Սոկրատ Խանյան / Վաստակաշատ բանաստեղծի թևավոր հայրենապատումը

0

Անհատի պաշտամունքի քննադատությունից անմիջապես հետո, ինչպես սովետական ամբողջ գրականության, այնպես էլ հայ պոեզիայի ընթացքի մեջ 1950-ական թվականներին կարևորվեց հայրենիքի գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնախնդիրը։ Չափածոյի ամենատարբեր տեսակներով ստեղծվեց 20-րդ դարի երկրորդ կեսի հայրենապատումը։ Չէր մոռացվել Մեծն Ավետիք Իսահակյանի ընդհանրացումը 1946թ. Հայաստանի գրողների երկրորդ համագումարի բացման խոսքում. «Համաշխարհային պատմությունը հայ ժողովրդին վիճակել է մի հայրենիք` շրջապատված հզոր, աշխարհակալ պետություններով, որոնք ձգտել են հայ ժողովրդին ստրկացնել, կողոպտել և ոչնչացնել։ Եվ այդ դարձել է հայ ժողովրդի դաժան ճակատագիրը։ Այսպիսով, հայ ժողովրդի գրականությունն ազգային գոյամարտի գեղարվեստական պատմությունն է ընդդեմ ճակատագրի։
Մեր գրականության իշխող պաթոսը նրա մասին դարերի անհաշտ պայքարն է հանուն հայրենիքի ազատության, ազգային կուլտուրայի և անկախ պետության, ընդդեմ բռնության, ստրկության»։
Նշված ժամանակաընթացքում հայ բանաստեղծները ստեղծեցին հետաքրքիր քնարական շարքեր, պոեմներ, բալլադներ` նվիրված հայրենիքի և ժողովրդի ճակատագրին, մեր պատմական անցյալին, առօրյա հոգսերին ու ակնկալիքներին։ Նորագույն շրջանի հայրենապատումի հարստացմանն իրենց նպաստը բերեցին բոլոր գրողները։ Այդ թվում նաև Արցախի գրական ընտանիքի աստվածաշնորհ բանաստեղծներից մեկը` Արկադի Թովմասյանը, որի առաջին` «Ցայգալույս» գրքույկը լույս տեսավ 1977թ.։
Ինչպես հոբելյարն է վերհիշում, Երևանում ուսանելու տարիներին հաճախակի էին հանդիպումներ կազմակերպում Հ. Շիրազի, Պ. Սևակի, Հ. Սահյանի, Վ. Դավթյանի, Ս. Կապուտիկյանի և մյուս անվանի բանաստեղծների հետ։ Դա մեծապես նպաստել է երիտասարդ բանաստեղծի աշխարհայացքի, ստեղծագործական խառնվածքի ձևավորմանը։
Ա. Թովմասյանի հենց առաջին գրքում մարդն ու հողը հանդես են բերված միաձույլ։ Եվ դա պատահական չէ։ Պատանեկան հուզաշխարհը ձևավորվելով գյուղական անփոխարինելի բնության գրկում, ականատես լինելով և մասնակցելով ամենօրյա աշխատանքներին, երիտասարդ բանաստեղծն ինքն է դարձել մարդու և հողի մտերմության կենդանի վկան։ Եվ նրա քնարական հերոսը խոսում է հայրենի լեռները կանգուն պահող, հողից բարիքներ քամող մարդկանց անունից, որոնց աչքերում միայն կարելի է կարդալ սերը հայրենի հողի մասին։
Մարդը, հողը, արևը, երազը, կարոտը՝ որպես մետաֆորներ, առանձնակի բնույթ են հաղորդում բանաստեղծի երգերին։ Նա ինչի և ում դիմում է, վկայակոչում է հայրենի «Բարձր լեռները», «Վայրի խոտերի քաղցր շշուկը», որոնք հիշվում են որպես «սրտի զարկերի ներդաշնակ ծփանք»։ Դրանք մասունքներ են, որ հանգիստ չեն տալիս հեռուներում կյանք որոնող մարդուն։ Հայրենի կարոտը օտար ափերում ապրող հայ մարդու մեջ «Ծնում է մաքուր մի կարոտ», տուն կանչող մի ուժ, անմարում մի սեր («Զրույց ընկերոջս հետ»)։ Սակայն քնարական հերոսը չի բավարարվում խորհուրդների անմիջական ընդգծումներով, նա իր ձգտումների փունջն է շոյում` որպես երկրին, ժողովրդին ծառայելու երազանք.
