Արքմենիկ Նիկողոսյան / Թիրախայնության ճշգրտությունը որպես գրաքննադատության գիտական արժանիք

0

Ամալյա Գրիգորյանի «Բառը ժամանակի զուգահեռականներում» ժողովածուն ի մի է բերում երիտասարդ գրականագետի վերջին տարիներին գրած հոդվածներն ու գրախոսությունները, որոնք, նախևառաջ, հատկանշվում են իրենց անմիջական արձագանքի բնույթով: Հանգամանք, որն, ըստ ամենայնի, գրաքննադատության, առավել ևս՝ արդի գրաքննադատության ամենակարևոր հատկանիշներից է: Ամեն օր ու ամեն վայրկյան ստեղծվող գրական ու գեղարվեստական տեքստերի, հրատարակվող ստեղծագործությունների ու գրքերի` օրեցօր ահագնացող ծավալի մեր ժամանակներում կարևոր է ճիշտ պահին որսալ ու գնահատել երևույթները, հակառակ դեպքում` բացվող գրեթե ամեն մի նոր օր նոր ընթերցումի, նոր գնահատումի առիթներ է ընձեռում:
Ամալյա Գրիգորյանն, այս առումով, որդեգրել է բավական թիրախային կեցվածք, որ պայմանավորված է թերևս իր գործունեության բնույթով և որ պակաս կարևոր չէ` գործունեության տեղ-միջավայրով:
Նախ` մանկավարժական-դասախոսական գործունեությունը նրան մղում է գրել հոդվածներ, որոնք սերտորեն կապված են մասնագիտական իր ոլորտին: Եվ եթե երբեմն դրանք հարցադրումների ու ընդհանրացումների առումով մեծ նորություններ չեն երևանում, ապա գործառնական տեսանկյունից, այն է` կիրառելիության, կրթման, ուսուցման, տեղեկացման առումով չափազանց օգտակար են: Այդպիսինն են «Արիստոտելի չհնացող դասերը. «Պոետիկան», «Գրականության դերը գիտակրթական համակարգում», «Սերունդների մեջ ազգային բնավորության առանձնահատուկ գծերի վերարտադրությունը գրականության միջոցով, կամ` հայկական ֆենոմենոլոգիա», «Ազգային ոգու կերպարավորման արվեստն ու մաքառման փիլիսոփայությունը» հրապարակումները: Այդ հոդվածներում երբեմն իշխող հայրենասիրական, դաստիարակչական պաթոսը ևս դրա վկայությունն է: Ուրախալի է, որ երիտասարդ գրականագետը ձգտում է քաջատեղյակ լինել ոչ միայն ավանդական, այլև նորագույն տեսություններին ու մեթոդներին, և այդ հանգամանքը նրա հոդվածներին հաղորդում է հավելյալ լրջություն ու արժեք:
Ամալյա Գրիգորյանի մյուս թիրախը հենց Արցախում կամ արցախցի գրողների կողմից ստեղծված գրականությանն անդրադարձն է: Սա մի կողմից կարող է դիտվել իբրև այսպես կոչված` «տեղական հայրենասիրության» դրսևորում, բայց մյուս կողմից` Արցախում ստեղծվող իսկապես արժեքավոր գրականությունն իրոք ունի առանձնակի ուշադրության ու վերլուծության կարիք, ինչը ցավալիորեն արդի հայ գրաքննադատության բացերից է մնում: Ամալյա Գրիգորյանի այս թիրախն, ուրեմն, պետք է դիտարկել այդ բացի լրացման դիտանկյունից: Սուրեն Սարումյանի, Կիմ Գաբրիելյանի, Վարդան Հակոբյանի գործերին նվիրված նրա հոդվածներն աչքի են ընկնում համակողմանի հարցադրումներ կատարելու ձգտմամբ, նյութի լավ իմացությամբ և օգնում են նոր դիտանկյուններից ընթերցել քննարկվող ստեղծագործությունները:
Ժողովածուի առանցքը կազմող «Սարինյանի ֆենոմենը» երկխոսությունը Վարդան Հակոբյանի հետ, որքան էլ վերաբերում է Սերգեյ Սարինյանի գիտական ու մարդկային որակներն ու հատկանիշները հուշերգային վերապրումով արժևորելուն և այդ համատեքստում Վարդան Հակոբյանի քնարերգության գեղագիտական ու գաղափարական յուրահատկությունների նորովի բացահայտմանը, այնուամենայնիվ, լավագույնս ի ցույց է դնում նաև Ամալյա Գրիգորյանի գրականագիտական կարողությունները: Ընդհանրապես` հարցազրույցն ամենադժվար ժանրերից է, բարդ` հատկապես հարց տվողի համար, իսկ երկխոսության մեջ մտնել իմացական բարձր կարողություններով օժտված այնպիսի անհատականության հետ, ինչպիսին Վարդան Հակոբյանն է, այն էլ` Սերգեյ Սարինյանի պես գիտնականի մասին զրուցելու նպատակադրմամբ, երիտասարդ գրականագետի համար ենթադրում է առնվազն ինքն իրենից բարձրանալու գոնե ձգտում:
Պետք է ասել, սակայն, որ Ամալյա Գրիգորյանը երկխոսության առաջին իսկ էջերից դրսևորում է ոչ միայն փայլուն պատրաստվածություն` Սերգեյ Սարինյանի ու Վարդան Հակոբյանի գիտական ու գրական ժառանգության իմացության առումով, այլև տեղին ու դիպուկ հարցադրումներով կարողանում է այնպես խոսեցնել Վարդան Հակոբյանին, որ արդյունքում ձևավորվում է ժանրային առումով իսկ բավական ինքնատիպ մի հուշապատում: Այստեղ լիարժեքորեն բնութագրվում-ներկայացվում է մի կողմից Սերգեյ Սարինյանն իր մարդկային բնույթով, մյուս կողմից` բավական կառուցիկ ընդհանրացումներով վերլուծվում է նրա գիտական պատկառելի ժառանգությունը: Հուշերգային, երբեմն կենցաղային մանրամասները, որոնք յուրովի ընդմիջում են երկխոսության այսպես ասած` վերլուծական-գիտական ոճը, օգնում են, որ այն ընթերցվի հաճույքով:

Տարածել

Պատասխանել