Քանաքարա Քոչարյան-Նիկոլա Ժիլ / Հոգու և գոյության հստակ իրավիճակներ կամ՝ պոեզիա, որ զարմացնում է…

0

Միկրոբանաստեղծության մակրովարպետը… Նա խոհի հատիկը սերմանում և թողնում է անհանգիստ ու ապրեցնող եզրագծերում, որտեղ և վերաիմաստավորվում ու տեսլավորվում են նոր դրույթներ: Դրանք ինձ զրույցի տարան ֆրանսիական ժամանակակից քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Նիկոլա Ժիլի մոտ:
Քանաքարա Քոչարյան – Ո՞րն է բանաստեղծության հիմնական հենքը, եթե, իհարկե, այն գոյություն ունի՝ որպես այդպիսին:
Նիկոլա Ժիլ – Այո, դա հնարավորությունն է, Պասկալի կողմից մատնանշված հարաբերականն ու «ժամանակայինը», վտանգը մշտապես ներկա է: Եվ, անկասկած, վճռական նվազագույնն այդ մեզ պետք է, որպեսզի մեր բանականությունը չներփակվի ածանցյալ զբաղվածությունում, հատկապես, որ վերջինս բավականին հոժարակամ է գործածվում կարևոր հարցերը դիմակավորելու համար: Համասեռություն (sexuolite), ոգեղենություն (spiritualite) և մահ, որը, վերջին հաշվով, կյանքն է: Մեր փնտրտուքը, գուցե և՝ թեական, ներքին ներդաշնակությունն է աշխարհի հետ և այլն: Բանաստեղծությունն այն ակնթարթն է, որը թույլ է տալիս լքել անմեղ երջանկությունը` աշխարհին պատկանելու համար: Թողնել իրական վերընթերցմանը` հաղթահարելով երևակայական և զննողական պրիզմաները (դիտակները)` հավելյալ խոնարհումներով:
Այնուամենայնիվ, կուզենայի իմանալ այն հիմնական դժվարությունների մասին, որորնց Դուք հանդիպել եք իմ բանաստեղծությունների թարգմանության ժամանակ:
Ք. Ք.- Ժամանակակից բանաստեղծությունը հաշվեհարդարորեն է մոտենում դասական վանկերին և բանաստեղծական ներքին ռիթմին, սակայն Ձեր պարագայում զարմանալիորեն ներդաշնակվում են դասական և արդի բանաստեղծության եզրերը, մոդեռն, օքսիմորոնային, երևակայական ու նկարագրական պատկերների հետ մեկտեղ Ձեզ հաջողվում է ստեղծել բանաստեղծական նոր ռիթմային լեզու, որտեղ համաչափորեն պահպանվում են խաչաձև (a, b, a, b), գրկախառնված (a, b, b, a), հարթ (a, a, b, b), հայելային կամ արտացոլանքի (a, b, c, c, b, a) հանգավորումները: Այս ամենը, դժբախտաբար, անհնարին եղավ պահպանել թարգմանության տարբերակում: Այս առումով կուզենայի ընդգծել «Թիթեռնիկ» բանաստեղծությունը: Թղթե թիթեռնիկները /բանաստեղծությունները/ նույնպես ծալված են համաչափ թևերով (տողերով ու հանգավորումներով- a, b, c, d-d, c, b, a), որոնց համաչափության արտացոլումը, ցավոք, մնաց թերությունների լուսանցքում: Կամ՝ «Շագանակենու ճյուղերը»: Բանաստեղծական կտավին հստակորեն է արտացոլված շագանակենու ճյուղերի իջնող և ապա վեր բարձրացող ընթացքը՝ համաչափ հանգավորումներով: Թարգմանության մեջ, գո՞ւցե թե, ընթերցողը հաջողի զգալ վերջինիս կորընթաց համաչափությունը, սակայն հանգավորումը նույնպես պետք է փնտրել թերությունների լուսանցքում:
Ձեր պոեզիան զարմանալիորեն մեկտեղում է դասական և ժամանակակակից հասկացությունների գործառույթները: Տեսնո՞ւմ եք տարանջատում նրանց միջև:
Ն. Ժ.- Լինել ժամանակակի՞ց, լինել դասակա՞ն… Շնորհակալություն հարցի համար, որն ինձ թույլ է տալիս հստակեցնել ինձ համար կենսական նշանակություն ունեցող մի հայացք: Որոշներն իմ պոեզիան կարող են որակել որպես պահպանողական /նոստալժիկ/: Որն է այդ մտահոգությունը հնագույն ռիթմի, արդյո՞ք, ոճական մի ձեռագործ կարող է առնչվել երիտասարդ պոեզիայի փորձարարությանը: Անկասկած, պոեզիան շահում է իր ճկունությամբ, երբեմն էլ համեստությամբ, վճռապես գործելով, այսպես ասած, ազատ տողի համար, այնուամենայնիվ, մնում է որոշակի մի հատված՝ նույնպես կառուցված կանոնի և հարկադրանքի հնարավորություններից հեռու: Ով է ասել, որ այս արվեստը սահմանն է արվեստի բոլոր օրենքների, այս արվեստն առանց արվեստի՞, և, ո՞վ գիտի, չի՞ կրճատվում, արդյոք, ռիսկային գործոնը. գուցե և մոլորվել իր իսկ ձեռք բերած անհատնում ազատության մե՞ջ: Ինչպես է հնարավոր ստեղծել ամուր հիմք, եթե տարիների ձուլումի և մի ամբողջ արվեստային անցյալի առաջընթացի խնայողություն ենք անում, եթե այն օգտագործում ենք մեծ թռիչքով՝ դատարկության մեջ, առանց ստույգ և բազում նշանակետեր արձանագրելու:
Անկասկած, պոեզիան պետք է լինի նորարար, նույնիսկ մոռացված որևիցե կրկնությամբ կառավարվելու քիչ հնարավորությամբ: Նրան է վերապահված անցյալի և շարունակական նոր արտահայտումների միջև գտնելու որևէ հավասարազոր եղանակ՝ ամբողջական ու նոր բնագավառների գերագույն բացահայտումով: Պահպանողական /տրադիցիոն/ և ժամանակակից գաղափարները շահում են՝ լինելով մեկ ժամանակակետի խոհերում, սակայն՝ ոչ իրար հակադրող, այլ փոխլրացնող և շրջագայող: Այս դիտակետից տայժուցու (taijitsu, ճապոնական մարտարվեստ) ուժային կերպարը հստակորեն արձանագրում է այն, որ ավանդականը և նորարարականը կարող են շահել սնվելով միմյանցով. սկզբի և վերջի բացակայությունը, զսպանակային շարժումը, առաջընթացը, գույների համադրության լրացումները և այլն, պոետական շարժմանը տալիս են ավելի զորեղ և հաստատուն ընթացք:
Ավանդականի սիրահար, նորարականի բազմահոգ նվիրյալ. ես իմ պոեզիան անվանում եմ հին-ժամանակակից («retro-modern»):
Այնուհանդերձ, հետաքրքիր է Ձեր դիտակետը, թե պոետական ինչ ընդհանուր պահանջարկ է ամրագրել ժողովածուն:
Ք. Ք.- Ավանդական և նորարարական զուգագծերի վրա դրվեց պոետական հաստատուն մի ընթացք, որի հետագիծը, գո՞ւցե և կդառնա գրական ժամանակների փրկության սերմնացան:
Նիկոլայական են նաև բառի իմաստային երանգների շեշտադրման արվեստը և դրանց «հիերարխիկ» լուծումները: Օրինակ, «Հոգու ապաստարան» բանաստեղծությունում «հաղթանակ» բառն իր ողջ ձևաիմաստային մոդելով հանդերձ, միևնույն մեկնակետից հանդես է գալիս նաև որպես մտածողության նոր ուղու ցուցիչ. «Ուրեմն՝ ինչու փնտրել որևէ հաղթանակ, երբ դու ինքդ արդեն հաղթանակ ես». իմաստային ավարտ՝ միևնույն մեկնակետով. «Երբ ինքդ քեզ արդեն հաղթանակել ես այն պահին, ուր լքում ես ամբողջ հաղթանակը»:
Բառերն իրենց լսողությամբ և ներհուն բովանդակությսամբ ստեղծում են նաև հոգու /ներքին/ և գոյության /արտաքին/ հստակ իրավիճակներ: Այս առումով էլ հատկանշական է «Անապակ հոգի» բանաստեղծությունը, որն այնքան հարիր է վերջինիս եզրային նկարագրությանը: Երբ, որպես կանոն, բառերը սահմանափակում են հոգեկան աշխարհի արտահայտումները, Ձեր օրենքներով ընթերցողը մղվում է սահմանափակման ներքին անսահմանության հայտնաբերմանը՝ ունենալով հոգու անվերծանելի, անհանգիստ, բայց և հստակ կեցություն:
Իսկ ինչո՞ւ հենց «Բաց հոգի»: Ո՞րն է ժողովածուի հիմնական կոդազերծումը:
Ն.Ժ.- Արտահայտությունն արտացոլում է «բառարանացված» (lexicalisee՚) բանաձև «Բաց սիրտ»:
«Հոգի» բառը գտնվում է իմաստային ավելի ուժեղ գործառույթների առանցքում, և այնքան կենսական է, որ նրան նվիրվել են բազում բանաստեղծություններ, որոնք որոշների համար հանդիսանում են սպառված կամ մաշված եզր, բայց արդյո՞ք, կարող ենք նրա մասին խոսել միայն կիսահեգնական տոնով:
Բայց և այնպես որոշ հեղինակներ, ինչպիսին Ֆրանսուա Չենգը, վերջին ժամանակներում նրան են նվիրել կենսունակությունը զգացողությունների, որոնք առավելապես համապատասխանում են հնագույն գոյության հենքին, այն է՝ քնարականությունը արմատախիլ անելու անհնարինությունը, փոքրիկ քնարականությունն, ուրեմն, այս խմբի քերթվածները, փորձում են վերջինիս արտահայտիչը դառնալ:

Նախապահպանելով Նիկոլա Ժիլ երազողի մեր բաժին միամտությունը, մենք մշտապես նրա «Բաց հոգի»-ի բնակիչներն ենք:
Ժիլի բանասեղծական ընթացքը, արվեստի և պոետական հարցադրումները պաշտպանիչ կանգառ են, որտեղ ներքաշվում ես նոր ապրումների ու որոնումների մեջ՝ անընդհատ չնկատելով «եկող և անցնող գնացքները»: Ահա, թե ինչու անհնար է ընթերցել Նիկոլա Ժիլ և չմնալ զարմացած:

Թիվ 06-07 (185-186)

Տարածել

Պատասխանել