Ամալյա Գրիգորյան / Շնորհանդես` սովորական ու անսովոր…

0

Օրերս Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի Պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում տեղի է ունեցել բանաստեղծ-ազատամարտիկ, արցախյան պատերազմի նահատակ Կոմիտաս Հակոբյանի «Գոյության պատրանք» և լեզվաբան Սիլվա Մինասյանի «Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունների լեզուն և ոճը» գրքերի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներ, գիտնականներ, ուսանողներ, բանաստեղծի մայրը, քույրերը, եղբայրը, հարազատները:
Բացման խոսքում Արցախի գրողների միության նախագահ, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, գրքի խմբագիր Վարդան Հակոբյանը՝ արժևորելով Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունը, նշեց, որ Կոմիտաս Հակոբյանն Արցախի ամենաարցախցի երգիչն ու բանաստեղծն է դարձել, հայ ժողովրդի ամենավճռական գոյամարտի սխրանքը մարմնավորող դպիրը. նրա խոսք ու տաղից մշտապես լույս է ելնում: «Նոր էինք տպարանից ստացել Կոմիտասի առաջին գրքի ազդօրինակը,- ասաց նա,- բայց Կոմիտասն արդեն ռազմի առաջին գծում էր: Եվ զինվորական շորերով էլ նա եկավ ու ստացավ ԳՄ անդամության իր տոմսը, որով շատ էր ոգևորվել: Խիզախ բանաստեղծ ու խիզախ մարտիկ էր նա»: Ապա Վարդան Հակոբյանը կարդաց իր նոր գրած բանաստեղծությունը՝ նվիրված զոհված գրչընկերոջը:
Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը, ով վարում էր միջոցառումը, իր խոսքը սկսեց բանաստեղծի հետևյալ տողերով.
Ես չեմ ծնվել:
Աստվածներն են հորինել ինձ,
Իսկ նախաստեղծ իմ օրվանից
Երակներիս ջրհեղեղում
Գալարվում է
Աստվածների վարքն հեթանոս:
Այնուհետև նա ներկայացրեց Կոմիտաս Հակոբյանի կյանքը, ստեղծագործական ու մարտական ուղին: Անդրադառնալով Կոմիտաս Հակոբյանի «Գոյության պատրանք» ժողովածուին՝ ասաց, որ գիրքն ամփոփում է հեղինակի և՛ բանաստեղծությունները, և՛ մարտական անտիպ գրառումները, ինչպես նաև՝ գրչակից ու մարտական ընկերների, ժամանակակիցների հուշերն ու գնահատանքի խոսքերը: Գրքում տեղ են գտել ավագ գրչակիցների բանաստեղծությունները՝ նվիրված Կոմիտաս Հակոբյանին: Այս գիրքը հայրենասիրության, անձնազոհության, նվիրվածության դաս է սերունդների համար:

Շնորհակալ գործ է կատարել լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվա Մինասյանը՝ «Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունների լեզուն և ոճը» աշխատության հեղինակը: Նա հանգամանորեն քննության է առել Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունների թեմատիկ ու լեզվական առանձնահատկությունները: Գրքի խմբագիրն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Խաչատրյանը:
Բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր ելույթում նշեց, որ Կոմիտասի երգը ծնունդ է հոգու և սրտի՝ ակունքված հող հայրենիից և հայրական օջախից. «Իր երգերում և կյանքում Կոմիտասը նույնն է. նրա երգն արձագանքն էր այն երազի ու ցավի, ինչ ստացել էր նա՝ գերված Արցախ լեռնաշխարհից: Ահա թե ինչու պատերազմի հենց առաջին օրվանից Կոմիտասն առանց վարանելու զինվորագրվեց Արցախի անկախության և ազատության պայքարին՝ կամովին իր կյանքը դնելով հայրենիքի փրկության զոհասեղանին»:
Խոսելով բանաստեղծի բազում արժանիքների մասին՝ բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Բեգլարյանը, առանձնապես կարևորեց բանաստեղծի օրագրային գրառումները: Նա ընդգծեց, որ այդ մտորումներում բանաստեղծն առավել տեսանելի է դառնում իր ինքնատիպ ու փիլիսոփայական խառնվածքով:
Ներկաները հետաքրքրությամբ լսեցին բանաստեղծ-ազատամարտիկ Ռոբերտ Եսայանի և Արիս Գրիգորյանի ելույթները: Գրողներ, որ ոչ միայն զոհված երիտասարդ գրողի գրչակիցները եղան, այլ նաև որպես զինակիցներ, մասնակցել են ազգային-ազատագրական գոյամարտին: Արիս Գրիգորյանը կարդաց նաև Կոմիտաս Հակոբյանին նվիրված իր բանաստեղծությունը:
Այնուհետև ելույթ ունեցավ «Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունների լեզուն և ոճը» գրքի հեղինակը: Նա խոսեց բանաստեղծի ստեղծագործությունների լեզվական ու ոճական առանձնահատկությունների մասին, հատկապես կարևորեց հեղինակի ստեղծագործություններում առկա նորակազմությունները:
Սրտառուչ էին բանաստեղծներ Արկադի Թովմասյանի, Դավիթ Միքայելյանի, Զինաիդա Բալայանի ելույթներն ու հուշերը:
Առանց հուզմունքի անհնար էր լսել Կոմիտասի մոր՝ Սեդա Հակոբյանի երախտագիտությամբ լեցուն խոսքերը, որոնք ուղված էին գրչի մարդկանց ու ընթերցողներին, ովքեր մշտապես անմար են պահում իր բանաստեղծ որդու հիշատակը:
Ջերմ էր բանաստեղծի քրոջ՝ Էվելինա Հակոբյանի խոսքը. «Եղբորս՝ Կոմիտասի բառերի մեջ խոսքեր եմ փնտրում, որ գուցե նա մեզ պիտի ասեր, բայց չհասցրեց, կիսատ մնացին: Ականջս դեռ ձայնի է… Կոմիտասի գրքում խոսում է հայրենիքի համար զոհված զինվորը: Եվ այստեղից է սկիզբ առնում նրա բառի դինամիկան, գրքի չընդհատվող շնչառությունը…»:
Երիտասարդ բանաստեղծ-մարտիկի տաղանդը ժամանակին նկատել է բանաստեղծուհի Մետաքսեն, որի կարծիքը հրապարակվեց շնորհանդեսում. «Բանաստեղծ-զինվոր Կոմիտաս Հակոբյանը իր ստեղծագործական աշխարհի խարույկն ունի, որ հրավառել է իր սեփական արյան կարմիր գնդիկներով, որոնք մեկիկ-մեկիկ բոցավառվելով, պիտի լուսավորեն աստղերի միջով ձգվող նրա հավիտենական ճանապարհը»: Իսկ արձակագիր Սերո Խանզադյանն այսպես է բնորոշել բանաստեղծի ստեղծագործությունները. «Ծավալով սրտի պես փոքր, բայց սրտի պես կյանք ու ոգի կենդանի պահող բանաստեղծական այս պատառիկները համազգային արժեքներ են: Կարդացի և Ղարաբաղի նկատմամբ ունեցածս հպարտությունը դարձավ անեզերք, հավատս՝ աներեր»:
Ելույթներն ընդմիջվեցին Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողներ Անուշ Եսայանի, Սուսաննա Ավագյանի, Մարի Հարությունյանի, Աննա Ավանեսյանի ասմունքներով: Նրանք ներկայացրին զոհված մարտիկ-բանաստեղծի ստեղծագործություններից:
Գրքերի շնորհանդեսների կազմակերպումը, հիրավի, գեղեցիկ ավանդույթ է դարձել մեզանում, սակայն խոստովանենք, որ զոհված բանաստեղծի ու ազատամարտիկի գրքի շնորհանդեսը սովորական չէր իր բովանդակությամբ: Այն կյանքի, նվիրման, սիրո, խիզախման մեծ խորհուրդ էր ամփոփում իր մեջ:

Թիվ 5, 2018թ.

Տարածել

Պատասխանել