Վարդուհի Բաղդասարյան / Ստեղծագործում է զինվորը

0

Սուր՝ թե գրիչ. պատմական ամենավաղ հիշողությունն անգամ չի կարող ստույգ փաստել, թե սկզբից որն է գործածվել: Արվեստագետները վկայում են, որ հին-հիշելի ժամանակներում մելանով փետուրը գովերգում էր նվիրումի պահեր արարող կտրիճներին, իսկ ավելի վաղ մարդու հոգում, որպես ներքին խոհ ու խորհուրդ, հնչում էր մեղեդին: Ռազմագետներն իրազեկում են, որ մարդկության առաջնեկներն ինքնապաշտպանության բնազդով էին առաջնորդվում, իրենց վրա, որպես հագուկապի մաս՝ անպայման կրելով սուր կամ դանակ: Վերլուծաբանները պնդում են` սուր բռնողը գրիչ էլ կբռնի, և գրիչ բռնողը սուր էլ կօգտագործի: Ընդհանրացնելով` հանգում ենք այսպիսի ճշմարտության. մելանով փետուրը /գրիչը/ խորհրդանշում է մշակույթը, սուրը` ռազմական մշակույթը: Առանց մշակույթի` այդ թվում` և քաղաքացիական, և ռազմական, հնարավոր չէ: Բազմաթիվ մարտեր իրենց հաղթական ելքը վճռել են հայրենասիրական երգերի ներքո: Զինվորի ոգին արտահայտվում է երգով, պարով, բանաստեղծությամբ, նկարով, քանդակով…. Արվեստի հանրահայտ շատ ստեղծագործություններ ու մշակույթի անանց արժեքներ ստեղծվել են ռազմի դաշտում կամ խաղաղ ծառայության տարիներին: Հայոց զինված ուժերում ծառայում են բազմաշնորհ երիտասարդներ, ովքեր եթե նույնիսկ չեն օգտագործում իրենց շնորհը, ապա գնահատում և տրվում են այն արժեքներին, որոնցով պետք է ապրել: Իսկ որպես կանոն, յուրաքանչյուր զորամասում անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներն ապահովում են ինչպես զինծառայողների մշակութային, այնպես էլ` ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ:
Ն զորամասի մի խումբ զինվորականների վերջերս հանդիպեցինք Մարտակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Մարտակերտում զինվորների մի ստվար խումբ վայելում էր համերգը, մի փոքր խումբ էլ` բոլորին ծանոթ «Դետք» խմբի տղաները, երգում էին:
Խումբը, որ ստեղծվել է 2015 թվականին՝ պրոդյուսեր Արման Ամպ Մելքոնյանի նախաձեռնությամբ, հայկական սոֆթ ռոք ժանրի բոյ բենդ է: Դեբյուտը կատարել է «Մամա» երգով: Առաջին տեսահոլովակի` «Հավերժից էլ երկար» երգի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015-ին և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տղաներն այնուհետև երգեցին «Շուշի», «Ծառայելու եմ», «Հայրենիք», «Մեկ ազգ, մեկ բանակ» երգերը և օրավուր ընդլայնեցին երգացանկը: Շուտով նրանք զորակոչվեցին: Վահան Կիրակոսյանը, Արման Պետրոսյանը և Միքայել Մելքումյանը քաղաքացիական կյանքում ուսանող էին: Խորհրդանշական է, որ մինչև զորակոչվելը տղաները երգում էին հիմնականում հայրենասիրական երգեր: «Դետքը» պաշտպանության ու հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքրիկ ջոկատ է, դիտորդների խումբ: Վահանի, Արմանի և Միքայելի ջոկատը հայոց բանակի առաջամարտիկ ջոկատ լինելով, իր դիրքերը պահպանում է նաև մշակույթի առաջնագծում: Նրանք հրաշալի գիտեն, որ բանակային ծառայության այդ երկու տարիները կայացման տարիներ են: Դա տղեկությունից տղամարդ դառնալու շրջան է, սահմանն ամուր պահելու, իրենց պարագայում` մի քանի րոպե ազատ ժամանակը համերգի վերածելու, տրամադրություն ստեղծելու, հայ մշակույթը հանրահռչակելու առիթ և անհրաժեշտություն: Ուսանող երիտասարդների համար բանակն ինքնակրթվելու և մասնագիտական ունակությունները մշակելու հավելյալ հնարավորություն է:
«Դետք»-ի երիտասարդ ստեղծագործողները նոր երանգ մտցրին հայկական փոփ մշակույթում: Վահանը, որ բանակ է զորակոչվել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի լեզվաբանության ֆակուլտետից, լեզուների հանդեպ մեծ սեր ունի: Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, իսպաներենին: Օժտված երիտասարդը նաև գրում է: Ասել է, թե՝ ստեղծագործում է: Տպագրման համար պատրաստ է նրա «Ծարավը հիշելով» գրքույկը: Զինծառայության ընթացքում 34 անուն գիրք է ընթերցել: Եվ, ինչպես ինքն է ասում, դա բոլորովին չի խանգարել իր ծառայությանը: Ընթերցանության ազդեցությունն էլ բարերար էր: Վահանի նախասիրություններից մեկը լուսանկարչությունն է: Նրա աշխատանքները սոսկ լուսանկարներ չեն. ամեն պատկերի մեջ զգացվում է նուրբ հոգու տեր մարդու դիտողականություն, սուր աչք, պահը որսալու բացառիկ ունակություն: Վահանի լուսանկարներից մեկը 2014թ. նոյեմբերին Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդի և «Ո՛չ ատելությանը» շարժման համատեղ կազմակերպած կրոնական անհանդուրժողականության թեմայով լուսանկարչական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Երիտասարդին հրավիրել են Ստրասբուրգ՝ հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցելու մարդու իրավունքներին նվիրված Եվրախորհրդի գիտաժողովին: Երիտասարդ լուսանկարչին միջազգային ճանաչում բերած լուսանկարում կապված ձեռքերը քանդում, արձակում են մեկ այլ ձեռքեր: Այն խորհրդանշում է մարդու ազատագրումը բռնությունից, կապանքներից, կաղապարներից, նվաստացումից: Լուսանկարում գթասրտության, բարության, մարդկայնությունը չկորցնելու, մարդ մնալու ազնիվ քարոզն ու գաղափարն է:
Արհեստավարժության առումով գուցեև անհամեմատելի, բայց ասելիքի առումով գրեթե նույն գաղափարը «Գիշերային դետք» մեծակտավում պատկերել է հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտը` 1642 թվականին նետաձիգների վաշտի պատվերով: Նա մարմնավորել է քաղաքացիական բարձր իդեալների, ազատության և ազգային անկախության պայքարի ելած ժողովրդի մասին իր պատկերացումը: Այն տարիներին, երբ օրեցօր ավելի ուժգին էին արտահայտվում երկիրը ջլատող ներքին հակասությունները, նկարիչը հանդես է եկել քաղաքացիական սխրագործություն կատարելու կոչով: Իր կտավով Ռեմբրանդտը ձգտում էր ստեղծել հերոսական Հոլանդիայի կերպարը, գովերգել նրա քաղաքացիների հայրենասիրական ոգևորությունը…
Վահանի լուսանկարները կյանքից ուղղակի թղթին փոխադրված պատկերներ են, որոնք ճիշտ տեղադրելու արդյունքում վերածվել են արվեստի, և թվում է, թե լուսանկարողը օբյեկտիվից բացի օգտագործել է նաև ձեռքի հմուտ շարժումը` լուսանկարը խոսուն դարձնելու նպատակով: «Գիշերային դետքի» հեղինակը` Ռեմբրանդտը, իր հայրենիքի սերը կրողն էր, հանուն այդ սիրո՝ արվեստի լեզվով պայքարելը: Տղաները նման գործերից ազդվելով, սովորելով մեծերից, ստեղծում են իրենցը, որը երբեմն մնում է որպես սովորական մի գործ, երբեմն էլ, հավանաբար ոգեշնչման պահերին, վերածվում է արվեստի կոթողի: Վահանը զբաղվում է նաև լրագրությամբ, բայց իրենը երաժշտությունն է: Երաժշտաշխարհում Միքայել Մելքումյանը նույնպես իրեն շատ վստահ է զգում: Թատերական ինստիտուտի սանը կրթությունը չի շարունակել, որովհետև շուտով զորակոչվել է բանակ:
«Առաջին երկու ամիսը բավականին դժվար անցավ, դժվար էր առանց ընտանիքի անդամների, ընկերների, բայց հարմարվեցի: Բանակն ինձ օգնել է ավելի լավ ճանաչել աշխարհն ու մարդկանց»,- ասում է Միքայելը:
Երիտասարդ երգիչը 5 տարեկանից դաշնամուր է նվագում: Նրա մտերիմ ընկերն է կիթառը: Փոքր տարիքից է երգում: Պրոֆեսիոնալ երգեցողությամբ սկսել է զբաղվել՝ ընդգրկվելով «Դետք»-ի կազմում:
Արման Պետրոսյանը բանակ զորակոչվեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կիթառի բաժնում վեց ամիս սովորելուց հետո: Նա երգիչ-երգահան Տիգրան Պետրոսյանի որդին է: Նրանց երաժշտական ճաշակները բավականին նման են: Արմանն ասում է, որ իր առաջին ուսուցիչը հայրն է, նրանից է ոգեշնչվել: Բազմաշնորհ երիտասարդը նաև երաժշտություն է գրում: Մինչ զորակոչվելը հասցրել է նկարահանվել բանակային կյանքի մասին պատմող կինոնկարում:
«Դետք» խմբի տղաներն իրենց հայրենիքի պահապաններն են, սեփական հայրենիքն արվեստով գովերգող, փառաբանող մարտիկներ, ամուր սահմաններով և կատարյալ մշակույթով կայացած պետություն կերտող գաղափարակիրներ: Զինվորական ծառայության ստեղծագործական բուռն պահերը, աներկբայորեն, վկայում են մասնագիտական զարգացման մասին, ինչը սեփական գործերում համեստաբար նկատում են նաև երիտասարդները. «Մեր կարծիքով, յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տղայի, որպես մարդու, զինծառայությունը տալիս է ապրելու, համակերպվելու, ձևավորվելու և իր դիրքը հանրության մեջ հստակեցնելու ունակություն: Մենք ծառայում ենք և ստեղծագործում: Ուրախալի է ու ոգևորող, երբ որ գիտես` կան զորամասեր, որտեղ տարեկիցներդ ճաշարան գնալիս քո խմբի երգերից մեկն են երգում` «Հայրենիքը»:
Տղաները սկզբից տարբեր զորամասերում էին ծառայում: Նրանք շնորհակալ են բանակի բարձրաստիճան ղեկավարությանը և բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծել են նույն զորամաս տեղափոխվելու և միասին ծառայելու ու ստեղծագործելու պայմաններ: Նախքան զորակոչվելը, տղաները, բնականաբար, ընկերներից, ծանոթ-բարեկամներից լսել էին բանակային ծառայության մասին: Նրանք ուրախ են, որ որպես կայացման դպրոց, անցել են այդ ծառայությունը, որից հետո ակնհայտորեն փոխվել է իրենց աշխարհայացքը:

Խումբը 2017թ. «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի փոփ բենդ: Տղաները վերջին երգերից մեկը նվիրել են քառօրյայի օրերին զոհված հերոսների հիշատակին: Որոշել են` անդրանիկ ձայնասկավառակից` «Դիտակետ հ. 21», ստացված հասույթը տրամադրելու են զինծառայողների առողջության վերականգնման կենտրոնին, որտեղ քառօրյայում վիրավորված զինվորներ են ապաքինվում:
Վահանն ու Միքայելը վերջերս զորացրվել են: Արմանը դեռևս շարունակում է ծառայությունն Արցախի պաշտպանության բանակի շարքերում: Հանրածանոթ ու սիրված երգի բառերը` «Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու, իմ խղճի դիմաց պարտքս կատարած…», որ երգել են խմբի տղաները, երգում են բոլոր զինվորները: Ամիսներ անց Արմանի` իր խղճի դիմաց պարտքը կատարելուց և խմբին միանալուց հետո, երաժշտական եռյակը նոր մակարդակ կհաղորդի հայկական երգարվեստին` իր նպաստն ընծայելով հայոց հոգևոր սահմանների անսասանությանը:

Թիվ 06-07 (185-186)

Տարածել

Պատասխանել