Նվարդ Ալեքսանյան / Ամենից ավելին սիրեցեք միությունը… Տոն` Մուրացանի արվեստին նվիրված

0

Իր գույների հրավառությամբ աշունն Արցախում այսչափ բոլորանվեր չէր լինի, եթե մշակութային հայտագրում հաստատուն չլիներ համարյա չորս տասնամյակի պատմություն ունեցող արվեստի մի տոն, որն իր մեջ ներառում է հայ գրականության եզակի դեմքերից մեկի` Մուրացանի գրական ժառանգությունը:
Եվ անանց արժեքների հանգով, արվեստի մուրացանյան տոնը, ամեն անգամ ներկայանում է յուրովի, քանզի անսպառ է մեծանուն արվեստագետի` իր հարազատ ժողովրդին ուղղված ասելիքը և իմաստուն` խորհուրդ-պատգամը:
Սեպտեմբերի 30-ին` հանդիսավորությամբ, գրողի ծննդավայր Շուշիում, տրվեց քառօրյա տոնի մեկնարկը: Հայոց բերդաքաղաքում տեղադրված Մուրացանի արձանի մոտ կայացավ առաջին հանդիպումը` պսակածաղկադրությամբ, ելույթներով: Ներկա էին Արցախի գրական ընտանիքի անդամներ, ուսանողներ, հյուրեր` ՀՀ-ից և Սփյուռքից:
Այս տարի ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պ. Վարդան Դևրիկյանը, գրողների միության քարտուղար, բ.գ.դ., պ. Պետրոս Դեմիրճյանը, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը, բ.գ.թ. Մանե Սարինյանը, ամերիկաբնակ մանկավարժ, հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանը:

Օրվա առաջին մասն ավարտվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում` մոմավառությամբ:
Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի «Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտա-կան Լյուտովիկա և Հակոբ Այնթափլյան» կենտրոնում կայացած սարինյանական ընթերցումներով /«Մեծ մուրացանագետը. սարինյանական ընթերցումներ»/ շարունակվեց տոնը: Հիրավի, Սերգեյ Սարինյանը, ով իր գրականագիտական վիթխարի ժառանգությամբ հայ գրականագիտության պատմության մեջ անկրկնելի դերակատարություն ունի, նաև բոլոր ժամանակների ամենամեծ մուրացանագետն է: Եվ այս առումով, երիցս ողջունելի էր արվեստի մուրացանյան տոնից անբաժան դիտարկել մեկ տարի առաջ կյանքից հեռացած անվանի գիտնականի ավանդը` որպես նրա հիշատակի յուրատեսակ խնկարկում: Սարինյանական ընթերցումները ներկայացրին մուրացանագիտության դասերը` գրականագիտական սարինյանական դպրոցի հայացքի ներքո: Ողջունելով ներկաներին, ԱՀ գրողների միության նախագահ Վ. Հակոբյանն ընդգծեց, որ ամենամյա այս տոնը միշտ էլ լինելու է ուշագրավ և ուսանելի, քանզի Մուրացան գրողի ստեղծագործության հզոր հենակետը իր հայրենիքն էր և նրա դժվարին ճակատագրի հանդեպ եղած գրողի մտահոգությունը մատնանշել է այն ուղիները, որոնք` առաքելության, ընտանիքի ամրության ու ազգային միաբանության առանցքային գաղափարներով են հառնում: Այդ գաղափարներն իրենց արտահայտությունն ունեն և ներկայիս ժամանակում և շարունակելու են ուղեկցել մեր ժողովրդին`նշեց Վ.Հակոբյանը:

ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վ. Դևրիկյանն իր խոսքն սկսեց շնորհակալությամբ` մուրացանյան օրերի շրջանակում Սարինյանի հիշատակը ոգեկոչելու համար: Սարինյանն այն գրականագետ-հետազոտողն էր, ով զբաղվելով հայ գրականության տարբեր հեղինակների ստեղծագործություններով` առաջ է քաշել առանձին հեղինակներից մեծ ընդհանրացում կատարելու անհրաժեշտությունը` կարևորելով իրականության պարբերացման հարցը: Հայ և համաշխարհային գրականության պատմության պարբերացման փուլերը յուրաքանչյուր երկրում կապվում են տվյալ ժողովրդի պատմության պարբերացմամբ: Մեր իրականության մեջ անգամ պատմության պարբերացման մեջ հստակ չէ ուշ միջնադարից անցումը դեպի նոր շրջանի պատմությանը, հարց, որը միշտ վեճերի տեղիք է տվել: Ըստ Ս. Սարինյանի, եթե դիտարկում ենք ոչ թե մեկ գործ, այլ գրական ողջ շարժումը, ապա հայ նոր գրականության առաջին տարրը ի հայտ է եկել 16-րդ դարի վերջին ու 17-րդ դարասկզբին: Վ. Դևրիկյանը ներկայացրեց այս հարցի առնչությամբ սարինյանական փաստարկը. հայ նոր գրականությունը սկիզբ է առել միջնադարում: Այդ ժամանակ մարդը դարձավ գրականության հերոսը: Խոսելով Սարինյան գրականագետի հայ գրականության պատմությանը հանձնած մնայուն աշխատությունների մասին` Վ. Դևրիկյանը նշեց, որ Մ.Աբեղյանին հետևում է Ս.Սարինյանը` իր կուռ մտածողությամբ ու ստեղծած գրականագիտական համակարգերով: Նրա համար մեծ ու փոքր հեղինակներ չկային, նա գրական մեծությունների ծնունդը ցույց է տալիս գրական ընթացքի մեջ: Հայ գրականության մեծ ընկալումը, որ կա Ս.Սարինյանի ստեղծագործությունում, պետք է օրինակ և դաս լինի բոլորիս, որ մենք զգանք իրականությունն իր ամբողջության մեջ և, որ յուրաքանչյուր գրական գործի պետք է վերաբերվենք պատասխանատվությամբ` ասաց Վ.Դևրիկյանը:
ՀՀ գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանն իր ելույթում նշեց, որ Սարինյանը իր բազմաշերտ գրականագիտությամբ` հանրագիտարանային գիտելիքներով մարդ էր, հայ գրականության ընթացքին աչալուրջ հետևող դասական հայացք: Նա պատասխանատու էր գրականության համար, իր ժամանակի համար` լինելով այդ պատասխանատվությունը կրող եզակիներից: Դրվատելի է,որ երկու մեծությունների` Մուրացանի և Ս.Սարինյանի ժառանգության ուսումնասիրությամբ է նաև պահպանում Արցախն իր մեծ ոգին: Մեկը` շուշեցի էր, իր հզոր ներկայությամբ, Շուշիի բնության աստվածատուր, ամրակուռ հայացքով, մյուսը` խաչենցի, նույնքան խորը ու արմատական, երկուսն էլ պատմական մեծ դեր ունեն մեր գրականության մեջ և մեր գրականությունը գնահատելիս` ասաց Է. Միլիտոնյանը:

ՀՀ գրողների միության քարտուղար Պ.Դեմիրճյանը Սարինյանին գնահատեց որպես անցյալ դարի 50-ականներին ասպարեզ մտած մեր գրականագիտական փայլուն սերնդի ներկայացուցիչներից մեկը: Անհնար էր, որ Սարինյանը չմասնակցեր գրական քննարկումներին, ընդ որում` իր ուրույն տեսակետներով: Նա գրականագիտության գիտական ուղղությունն էր ներկայացնում, քանզի իր խառնվածքով էլ շատ համակարգված անձնավորություն էր: Հապճեպ ենթադրություններ, չուսումնասիրված փաստերի հիման վրա եզրակացություններ չէր