Վարդան Հակոբյան / Պարզության առեղծվածները. Գրողի բանաձևային մտածողությունը և ստեղծագործության արխիտեկտոնիկան

0

Համաշխարհային գիտական միտքը դեռևս շատ տարիներ առաջ ամրագրել է մի կարևոր ճշմարտություն՝ մարդու հոգեկերտվածքը, բառի ամենաուղիղ իմաստով, կապ ունի այն բնության հետ, որտեղ նա ծնվել է, ապա՝ ոչինչ այնքան հստակորեն չի արտացոլում ազգային հոգեկերտվածքն ու բնությունը, որքան արվեստի ու գրականության գործը: Շնորհներով օժտված գրողի լեզուն. որպես անհատականացված խոսքի և բանաձևային հստակ մտածողության արտահայտություն, այն էական և գլխավոր միջոցն է, որը, հոսող ջրի օրինաչափություններով, ինքնահստակեցման է տանում բնականը, իսկ շինծու-արհեստականը, ավելորդն ու անմաքուրը դուրս արտանետում՝ բանաստեղծական անաղարտության համար ապահովիչի դերակատարություն ստանձնելով: Բոլոր այն առանձնատկությունները, որոնցով քերթողական արվեստն իր գեղագիտական տիրույթները դարձնում է անսահման-անընդգրկելի ու մտքի ձեռնածությունների հանդեպ անձեռնմխելի, ներառված են լեզվամտածողության մեջ: Ասում են, ի վերջո, ինքը՝ սոցիումն է պայմանավորում հասարակական բոլոր գործընթացները՝ հաճախ դրսի ազդակներով կատարվող անխուսափելի վերուվարումներով ու ժամանակի մեջ «ծաղկում» ապրող կոշտ դրսևորումներով: Եվ դարձյալ գեղարվեստականության չափորոշիչը քնարերգության մեջ եղել ու մնում է մայրենին, քանի որ բառի խորթմայրության տրվելն ու հավատափոխությունը գրի մեջ կործանարար է, փրկության միակ և անփոխարինելի ելքը քո արյան կեսաբանական արմատների վրա դարերում սերտաճած վարքի ու անխոտոր շարժման այբուբենն է:
Առաջին բանաստեղծությունը, որ վաղ մանկական տարիքից մնացել է իմ հոգում, հեքիաթն էր: Տարիներ հետո միայն իմացա՝ թե հեքիաթ, թե բանաստեղծություն, երկուսն էլ անհնարինի հնարավորն են ներկայացնում: Սա է իսկական արվեստի չափանիշը, սակայն՝ ոչ առանց վերապահումների: Օրինակ, Չարենցի համար ոչ մի չափանիշ վերջնական չէ, ի վերջո, ոչ մի խորհուրդ չի ընդունում ապագայի երգը: Ժամանակի հետ եթե չեն փոխվում չափանիշները, ուրեմն դրանք չափանիշներ չեն, ավելին, իրենց նորացմամբ չափանիշները նորացնում են իրականությունը, այլապես ում են պետք պահածոյացված բառը, ժամանակը: Անկասկած, ժամանակը փոխելու միակ ուղին չափանիշները փոխելն է, իսկ չափանիշները և, իհարկե, դրանով իսկ՝ նաև աշխարհը, փոխելու միակ ձևը, ինքդ քեզ փոխելն է:
Բանաստեղծության հաշվին խնայված ժամանակը փտում-սիլոսացվում է, դուրս մնում ամենեցու հոգևոր ոլորտից: Նորից դառնամ Չարենցին: Եթե նա իր քնարերգությամբ, «Երկիր Նաիրի»-ով մեզ դարձնում է իր ժամանակակիցը, ապա դա երանական պատիվ է ոչ թե Չարենցի, այլ մեզ՝ նրա հետնորդներիս համար, ուրիշ է, երբ քո բառով ինքդ ես կարողանում Չարենցին բերել ու տեսնել քո իրականության մեջ, որը դու ես ստեղծել: Եվ ամբողջ առեղծվածն էլ հենց ստեղծումի մեջ է: Այստեղ հարկ կա խոսել կանխամտածվածություն երևույթի մասին, որը, որպես կանոն, մշտապես փչացնում է գործը. գրող եմ՝ գրում եմ: Եթե թռչունը ճյուղին կանգնելուց առաջ «պլանավորեր» իր անելիքը, իմանար, որ ինքը պիտի երգի, ապա չէր ստացվի ոչինչ: Ազնվարյուն գործը ծնվում է ինքնաբուխ: Ոչ թե գրողն է ասելիքի ետևից վազում, այլև ասելիքն ինքն առաջնորդում իսկական գրողին: Ահա թե ինչ է խոստովանում Չարենցը.
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու –
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…
Կանխատրամադրված անկեղծությունն ավելի կեղծ է, քան ինքը կեղծիքը:
Ավանդ հասկացությունը մեզանում արդեն կորցրել է իր նախնական իմաստը և շատ հաճախ կիրառվում է այս կամ այն գեղարվեստական կրկնությունը կամ գործի մեջ գերակշռող և պոետական ինքնության աչքառու շեղումը քողի տակ պատշաճորեն պատսպարելու համար: Ի դեպ, քանի որ խոսք եղավ այս մասին, ուզում եմ հանգամանորեն անդրադառնալ պատշաճություն հասկացությանը նույնպես, որը իր կիրառումներում հակացուցված է ոչ միայն բանաստեղծությանը, այլ գեղարվեստին ընդհանրապես: Այն ավելի շատ ազգակցականություն է դրսևորում երևույթների համահարթեցման, համահավասարեցման (կոմպլեմենտարիզմ), քան քնարերգության հետ: Սակայն, հիմնական ասելիքին անդրադառնալուց առաջ, փորձենք ցույց տալ այն երևույթները, որոնք նպաստում՝ հող են ստեղծում դրանց զարգացման ու տարածման համար: Դրանք, ցավոք, շատ են, բոլորը թվել, բնականաբար, հնարավոր չէ, բայց ամենակարևորներից մի քանիսը թվարկենք.
. Սիրալիրություն՝ սիրո փոխարեն:
. Բառի պոպուլիզմը:
. Հայրենասիրական կեցվածք՝ գործնական ու ազնվաբուխ հայրենասիրության փոխարեն:
. Անհարկի, արհեստական տուրք՝ նորաձեւությանն ու նորարարությանը:
. «Հրատապ ու արդիական» թեմաների ու գաղափարների (խորհրդային շրջանից պահպանվող) իներցիոն դավանում:
. Կանխակալություն և կողմնակալություն՝ բառի ու թեմայի հանդեպ:
. Պատրաստի կերպարների խաղարկում, հերթապահ բառերի հնավաճառություն:
Քնարերգության մեջ մաքուր, անբռնազբոս, անբիծ սերն իր տեղը շատ անգամ ակամա զիջում է սիրալիրությանը: Եվ այս երևույթը բնորոշ է ոչ միայն հայրենի, այլև համաշխարհային իրականությանը. ներքին ապրումներին, նրբագույն ու անխոստովանելի զգացումներին, տրամադրություններին փոխարինելու են գալիս «առանց քեզ չեմ կարող», «քո սիրուց քուն-դադար չունեմ», «կուզենայի համբուրել շուրթերդ» և նման պարապ բառեր ու տողեր, կամ՝ դրանց ավելի վատթար տարատեսակները: Սիրերգությունը ակամայից վերածվում է, եթե կարելի է այդպես ասել՝ սիրալիրերգության: Ռուս մեծ բանաստեղծ Մ. Լերմոնտովն այսպիսի տողեր ունի. «Ձօ րսՌՔՍՏՎ Պսÿ վպՉՌվվՏրՑՌ ՎՌսՈ, Լ րսՌՔՍՏՎ Ցօ սþոպջվՈ, փՑՏո սþոՌՑՖ»: Հոգեբանական խորը դիտարկում, որն իր մեջ ընդգրկում է ամեն ինչ, և բառերը դառնում են ավելորդ: Ես, իհարկե, կարող եմ կոնկրետ հեղինակներից համապատասխան օրինակներ բերել, բայց դա չէ իմ խնդիրը, այլև երևույթը, որը, գնալով, ավելի մեծ տարածում է գտնում: Եվ բացի դա, Սահյանն ասում է՝ սպիտակի մասին կարելի է այնպես խոսել, որ երևա սևի հանդեպ քո վերաբերմունքը, առանց նրա անունը տալու: Ես ուզում եմ այս հոդվածում առաջնորդվել այդ սկզբունքով՝ կանգ առնելով միայն սպիտակի վրա:
Գրվում են պատվերային, հետևապես և՝ համահավասար գնահատականների ու մոտեցումների վրա կառուցված գործեր՝ խառնածին (հիբրիդային) նախադասություններով: Տեղի է ունենում հերթապահ բառերի հնավաճառություն: Ես այդ ամենը բացատրում եմ առաջին հերթին նվիրականության բացակայությամբ, որի համար հող են պատրաստում սոցիալական պայմանները:
Հազար անգամ ասված ճշմարտություն է՝ այն, ինչ ժողովրդական է, հարազատ է բոլոր ազգերի ընթերցողներին: Չինական հեքիաթը դարերի ընթացքում հղկվել է ու դարձել ավելի պարզ ու խորքային՝ մարգարիտն ու հոգևոր ոսկին խտացրած տողերի մեջ, որոնց պատկերավորությունը՝ իմաստային ընդգրկումների մեջ, անմրցակից է: Ուշադրություն դարձնենք «Հաստատակամ Յուն Սուն» հեքիաթի ոճին ու տրամադրության անմիջականությանը: Հերոսը երեխա է, գրիչ ու գիրք չունի. «Նա արագ-արագ մի բառ էր գծագրում ավազի վրա: Ալիքը գալիս գրածը տանում էր: Նորից էր գծագրում, ուրիշ մի ալիք դարձյալ սրբում էր նրա գրածը: Այդպես նա կարողանում էր անվերջ գրել…»: Աշխատասիրություն, նպատակին հասնելու կամք, ուժ ու ավյուն. ահա այն հատկանիշները, որոնք բնորոշ են Յուն Սունին: Սակայն նրա բնավորության լավագույն գծերի մեջ հատուկ տեղ ունի հնարամտությունը: Այսպես. «Լուսնկա գիշերները Յուն Սուն կարդում ու գրում էր լուսնի լույսով, իսկ երբ լուսինն ամպերի ետևից չէր երևում, նա հավաքում էր խոտերում փայլփլող լուսատտիկներն ու կպցնում բամբակի ձողին: Դրանց արձակած թույլ լույսի տակ աշխատասեր պատանին կարդում էր նաև մութ գիշերով»: Յուրաքանչյուր պատկեր ազգային մտածողության ու ժողովրդական մտքի անգերազանցելի արարչություն է: Ահա այսպես են բանահյուսում չինացիները՝ միշտ կանգնած լինելով աշխարհի հնագույն մշակույթ ու քաղաքակրթություն ունեցողների առաջին շարքում:
Որքան խորն եմ ծանոթանում չին ժողովրդի ձեռքբերումներին, մանավանդ, հոգևոր ոլորտում, հիացմունքս այնքան բազմապատկվում է՝ որպես սովորական մի հայ մարդ, ով այդ ամենի արժեքը գիտե մայր ժողովրդի ու ազգի փորձից:
Տարիներ առաջ համացանցով բանաստեղծություններ էի ստացել չինացի մի շնորհաշատ բանաստեղծուհուց, կարդացի տողացիները, շատ հավանեցի ու թարգմանելով՝ տպագրեցի դրանք «Եղիցի լույս» թերթում, ապա՝ իմ վեցերորդ հատորում: Այդ պոետուհին Ժաո Սին է. «…ճեղքերով լի այս աշխարհը այն զգեստն է, որը ես ստիպված եմ կրել»: Ինձ հետաքրքրում էր, թե ինչպիսի միտումներ է դրսևորում այսօր չինական երիտասարդական քնարերգությունը` քերթողական հնագույն արվեստ ունեցող Չինաստանում, որն աշխարհի մեծ տերություններից մեկն է (ըստ վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր հինգերորդ մարդ աշխարհում այսօր խոսում և ընթերցում է չինարեն լեզվով): Հաղորդակցությունս բանաստեղծական ու իմաստասեր այդ ժողովրդի հոգևոր նոր արժեքների հետ, եղավ ինձ համար բավականին արդյունավետ: Եվ զգացի, որ ոչ միայն փիլիսոփայության ու գիտության, այլև գեղարվեստական գրականության ու արվեստի տարբեր ոլորտներում չինացիները, համաշխարհային չափանիշներով, առաջնային տեղերն են կիսում: Իսկ Ժաո Սիի երիտասարդ ժամանակակիցը՝ Ջիդի Մաջիան, որն արդեն երկրորդ հայերեն գրքով է ներկայանում մեր ընթերցողներին, բանաստեղծությունը տանում է դեպի կատարյալ ազատականացում՝ պատկերների մեջ սովորական աչքերով «որսալով» ու մեզ ներկայացնելով (թարգմանությունը՝ Գ. Դավթյանի) անսովորն ու անտեսանելին. «Լսո՞ւմ եք դուք, Դա շրշյունն է աղջկական շրջազգեստի, Ոչ թե ցուլը խոտ է ծամում»: Վերջինիս արձագանքում է նրա մի ուրիշ հայրենակից՝ Լի Հաոն. «Ես ուզում եմ շարժվել դեպի Աստծո զոհասեղանը» (թարգմանությունը՝ Ռ. Ծատուրյանի): Ի դեպ, ըստ Աստվածաշնչի, առաջին զոհասեղանը քարից էր և գտնվում է հայոց բիբլիական լեռան՝ Արարատի լանջին:
Չեմ խոսում չինական գրականության երևելի դեմքեր, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մո Յանիի և Գաո Սինցզյանի գրական մեծ վաստակի, նրանց գործերի մասին: Սա արդեն առանձին թեմա է:
Դժվար չէ տեսնել տրամաբանական այն ներքին կապը, որ կա չինական ժամանակակից և դասական քնարերգության միջև, մանավանդ հայ ընթերցողի սեղանին է արդեն «Չինական դասական պոեզիա» նոր ժողովածուն: Իհարկե, անժխտելի է, որ այս գործում նպաստավոր դեր ունի հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կարևոր գործոնը նույնպես:
Ասվածն ընդունենք մեզ համար գլխավոր ելակետ ու այդ հարթության մեջ դիտարկենք չինական երեքհազարամյա քնարերգությանն առանձնահատուկ մի քանի գծեր: Իհարկե, ես այստեղ շարադրում եմ իմ տեսակետներն ու մոտեցումները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում՝ սկսած իմ վաղ մանկությունից, երբ մայրս ինձ համար հեքիաթներ էր կարդում ձմռան երկար գիշերներին (հետո իմացա, որ դրանց մեջ քիչ չէին չինական ժողովրդական բանահյուսության նմուշները), մինչև չինական ժամանակակից քնարերգությունը, արվեստը, փիլիսոփայությունը, գիտությունը…
Ուզում եմ կանգ առնել բանաստեղծական մի բացառիկ երևույթի վրա, խոսքը 12-րդ դարի չինացի բանաստեղծուհի Լի Ցինչժաոյի քնարերգության մասին է, քերթողական արվեստ, որը ոչ միայն դիմացել է դարերի քննությանը, այլ նորովի է ներկայանում մեր ժամանակներում՝ առանց կորցնելու արդիական հմայքն ու աստվածատուր խոսքի մաքրությունը, անմիջականությունը: Ավաղ, հեղինակից, ինչպես վկայում են գրականագիտական աղբյուրները, շատ քիչ գործեր են հասել մեզ, ընդամենը հիսուն քերթված ու մի քանի հոդվածներ՝ արվեստի մասին: Սակայն հասածն էլ թույլ է տալիս մեզ կարծիք կազմելու, թե դարեր առաջ ապրած գրողն ինչ ապրումներ, մտահոգություններ, սեր ու տագնապներ ու ներքին աշխարհ ուներ:
Լի Ցինչժաոյի գրքույկը՝ «Տաղեր նրբատաշ հասպիսից» (թարգմանությունը հաջողությամբ կատարել է Էմիլիա Վարդանյանը), առաջին իսկ տողից գրավում է ընթերցողի ուշադրությունը: Պոետուհու անձնական կյանքն ու միջավայրը, սոցիալ-քաղաքական ու տնտեսական իրականությունն արտացոլվում են նրա պատկերների մեջ, դառնում ժամանակի բնավորություն՝ ներկայացնելով ազգային կյանքի մի ամբողջական համապատկեր: Այստեղ կարևորը թեմատիկ բաժանումները չեն, որն այս պարագայում կլիներ պայմանական, քանի որ Լի Ցինչժաոյի ստեղծագործություններն ամեն ինչ համադրում են խորը քնարականության շաղախի մեջ, հաճախ այնքան միաձույլ, որ հնարավոր չի լինում, ինչպես ասում են, ջոկողություններ անել: Սակայն և այնպես, բոլոր բառերում, բոլոր բանաստեղծություններում կա ինքնաբուխ ու մեծ սեր, որով առանձնանում է պոետուհու անհատականությունը: Իրավիճակների հոգեբանական ու սոցիալական վերարտադրությունների վարպետ է բանաստեղծուհին, ով երբեք չի կորցնում իր երազի տեսլականը: Նա տեսնում է «երկնագույն հեռուն», ուր «խաղաղ մայրամուտն է» հովանի, սիրո արբեցումի պահերում մոռանում է զույգը «ճամփան ետդարձի», բայց հանկարծ «կորչում է երջանկությունը»՝ «պիտի ետ լծվենք նորից թիերին»: Ու ցավի, տրտմության մեջ պոետուհու աչքերից անտես չի մնում ջրերից նայող լոտոս ծաղիկը, որն ամենուր է սիրող զույգի հետ՝ գույների անմեկնելի ու տաք, տիեզերական խորհուրդներով. «Ամենուր լոտոսն է մեր ճամփին»: Լոտոսը ոչ միայն Հին Արևելքի պոեզիայի զարդն է դարեր շարունակ, այլև ինքնատիպ կիրառություն ունի նաև հայ գրականության մեջ՝ հնուց մինչև մեր օրերը: Մեջբերենք Թումանյանի և Իսահակյանի տողերը՝ համապատասխանաբար. «Պարտեզն այնտեղ ծաղկում է ճոխ լուսնի խաղաղ լույսի տակ, Իրենց քրոջը սպասում են լոտոսները սպիտակ», «Տեսավ հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն»:
Լի Ցինչժաոյի հոգու անբացատրելի թրթիռներում հայտնվում են երկինք բարձրացող թևեր: Բանաստեղծուհու մտորումն ավելի քան ընդգրկուն է, գեղարվեստական լուծումներով հագեցած.
…Եվ շփոթահար որորները հեռվում
Ավազաթմբից չվում են, չվում:
Սա գրքույկի առաջին ստեղծագործությունն է, ինչպես այս (Մեղեդի «Ժումենլին»), այնպես էլ մյուս բանաստեղծությունների վերնագրերը դրված են վերջում: Ամեն վերնագիր սկսվում է մեղեդի բառով, որը և խոսում է գրողի ստեղծագործական նախընտրության մասին, երաժշտականությունն ու ժողովրդականությունը հատուկ են նրա մտածողությանն ու քերթողական արվեստին: Ժողովրդական երգերն ուղեկցվում էին երաժշտությամբ, այդ երևույթը հատուկ է նաև մեր միջնադարին: Եվ պոետները՝ ժամանակի գիտությունները հիմնավոր սերտած, բարձր ինտելեկտի ու իմացությունների տեր անհատներ էին, ինչպես ասենք (12-րդ դարից բերենք օրինակներ) Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկավագը, Վարդան Անեցին և այլն: Թեև Լի Ցինչժաոյի դեպքում իրադրությունն այլ էր, քանի որ նրա երգերը ժամանակին սկսեցին երաժշտությունից «առանձնանալ», ինչպես ասում են, բայց այդ «բաժանումը», համաշխարհային գրականության մեջ ավարտին հասավ միայն 14-րդ դարում: Սակայն պոետուհու ստեղծագործության ժողավրդականության մասին՝ ավելի հետո:
Մեծ ապրումները մարդուն դարձնում են ավելի նրբազգաց, և պատահական չէ ամենատարբեր ծաղիկների առկայությունը բանաստեղծուհու երգերում, դրանք հանդես են գալիս որպես խորհրդանիշեր՝ գույների անսպառ բազմազանությամբ, նրանց միջոցով հեղինակն արյան ներքին ընթացքն ու իր զգացումներն է վերարտադրում.
Ամպամած ու ցուրտ գիշեր էր այսօր,
Անձրև ու քամի,
Այդ աղմուկի տակ քնել եմ ամուր,
Բայց գինով եմ էլի:

Մեկը բացում էր վարագույրները,
Հարցրի նրան.
– Բեգոնիան արդյոք
Ծաղկաթա՞փ եղավ այս գիշեր:

Առաջվանն է մի՞թե,
Ինչպես կար,
Ծաղիկը մի՞թե
Չի թափվել…

– Օ, ոչ: Բայց կարմիրն է պակասել,
Եվ հիմա կանաչ է առավել:
Այս քերթվածը կերտվել է, թվում է, գեղանկարչի հանճարեղ վրձնահարվածներով: Ու դա խոսում է հեղինակի ոչ միայն կերպարվեստի մասին ունեցած խորը գիտելիքների ու համոզմունքների, այլ նրա պատկերավոր մտածողության, բարձր տեսողականության ու դիտողականության, աշխարհը յուրովի ընկալելու ու վերարտադրելու նրա հարուստ կարողությունների մասին: Իհարկե, որքան էլ չուզենանք կանգ առնել բանաստեղծուհու կենսագրական փաստերի վրա, այնուամենայնիվ, դրանք իրենց զգացնել են տալիս. մանկությունն ու պատանեկությունը Լիի անցել են արվեստի ու գրականության նվիրյալների, ճանաչված անհատականությունների շրջապատում, ամուսինը եղել է գեղանկարիչ, հայրը գրականագետ, մայրը՝ զարգացած մտավորական և այլն… Իմացություններն իրենց գործը կատարում են, ինչ խոսք, բայց էականն այստեղ այն ներքին կրակն է, որ կա պոետուհու արյան վազք ու վարքի մեջ:
Բանաստեղծուհու բառերին հատուկ է գունային հնչողությունը: Այսպես. «Աղմուկի տակ քնել եմ, բայց հարբած եմ էլի»: Անմիջական ու անկեղծ: Ինչպես տեսնում ենք, բանաստեղծուհին առանց ներկերին դիմելու էլ երանգներ է ներկայացնում՝ ալքիմիկոսի բարդ ու բարձր հնարամտությամբ: Ո՞վ է այն «մեկը, որ բացում է վարագույրները», և, ապա վարագույրները դադարում են վարագույր լինելուց, տիեզերական շղարշներ են դառնում: Եվ բնական է այս պարագայում, որ բանաստեղծուհին պիտի տա մի հարց այդ «մեկին», հարց, որը դառնում է անմեկնելի խնդիր՝ տիեզերական սիրո և, ինչու չէ, նաև քաոսի մեջ. «Բեգոնիան արդյոք Ծաղկաթա՞փ եղավ այս գիշեր»: Տագնապը բազմապատկվում է հարցի կրկնություններում. «Առաջվանն է մի՞թե, Ծաղիկը մի՞թե Չի թափվել…» Եվ երգն ավարտվում է քնարական խորիմաստ պատասխանով. «Օ՜, ոչ: Բայց կարմիրն է պակասել, Եվ հիմա կանաչ է առավել»: Ոսկերչական նրբանկատություն՝ ծաղկի ու գույների հանդեպ, ասես կյանքի ու գոյի ամենակարևոր խնդիրներն է շոշափում՝ խոսելով կախարդական այն թելի մասին, որից կախված է տիեզերքը: Այդ թելը, ըստ բանաստեղծուհու, սերն է: Այն մաքրամաքուր զգացումը, որն այս քերթվածի մեջ ներկայանում է բեգոնիա ծաղկի անունով: Ծաղկի ընտրությունը նման գրակտավի համար, իր խորհուրդն ունի, չէ՞ որ բեգոնիան մշտադալար այն բույսն է, որի թերթերը թարմ են ձմռանը նույնպես և ծաղիկների բազմապիսության մեջ սրտաձևությունը իշխող է, բացի դա, բազմագույն է ու նրբագեղ: Ծաղիկը հեղինակի համար հոգին բացելու, ներքին ապրումները գեղարվեստորեն վերարտադրելու միջոց է: Գրեթե յուրաքանչյուր տաղի մեջ հեղինակը դիմում է որևէ ծաղկի՝ նրան դարձնելով իր մտածումների ու տրամադրությունների արտահայտիչը, նրանով ամբողջական դարձնելով իր ինքնանկարը: Բայց ամեն անգամ ծաղիկ-հերոսուհիները տարբեր կերպարներ են մարմնավորում: Ասենք՝ լոտոսը, որը Չինաստանում սուրբ ծաղիկ է համարվում, իսկ բուդդայական մշակույթում ու զարդարվեստում, ինչպես վկայում են աղբյուրները, իր առաջնային տեղն ունի: Բանաստեղծուհու մեկ այլ երգի մեջ լոտոսի պտուղը «հասարակ զարդ է մազերի» համար, նրա տերևներով զգեստն է գեղեցկանում, մի խոսքով, թվում է՝ գործ ունենք բնությունը մարմնավորող մի բացարձակ ոգու հետ: Մի ուրիշ երգում կարդում ենք.
Իմ տնկած թուփը մեյխուայի
Գետափին առել է հասակ,
Բայց ես չեմ կարող աշտարակից
Զմայլվել նրանով մենակ:
Մեյխուայի մասին խոսելիս բանաստեղծուհու ձայնը դողում է տագնապի թրթիռներով, քանի որ նա մեյխուայի մեջ տեսնում է «խորհուրդ անմեկնելի», անգամ նրանով է պայմանավորում մոլորակային համաստեղության գոյությունը («Դրանից չէ՞, որ լուսինը պայծառ է այնքան»), երկրային բոլոր անցքերն ու ակնահաճո իրադարձությունները. «Եվ չի կարող մի այլ ծաղիկ Լինել այսքան անթերի»: Իսկ ահա «Մեղեդի «Գույաներ» քերթվածի նախաբանում այսպիսի խոստովանություն է անում հեղինակը. «Բոլորը, ովքեր գրում են մեյխուայի մասին, հենց գրիչ են վերցնում, չեն կարողանում խուսափել մանրությունից: Ես նույնպես փորձեցի նրա մասին գրել և համոզվեցի՝ անհիմն չի ասված»: Միայն մեծ հոգին կարող է նման ինքնաբացման հասնել:
Հեղինակի փիլիսոփայական միտքը խորը ընդհանրացման է հանգում բանաստեղծության վերջին տողերում.
Մեյի բուրավետ ճյուղը պոկեցի.
Կուղարկեի սիրեցյալիս նվեր,
Բայց չկա ոչ ոք աշխարհում,
Ոչ էլ երկնքում, ավաղ,
Չկա մեկը, որ այն տեղ հասցներ:
Բանաստեղծուհու միտքը և հոգին սնունդ են ստանում ժողովրդական ակունքներից, հավատալիքներից, եթե մեյխուան «խորհրդանշում է մաքրություն և ազնվություն, դիմացկունություն, անկոտրում ոգի», ապա քրիզանթեմը (նրա թերթիկներից Չինաստանում անգամ գինի են քաշում), որն իր ուրույն տեղն ունի պոետուհու ներկապնակում, չինացիների մոտ՝ վաղընջական ժամանակներից մինչև հիմա, պաշտամունքի առարկա է: Ու այսպես՝ շարունակ, բանաստեղծուհու երգերում մեզ դիմավորում է կախարդական բույրերի ու գույների մի ծաղկանոց, որտեղ ամեն քայլի մենք հաղորդակցվում ենք աստվածային իմաստության հետ: Բնությունը մեր դեմ շռայլորեն բացում է իր հայտնի ու անհայտ գաղտնիքները, որոնց մեջ մարդը սակայն աշխարհի հետ անհաշտ է («Քամու հետ էլ թերևս Չեմ կարող հաշտվել»), («Ես դեմ չեմ խմել հանուն քրիզանթեմների, Որ արևելյան պարիսպների տակ են դեղնել»), («Նույն թախիծն է պատել Երկինքն ու երկիրը»):
Լի Ցինչժաոյի քնարերգության մասին ռուս թարգմանիչ և գրականագետ Մ. Բասմանովը, ով նաև բանաստեղծուհու հայերեն ժողովածուի առաջաբանի հեղինակն է, գրում է. «Զգացմունքների անաղարտություն, խորը բանաստեղծականություն և երաժշտականություն՝ արտահայտված կենդանի, պատկերավոր լեզվով և ձևերի կատարելությամբ. ահա այն գլխավորը, որ կանխորոշել է Լի Ցինչժաոյի պոեզիայի կենսունակությունը և հանրաճանաչությունը»: Միանգամայն ճշգրիտ գնահատական, որը բանաստեղծի ապրած ժամանակաշրջանի, նրա ստեղծագործության և արվեստի վերաբերյալ հիմնավոր իմացություններ է ամփոփում իր մեջ: Մանավանդ, այս համատեքստում ուշադրություն է գրավում «կատարելությամբ» բառը, որն այլ պարագաներում գուցե թե բանավեճի տեղիք կտար, այս դեպքում տեղին է ու թիրախային: Բանը նրանում է, որ հեղինակն իր ինքնաբնութագրումը տվել է միանգամայն հակառակ դիտանկյունով.
Կյանքս համակ նվիրել եմ
Դժվարին գործին պոետի,
Սակայն շատ քիչ եմ գրել,
Տողեր կատարյալ:
Ինքնադատումի տրամադրությունները նրան հանգիստ չեն թողնում: «Մեղեդի «Մանտինֆան» բանաստեղծությունը սկսվում է այսպես.
Գաղտնիքները հանգի, վանկի
Ես վաղուց եմ սերտել,
Բայց թոթովն անձրևի
Երբեք չեմ հասկացել:
Երևույթների զուգադրման միջոցով պոետուհին հասնում է քերթողական արվեստի և գեղագիտական մտքի փիլիսոփայական աննախադեպ ընդհանրացումների՝ ստեղծելով իր «բանաստեղծության գիտությունը», որն առայսօր չի կորցնում արդիականությունը:
Սա անհերքելի է՝ թե դու քո կերտած ժամանակի մեջ չես, ուրեմն՝ ոչ մի ժամանակի մեջ չկաս, ուրեմն՝ ժամանակից դուրս ես մնացել, բառը չի բուսնի լեզվիդ վրա, լեզվիդ վրա միտքդ չի բառավորվի հոգու թելադրանքով, ստիպված ես լինելու բառերի ընտրության գնալ՝ իբրև թե բանաստեղծական, իսկ դա քանդելու է քո բանաստեղծության տունը, կառուցածդ տան որմը նմանվելու է ոչ ավել, ոչ պակաս՝ թուրքական տան այն պատին, որի քարերը այստեղից-այնտեղից գողացված, բերման ենթարկված են՝ կամ խաչքար են, կամ տապանագրերի բեկորներ, կամ… Գլխավորը կարողանալն է՝ առանց ջանքի, ինքդ քո ձեռակերտած ժամանակի մեջ կերպարավորվել, կամ՝ առնվազն այդ ժամանակին կից քայլել, այլապես չես կարող ոչ միայն քո նախորդ մեծերի, այլ նաև հենց քո կողքին ապրող մեծերի ժամանակակիցը լինել: Չմոռանանք, որ այստեղ երկրորդական չէ, ավելին՝ դրան զուգահեռ ու առաջնային է սեփական ոգեղեն տարածություն ունենալը, թեմատիկ-աշխարհագրական մտածողության ներքին սահմանները, թող որ՝ անընդգրկելի: Տերյանի բնորոշմամբ` հոգևոր հայրենիքի սահմանները:

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել