Արկադի Թովմասյան / Բանաստեղծություններ

0

ԱԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, գիտնական
ԱՐԿԱԴԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ:
«Եղիցի լույս»-ը միանում է
շնորհավորանքին:

ՄԱՅՐ

Ասա՛ նորից, ասա՛, մայր իմ,
Ինչ աչքերով ինձ չես ասել,
Ես խլացած ու ես ջահել,
Այդպես էլ քեզ չեմ հասկացել:
Աչքերով ես ինձ փայփայել,
Աչքերով ես ինձ խրատել,
Ինչ արել ես, մայր իմ, մայր իմ,
Նույն խելառն եմ ես մնացել:
Թե գիշերն եմ ես տուն դարձել,
Մայր իմ, քնած քեզ չեմ տեսել,
Այսժամ շուտ եմ ես տուն եկել,
Բայց ինչո՞ւ ես հավերժ քնել:
Խոստանում եմ խելոքանալ,
Խոստանում եմ էլ ուշ չգալ,
Մայր իմ, քնած քեզ չեմ տեսել,
Այսքան շուտ եմ ես տուն եկել,
Բայց ինչո՞ւ ես հավերժ քնել:
Խոստանում եմ խելոքանալ,
Խոստանում եմ էլ ուշ չգալ,
Մայր իմ, ինչո՞ւ ինձնից խռով
Ուրիշ աշխարհ ես գնացել:
Լացում էիր ինքդ քեզ հետ,
Կորուստներիդ համար դաժան,
Այժմ ես եմ լացում, մայր իմ,
Արցունքներիդ համար անձայն:
Ե՛տ դարձիր, մայր, դարձիր ինձ մոտ,
Թեկուզ չասես էլ ոչ մի խոսք,
Գիտեմ՝ այսժամ ճիշտ կկարդամ
Քո աչքերի լեզուն անձայն:
Դու գնացիր ու չասացիր,
Թե առանց քեզ ո՞նց կլինեմ,
Ո՞վ ինձ կտա հավատ ու սեր
Քո աչքերի լույսով անմեռ:
Իմ աչքերն են քեզ որոնում,
Որ նրանց մեջ ես ինձ գտնեմ,
Իմ շորերում՝ համբույրներիդ
Համն ու բույրը գուցե ըմպեմ:
Ասա՛ նորից, ասա՛ մայր իմ,
Ինչ աչքերով դեռ չես ասել,
Ես խուլ էի, կույր ու ջահել,
Ու քեզ ճիշտ չեմ ես հասկացել:

Թեև մի քիչ խելքի եկել,
Բայց նույն խելառն եմ մնացել…

***
Ես որի՞ վիշտը իմ հոգում տանեմ,
Ո՞նց հավատ դառնամ նրանց սրտերում,
Մխիթարանքի ի՞նչ խոսք շշնջամ,
Իմ տառապանքը, ասեք, ո՞ւմ պատմեմ:
Մեկը իր սիրտն է տվել ապրողիս,
Մյուսը՝ իր կյանքն է իմ ճամփին թողել,
Ի՞նչ պիտի ասեմ նրանց փոխարեն,
Ովքեր արյամբ են Արցախն իմ պահել:
Երեկ ինձ հետ էր, վիշտս էր կիսում,
Այսօր հողի տակ՝ առանց ինձ ննջում,
Երեկ իր ձեռքով ծաղիկներ պահում,
Այսօր ծաղկունքը կրծքին է տանում…
Ամրակուռ դեմքեր-ազատության զոհ,
Այսօր ընկել է ձեռքերով անզոր,
Աստվա՜ծ իմ, փրկի՛ր զոհերին քո նոր,
Քո հովանու տակ պահի՛ր զորավոր:

ԶԳՈՒՅՇ ՔԱՅԼԵՔ,
ՄԱՐԴԻ՛Կ

Զգույշ քայլեք, մարդի՛կ,
Զգույշ քայլեք…
Նրանց աչքերում
Այդ մենք ենք, որ կանք,
Մենք՝ ապրողներս… Նահատակների
Հպարտ հայացքում
Սուրբ երազներ կան,
Զգույշ նայեք, մարդի՛կ,
Զգույշ նայեք:
Նրանք փնտրում են
Գարնան ծաղիկներ,
Դուք էլ փնտրեցեք
Ու նվիրեցեք
Կույս աղջիկներին,
Նրանց փոխարեն,
Նրանց փոխարեն…
Այցելե՛ք նրանց
Սուրբ ծնողներին՝
Մայրերին վշտոտ,
Հայրերին՝ խոցված…
Նրանց աչքերում
Այդ մենք ենք, որ կանք,
Մենք՝ փրկվածներս,
Որ պիտի ապրենք
Նրանց փոխարեն,
Նրանց փոխարեն…
Խոնարհվենք կրկին,
Ու լռենք, լռենք,
Զգույշ լռենք, մարդի՛կ,
Զգույշ լռենք:
Այդ լռում ենք միայն
Նրանց փոխարեն,
Նրանց փոխարեն, մարդի՛կ,
Նրանց փոխարեն…

ՊԱՏԵՐԱԶՄ

Մոր աչքերի մեջ
Աղի արցունք ես:
Սպասման ցավի
Մրմուռ ես անվերջ,
Խաչված երազանք
Մոխիրների մեջ:
Դաժան խավար ես,
Ուր վառվում են
Ջահել սրտերը,
Սեր ու գարուններ:
Գարուն հասակի
Վերահաս ձմեռ,
Խավարին՝ պաշտպան,
Ու ջադու ծծմեր:
Ծխի մեջ խանձվող
Ճիչ ես ու մայուն,
Ու հարսանեկան
Քողերի այրում:
Երգի փոխարեն՝
Զարկ թնդանոթի,
Չորացած ծաղիկ,
Մանուկ անոթի…
Ծարավին դու աղ,
Իսկ սիրուն՝ սև մաղձ
Ու կյանքեր տանող
Քաղցկեղ ես ու քաղց՝
Ճերմակող կարոտ
Ու խանձված դու հասկ
Պատերազմում եմ
Քո դեմ, պատերազմ:

***
Արցախցի եմ ես,
Դարերով փակված լեզվիս կապերը
Ես արձակում եմ
Ու շղթաներս դարձնում եմ տառեր,
Գրում անունդ, իմ մայր Հայաստան:

Արցախցի եմ ես,
Կողս չբեկվող անկեռ ադամանդ,
Կողս ուրան է աշխարհով լցված,
Թե կոտրեք կողս,
Ատոմի ուժով կդառնամ հանկարծ
Մի նոր Չեռնոբիլ…

Արցախցի եմ ես,
Համբերությունս փորձել եք հավետ՝
Դարերով անցած,
Սակայն օվկիան եմ-
Ու եթե հանկարծ ընդվզեն ջրերս,
Կավարտեմ կրկին նոր ջրհեղեղով…

Արցախցի եմ ես,
Ես՝ որպես որդի մորից կտրված,
Գնում եմ դեպի հայրենիքն իմ հար,
Անուշ Հայաստան:

***
Ես վերջին զինվորն եմ լինելու
Քո դաշտից հեռացող,
Քո արձակ դաշտերի
Ոսկե արտերի միջով
Վազող մի խենթ պատանի…
Ձեռքերում՝ ցորնալույս ցոլցլող
Ու քնած անհոգ մանկություն…
Աչքերում կապույտ երկինքներ…
Ես վերջին զինվորն եմ լինելու՝
Հաղթողի դրոշներ՝
Իմ ձեռքին:

ՍԱՅԼԱԿՆԵՐՈՎ ՊԱՐ

Ու լացակումած մեղեդիները
Հանկարծ լռեցին,
Ու հենակավոր հաշմանդամները
Գոչեցին հանկարծ.
– Այս ի՞նչ եք անում,
Մենք մեռած հո՞ չենք…
Մեզ պետք չեն երգեր՝ տխուր ու լացկան,
Ռազմի երգեր են այսօր հարկավոր,
Մենք մարտի եկանք հզոր երգերով,
Մեզ երգեր են պետք լոկ հերոսական…
Մեղեդիները դարձան հրեղեն,
Մեղեդիները դարձան բոցեղեն,
Պարը սկսվեց հաշմանդամների,
Պարը ցասումի…
Աշխարհում և ոչ մի պար չունի
Այսքան խնդումներ, վայելքներ այսքան,
Որքան այս պարը
Հաշմանդամների՝
Պարը մի ոտքով,
Պարը մի ձեռքով…
Պարը սկսեցին և սայլակներով…
Պարը սկսեցին և՛ սայլակները…
Ասես չեն պարում
Միայն մի ոտքով,
Միայն մի ձեռքով,
Նրանք պարում են լոկ սայլակներով…
Ու սայլակների անիվներն, ասես,
Ոտքեր ծնեցին,
Ծնեցին ձեռքեր,
Որ պարեն հպարտ հաշմանդամները…
Նրանց հետ ասես
Սկսեցին պարել
Հավիտյան քնով լուռ քնածները…
Ու լացակումած մեղեդիները
Հալվեցին մի պահ,
Ու ծնունդ առան խրոխտ երգերը,
Ու ծնունդ առան ողջ անմահները:
Նրանց հետ մեկտեղ
Սկսեցին պարել
Եվ ընկածների սուրբ բալիկները,
Մայրերը բոլոր
Բոլոր հայրերը,
Հարսները այրի և տատիկները,
Կանայք, պապերը…
Ու պարի ելան այն մանուկները
Որ դեռ չեն ծնվել,
Ոգին էր պարում՝
Անկոտրում ոգին…
Պարից ծնվում են համազարկերը,
Հասնում են մինչև արև ու երկինք,
Ասես լսում են նրանց ձայները
Հեռու երկնքից,
Ասես պարում է Հայոց աշխարհը՝
Պարը սայլակներով…
Հավետ կպարեն…
Քանզի պարում են հաշմանդամները,
Պարը սայլակներով,
Պարը այդ խրոխտ ու հերոսական:

***
Քննություն է, տղե՛րք,
Տո՛մս քաշեցե՛ք…
Տղե՛րք, ոչ մի անգամ
Չեք ուշացել երբեք,
Ու բացակա չունեք…
Վերադարձեք, տղե՛րք:
Ես հիշում եմ մեկ-մեկ
Ձեր աչքերը բարի,
Այդ ինչպես շուտ մեծացաք,
Հասունացաք, տղե՛րք:
Վերջին դասից առաջ
Պարում էիք, պարում,
Մարտի դաշտն էր կանչում
Արյունոտված, տրտում:
Եվ մոռացած գրքեր
Ու աղջիկներ չքնաղ,
Սուրբ հայրենի հողն էր
Ձեզ օգնության կանչում:
Քննություն է, տղե՛րք,
Տո՛մս քաշեցեք:
Բայց ինչո՞ւ եք լռում,
Դե՛, խոսեցե՛ք, տղե՛րք:
Նոր սերունդներ կգան,
Կսովորեն դասեր,
Ու ձեր դասը նաև,
Հերոսացած տղե՛րք:
Կիսատ թողած դասը՝
Ձեր արյունով գրած
Ու ձեր կյանքով անմահ՝
Մեր պատմության առաջ…
Քննությունը վաղուց
Դուք հանձնել եք պատվով,
Հերոսա՛ցած տղերք:
Գրքույկները բերեք,
«Գերազանցը» դնենք,
Բայց ինչո՞ւ եք լռել,
Էլ չեք ժպտում, տղե՛րք…
Գրքույկները արնոտ
Հիշատա՞կ եք թողել,
Ձեր վշտերից, սակայն,
Մեր սրտերն են խոցվել:
Ձեր հարցերը տխուր,
Արցունքոտ են, տղե՛րք,
Քննություն է, տղե՛րք,
Տո՛մս քաշեցեք…

ՄՈՐՍ ՇԱԼԸ

Ձմռան ցրտի մեջ
Սառել է հոգիս,
Մարմինս է սառել
Ձմռան ցրտի մեջ,
Որոնեցի ես
Տաքուկ մի անկյուն…
Ու հանկարծ տեսա,
Հին ու մոռացված,
Շալը մայրիկիս…
Ու ասես իմ մեջ-
Գարունն արթնացավ,
Ամառը եկավ
Վառվող արևով,
Ու հոգիս այրվեց
Մանկության փայլով…
Իմ մեղքն եմ լալիս,
Ունց եմ մոռացել շալը մայրիկիս…

Թիվ 5, 2018թ.

Տարածել

Պատասխանել