անում: Նախ ուսումնասիրել, համակարգի մեջ դնել քննարկվող նյութը, համակարգային ուսումնասիրության ենթարկել: Նրա ամենակայուն սկզբունքներից մեկն էլ ռացիոնալիզմի գաղափարն էր: Իր մոտեցումը ցանկացած գրական դպրոցի կամ մեթոդի շրջանակներում ստեղծագործող գրողների նկատմամբ եղել է ռացիոնալիզմի սահմաններում, այսինքն՝ հստակ գիտական վերաբերմունք` ռացիոնալ տրամաբանությամբ: Սարինյանը մեծ ուշադրություն էր դարձնում գրականության և փիլիսոփայության կապին ու վերջին տարիներին իրեն նվիրել էր գրականության փիլիսոփայության բացահայտմանը` նպատակ ունենալով ծողովածու հրատարակել: Փիլիսոփայությունը կապվում է ժողովրդի պատմության տրամաբանության, պատմության մեջ եղած գաղափարների հետ: Ըստ Սարինյանի, եթե չկա գաղափար, նշանակում է այդտեղ բուն արվեստ լինել չի կարող, միայն ձևը շատ քիչ է, գաղափարը պետք է ճիշտ ձևի մեջ դրվի: «Հայ ազգային գաղափարաբանություն» կոթողային աշխատության մեջ ի մի է բերվում գաղափարաբանություն, որը նաև ազգային փիլիսոփայության, պատմական փիլիսոփայության և գրականության փիլիսոփայության համահավաքն է, և այդ գաղափարաբանության էությունն էլ պետք է լինի մեր ազգային միասնության գաղափարը: Պետք է ունենանք ոչ միայն գաղափար, այլև ազգային ծրագիր` ապագայի համար և այս հարցում Սարինյանը շատ էր նախանձախնդիր: Խոսելով Սարինյան մարդու մասին, Պ. Դեմիրճյանը գործընկերոջ մտերմությամբ ընդգծեց նրա բարությունն ու փխրուն էությունը` խոսքն ավարտելով Պարույր Սևակի գնահատականով. «Ոմանք ծառի հետևում չեն տեսնում անտառը, իսկ Սարինյանը գերազանց անտառատես է»:
Հուզիչ էր ակադեմիկոսի դստեր` Մանե Սարինյանի խոսքը: Նա շնորհակալություն հայտնեց ԱՀ կառավարությանը, գրողների միությանը՝ սարինյանական ընթերցումներ կազմակերպելու և հայրենի Խաչենում այդ օրերին բացվելիք թանգարանի համար: «Ս.Սարինյանը բացառիկ մեծություն էր և՛ որպես գիտնական, և՛ որպես մտածող, և՛ որպես անհատականություն: Մի առիթով գրականագետ Վազգեն Գաբրիելյանն ասել է, որ Սարինյանը չնայած պատկառելի տարիքին, իրեն պատուհասած դժբախտություններին, այն գրականագետներից էր, ում ուշադրությունից չէր վրիպում հրատարակված և ոչ մի գրական արժեք: Արցախը միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել նրա համար և այդ մասին բազմիցս է նշել հարցազրույցներում, որ չի պատկերացնում իր ֆիզիկական գոյությունն առանց Արցախի: Նա կարևորում էր Արցախի դերը հայոց պետականության ամրապնդման գործում: Իր համագյուղացիների հետ մի հանդիպման ժամանակ նա նշել է,որ իր համար ավելի մեծ արժեք գոյություն չունի, քա Արցախն ու հայրենի Խաչեն գյուղը և չկա մի արժեք, որ գոյություն ունենա դրանցից դուրս»,- ասաց Մանե Սարինյանը:
Սարինյանական ընթերցումներին ելույթներով հանդես եկան նաև բ.գ.դ., պ. Սոկրատ Խանյանը, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը, բ.գ.թ. Ամալյա Գրիգորյանը: Ցուցադրվեց նաև տեսանյութ:
Հանդիպումն ավարտվեց ամերիկաբնակ գրող-հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանի «Միջազգային պատմություն» և «Սփյուռքահայ պատմվածք» գրքերի շնորհանդեսով:

Արվեստի մուրացանյան տոնի երկրորդ օրն սկսվեց Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացած «Մուրացանագիտությունն անկախության շրջանում» գիտաժողովով: Բացման խոսքում Վ. Հակոբյանը մեջբերեց ռուս դասականներից մեկի` գրականությունը մարդակերտություն է, միտքը: Այս տեսանկյունով էլ պետք է գնահատել Մուրացան գրողի ու գեղագետի ստեղծագործությունը, քանզի նրա գործերը հայ մարդու հոգեկերտվածքին շատ բնորոշ առանձնահատկություններ են երևան հանում: Նրա հերոսներն այսօր ապրում են մեզ հետ, յուրաքանչյուր հայրենապաշտպան իր մեջ կրում է Գևորգ Մարզպետունու մարտնչող ոգին: Մերօրյա արծարծումներով այնքան տեսանելի են «Նոյի ագռավն» ու «Առաքյալը», «Անդրաես երեցը», պատմվածաշարերի հերոսները: Առաքելության, ընտանիքի ամրությամբ` պետության հիմքն ամուր պահելու և ազգային միաբանության` գաղափարական եռամիասնության հենքով արարված իր գործերով Մուրացանը երազել է ունենալ անկախության հզորությամբ ապրող երկիր ու ժողովուրդ` նշեց Վ.Հակոբյանը:
Բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը հանդես եկավ «Մուրացանի ստեղծագործությունների արդիականությունը» թեմայի շուրջ: Մուրացան գրողն արդիական շեշտադրումներ ունի, որոնցից մեկը ծրագրային մոտեցումն է հայրենիքը հզորացնելու գաղափարին /«Առաքյալը», «Խորհրդավոր միանձնուհի»/, նվիրյալները պետք է գնան գյուղ, զարգացնեն այն: Գրողի մոտ առաքելությունը ձախողվում է, բայց գաղափարն առայսօր արդիական է: Հայ դասականն իր գործերում հայրենիքի գաղափարը տեսնում է ընտանիքի և բարոյականության մեջ` որպես երկրի ամրապնդման գործոններ: Նա շատ բարձր է գնահատում անհատի դերակատարությունը` այն համոզմունքով, որ հենց նրա շուրջը պետք է համախմբվի ազգը: Համաձայն բանախոսի, հայաստանյան վերջին իրադարձությունները հաստատեցին այդ գաղափարի արդիականությունը:
Գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Դեմիրճյանն անդրադարձավ ժամանակի հոլովույթում գրականագիտության մեջ կատարվող փոփոխություններին: Ժամանակը ստիպում է հենց իր դիտանկյունով գնահատել տվյալ գործը, այն տեսնել իր հայացքի ներքո: Ս.Սարինյանը խոստովանել է, որ սկզբնական շրջանում ինքը տուրք է տվել ժամանակի գաղափարախոսությանը և Մուրացանին համարել է ռեալիստ գրող: Հետագայում Մուրացանը մեկնաբանվում է նորովի` ներկայացվելով որպես ուշ ռոմանտիզմի ներկայացուցիչ, որպես ազգային ավանդական հիմնարար գաղափարների կրող: Այսօր էլ արդիական է անհատի անձնական և պետական կյանքի հակադրությունը. ով նվիրվում է ազգին, պետք է իր անձը մոռանա` նշեց Պ. Դեմիրճյանը:
Գիտաժողովին բանաստեղծ Դավիթ Միքայելյանը ներկայացավ Մուրացանի հարազատների` մոր և քրոջ կենսագրության` իր բացահայտած մանրամասներով: Կուսապատ գյուղը շատ անգամ է հյուրընկալել մեծանուն գրողին: Աթաբեկյանների օջախի հարս էր նրա Ղումաշ քույրը, ում խմանքի տակ էր մայրը` Հոռոմսիմը: Ըստ պահպանված զրույցների, գրողը հենց Կուսապատում է ծանոթացել իր ապագա կնոջ` Ոսկիի հետ: Վիպասանի մայրն այսօր ննջում է Կուսապատի գերեզմանոցում` Աթաբեկյանների տոհմի ժառանգների հարևանությամբ: Ի պատիվ և ի հիշատակ մեծանուն գրողի, դպրոցի բակում տեղադրվել է Մուրացանի կիսանդրին: Արցախյան պատերազմի տարիներին հիմնահատակ ավերվել են դպրոցը, մշակույթի տունը, Ալ.Բեկզադյանի տուն-թանգարանը, մուրացանյան շատ մասունքներ: Գրողի անձնական իրերից այսօր պահպանվում են մահճակալն ու պահարանը:
«Անդրեաս երեց» վեպի գաղափարական և գեղագիտական առանձնահատկությունների մասին զեկուցեց բ.գ.թ. Ժաննա Բեգլարյանը:
ԱՀ ԳՄ նախագահ Վ.Հակոբյանը մրցանակներ հանձնեց Մանե Սարինյանին, բանաստեղծ Դավիթ Միքայելյանին, հեռուստալրագրող Նորայր Հովսեփյանին:
Նույն օրը Ասկերանի շրջանի Խաչենի Ղազարոս Աղայանի անվան դպրոցում հանդիսավորությամբ բացվեց գյուղի երկու մեծանուն զավակների` ակադեմիկոսներ Սերգեյ Սարինյանի և Սևակ Արզումանյանի անվան թանգարանը: Ներկա էին ԱՀ ԿԳ և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախախար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, շրջվարչակազմի պատասխանատուներ, խաչենցիներ, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները:
Թանգարանին պահ տված նմուշները` անվանի գրականագետների անձնական օգտագործման պարագաներ, ընտանեկան արխիվից քաղած լուսանկարներ, ձեռագիր նամակներ, հեղինակած աշխատություններ` ներկայացրին նրանց կենսագրության, և անցած ուղու մասին հետաքրքիր մանրամասներ:
Նույն օրը դպրոցի դահլիճում կայացավ Ս.Սարինյանի «Հայոց գրականության երկու դարը» 7-րդ հատորի, բ.գ.թ. Ամալյա Գրիգորյանի «Բառը ժամանակի զուգահեռականներում» և «Գեղագիտությունը և բանաստեղծությունը. Ս.Սարինյանի հետ» ժողովածուների շնորհանդեսը: Խաչենի Սուրբ Ստեփանոս եկեղեցում մոմավառությունն էլ մուրացանյան արվեստի տոնի շրջանակում այդ օրը կայացած հետաքրքիր միջոցառումների յուրատեսակ օրհնության կարգը եղավ:
Հաջորդ երկու օրերն անցան Արցախի տարբեր դպրոցներում կայացած հանդիպումներով: Արցախի գրական ընտանիքի անդամներից կազմված խմբերը եղան Մարտակերտի շրջանի Կուսապատ, Հադրութի շրջանի Տող գյուղերում, Քաշաթաղում, Ասկերանում, Մարտունիում:
Անվերջ խոնարհում` հայ մեծանուն գրողի հիշատակին և ուխտ` գալիքի խորհրդով պահելու նրա գրական ժառանգության հայապահպան ու հայրենապահպան դասերը, որոնք տարեցտարի տարիք չեն առնում…
Ահա սա է մուրացանյան արվեստի տոնի նաև այս արարի` երևույթ և աներևույթ` հողեղեն ու ոգեղեն սլացքը…

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել