Կոմիտաս Դանիելյան / Ընծա

0

-Ի՞նչ եք կամենում,- նրա զուսպ, հարգալից բարևին ի պատասխան` կիսաբերան արտաբերեց ջահել, խարտիշագեղ քարտուղարուհին, աչքերը մի ակնթարթ կտրելով համակարգչից:
-Իր մոտ եմ եկել, – նա գլխի շարժումով ցույց տվեց դիմացի փակ կաղնե դուռը:
Աղջիկը` ծամոնը բերանում, քննող անվստահությամբ ուղիղ նայեց նրան:
-Միասին ենք կռվել,- մի ոտքից մյուսին հենվելով բացատրեց խնդուն առոգանությամբ,- վաղուց չենք հանդիպել:
-Ի՞նքն է կանչել,- հարցրեց աղջիկը:
-Չէ, ինքս եմ եկել: Մենք մոտիկ ընկերներ ենք,- ուզեց ասել` եղբոր պես, բայց միայն ժպտաց անիմաստ:
Նրա աջ ձեռքի չորս մատները չկային, լոկ բթամատն էր: Կարծես հենց նոր հիշեց այդ մասին և աջն արագ թաքցրեց բաճկոնի գրպանում: Աղջիկը (նկատե՞ց, թե՞ չնկատեց) ի վերջո բարեհաճեց տեղեկացնել, որ պետը տեղում չէ, կվերադառնա մեկ-երկու ժամից:
Քիչ-ինչ սրտնեղած` նա տարտամաքայլ փողոց ելավ: Թվաց, թե քարտուղարուհին անկեղծ չէր, գուցե և ընկերը տեղում էր: Չլինի՞ այդ ծամոն որոճողը իրեն սովորական խնդրատուի տեղ դրեց: Չգիտես ինչու՝ նա մի անբացատրելի անվստահություն ուներ «բարձր դռների» հանդեպ ու միշտ ձգտել է խույս տալ, չառնչվել դրանց հետ: Հիմա էլ քիչ մնաց զղջար իր այս այցի համար: Կինն է մեղավոր, նա համոզեց. «Մոտիկ ընկերդ է, պարծենում ես նրանով, քիչ է մնում արևովը երդվես: Թող օգնի տղայիդ: Ախր չենք կարողանում ծայրը ծայրին հասցնել: Լավ ընկերոջը նեղ օրն են ճանաչում»: Օրեր ի վեր խնդրում – հորդորում էր` գնա՛, հա՜, գնա՛: Եվ ինքը տեղի տվեց` այն մտքով, որ եթե ոչինչ չստացվի, գոնե կտեսնի մտերիմ ընկերոջը: Երբվանի՜ց չեն հանդիպել: Չեն ասո՞ւմ` ամենաքաղցրը ուսանողական, ամենանվիրականն ու անմոռանալին մարտական ընկերությունն է:
Միասին էին սովորում պոլիտեխնիկականում, որը հետո ճարտարագիտական համալսարան կոչվեց: Ապրում էին նույն սենյակում, Զեյթունի հանրակացարանում: Ուրախ, երազկոտ պատանիներ էին: Շուտ մտերմացան: Երկրորդ կուրս պիտի փոխադրվեին, երբ սկսվեց պատերազմը: Ինքնակամ վերադարձան, մեկ տարուց ավել կռվեցին կողք կողքի, Բեկորի վաշտում: Միասին էլ վիրավորվեցին` ականի պայթյունից, թե՞ (ծիծաղը եկավ) պայթեցին ականի վրա, ինչպես թերթերն էին գրում նման դեպքերում:
Ձախ ձեռքը քանի որ համառորեն չուզեց գրիչ բռնելը սովորել, ստիպված էր ընդմիշտ թողնել ուսումը: Թեպետ վաղուց համակերպվել էր կատարվածին, սակայն ամեն անգամ Բարաք Օբամային հեռուստաէկրանին տեսնելիս մի ծածուկ տրտմությամբ էր պարուրվում, որ ԱՄՆ- ի նախագահի պես ինքն էլ ձախլիկ չի ծնվել… Ընկերը շարունակեց կրթությունը, բայց նոր` թե՛ գրավիչ ու թե՛ ազդեցիկ մասնագիտությամբ: Այդ տարիներին ազատագրված Շուշիում առժամանակ երևանյան ինչ-որ մասնավոր բուհի հեռակա մասնաճյուղ էր բացվել ապագա իրավաբանների համար, և ընկերը, ուրիշ շատերի նման, բաց չթողեց պատեհ առիթը: Ու հիմա բարձր պաշտոնյա է, ում խոսքը գին ունի, ում հետ հաշվի են նստում: Հիշեց, որ մի անգամ կշտամբել է` քանի՞ կուսակցություն ես փոխել: «Մե՜ծ բան,- ընկերը քմծիծաղել է,- ուրիշներն իրենց կանանց են փոխել»: Դա տարիներ առաջ էր: Այնժամ ընկերը դեռևս փոքր պետ էր, բայց հո պետ էր:
Մտքերից կտրվելով նա իրեն գտավ Տերյան փողոցում, քաղաքում միակ բարեկամի` մորաքրոջ տղայի դարպասի առջև, որը բացեց շիլ աչքերով անծանոթ մեկը, հայտնելով, թե նախկին տանտերը անցյալ տարի է ընտանիքով Ռուսաստան տեղափոխվել: Չզարմացավ: Շատերն են գնում: Այլ բանից զարմացավ` ինչո՞ւ ոչինչ չի արվում արտագաղթը կանխելու ուղղությամբ:
Սասունցի Դավթի փողոցով բարձրացավ, թեքվեց Ազատամարտիկների աշնանանախշ պողոտա, որին ազնվաշուք տեսք էին տալիս սովետից ժառանգած հաստաբուն ծառերը: Երթուղայինների կանգառում միառժամանակ ոտքը կախ գցեց` ուշի-ուշով մտիկ տալով վեր ու վար անող մարդկանց, այնպես, ասես փնտրում էր ինչ-որ մեկին: «Դեմքներին խինդ չկա»,- մտմտաց ինքնիրեն: Նորակառույց շենքերն ու «Եվրոպա» հյուրանոցը հավանեց: Ճաշակով են կառուցված, թեպետ զուրկ են ազգային տարրերից: Դրանք, և մանավանդ՝ շքեղ ինքնաշարժերի առատությունը կողմնակի աչքում կարող են այն պատրանքը ստեղծել, թե այստեղ մարդիկ անհոգ, ապահով կյանք են վարում: Ինչպես Եվրոպայում, կամ առնվազն` ինչպես հաղթանակած ժողովրդին է վայել: Իսկ անհամար խանութների և կրպակների անհրապույր, հիմնականում օտարահունչ ու օտարագիր ցուցանակները մի հանդուգն կասկած հարուցեցին` եթե լեզվի մասին օրենքը չի գործում, նշանակում է մյուսները նույնպես ձևական բնու՞յթ են կրում…
Հաղթանակի օղակաձև հրապարակը առաջվա պես այդ անունը հավաստող մինչև իսկ սովորական ցուցանակ չուներ: Ա՜յ թե այստեղ դրվեր Տիգրան Մեծի արձանը` Երվանդ Քոչարի գործերի հանգույն: Չէ, արքայից-արքայի տեղը Վերածննդի հրապարակն է: Եվ հանկարծ նրա գլխում մի անակնկալ միտք առկայծեց. հրապարակի ուղիղ կենտրոնում, ուր վերից վար Ազատամարտիկների ու Մաշտոցի, իսկ ձախից աջ Տիգրան Մեծի ու ծովակալ Իսակովի փողոցներն են խաչաձևվում, մի ոչ բարձր հուշասյուն կանգնեցվեր, վերնամասի քառակողմ առանցքի շուրջը բոլորած` հայության չորս հատվածները` Արցախը, մայր Հայաստանը, հեռավոր ու մերձավոր սփյուռքները ներկայացնող հերոսների, ասենք Աշոտ Ղուլյան-Բեկորի, Պետրոս Ղևոնդյանի, Ավոյի ու գեներալ Իվանյանի միաձույլ հարթադիմաքանդակներով, որը կխորհրդանշեր ոչ միայն Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակը, այլև կշեշտեր հայ ժողովրդի միասնության գաղափարը: Այս մտահղացումը նրան այնպես հուզեց, որ երկար ժամանակ չէր կարողանում հիացմունքը զսպել:
Այդպես էլ` հանկարծահաս մտքից ոգեշունչ, օգտվելով քարտուղարուհու րոպեական բացակայությունից, ընկերոջ աշխատասենյակ թափանցեց:
Ընկերը նրան ընդունեց հավուր պատշաճի. ամուր գրկեց, դեմքը մոտեցրեց երեսին, քաջալերանքով թփթփացրեց ուսը, աթոռ առաջարկեց: Դեմ դիմաց բալզակյան տարիքի մի պատկառազդու կին էր բազմել` ոսկեշող, ուլունքաշար մանյակով, և ընկերը հարկ համարեց ներկայացնել.
-Տիգրան Ժամկոչյանը ուսանողական ու մարտական ընկերս է, նաև իմ փրկիչը: Այո, այո: Միասին վիրավորվել էինք: Ես կորցրել էի գիտակցությունս: Թեև իր հալն էլ մի հալ չէր, արյունաքամ լինելով ինձ դուրս բերեց մահվան օղակից: Ուրիշ մեկը գուցե թե ինձ մեռած համարեր, թողներ, գնար իր ցավի hետևից, բայց նա հավատարիմ ընկերոջ, արյունակից եղբոր պես վարվեց: -Լռեց մի երկվայրկյան, ապա մեղմ հանդիմանությամբ հարցրեց: -Ինչո՞ւ ես թանկ-թանկ երևում: Տնեցիք ո՞նց են:
-Շնորհակալ եմ, լավ են:
-Ճուտիկներիդ թիվը նո՞ւյնն է մնում, թե՞…,- ընկերը փորձեց սրամտել:
-Նույն չորսն են: Մեծը` տղաս, համալսարան է ընդունվել: «Կասես` վարձավճարով է սովորում,- պատվիրել է կինը,- գուցե մի հովանավոր գտնի կամ ինքը…»:
-Մեզ մո՞տ,- հարցրեց ընկերը, փութկոտ ինչ-որ թուղթ մակագրելով:
-Չէ, Երևանում: Հոր կիսատ թողած ուսումն է շարունակում,- ու ժպտաց տխրուրախ:
Ընկերոջ գրիչը մի պահ անշարժացավ հերթական թղթի վրա.
-Շնորհավորում եմ: Լավ է,- ծանրումեծ գլխով արեց,- արժանի հերթափոխ է աճում: Խոստանում եմ նրա հարսանիքի քավորը լինել: Կինդ…
-Սեդան…
-Դպրոցո՞ւմ է աշխատում:
-Հա, դպրոցում: «Կասես` աշակերտները մաղվել են, եկող ուսումնականում հազիվ կես դրույք ունենա»:
-Դու էլ…
-Դեռ անտառապահ եմ,- ընկերոջ հարցերի տարափին նա պատասխանում էր մի տեսակ չկամությամբ, նեղվելով օտար մեկի ներկայությունից:
-Ձիո՞վ ես շրջում:
-Ձիով, շունն էլ հետս: «Կասես` ուզում են դիտմամբ հաստիքդ կրճատել, թե ինչ է, դեմ ես անօրեն անտառահատումներին»,- նորից կնոջ հորդորը հիշեց:
-Մարդու ամենահավատարիմ կենդանիների հետ, հայրենի գյուղում,- ընկերը, վերջին թուղթը վավերացնելով, թեթևացած, ասես մի շատ խրթին գործ էր արել, շփեց ճակատը,- բնության գրկում, մաքուր-զուլալ օդում, ոչ թե մեզ պես…
Երբ մանյակակիր կինը (հավանաբար` ընկերոջ աշխատակցուհին) թղթերն առած դուրս եկավ, Տիգրան Ժամկոչյանը մի ակնածալի ոգևորությամբ սկսեց պատմել իր մտահղացած հուշակոթողի մասին: Ընկերը համբերությամբ լսեց ու այնպես նայեց նրան, ասես առաջին անգամ էր տեսնում.
-Չլինի՞ հենց դրա համար ես եկել:
-Կարելի է և այդպես ասել:
-Դու ուրիշ հոգս չունե՞ս, ինչ է,- ուսերը կարեկցաբար վեր քաշեց ընկերը: -Ժամանակները փոխվում են, կյանքը առաջ է գնում, դու շարունակում ես ամեն ինչի նայել նախկինի պես, «ոչ միայն հացիվ»: Հիշո՞ւմ ես պոլիտեխնիկի մեր կուրսղեկին, նրա սիրած արտահայտությունն է, որը զարմանալիորեն դաջվել է ուղեղիս մեջ:
-Ամեն մարդ ապրում է, ինչպես կարող է,- կտրուկ պատասխանեց Ժամկոչյանը, զգալով, որ վիճելն ավելորդ է:
Կողասեղանին շարված հեռախոսներից մեկը զանգեց: Ընկերը շտապ վերցրեց ընկալուչը և մեկեն ոտքի ելավ` լսում եմ…
Տիգրան Ժամկոչյանն ուղղեց մեջքը, ծուլորեն շուրջը նայեց: Հայացքն ակամա կանգ առավ պատից սևեռուն իրեն նայող մեծադիր նկարին (գուցե պետք է նրան դիմել` մտածեց), ապա աչքը սահեցրեց ընկերոջ գերլարված դեմքով: «Քո գործն էլ մի գործ չի»,- անցավ մտքով, ու մի փոքր տխրություն իջավ վրան:
-Շատ լավ… Անպայման… Ճիշտ այդպես…,- ընկերը ցած դրեց խոսափողը, նստեց, փողկապի հանգույցը թուլացնելով խորը շունչ առավ:
Ժամկոչյանը, որպեսզի չասեր` ինչու կանգնած էիր խոսում, չեզոք տոնով հարցրեց.
-Հյուրանոցիդ շինարարությունն ավարտեցի՞ր:
-Վաղո՜ւց,- ընկերոջ դեմքի մռայլ արտահայտությունն իսկույն փոխվեց,- աննման կառույց է,- և ինքնագոհ ժպտաց:
Մի ուրիշ հեռախոս զանգեց: Ի պատասխան աշխատասենյակի տերը գործարար տոնով ասաց` չորս-հինգ րոպեից ու դարձավ նրան.
-Չլինի՞ որոշել ես մնալ: Ասեմ, մի ընտիր համար առանձնացնեն` ջակուզիով, այլևայլ հարմարություններով,- և բութ մատը ցցելով երկիմաստ աչքով արեց,- արքայավայել կհանգստանաս:
-Հենց այնպես հարցրի:
-Մնա, երեկոյան կգամ, կզրուցենք, կհիշենք մեր ջահելությունը:
-Չէ, տուն պիտի գնամ, ավտոբուսի մեկնելու ժամն է:
Ընկերը ականջաբլթակը քորելով մտորեց մի քիչ, գրասեղանի գզրոցից ինչ-որ տուփիկ հանեց` լուցկու չափ, մեկնեց նրան:
-Ի՞նչ է դա:
-Մեր գերատեսչականն է, թեև դու ավելիին ես արժանի: Չվերցնես, կնեղանամ,- և գրեթե զոռով նրա գրպանը խոթեց: -Ներիր, որ ամեն ինչ այսպես հապճեպ ստացվեց…
Տիգրան Ժամկոչյանը տուն վերադարձավ անտրամադիր: Մի տտիպ զգացում կար հոգում:
Սեդան արդուկով էր զբաղված:
-Գոռիկն է զանգել,- ասաց:
-Ե՞վ…
-Մաղարիչ տուր, ասեմ,- կինը անսովոր ժպտաց:
-Առ,- գրպանից հանեց տուփիկը և պարզեց նրան:
-Մեդա՞լ…
-Ասելիքդ ասա:
-Ուսանողական խորհրդի երաշխավորությամբ,- ընդհատ ձայնով, դանդաղ, որ զսպեր հուզմունքը, ասաց Սեդան,- ամերիկահայ մի բարերար կհոգա տղայիդ ուսումը:
-Ոչ միայն հացիվ,- ինքնաբերաբար դուրս թռավ բերանից:
-Ի՞նչ,- հարցրեց կինը:
-Ոչինչ…

Թիվ 06-07 (185-186)

Տարածել

Պատասխանել