Մի բուռ արև եմ լցնում ափիս մեջ
Ու մի բեկոր հող,
Եվ արևն իսկույն
Ճառագայթներով փարվում է հողին։
Արևն ու հողը գրկում են իրար,
Իրենց դաշինքով
Պահում աշխարհը…
Արևը` հողոտ,
Եվ հողն` արևոտ։
(«Մի բուռ արև»)
Բանաստեղծական այս գյուտը` հողի և արևի դաշնությամբ, իրեն զգացնել է տալիս գրքի սկզբից մինչև վերջին էջը։ Եվ երգիչը դրանում որոնում է իր երգի ուժը ու ինքն իրեն խորհուրդ տալիս սլանալ իր «սեփական երգի թևերով»։
Ա. Թովմասյանը հողեղեն ու ոգեղեն երգի ծփանքները գտնում է սարերում իջնող ձյուների մեջ, երկնահաս լեռների կատարներին, հողվորի երազանքի մեջ և ոգևորված բացականչում. «Հողվորի սիրով հողն է արթնանում, Արևը լսում է կանչը հողվորի» («Հողվորի սերը»)։ Հողի մշակի կանչը հասնում է արևին, արթնացնում բանաստեղծին և ստիպում, որ «մի երգ գրի»։
Իր երգի տեղը լավ գիտի բանաստեղծը, նրա հայացքը միշտ հառած է արևաշող բարձունքներին.
Իսկ երգս մի օր
Թողել եմ այնտեղ,
Այն սարերի մեջ
Ու այն ձորերի,
Թողել եմ այնտեղ,
Որ նորից գնամ…
(«Մարդը»)
Հայրենասիրական երգերում բանաստեղծն ինքն է քնարական հերոսը։ Գյուղական պատանու կենսագրությունը կարևոր կռվան է դառնում նրա պոեզիայում։ Սակայն նրա պատանեկան հուշերը ստանում են կենսափորձի երանգ և դառնում ընթերցողին հուզող ու ապրեցնող խոհ ու խորհուրդ։ Այստեղից էլ` նրա ապրումի ընդհանրացնող ուժը։
Ա. Թովմասյանի հայրենապատումը հյուսված է լավատեսական զգացումներից։ Լուսավոր են նրա երազանքները, պայծառ` մտորումները, երջանկաբեր` ձգտումները։ Նրա մտապատկերներում արևը միշտ «Շողերն է ցրում լեռների վրա («Պատկեր»), սրտի խորքում «միշտ արթուն է հողի կարոտը» («Հողի կարոտը»)։ Նրա հուշերը արթնանում են` հեքիաթներ լսելու համար.
