտի ուսումնասիրես, հինգ մատի պես գիտես…
Ոգևորվեց Կիմը.
– Հա՛, սրտիս շատ մոտ թեմա է…
– Գրիչ ունես, մտածողություն ու վերլուծական միտք ունես, ժամանակակից գրական գործընթացներին քաջատեղյակ ես, գրականության պատմություն գիտես,- ասում եմ,- Երևանի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ կպայմանավորվենք, հետո կսկսես թեմայի վրա աշխատել:
Ես խոստանում եմ այդ հարցով զբաղվել ու արդյունքը հայտնել Կիմին: Այդպես էլ անում եմ: Իրիկունը զանգում եմ Սարինյանին, իմ ու Կիմի պայմանավորվածության մասին պատմում:
– Այ տղա,- ուրախանում է Սարինյանը,- ի՞նչ լավ բան եք մտածել: Լևոն Խեչոյանը մեծ երևույթ է: Բայց չնայած դրան, մինչև այսօր նրա ստեղծագործության մասին որևէ ատենախոսություն դեռ չի գրվել, ցավոք… Կիմը կարո՞ղ է այդ գործը ստանձնել: Լևոն Խեչոյանի արվեստը որքան պարզ, նույնքան էլ բարդ է, դժվար պեղելի խորքեր շատ ունի…
– Ես վստահ եմ հարյուր տոկոսով, որ Կիմը լավ աշխատանք է ներկայացնելու, նրան գիտեմ համատեղ աշխատանքից: Գիտական միտք ունի: Մանավանդ նյութին քաջ տիրապետում է:
– Շատ լավ… Որ այդպես է, թող մի անգամ գա մեզ մոտ, զրուցենք թեմայի շուրջ, գրանցվի՝ ըստ ընդհանուր կարգի ու կսկսի աշխատել: Դու էլ կլինես նրա գիտական ղեկավարը:
Եվ այսպես, գործը ընթացքի մեջ է մտնում: Ուղիղ հինգ ամիս հետո Կիմն ինձ ներկայացնում է իր պատրաստի ատենախոսությունը: Իհարկե, մինչ այդ մենք թեմայի շուրջ շատ զրույցներ ենք ունեցել, պլաններ ենք կազմել եւ այլն: Ընթացքում կիսվում էինք: Կարդում եմ աշխատանքը և զգում եմ, որ, իսկապես, գործ ունենք բավական օժտված ու իր նյութին հիմնավորապես տեղյակ հեղինակի հետ: Որոշակի շտկումներ ու վերափոխումներ անելու համար, նաև ատենախոսության կառուցվածքի առումով, երկու ամիս ժամանակ պահանջվեց, որից հետո զանգում եմ Սարինյանին ու ասում.
– «Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղարվեստական առանձնահատկությունները» գործը պատրաստ է:
– Այդքան արա՞գ,- զարմանում է Սարինյանը, – հավանե՞լ ես դու:
– Լավ աշխատանք է ստացվել, ընկեր Սարինյան, – ասում եմ, – բերի քեզ մոտ, կկարդաս ու կհամոզվես:
– Բայց համապատասխան քննությունները հանձնե՞լ է, մինիումները…
– Այո, իհարկե, ընթացքում…
Ի դեպ, պիտի ասեմ, որ իմ ղեկավարությամբ պատրաստված բոլոր ատենախոսական աշխատանքներում Կիմ Գաբրիելյանի գործը առանձնանում է իր գրական ու գիտական բազմաթիվ որակներով: Այն հասուն գրչի արգասիք եղավ:
Թե՛ Լևոն Խեչոյանի, թե՛ իմ ստեղծագործությունների թեմայով գրված երկու ատենախոսությունների պաշտպանությունը նշանակված էր նույն օրը: Այսինքն, ստեղծվել էր մի գեղեցիկ առիթ ևս, Սերգեյ Սարինյանի, Լևոն Խեչոյանի, Կիմ Գաբրիելյանի և իմ նոր հանդիպման համար:
Լևոն Խեչոյանի հետ Սարինյանի յուրաքանչյուր շփում իր մեջ վեհություն ուներ, և նրանք մեկ-մեկու հանդեպ սեր ու ակնածանք էին տածում:
Ես ու Լևոնը նստած էինք կողք կողքի: Լևոնը մի տեսակ ճնշված էր զգում իրեն, ես էլ «կարգին օրում» չէի, քանի որ սովոր չէինք երեսին ասվող նման գնահատումների: Չափազանց համեստ էր Լևոնը, դարձավ ու ինձ ասաց.
– Վարդան, մենք չպիտի գայինք, թող առանց մեզ լինեին պաշտպանությունները:
Պաշտպանությունները փայլուն անցան: Սարինյանը վերջում մեզ մոտեցավ, շնորհավորեց ու Լևոնին ասաց.
– Ես չեմ ուզում «բանկետին» գնալ, նման բաներից միշտ հեռու եմ, բայց որ դու էլ ես այստեղ, անպայման պիտի մասնակցեմ…
Սեղանի շուրջ, երբ «թիժացան կենացները», Լևոնն իմ ականջին շշնջաց.
– Ես պիտի գնամ, Հրազդան եմ մեկնում, կարևոր գործեր կան: Հրաժեշտ տամ ընկերներին ու մեկնեմ:
Լևոնի գնալուց հետո, երբ մի երկու-երեք հոգով զրուցում էինք, Սարինյանն ինձ ասաց՝ բոլորին լսելի ձայնով.
– Վարդա՛ն, իսկ դու գիտե՞ս, որ Լևոնը մի քանի օր առաջ քեզ համար «դուելի» է հրավիրել մի բանաստեղծի…
– Ո՞ւմ, ինչո՞ւ…
– Լևոնին այդպես խաղաղ մի նայիր, որ անարդար բան է տեսնում, փոթորկում է… Դրամատիկականի դիմաց գտնվող ռեստորանում ճաշում էին, հանկարծ պոետներից մեկը՝ մի քիչ գինով, քո մասին սկսել է վատ խոսել… Լևոնը նրան դուրս է հրավիրել ու «դաս» տվել՝ ամոթ չէ՞…
Հետագայում, իհարկե, շատ հանդիպումներ ունեցա Լևոնի հետ: Չհարցրի միջադեպի մասին, ուղղակի ներքուստ շնորհակալ էի, ասպետն ամենուր ասպետ է մնում: Իսկ երբ Սարինյանը գամվել էր անկողնուն՝ ոտքը հատելուց հետո, մի օր զանգեց ու խնդրեց.
– Այնքան կուզենայի Լևոնին մի անգամ տեսնել, կարոտել եմ…
Լևոնին նույն օրը հաղորդեցի Սարինյանի ցանկության մասին: Լևոնն ասաց.
– Հա՛, Վարդա՛ն, անպայման, ես պլանավորել էի, որ գնամ այցելության:
Ու գնաց: Դա երևի Լևոն Խեչոյանի ու Սերգեյ Սարինյանի վերջին հանդիպումն էր:
Լևոնի մահից հետո, Սարինյանը գրեց նրա «Մհերի դռան գիրքը» վեպի գրախոսականը՝ արժևորելով այն՝ որպես մեր ազգային դյուցազներգության բոլորովին նոր մեկնություն, նմանը չունեցող, գեղարվեստական ինքնատիպ լուծում՝ փիլիսոփայական դիտարկումների ամբողջական խորքով:
Իսկ հիմա՞… հիմա, տեսնու՞մ ես, ո՛չ Սարինյանը կա, ո՛չ՝ Խեչոյանը: Լևոնի մասին ես էլ երկու տողանոց հուշի մի պատառիկ ունեմ… Այս է ամենը: Մի քանի օր առաջ՝ Կիմ Գաբրիելյանի հետ, երբ Երևանում էինք, այցելեցինք նաև Լևոն Խեչոյանի շիրիմին, ծաղիկներ դրեցինք…
Հիշում եմ իմ հեռացած անկրկնելի ընկերներին ու շշնջում բանաստեղծուհու տողերը՝ այնքան լավերը գնացին, որ ապրելու համար մարդ ամաչում է…

Տարածել

Պատասխանել