Սոնա Համբարձումյան / Ծաղկաձորի գրողների հանգստյան տունը` յուրօրինակ հանդիպման վայր

0

Հայաստանի Գրողների միության կողմից կազմա-կերպվող ամենամյա միջոցառումը՝ Երիտասարդ գրողների 16-րդ համագումարը, տեղի ունեցավ մայիսի 31-ից հունիսի 2-ը՝ Ծաղկաձորի Գրողների հանգստյան տանը:
Համագումարին ներկա էին Մայր Հայաստանի և Արցախի գրական ընտանիքի երիտասարդ անդամներ, սկսնակ ստեղծագործողներ, գրականագետներ:
Համագումարի բացման խոսքից հետո ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց գրական ընտանիքների պատվիրակներին և նրանց կատարված աշխատանքները՝ կարևորելով երիտասարդներ գրողների տպագրման խնդիրը և այս առումով արժևորելով գրական մամուլի («Ցոլքեր», «Նարցիս», «Գրեթերթ», «Անդին», «Գրական թերթ», Վանաձորում հրատարակվող «Երկունք», Շիրակում` «Եղեգան փող», Կոտայքում` «Ոգու կանչ») դերը:
Օրերը հագեցած էին գրական ընթերցումներով, քննարկում-նիստերով, գրքերի շնորհանդես-գինեձոներով, կինոդիտում-քննարկումներով, որոնք վարում էին գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը, բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Վահե Արսենը, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Հասմիկ Հակոբյանը, արձակագիր Սուսաննա Հարությունյանը:
Գրականագետ, ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն իր՝ «Դիտարկումներ ժամանակակից երիտասարդական գրականության մասին» զեկույցում կարևորեց իրականության արտացոլումը գրականության մեջ: Նա խոսեց ստեղծագործելու մեթոդի, ներկայացման և տպագրական հարցերի շուրջ:
Բուռն քննարկումներ եղան ռեալիզմի՝ կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքին հետևող գեղարվեստական մեթոդի շուրջ, ինչպես նաև կարևորվեց ստեղծագործությունները պրիմիտիվիզմից զերծ պահելու խնդիրը, ինչը ևս չափազանց արդիական է: Երիտասարդ ստեղծագործողները գրքերի ձևավորման մասին ևս փոխանակվեցին կարծիքներով և կարևորեցին դրանք ընթերցողի դատին բովանդակայինից բացի նաև գեղագիտական տեսքով ներկայացնելու խնդիրը, որը մեծ նշանակություն ունի վաճառքի արագ կազմակերպման հարցում:
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը հանդես եկավ «Երիտասարդ գրողների մասնակցությունը մարզային գրական բաժանմունքների ծրագրերին» ելույթով, որից պարզ դարձավ Լոռու մարզում ստեղծագործող երիտասարդների գրական գործունեությունը՝ տարվա կտրվածքով:
Գրականագետ, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ Արքմենիկ Նիկողոսյանը «Իրականություն և գրականություն» զեկույցում նշեց. «Լավագույն ժամանակը մեր ապրած ժամանակն է: …Սովորաբար գրականության արժեքը գնահատվել է նրանով, թե այն ինչքանով է արտացոլել իրականությունը»:
Գրականագետ, «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի (2006-ից) Գրականագիտության և քննադատության բաժնի վարիչ Արմեն Ավանեսյանը հանդես եկավ «Երիտասարդական գրականությունը պետական հրատարակչական ծրագրերում» զեկույցով: Զեկույցում խոսվեց 2017թ-ի տպագրված առաջին գրքերի՝ Անի Ամսեյան, Արթուր Մեսրոպյան, Անրի Գրիգորյան, Սաթե Հովակիմյան, Նարեկ Տոպուզյան, Գրեգիրք ժողովածուի և դեռևս տպագրվելիք գրքերի /Նորայր Սարգսյան «Չինական պատ», Արփի Վարդանյան «Քեզ որոնելիս» և այլն/ մասին:
Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը իր «ՀԳՄ հրատարակչությունը և երիտասարդական գրականությունը» թեմայով զեկույցում գրական աշխարհի նորությունների շրջանակներում խոսեց նաև հինգ հետաքրքիր գրքերի շուրջ, որոնք լույս են տեսել նոր մատենաշարով:
Քննարկումներն ընթացան անմիջական և ջերմ մթնոլորտում:
Արդիական ու «երիտասարդ» հանդիպումները սիրով և ստեղծագործ հոգով լցրին Ծաղկաձորի գրողների պատմական տունը:

Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Թիվ 06-07 (185-186)

Տարածել

Պատասխանել