Ա Թովմասյանն արձագանքում է ժամանակաշրջանի կարևոր երևույթներին։ Հայտնի է, որ 1945 թվականից հետո, ետպատերազմյան շրջանի ոչ միայն հայ, այլև նախկին ԽՍՀՄ ժողովուրդների գրականության մեջ մեծ տեղ է գրավել պատերազմի և խաղաղության թեման։ Արցախ աշխարհի 130-հազարանոց հայ ազգաբնակչության մեկ երրորդ մասը մասնակցել է Մեծ Հայրենականին։ Նրանցից 22 հազարը չի վերադարձել, 20-ից ավելի ղարաբաղցիներ իրենց ժողովրդի հերոսական կամքի կրողները դարձան` որպես մարշալներ, գեներալներ։
Արցախցի բանաստեղծը չէր կարող իր խոսքը չասել այդ առթիվ, չընդգծել այն ցավը, որ դեռևս շարունակվում է ժողովրդի նահատակ զավակների համար։ Դրանով պետք է բացատրել տվյալ թեմայով հյուսված բանաստեղծությունների այն շարքը, որ առկա է ոչ միայն Թովմասյանի, այլև նրա գրչեղբայրների ստեղծագործական հունձքում։
Հայրենասիրության թեման նոր երանգներով բացահայտվեց Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին։ Ա. Թովմասյանը հանդես եկավ «Արցախցի եմ ես, «Զգույշ քայլեք, մարդի՛կ» և այլ ժողովածուներով ու նոր շարքերով։
Հայրենիքի գեղարվեստական կերպարը Թովմասյանի երգերում ներառում է հայրենի տունը, պատմությունը, մարդկանց ճակատագրերը։ Դրանցում երանգավորվում է նաև տագնապի զգացումը, որովհետև թշնամին բացել է կեղծիքի ու ստի փեշերը և աշխարհով մեկ գոռում է, որ իրենն են Արցախի լեռները, անտառները, դաշտերը։ Գնալով Ա. Թովմասյանի հայրենապատումը վերածվում է պայքարի երգի։
Արկադի Թովմասյանի «Զգո՛ւյշ քայլեք, մարդի՛կ» ժողովածուն աչքի է ընկնում հեղինակի խոհական մտորումների դրսևորումների տեսակետից։ Բանաստեղծի խոհերի աշխարհը իր տեսածն ու զգացածն է, իր կենսափորձի կուտակումները։ Կապված լինելով սեփական ժողովրդի ճակատագրին, նրա հետ տանելով բոլոր դժվարությունները, հոգու մեջ գումարելով հույսի երանգները, բանաստեղծը հասնում է մի սահմանագծի, որտեղից պարզ երևում են անցած ճանապարհի դառնությունն ու ուրախությունը, հիասթափությունն ու լավատեսությունը` առնչված երկրին, հայրենի օջախին.
Ինձ տվեցին թևեր…
Բայց թռչելու համար
Պետք է լեռներն ինձ հետ վեր թռչեին…
Ինձ տվեցին թևեր,
Բայց թևերիս ուժը
Իմ երկրի հետ էր,
Եվ թռչելու համար
Երկինքն ինքը պիտի երկինք ելներ…
Բանաստեղծը պատրաստ է «մութ ամպերից լույսի կաթիլներ պոկել», որովհետև դեռ «լեռներ ունի գերի», որոնց գագաթներին շանթերն են շառաչում։ Ե՛վ պապերի գերեզմաններից կանչող ձայները, և՛ լեռների գագաթներին շառաչող շանթերը քնարական հերոսին տանում են դեպի լեռները։ Բայց ավա՜ղ, «Չի դադարում երբեք ցավի արձագանքը» («Իմ ձեռքերում»)։ Այս ցավից էլ ծնվում են բանաստեղծի խոհերը մանկության, գալիքի, տենչանքի և հույսի մասին։ Այդ խոհերը դառնում են պատկերներ, որոնցում լույսը կարող է թրթռալ` ինչպես բարի առավոտ, լույսի ղողանջները կարող են լսելի դառնալ, իսկ երազները` թևեր առնել որպես երգ։
Չար աշխարհի ընթացքը բարի դարձնելու միջոցը բանաստեղծը համարում է «հավատը մանկան», որ «ձյուները դառնան քնքշություններ ու կանչ»։ Կյանքի հարվածները բանաստեղծի «աչքերի հորիզոնում անհուն թախիծներ» են ծովացրել, որոնք «ունեն ցավեր…, առեղծվածներ»։ Բայց նա միշտ էլ մնում է լավատես.
Բայց քեզ չի՞ թվում,
Որ ես արմատիս կանչով եմ խոսում,
Եվ լռությունս արձագանքն է կապույտ երկնքի,
Եվ իմ խոհերը արծիվներ են բորբ,
Որոնք արևի հրով են թևում։
Տխրությունը բանաստեղծի համար և՛ հզոր է, և՛ անզոր։ Այս դեպքում նրա խոհերի աշխարհում խշշում են հայրենի թթենիները` կախարդ ճյուղերին անհայտ մնացած երգերը։ Տարիներ անց նա այցելում է և «թափ տալիս թթենիների ճյուղերը մեկ-մեկ», բայց այլևս չի լսում երգերն այն քաղցր։ Գարնան հետ չեն վերադարձել թռչունները.
Ու ետ չեն դառնում…
Չգիտեմ` նրանց խռովեցրել են
Ծխով լվացած այս երկինքնե՞րը,
Թե՞ հռնդյունը մեքենաների…
Քնարական հերոսի հոգու խորքում անզոր տխրությունը ձուլվում է «խելահեղ անզորությանը» և «սրտում հյուսում իր բույնը»։ Այլևս չկան ո՛չ թռչուններ և ո՛չ նրանց երգերը։ Բանաստեղծը այս պատկերի տակ խոսք է բացում անցած-գնացած տարիների մասին։
Տրամադրությունների տարբեր պահերին բանաստեղծի երգերը հյուսվում են հենց այդ ապրումներից. մի դեպքում` թախծոտ, մի դեպքում էլ` անբիծ ու ճերմակ։ Դա բնական է։ Վերջապես երգը ծնվում է կյանքից և անցնում սրտի միջով։ Հենց նման երգն էլ հուզում է ընթերցողին։
Դիմելով իրեն, բանաստեղծը նկատում է, որ ինքը պոկվել է իրենից և չգիտի, թե ուր է գնում։ Նա անջատվել է մանկությունից, բայց հիշում է, որ «Հրաշք անտառ ունի», որի մեջ ծաղկանց բույրն է։ Կյանքը հրա՞շք է, թե՞ բերկրանք,- խորհում է նա և որոնում իր երգը («Ես ինձանից պոկված»)։ Բնության մեջ Ա. Թովմասյանը որոնում ու գտնում է մարդկային հավատի գույները:
Ա. Թովմասյանը հանդես է գալիս նաև առանձին բանաստեղծական շարքերով։ Դրանցից են «Երեկոյի երգեր», «Երգեր Տաթևին», «Սիրո մեղեդիներ», «Ցայգալույսի մանրանվագներ», «Երբ չի քնում լույսը», «Զրույց բառերի հետ», «Բարի աստղեր», «Մանրաքանդակներ»։ Այս շարքերը կյանքից փնջած ծաղիկներ են` ակունքը` մեկ, ծփանքը` մեկ, հյուսվածքը` մեկ, և բոլորն էլ` պոետական ինքնաբացահայտումի հետաքրքիր օրինակներ։ Նրանցում քնարական հերոսը բարձրաձայն հայտարարում է, որ, «Մութի թևերից ճերմակ սարսուռները հավաքած», տանում է «ամպերին հանձնելու», տանում է «սարերին պատմելու», սրտերից «փոխ առած երազները տանում է ձյուներին խառնելու» («Երբ չի քնում լույսը»)։
Մարդն իր ավյունով հավերժացնում է կյանքը («Թոնրի ծխի մեջ»), ցավը դարձնում է երգ` տխուր սրտերը սփոփելու համար («Երբ ցավս…»), խորհուրդ է տալիս լինել համբերատար («Համբերություն»), լույսը դարձնում է աստղային հավատ («Իմ թևերին»), խորհուրդ է տալիս հավատալ անցնելիք քայլերին:
Ա. Թովմասյանը քայլում է երգի ճանապարհով, տքնում է, երազում, ընթերցողին հանձնում անյպիսի ստեղծագործություններ, որոնք նրան մատուցում են սիրո, հերոսացման, արարման, հոգու գույների հարստացման և այլ խորհուրդներ։ Նա ապրում է մաքառման ժամեր, րոպեներ և յուրաքանչյուր ակնթարթի մեջ երազում միայն կյանքի մասին, որ մոլորված աշխարհում փրկվելու կարիք ունի.
Եկ պեղենք, պեղենք ակնթարթները,
Ակնթարթները մեր հավատներն են,
Ակնթարթներում մարենք ցավ ու հոգս
Ու կյանքեր փրկենք ակնթարթներում։

Ակնթարթները բացվող օրվա մեջ
Ապրող հավատի սրբասուրբ երգ են,
Ակնթարթներում արարենք երգեր,
Մահեր ավերենք ակնթարթներում։
Բանաստեղծ Արկադի Թովմասյանը իր երգերի հաջորդ գիրքը վերնագրեց` «Արցախցի եմ ես»։ Դա ազգային արժանապատվության խոստովանություն է։ Նրա համար արցախյան հողը «չբեկվող անկեռ ադամանդ է», «ուրան է` աշխարհով լցված», որ ատոմի ուժ ունի։
Ա. Թովմասյանի երգն ակունքվում է Արցախից, փարվում է Արարատին, ինչպես ինքն է խոստովանում` «Ես որպես որդի իմ մորից պոկված, գնում եմ դեպի հայրենիքն իմ հար` Անուշ Հայաստան»։ Բանաստեղծի այս ընդհանրացումը հնչում է որպես հավատ, որպես «լեռներից կախված զանգ», որը ոչ ոք «չի կարող պոկել»։ Բանաստեղծն իր ուժն առնում է հայրենի հողից, նրա ոտնահետքերը «Հասնում են մինչև Ուրարտու», և դարավոր այդ երթի մեջ միշտ ազդարարել է` «Ես չեմ ապրի երբեք ծնկի իջած»։ Այդ պատվաբեր գիտակցությամբ Թովմասյանի քնարական հերոսը բանաստեղծական զգացումների մեջ է առնում Գանձասարն ու Ամարասը, Մռովն ու Քիրսը, Շուշին ու Վարարակնը և անձնավորում նրանց որպես հավերժության կենդանի ճամփորդներ։ Հավերժական այդ ճանապարհը եղել է դժվարին, արհավիրքներով լի, սակայն արցախցին միշտ էլ գիտակցել է, որ իրեն բախտ է վիճակվել արյան գնով պաշտպանել ոչ միայն իր օջախը, այլև դառնալ Հայոց աշխարհի պահապանն ու զինվորյալը։ Ահա ինչու Ա. Թովմասյանի հայրենասիրական երգերում Արցախը հոլովվում է Հայաստան սուրբ անվան հետ միասին։ Ա. Թովմասյանի երգերում ընդգծված է հայ մարդու բնավորությունը` աշխատասեր, ազնիվ, հայրենապաշտ։ Այդ են վկայում նրա հայրենապատումի խոսուն էջերը։ «Բարեկամի մասին» բանաստեղծության մեջ Ա. Թովմասյանը խորհուրդ է տալիս լավ ճանաչել թշնամուն` հեռու, թե մոտիկ։ Նա ընդգծում է, որ մենք հավատացինք հարևանին, բայց նա սումգայիթ կազմակերպեց, նրան վստահեցինք, բայց նա արյան գետեր բացեց։
Դիմելով գերված, հայաշունչ Շուշիին` դեռևս Արցախյան շարժման սկզբից Ա. Թովմասյանը գրեց. «Բայց գերության միջից դեռ կկանչի զանգդ, Զանգակատո՛ւն Շուշի»։

* * *
«Արցախցի եմ ես» գրքում Ա. Թովմասյանի քնարական հերոսն իրեն ներկայացնում է որպես հայրենիքի ճակատագրով ապրող, նրա ազատության և անկախության համար մարտնչող զինվորյալ։ «Զգո՛ւյշ քայլեք, մարդի՛կ» (1998) ժողովածուում քնարական հերոսը հանդես է գալիս որպես պատերազմական հրդեհների մեջ իմաստնացած քաղաքացի։ Նրա հոգում մի կողմից հպարտության զգացումն է ծփում` կապված հայրենիքի պաշտպանության հետ, մյուս կողմից երախտագիտությունը` նահատակված հերոսների հանդեպ։
