Աշոտ Գաբրիելյան / Երկու խոսք

0

Սոնա Համբարձումյանի բանաստեղծական աշխարհը նկատելիորեն առանձնանում, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր լուծումներով ընդհանրանում է արցախցի իր սերնդակից բանաստեղծների ստեղծագործությունների համատեքստում: Ուրախալի է, որ Արցախն ապրում և ներկայանում է յուրաքանչյուր արցախցու ստեղծագործություններում և ուրախալի է նաև, որ Արցախը կոնկրետ մարմին ունի, որի համար մաքառում և որով ապրում է արցախցին: Սոնա Համբարձումյանի պոեզիայում Արցախը ներկայանում է իրական գույներով. կեղծ ու շինծու պաթոս չկա, չկան հայրենիքի հանդեպ սիրո ներկայացման չափազանցություններ: Արցախը կենսատարածք է կյանքին հատուկ բոլոր ելևէջումներում, իսկ բանաստեղծի փափագը իր և հայրենիքի անբաժանելիությամբ է զորանում: Սոնա Համբարձումյանի երազանքը հայրենիքի խաղաղ ներդաշնությունն է: Նա բանաստեղծական տողերում ստեղծում է իր այդ իդեալի պատկերները: Նա ցանկանում է իր հայրենիքը տեսնել բնականոն, անպատերազմ ու անկորուստ զարգացման հոլովույթում, որի համար նա դիմում է արցախյան հրաշագեղ բնության պատկերավորմանը: Սա միայն հայրենիքի հանդեպ սիրո դրսևորումը չէ, բանաստեղծը ենթագիտակցորեն ցույց է տալիս, որ իր բանաստեղծական որոնումներն էլ պետք է լինեն այդ բնականոնության մեջ և կցանկանար, որ իր գիրը ձերբազատված լիներ աշխարհաքաղաքականության պայմանականություններից: Նա ձգտում է իր և հայրենիքի միաձուլմանն ու նույնացմանը, որը զերծ կլինի կորստի և արցունքի տուրևառությունից: Սոնա Համբարձումյանի ստեղծագործություններում հայրենասիրական քնարերգությանը զուգահեռ միշտ արտահայտություն է գտնում սիրային քնարերգությունը: Այստեղ առինքնող է բանաստեղծուհու անկեղծությունը: Սիրո դրաման իր բազմաձև դրսևորումներով ու գեղեցիկ պատկերավորմամբ չի կարող անտարբեր թողնել յուրաքանչյուր ընթերցողի: Երբեմն ասես բառը պապանձվում է նրա զգացմունքների առջև և ընթերցողին մնում է խորը, հուզական ապրումը:
Սոնա Համբարձումյանին հատուկ է պատկերավորման միջոցների հարստությունը: Յուրաքանչուր ասելիքի ու զգացողության համար բանաստեղծուհին կարողանում է համապատասխան ձև գտնել ու կիրառել: Բանաստեղծության տարածությունը նրա ստեղծագործություններում չի միանշանակվում. բանաստեղծությունը մի քանի տասնյակ բանատողերի համադրությամբ կարող է լինել, կարող է նաև հասնել մինիմալիզմի և ընդամենը երկու տողը խտացնի զգացումների ու խոհերի պրիզման: Երկու դեպքում էլ բանաստեղծությունը չի տուժում: Սոնա Համբարձումյանին ընթերցելիս հասկանում ես, որ Արցախն ապրում է իր հրաշագեղ կյանքով և որ Արցախում կյանքն իր համաչափ ռիթմի մեջ է, ուստի մի ցանկություն է առաջանում` թող երբեք չխախտվի Արցախի խաղաղությունը: Սոնա Համբարձումյանի պոեզիան ինձ ստիպում է հավատալ, որ Արցախը հաղթանակել է, որովհետև այս գրի մեջ կյանք կա և Արցախում կյանքը շարունակվելու է:

ՀՀ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր,
Բանաստեղծ

 Թիվ 06-07 (185-186)

Տարածել

Պատասխանել