Նվարդ Ավագյան / Այս աղջիկն ու ես

0

* * *
Գրիչս առնեմ ու միանգամից
Նոր մեղեդիով պատարե՛մ հոգիս,
Ասելու բաներ ունեմ՝ չեմ կախի…
Իմ մայրամուտի կեռուծուռ գամից:
Իրապես, այո, աննման էի՝
Երբ հանդուգն էի ու «փախած թոկից»…
Էությունն իմն է, վկայեմ վստահ,
Որ փառքի համար չեմ կանգնել հերթի,
Բախման քարն էի ճարպիկի երթի…
Բայց որտեղ հրդեհ՝ հոն ինքս հրշեջ,
Ուր թարախապարկ՝ ինքս հոն նշտար…
Էությունն իմն է, ու հենց նրան էլ
Ասում եմ հստակ,
Որ թե չլինի մի օր այդպիսին,
Հպարտ իմ սիրտը նրան կանտեսի:

Պետք չէ օվսաննա, ոչ էլ շարական
Նրան՝ տրված է ում չծնկողի՛
Ոտք ու սիրտ այրող թեժ
Ճակատագիր…
Կյանքը խփում է միշտ նրա՝ կողին,
Մերժում է կեցվածքն ով հարմարվողի,
Օր- ծերությա՛ն էլ ես հոժարակամ
Ընտրում եմ ճամփան՝ տանող ի բագին,
Բացախոս ասում. ո՛չ էլ երանի՝
Ով չի ամաչում անպատկառ գրից…
Դատարկ տակառի հանգույն
հանգերից…
Դեմքից՝ սեւացած հոգեւո՛ր մրից…
Ում սիրտ չի նեղվում խղճի
պակասից…
Չեղած փրկության հայոց զանգերի՜ց-
Քսաներորդ դարի նախառեքվիեմ՝
Ռուսիո- Թուրքիո նորապետության
Զոհ դարձած Կարսից…

Չեմ ժխտի. չունեմ գուցե թե նախկին
Իմ… առանձնակի սուր սրությունը,
Եվ քաղցրությունս «ակդոնա նռան»,
Եվ էլ կեղեւի տտիպը նրա…
Կարճ ասած՝ «տանող»՝ հանդուրժող
մարդ եմ,
Եվ այդ պատճառով ինքս ինձանից…
Հոգնել եմ արդեն,
Գտե՜ք, խնդրում եմ, իմ
պարմանուհուն՝
Թոկից փախածին…
Թող գա գրկի ինձ՝
Երկուսով կանգնենք…
տախտակամածին.
Ինքը՝ նավապետ,
Ես թող նվաստը լինեմ՝ նավաստին,
Միայն թե դեպի աննվա՛ճ ափեր
Առաջվա նման լողանք հավաստի:

* * *
Նվարդ էի, զվարթ էի,
Միամորիկ՝ տան զարդն էի,
Տունն էլ՝ վարքար.
Մայրս՝ ձախում, հայրս՝ աջում,
Ես մեջտեղը՝ օրերն էի անմիտ կարճում,
Հետն էլ կարծում՝ մե՜ծ մարդ էի…
Խելքս ջուր էր խմում ոնց որ
Դեռ դաբանից…

Ի՜նչ լավ է, որ մեծանալ կա…
Մեծանալով՝ աչքիս այնքան
Շատ «փոքրացա»՝
Հիմա՛ էլ դեռ փոքր եմ զգում
Ու շաշի պես մեկ-մեկ նստում՝
Խղճում եմ ինձ եւ ամաչում՝
Մի օր վրաս դրվելիք իմ
«Կարճ տապանից»…