Համանուն գրքի «Զգո՛ւյշ քայլեք, մարդի՛կ» բանաստեղծությունը սրտառուչ ռեքվիեմներից է։ Նրանում քնարական հերոսի անմար կարոտն ու ափսոսանքը՝ Արցախյան պատերազմում նահատակված հայ քաջազունների հանդեպ, վերածվում է երախտագիտության զգացումի, որը հնչում է որպես հոր, եղբոր, ընկերոջ անունից ասված սրտառուչ խոսք։ Ժողովրդի անունից հնչում է այն գաղափարը, որ նահատակները միշտ այցելում են ապրողներին։ Պատահական չէ, որ բանաստեղծն ընդգծում է. «Նրանց աչքերում այդ մենք ենք, որ կանք», որ նրանց «Հպարտ հայացքում սուրբ երազներ կան», որ նրանք «փնտրում են գարնան ծաղիկներ», ու չպետք է մոռանալ երբեք նրանց։ Այս խորհուրդներն ուղղված են նաև գալիք սերունդներին` որպես սրբազան պատգամ.
Խոնարհվենք կրկին
Ու լռենք, լռենք, մարդի՛կ,
Զգույշ լռենք, մարդի՛կ,
Զգույշ լռենք։
Այդ լռում ենք միայն
Նրանց փոխարեն,
Նրանց փոխարեն, մարդի՛կ,
Նրանց փոխարեն։
Արցախյան պատերազմում նահատակված հերոսների անունն ու հիշատակը հավերժացնող գեղարվեստական ստեղծագործություններում երախտագիտության զգացումներին զուգահեռ հնչում է ցասումը մեր դարավոր թշնամու դեմ։ Այդ զգացումը վերացական չէ։ Հայոց Արցախ աշխարհի դեմ 1988-ին առաջինը զենք բարձրացրին ազերի-թուրքերը։ Իսկ մեր բանաստեղծները հնչեցրին պայքարի կոչը գորշ գայլերի դեմ։ Ինչպես Ա. Թովմասյանն է ընդգծում. «Պատերազմում եմ քո դեմ, պատերա՛զմ», երբեք չմոռանալով այն հերոսներին, ովքեր իրենց գլուխները դրին հայրենիքի ազատության զոհասեղանին։ Բանաստեղծը կոչ է անում չմոռանալ զոհյալներին, պահպանել նրանց արյամբ նվաճված ազատությունը.
Հայրենի հողիս
Ամեն բեկորում
Արյուն կա կաթած…
Հիշենք նրանց,
Մայր հողը միայն
Նահատակների
Սրտով է շնչում։
Նահատակների սրտով շնչող հայրենի հողը` որպես մեր ժողովրդի հավերժության օրրան, միշտ լեզու առած խոսելու է սերունդների հետ։
Ա. Թովմասյանի հայրենապատումը գնալով նոր երանգներ է ստանում։ Վերջին տարիներս տպագրված նրա նոր ժողովածուները հաստատում են, որ, հանձին Ա. Թովմասյանի, արդի հայ պոեզիան ունի ինքնատիպ ու բազմավաստակ բանաստեղծ։
Եթե Ա. Թովմասյանի բանաստեղծական հունձքին գումարենք նրա վաստակը լրագրության, ժողովրդական կրթության, գիտամանկավարժական գործունեության բնագավառներում, կստացվի մի ծանրակշիռ ներդրում հայ մշակույթի պատմության մեջ։
Արկադի Թովմասյանի գրչընկերների և նրա պոեզիայի սիրահարների անունից շնորհավորենք նրան` ծննդյան 70-ամյակի առթիվ, մաղթենք քաջառողջություն, նորանոր հաջողություններ` ի փառս հայ պոեզիայի զարգացման ու հարստացման։

Տարածել

Պատասխանել