Սուրէն Դանիէլեան / Երբ պատկերը իմաստային խորքի սպասաւորն է (Դրուագներ Վարդան Յակոբեանի բանաստեղծական ճանապարհից)

0

Ինչպէս յաճախ է պատահում, շարունակական վէճերն ու վիճարկումները, թէ այս կամ այն բանաստեղծն իր գրական հիմնագոյն ներկապնակով էպիք է կամ քնարերգակ, պիտի որ օգնեն երեւան հանելու նրանց գեղարուեստական մտածողութեան եւ հակուածութեան բնութագրիչ ծալքերը: Այդպէս է նաեւ բանաստեղծ Վարդան Յակոբեանի պարագային: Նկատենք, որ վէճերն ինքնին կարող են հատել «պարադոքսի գեղագիտութեան» (Արքմենիկ Նիկողոսեանի բառով) սահմանը՝ մերթ զօրացնելով բանաստեղծի քնարական, մերթ էլ՝ էպիքական, ոչ քիչ դէպքերում՝ նաեւ հրապարակագրական երակները: Իսկ իրականութիւնն այն է, որ եօթանասունը նորերս բոլորած բանաստեղծ Վ. Յակոբեանին պատերազմներից բզկտուած իր Արցախ երկիրը արդէն քառասուն տարի դարձրել է խորապէս էպիք, մարտնչող, ռազմի երգերի ըմբոստ տրիբուն, բայց, ընդունենք, քնարական շաղախի անթաքոյց առկայութեամբ: Պատահական չէ, որ նրան Հայաստանում այս ամէնի թելադրութեամբ գրաքննադատների որոշակի մի խումբ դիտում է շատ աւելի ոգին բռան մէջ՝ հրապարակագրական շնչի մթնոլորտի մէջ, ինչն արդէն, ընդգծենք, տիրապետող գնահատական է դարձել:
Բանաստեղծը առ այսօր շարունակում է իր լեռնային երկիրը դիտել իբրեւ մշտակայ սրբավայր, որը մաքրուել, փայլակել է «յորդ տեղումներից»: Տեղում երեւան հանենք, որ այս բեկոր յիշեցնող գտնուած պատկերի մէջ՝ «յորդ տեղումներ», խորհրդանշւում են Արցախի ազատագրութեան փոթորկոտ տարիները անցեալ դարավերջին: Պատահական չէ, որ մարտիկ-բանաստեղծը գրում է՝ իր սիրած ամերիկեան էպիք Ուոլթ Ուիթմէնի աւանդների ինքնատիպ իւրացումով, հաստատելով արուեստագէտի ու բնութեան դաշնութիւնը. կէսգիշերի պարզութեան մէջ է վրայ հասնում բանաստեղծի հոգու՝ դէպի Անյայտը ազատ թռիչքի նուիրական պահը՝ հեռու գրքերից ու սեթեւեթ արուեստից: Վ. Յակոբեանի մօտ այդ թռիչքը նուրբ է ու փխրուն, քնարական: Պայքարի հերոսական առօրեայի մէջ անգամ երազը քայլում է՝ հեռու պահելով բնութիւնը աղճատումից ու աւերումից.
Խոտերի ծայրին երազների երկինքը քայլում է այնպէ՜ս,
որ ոչ մի ծաղիկ չի ճկւում եւ չի թեքուելո՜ւ, քանի դեռ սուրսայր
բեղիկները խոտի կամ հասկի չեն դիպչում ամպերին,
որոնք պայթում են փուչիկների պէս ուռճացած օրուայ
եւ տեղիք տալիս յորդ տեղումների:
Սա Արցախի նոր ժամանակի բանաստեղծական այլաբանական շնչով բացուած, ապրուած արտասովոր, նորարար պատկերն է՝ որքան քնարական, խաղաղ, անցումով, նոյնքան կոշտ-հերոսական, այսինքն՝ էպիքական վրձնախաղով: Երկինքը բնութեան վերին սահմանի խորհուրդն է, ուր պայթիւններից «ոչ մի ծաղիկ չի թեքւում»: Աւանդական «սուրսայր բեղիկների» հարեւանցի նկարագիրը, որ այնքան առարկայական է, ճանաչելի, անկարող է ամպերին հասնել, ուր մեր ազատութեան, նորօրեայ գոյամարտի բիւրեղեայ խտացումն է:
Իսկ գրական մտայնութիւնների պարադոքսն այն է, որ անցնելով արգասաւոր ուղի՝ Վ. Յակոբեանը, լաւագոյնս գնահատուած լինելով հայ գեղարուեստական համապատկերում, ինչպէս նկատել է ժամանակին Ս. Սարինեանը, այնուամենայնիւ, ունէր ճանաչման բարդոյթ: Նրա այստեսակ գնահատութեան չափանիշը, այսինքն՝ խօսքի հեռահար սլացքը, գիտնականը ներքին որոշ ցաւով սահմանափակում էր «տեղայնութեան հանգամանքով», ասել է թէ՝ նրա «գրական թռիչքին» առ այսօր խանգարում է «արցախեան գործօնը»: Այլապէս Վ. Յակոբեանը կարող էր բախել արդէն «ոչ միայն ազգային, այլեւ համաշխարհային» բանաստեղծութեան դռները: Եւ դա բնական է. քանիցս համոզուել ենք, որ բարձրանուաճի յայտ, առաւել՝ անակնկալ յայտ ներկայացնելը ամէնից դժուար ու անշնորհակալ գործն է մեզանում:
Իսկ այդպիսի ժողովածուներից, Վ. Յակոբեանի ստեղծագործական վերելքի ընթացքը ընդգծելու առումով, յիրաւի, հարկ է մատնանշել եօթանասնամեայ հանգրուանից անմիջապէս առաջ Երեւանում լոյս ընծայուած «Նշագրութիւն լուսնի վրայ» քերթողագիրքը, ուր հեղինակը հասցրել է շաղախել հեգնանքն ու ինքնահեգնանքը, իբրեւ գեղարուեստական որոնումի եղանակ, հայրենիքի ու սիրոյ գեղարուեստական մաքրամաքուր ընկալումների անծանօթ նժարներին:
Այսպէս, ներթաքոյց հզօր քնարականութիւն կայ «Զինուոր» բանաստեղծութեան մէջ, ուր հայ զինուորի ուսերին բացուած «ծանրութեան» բեռների փոփոխական կենտրոնների խաղարկումով Վ. Յակոբեանը հաստատում է պատմութեան մէջ անհատի եւ արուեստագէտի երթը դէպի ողբերգականի ու վեհագոյնի սահմանագիծ: Զինուորն իր թեւերի վրայ տանում է պատմութիւնը, հայրենիքը, իսկ եթէ ընկնում է կրծքին արձակուած գնդակից՝ տիեզերքի ցաւը իր մէջ, այդ ամէնը իբրեւ խաչ ծանրակրելու է այլեւս արուեստագէտը, ինչպէս Դ. Վարուժանի մօտ. զինուոր են այլեւս «զոհուող քերթողները»: Բայց անակնկալ գիւտը դեռ առջեւում է: Խօսքը բանաստեղծինն է.
…ես քեզ ոնց տանեմ իմ թեւերի վրայ…
Զինուոր, ծանր է քո բեռը, սաստիկ ծանր է:
Մենք չարենցեան կառուցիկ զօրութիւն ենք տեսնում Վ. Յակոբեանի պատկերների յաջորդական մատուցման եղանակներում: Եթէ յեղափոխական դասական երգչի մօտ աշխարհը կարող էր վերակազմուել իբրեւ «հանուր, ընդհանուր մի փողոց», ապա Վ. Յակոբեանի երեւակայական, բայց առարկայական այլաբանական պատկերի մէջ առանձնանում է արցախցու հայօրէն ապրելու իրաւունքը՝ գերժամանակակից, ազգերին ու քաղաքակրթութիւններին լուծուած, Գանգէսից մինչեւ Զանգու, մինչեւ Թարթառ ու Վոլգա, ուր ժողովուրդներ են ելնում իրար դէմ, ափեր են քանդում, ափեր կամրջում:
Զինուորի մեռնող ու յառնող դիւցազնական կերպարը հոգու ազատութեան լայն ու անվերջանալի ճանապարհ է գտել բանաստեղծի ստեղծագործական աշխարհում, իսկ երկիրը, ինչպէս սիրած աղջիկ, փնտռում է անդուլ ոգեկոչման բանաստեղծին: Մեր բանաստեղծի ստեղծած պատկերը անակնկալ է, զտարիւն բանաստեղծական, ուր քննադատը ինքը պիտի փորձի կողմնորոշել ընթերցողին՝ քնարակա՞ն է, թէ՞ մարտաշունչ երգչի շեփորի ձայնը.
Աշխարհը ոտքի տակ տուել, եկել-գտել եմ քո մէջ կէտն իմ
արքիմէդեան:
Եւ ահաւասիկ կանգնել եմ ահա թփերի արանքում,
Խոտերի մէջ ծնկահաս, ծաղկած խնձորենու եւ քո կողքին՝
Փոքրիկ ձեռքդ ափիս:
Մէկ այլ բանաստեղծական պատկերում Վ. Յակոբեանը յուշում է, թէ անքննելի ինչ ճամբով է ցաւը վարդի կոկոնի մանրիկ ծալքում փոխւում նեկտարի: Դրանով նա ոչ այնքան միջնադարեան աւանդոյթն է նորոգում, ինչով հարուստ է մեր հին ու նոր երգը, այլ բացում է դարաւոր ցաւի կեղեւը՝ իբրեւ լինելութեան, ապրելու նախապայման, որը չի վերաբերում ճշմարտութեան անդուլ որոնումին, այլ առաջին հերթին՝ բանաստեղծութեան մէջ քաղաքացիական բանաձեւումի երեւակումին: Իր հաւատամքը նա կառուցում է բլոկեան ելագծով. «Ինքնազոհութիւն է պօէզիան եւ բանաստեղծել՝ նշանակում է դառնալ թիրախ»: Ճիշդ է նկատել Ս. Սարինեանը՝ Վ. Յակոբեանի գրիչը հակում չունի հռետորական ուղղագիծ շեշտադրումների. բանաստեղծութիւնը զտել է զգացումունքի զեղումներից՝ տեսանելի դարձնելու համար իրերի բնութեան փիլիսոփայական նոմինալիզմը: Նկատառումը վերաբերում է հայրենասիրական երգին, իսկ դա ճշմարիտ է առաջին հերթին «Հայաստան» քերթուածի համար.
Որ աղբիւրին թեքուես,
նրա ակից
Մասիսներն են քեզ նայում:

Որ ծաղկի հետ խօսք բացես՝
քարերն են քեզ պատասխանում:

Որ սրտից ներս նայես՝
զոհուածներն են
կանգնում քո դիմաց:

Որ վայրկեանի վրայ աչք ձգես՝
յաւիտենութեան խորքում ես յայտնւում:
Կամ վերցնենք «Զինուորի երազը» բանաստեղծութիւնը, ուր նիւթը կառուցելու եղանակը սիւժետային նրբին խաղարկումին տրուած իմաստնութիւն է՝ ռազմի դաշտից սրբագոյն արժէքներ բերելու, վերադարձնելու գերակայութեամբ:
Ամենալաւ երազը ռազմի դաշտից արշալոյսն է՝ արեան մէջ բուսած, կամ ամենալաւ խօսքը՝ մայրիկն է՝ տաք վէրքի մէջ, իսկ յաղթանակը երանելի խաղաղութիւնն է, երբ ռեֆրէն դարձած երազը թաց աչքեր ունի:
Վարդան Յակոբեանը մանրակերտ գիւտերի ճարտարապետն է, երբ պատկերը իմաստային խորքի սպասաւորն է:
Դրա լաւագոյն վկայութիւնը «Անկրկնելի» բանաստեղծութիւնն է, որտեղ ժամանակի մէջ ու ժամանակի հետ մարտնչող արուեստագէտի հաւատաւոր խօսքն է: Ի՞նչ է բանաստեղծութիւնը՝ համբոյրը սիրած աղջկայ շուրթերին, խոնարհում ծարաւ աղբիւրի ակին, ծաղկումն է արեգակի վաղորդեան աղջամուղջում եւ Աստծու տունը, ուր նորոգւում է սիրոյ ցաւը:
Եւ իւրաքանչիւր անգամ այն նոր է: Սա արդէն դաւանանքի շեմը նորոգած բանաստեղծի պատկերային համակարգի յայտնութեան ճանապարհն է:

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել