Ամալյա Գրիգորյան / Այստեղ լույսը բացվում է Գանձասարի սուրբ ղողանջներով

0

Ակնառու իրողություն է, որ այսօր Արցախն աշխարհին նաև հոգևոր առումով ներկայանալու անհրաժեշտու-թյուն ունի: Հետևաբար, դրան պիտի միտված լինեն մեր բոլոր գործողություններն ու նախաձեռնություն-ները: Եվ ահա մեր սեղանին է տիկին Բաղրամյանի «Գանձասարի շուքի ներքո. Վանք» գիրքը, որը համառոտակի ներկայացնում է գյուղի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Գյուղ, որն ունի իր ինքնատիպ նկարագիրն ու անցած հերոսական ճանապարհը: Նախևառաջ այս բնակավայրը հանրահայտ է Գանձասար վանքով, որն առանձնակի շուք է հաղորդում տարածաշրջանին, ապա՝ գեղեցիկ աշխարհագրական դիրքով, շնորհաշատ, խիզախ ու հայրենասեր մարդկանցով: Գրքի նախաբանում հեղինակը հստակ հիմնավորում է աշխատության ստեղծման դրդապատճառներն ու անհրաժեշտությունը: Նա գրում է. «Վանք գյուղի անցյալի ու ներկայի մասին գրելու մտահղացումը իմ մեջ ծագել է դեռևս արցախյան շարժման ժամանակ, երբ ադրբեջանցի պատմաբան Ախունդովը համարձակվեց և գիրք գրեց սուրբ և հզոր Գանձասարի մասին ու անամոթաբար նշեց, որ Գանձասարը ալբանական եկեղեցի է, իսկ նրա շրջապատում ապրող մարդիկ ալբաններ են»: Իհարկե, նման կեղծ փաստարկը չէր կարող իրականությանը համապատասխանել, և անմիջապես հերքվել է:
Վանք գյուղի պատմությունը մեր երկրամասի և մեր ժողովրդի համար առանձնահատուկ է նրանով, որ այստեղ էր գտնվում մեր կաթողիկոսանիստը: Գանձասարը, բացի հոգևոր առաջնորդարան լինելուց` դարեր շարունակ կարևոր առաքելություն է ստանձնել նաև ազատագրական շարժումներն ուղղորդելու, կազմակերպելու առումով: Հեղինակը հետաքրքիր փաստեր ու վկայություններ է բերում տարբեր սկզբնաղբյուրներից (Անանիա Մոկացի, Մխիթար Գոշ, Կիրակոս Գանձակեցի, Լեո, Րաֆֆի, Մ. եպս. Բարխուդարյանց, Բ. Ուլուբաբյան, Գ. Գալոյան, Հ. Բեգլարյան), որոնցով առավել ընդգծվում է վանական այդ համալիրի ունեցած կարևոր ու ռազմավարական դերակատարությունը հայ ժողովրդի թե՛ հոգևոր, և թե՛ աշխարհիկ կյանքում:
Իրավամբ, Գանձասարը նաև ճարտարապետական բացառիկ արժեք է ներկայացնում: Հայկական ճարտարապետության լավագույն գիտակ, ռուս գիտնական Ա. Յակոբսոնի բնորոշմամբ, այդ կոթողը ոչ միայն «ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այնպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա», իսկ Սորբոնի համալսանի հայտնի բյուզանդագետ, պրոֆեսոր Շառլ Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրորդը համարել է Գանձասարը: Գրքում զետեղված է նաև Գանձասար անվան բացատրությունը. Գանձասար է կոչվում՝ նրա շրջակայքում արծաթահանքի առկայության պատճառով: Հավելեմ, որ կա նաև անվան հոգևոր բացատրությունը: Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հավհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի սուրբ ծնոտը, Լուսավորչի թոռ Գրիգորիսի և այլ նահատակների սուրբ նշխարները: Ինքս հակված եմ Գանձասար անվան ծագումնաբանության այս տարբերակն ընդունելու, չնայած գրքում այս տեսակետի մասին խոսք չկա:

Այսպես, առաջին գլխում՝ «Գանձասար», հեղինակը հանգամանորեն ներկայացնում է Գանձասարի վանքային համալիրի պատմությունն ու տարեգրությունը` նրա հիմնադրումից, ձեռնադրված կաթողիկոսներից, ծավալած գործունեությունից, բազում փորձությունների ու արհավիրքների դիմակայումից հետո անառիկ ու անպարտ հասնելը մինչև մեր օրերը:
Երկրորդ գլուխը նվիրված է Վանք գյուղի պատմությանը: Հեղինակը հետաքրքիր փաստերի ու տեղեկությունների միջոցով առավել հավաստի ու ամբողջական է դարձնում գյուղի պատմությունը՝ սկսած դեռևս նրա ծագումից: Պատմական տեղեկությունների հավաստմամբ գյուղն իր հիմնադրման սկզբնական շրջանում նույնպես կրել է Գանձասար անունը և եղել է Խաչենի իշխանության՝ Հասան Ջալալյան տոհմի աթոռանիստը: Հետագա տարիներին գյուղը կրել է տարբեր անուններ՝ Վանքեն շեն, Վանք գեղ, Վանք: Գյուղի առաջին բնակիչները եղել են Հասան Ջալալյանները: Բնակավայրի հինավուրց տոհմերից է Բաղրամյանների տոհմը, հեղինակը նշում է, որ դրանց արմատները ծագել են Արևմտյան Հայաստանի Ղարս քաղաքից եկած վերաբնակիչ Բաղրամից: Գյուղում ապրում էին հետևյալ տոհմերը՝ Ջալալյաններ, Բաղրամյաններ, Բալայաններ, Ահարոնյաններ, Օհանյաններ, Հակոբյաններ, Չիլինգարյաններ և այլք:
Անհերքելի իրողություն է՝ գյուղը գյուղ է իր երևելի զավակներով: Ուշագրավ է` Վանք գյուղը բոլոր ժամանակներում էլ տվել է շատ հայտնի ու նշանավոր մարդիկ, որոնք ապրել և գործել են աշխարհի տարբեր ծայրերում: Նրանք, հավատարիմ մնալով իրենց արմատներին, մշտապես օժանդակել ու աջակցել են իրենց հայրենակիցներին: Առանձնապես մեծ էր վանքեցիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, անուրանալի է նրանց ցուցաբերած սխրանքն ու նվիրումը: Հեղինակը մեկ առ մեկ ներկայացնում է Հայրենականում զոհված իր հայրենակիցների անունները: Երախտապարտ վանքեցիները նրանց հիշատակին գյուղում հուշակոթող են կառուցել:
Արցախ աշխարհի և ոչ մի բնակավայր անմասն չմնաց նաև արցախյան պատերազմից: Անգնահատելի է Վանք գյուղի ներդրումն արցախյան շարժման ու գոյամարտի տարիներին: Շատ շատերի նման բազմաթիվ վանքեցիներ իրենց կյանքն են նվիրաբերել մերօրյա պատերազմում: Անսահման ջանք ու անձնազոհություն են դրսևորել նաև բոլոր նրանք, ովքեր թիկունքում էին՝ անմիջական մասնակցություն ցուցաբերելով մեր ազատության պայքարին: Գրքի հեղինակը՝ Ֆլորա Բաղրամյանը, ով այդ տարիներին գյուղի դպրոցի տնօրենն էր՝ շատ շատերի նման ընտանիքով ակտիվ մասնակցություն է ցուցաբերել գոյամարտին: Գրքում առանձին անդրադարձ է կատարվում պատերազմի ժամանակ դպրոցի ցուցաբերած անուրանալի դերակատարությանը: Ցավոք, գյուղը նաև մեծ կորուստներ է ունեցել, մոտ հինգ տասնյակ վանքեցիներ իրենց կյանքն են նվիրաբերել երկրի ազատության զոհասեղանին: Զոհված ազատամարտիկների հիշատակին Վանքում հուշարձան է կանգնեցվել: Պատահական չէ, որ սույն աշխատանքը նվիրված է արցախյան շարժման 30-ամյակին:
Պետք է նշել, որ հեղինակն այս ամենի համապատկերում, առանձնակի սիրով է խոսում գյուղի նվիրյալ զավակ Լևոն Հայրապետյանի բարեգործական հսկայական ներդրումների մասին, ներդրումներ ոչ միայն Վանքի, այլև՝ Արցախի զարգացման ու բարգավաճման գործում: Հեղինակը անթաքույց հպարտությամբ գրում է. «Այս ծանր ժամանակահատվածում, ինչպես պայծառ արև՝ ամպրոպից հետո, երկնքում փայլեց մեր հույսն ու հավատը, մեր Լևոն Հայրապետյանը և ջերմացրեց մեզ: Հայոց հարուստ բառապաշարը չի հերիքում, որ ես բնութագրեմ այն ամենը, ինչ արել է նա…Լևոն Հայրապետյանը, հիրավի ազգային մեծ արժեք էր»:
Անշուշտ, գյուղը հպարտանալու բազմաթիվ պատճառներ ունի, նա տվել է նշանավոր գիտնականներ, մանկավարժներ, բժիշկներ, որոնք իրենց անուրանալի դերակատարությունն են ունեցել և այսօր էլ շարունակում են հայրենանպաստ գործով մասնակցել մեր երկրի պետականության ստեղծմանն ու բարօրությանը:
Վանքեցու ինքնատիպ ու տոհմական, պարզ ու շիտակ կերպարը առավել բացահայտված է գրքում զետեղված «Մեր ավանդապաշտ սրամիտները» բաժնում: Արդեն իսկ բանահյուսություն դարձած Տահտուլանց Միշայի սրամտությունները բավակականին շոշափելի ու տեսանելի են դարձնում հումորասեր Վանք գյուղի գուներանգը: Ուշագրավ է հետևյալ միջադեպը. երբ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն առաջին անգամ գալիս է Արցախ և այցելում Գանձասար, ընդունված կարգի համաձայն հյուրի պատվին ճաշկերույթ են կազմակերպում: Սեղան պատրաստողն էլ վանքեցի բազմազավակ ու հանրահայտ Միշան էր: Երբ նստում են սեղանի շուրջ, Սիլվա Կապուտիկյանն ուզում է խոսել, այդ պահին Միշան տեղից ասում է. «Ա ծեզ մատաղ, խե սեղանին ղրաղին մին տղամարթ չի կա, վար կնեգը թամադություն անե»:
Տիկին Բաղրամյանը հակիրճ, բայց հանգամանալից տեղեկություններ է ներկայացնում նաև գյուղի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների, ապա նաև գյուղի լանդշաֆտային առանձնահատկությունների, ֆլորայի ու ֆաունայի մասին, որոնցով առավել համալիր պատկերացում ենք կազմում այս պատմական բնակավայրի մասին: Գրքում տեղադրված խոսուն լուսանկարները նույնպես յուրովի բացահայտում են Վանքի առանձնահատկություններն ու հարուստ պատմությունը:
Գրքի արժանիքներից մեկը, այս մասին ուզում եմ անպայման շեշտել, այն է, որ հեղինակը բավական կառուցիկ ու համակարգված է շարադրել իրողությունները, ինչն էլ նպաստում է գրքի ամբողջականությանն ու խոսքի ներքին դինամիզմին, այն ավելի մատչելի դարձնում ընթերցանության համար:
Հիրավի, Ֆլորա Բաղրամյանը խիզախել ու մեծ նվիրումով ստեղծել է այս բնակավայրին արժանի տարեգրություն: Նկատենք, հեղինակը փաստերի ու իրողությունների սոսկ վավերագիր չէ, գյուղի առօրյան ներկայացնելիս նա այս ամենի ոչ միայն ականատես է, այլև գործուն մասնակից իրադարձությունների, ինչն էլ հնարավորություն է ընձեռել հավատարիմ մնալ երևույթների ճշմարտացիությանը, հավաստի ու ճշգրիտ ներկայացրել խոսքը: Ավելին՝ անթաքույց է նրա՝ որպես ազնիվ արցախուհու վերաբերմունքն ու մտահոգություններն իր ծննդավայրի ներկայի ու ապագայի հանդեպ:
Գիրքը ծավալով փոքր է, բայց նրա արժեքը, անշուշտ, չափվում է այն նվիրումով, որով գյուղական կյանքով ապրող, մեծ սիրտ ու, չզլանանք օգտագործել այս բառը, տաղանդավոր գրիչ ունեցող մտավորականն, ավելի քան հինգ տասնամյակ անձնվիրաբար ծառայել է ապագա սերունդների լուսավորության ու դաստիրակության գործին:
Համամիտ եմ Ֆլորա Բաղրամյանի այն առաջարկի հետ, որ անհրաժեշտ է Արցախի բոլոր գյուղերի պատմությունները գրի առնվեն, որովհետև դրանք կազմում են Արցախի պատմության անքակտելի մասը:
Աշխատությունը եզրափակվում է հեղինակի պատգամներով: Այս գիրքը ունի ոչ միայն հայրենագիտական արժեք, այն հիրավի, հայրենասիրության յուրովի դաս է՝ սերունդների համար:

 Թիվ 06-07 (185-186)

Տարածել

Պատասխանել