Նարինե Ղուլյան / Սրտի հետ խոսող տողեր (բաց նամակ)

0

Բարև Ձեզ, պարոն Խաչիյան: Ինչպե՞ս եք: Առաջին անգամ նամակ եմ գրում մի Մարդու, ում հեղինակային օրհնանքը հեռակա ստացել եմ, ում մի քիչ ճանաչում եմ, բայց ով իմ մասին չգիտի:
Ես նա եմ, ով սրտի գորովով է կարդացել Ձեր բանաստեղծությունները, մտորել, տխրել ու ուրախացել յուրաքանչյուր տողով:
Շնորհակալ եմ անսահման, որովհետև Ձեր շնորհիվ հոգուս աչքերով իմ ծննդավայրը տեսա՝ ծաղկառատ Գյուլիստանը, դեմքս շոյող դրախտային զեփյուռը զգացի՝ հատուկ միայն Սև մեր այգուն, ափիս մեջ մեր գյուղի սևահողը խմորեցի…
Գիտե՞ք, որոշել եմ սաներիս հետ երկրորդ կիսամյակում ձեր բանաստեղծություններին ևս արտադասարանական ժամեր նվիրել, առողջ միտք է, չէ՞: Սիրային ու խոհափիլիսոփայական թեմատիկայով գրված Ձեր բանաստեղծություններում շատ որոշակի Սևակ-Սահյան-Խաչիյան հոգեհարազատություն եմ զգում… Այդքան քիչ բառերով ստեղծված պատկեր, գույն ու մի ամբողջ ապրված կյանք-վերհուշ… Ամեն ինչ այնքան մեղմ է ու բնական, այնքան «աչքի նման պարզ ու բարդ»… Դրա համար էլ որոշել եմ սաներիս ներկայացնել Ձեր պոեզիան…
Գրքի պատահական բացված էջում առաջին անգամ կարդացի.
Եղածս սեր էր,
Այն էլ գողացար, որ սրբությունդ
Իմ հոգու համար
Դառնա առասպել…,
Խորհելու տեղիք տվեց… Նորից կարդացի, նորից… Հետո իմ ընկերուհուց իմացա Ձեր կնոջ մասին ու հասկացա հավերժական սիրո խորհուրդը, մեծ սիրո տեսակը՝ մի ողջ կյանք արևող ու լցնող, էլ երբեք ոչ մի երկրային, սովորական կնոջ համար տեղ չթողնող…
Կարդացի երկրորդը, երրորդը, չորրորդը…
Ձեզ շատ սիրեցի, Ձեր հումանիզմը, հայրենասիրությունը, կենսասիրությունը, աշխարհայացքը, Ձեր «Լիր արքա» տեսակը…
Շատ ուրախացա, երբ Ձեր բանաստեղծությունների ժողովածուն գեղեցիկ ընծայականով ինձ նվիրեցին: Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումներից մեկը դա էր. լսեցի Ձեր մասին, կարդացի Ձեր երկու ժողովածուները, վայելքս ծովացավ… Իսկ ներսումս Ձեր մասին ծնվեց այսպիսի միտք. «Դուք Ձեր կյանքն այնպես եք ապրել, որ անգամ Մահն է Կյանքի մեջ հետաքրքրություն գտել»:
ք. Էջմիածին

Տարածել

Պատասխանել