* * *
Որքան հիշու՛մ եմ ես ինձ՝ առավել
Լեզվիս տակ բառի սուր համն եմ
պահել,
Ասել՝ բառերի՛ գետն ինձ հեղեղի,
Ա՛յդ գետն իր խորք ու լայնքով ինձ
նեղի…
Սիրտս բրաբիոն ծաղիկ է գցում
«Դժվար» բառուտում,
Հանց ծիրանենին՝ հայոց աշխարհի
Սեւահողերի երազը բացող
Կարմիր ժեռուտում…
Մտքերիս այգու պտղատու ծառեր՝
Օ՜, բառեր, բառեր,
Խելքներիդ ինչ էլ փչի՝ հրամայե՛ք,
Ուզեք՝ ափիս մեջ ես կրակ վառեմ,
Միայն «ծուռ աչքով» դուք ինձ
չնայե՜ք…

ԾՆՈՒՆԴ
Տիեզերական սուրբ ծիսակարգում
«Եղե՜ւ»-ն է հնչում Բանհղիության.
Սերովբեները բամբիռն են զարկում
Երջանկության ու ցավի միության.
Մանկաբարձուհի բառերի ձեռքով
Աշխարհ է գալիս պտուղը ճչան՝
Անվամբն Երգի հասնի մինչ երկինք,
Եվ ուրեմն հուսկ
Երկրի ութերորդ հրաշալիք որպես՝
Գալակտիկայում հնչի ամենուստ…

Ես՝ ոչ Պաստեռնակ, ու ոչ էլ Բորխես,
Եվ մանավանդ ոչ Խաչիկ Մանուկյան՝
Հոգեբացումի բարձրագույն կետով,
Երկրպագուն եմ «լավ թռչող» երգի
Լիցքերի՛ ներքին,
Եվ՝ այն խտության, որը նման է
Փողոց դուրս եկած խորամանկ էգի.
Շատերին գուցե տաք հայացք նետող,
Բայց տրվող՝ մեկի՛ն:
Ահա գրիչը, բառերը ահա, եւ ահա ձեռքդ…
Թռիչքի անկյան
Ո՞ր մեծությունը կընտրի իր համար
Հյուսելիք երգդ,
Որ հետագիծը չդառնա հանկարծ…
Թռիչքաանկման:

* * *
Կյանքս անցավ՝ նման տարօրինակ
խաղի:
Վազքում կարող էի տեղ հասնել միշտ
առաջինը,
Բայց պահեցի թափս
Ու վազեցի կողքով աութսայդեր… կաղի,
Որ չկորցնի՝ խիզախության քիչ բաժինը:

* * *
Ժամանակին շա՜տ խմեցի ժամանակի
լեղին,
Որ իմանամ՝ ինչու պիտի…
Լաց չլինի՛ աչքս ոչ անտեղի,
Ոչ էլ անգամ-բա ի՜նչ էիք
կարծում- տեղին:

* * *
Ձեզ՝ ձեր ճամփան՝ հարթ ու լայնեղ,
Ինձ կածանն իմ՝ ժեռուտ ու նեղ…
Շատ չտխրեք, որ անվնաս հասել եմ տեղ:

* * *
Տերեւների «բերքն» է,
Հավաքել է մի տեղ,
Վառած լուցկին է մոտեցնում արդեն…
Երանի չէ՞ր, արդյոք՝ մեր հուշերի բեռն էլ…
Մեր սրտի՛ մեջ այրել
Եվ ընդառաջ գնալ նոր օրերին:
Օ՜, մեր հուշի
Հավերժ անկեզ ծառ-մորենին…

* * *
Երանի՜ թե բանաստեղծը
Կարողանար բուժել
Երկրի գեղձը…

* * *
Հայտնիր «ո՛չ»-դ այդ քաղաքին՝
Քարե վանդակ,
Ուր մեկ հարկի՛, տասն՝ անհարկի՛
Փող ու շահի, պաշտոն-գահի
Կիրքն է եռում:
Ասֆալտից ու խեգ-խելագար
Վազքից հեռու՝
Քեզ կանչում են հող ու հանդակ.
Պաշտամունքին աշորայի
Տալիքդ տուր,
Անտիրության շունն է ոռնում,
Քեզ կարոտու՜մ կաթող կտուր…
Վերադարձիր ոգով նախկին,
Հանիր սրտիդ փուշն ու լեղին,
«Հողուրացման» ցավ ու ախտից
Որ ազատվի ծեծված հոգիդ…
ժամն է գուցե ճիշտ ու տեղին.
Ուղղությունը ֆորտունայի
Հայրենիքիդ կողմը թեքիր,
Այսքան խորը դեռ իր օրում
Չէ՜ր ժանգոտել խոփը հայի…
Չարչար երկրիդ նոր զորացման…
Հիմնարկեքին
Բահը ձեռքիդ ներկա եղիր:

* * *
Վստահ-անսխալ մեզնից ո՞վ կասի
Ինչ է ենթադրում ընթացքը դժվար,
Երբ տարին նման օրապակասի՝
Մարդն էլ ապրում է ինքն իր մեջ գժված,
Երբ օրը աղ է ցանում բաց վերքին,
Երբ ցորեն- գարի խառնած են ցանում,
Եվ քրտինք կերած հոգեւոր հերկի
Արտը հավասար էլ չի բարձրանում…
Եվ ինչու՞, Տեր իմ, ժամանակն ու ես
Միասին՝ սակայն ոտնծո՛ց պառկում,
Երկուստեք խումհար վիճակում ասես՝
Կռվող իմ երգի
Ձայնածավալն ենք սահմանափակում…

* * *
Բրդոտ մի շուն երազիս մեջ
Եկավ ուղիղ սիրտս մտավ
Եվ սկսեց ոռնալ անվերջ…
Երբ խնդրեցի ձենը կտրի գոնե մի պահ
Եվ հարցրի, թե ում շունն է,
Ասաց` շուն չեմ, վերից տեսա խնդիր ունեք.
Լուռ տագնապի թելն եք մանում՝
Ձեն չեք հանում…
Որոշեցի այս տեսքն առնել՝
Ձեր խռովքը դյուրաթարգման
Այս ոռնոցով բարձրաձայնել…
Շուն չեմ, քույրս,
ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ
հրեշտակն եմ,
Թեեւ ԹԱՎՇԵ աշուն է դեռ ձեր կողմերում,
Այս մորթին եմ վրաս առել,
Որ միշտ մրսող ձեր սրտերի նոր հողմերում
Թոքաբորբեր չվաստակեմ:

ՀԱՅ ԵՆՔ ՄԵՆՔ
Ամեն մեկս հանց կատարյալ նոտար`
Թե չդառնայինք մեր իսկ մեղքերը
Թեթեւ դուրս գրող,
Չէինք էլ դիմի ատյանացն օտար`
Մեզ ոչինչ տվող աղերսագրով…

* * *
Երբ մեղքի ժամ է Սատանան բոթում,
Ինքնաժխտումի բացիլն արթնանում՝
Ինքնակործանման ախտն է բորբոքում,
Մինչ երկրի կեսը
Իրեն չի տեսնում մեծ որոգայթում,
Երկրորդ կեսն արդեն այլափ է գաղթում…

* * *
Սրա ու նրա ձեռքը լիզելով`
Իր անթիվ հոտով
Առաջ է շարժվում քոչվորն անխոտոր,
Մենք մեր կրակից անմիտ կիզվելով`
Մեր վասակներին ուղարկում Տիզբոն`
Լցոնվեն խոտով:

* * *
Շատ եմ տառապել` պատասխան չափել
Մի հարցի համար. ինչո՞ւ է այսպես,
Տանուլ տվածը մեր՝ բազմահատոր…
Ու պատասխանից սառել-սարսափել:
-Հայ ենք՝ մեր կարճմիտ մոլորության մեջ
Մեր իսկ գլուխը չգիտկան հատող:

* * *
Եվ այս միտքը, որ ուղե՜ղ է այրում.
Դարն այս, ի վերջո, ի՞նչ ունի պահած
Հայության համար, մեզ ի՞նչ է հուշում
Խղճի պակասով աշխարհը մտած
Հազարամյակի թունոտ մշուշում:
Մի՜թե սեւ կրքեր…Նոր ոխ ու արյուն…

* * *
Էլ մի ճնշեք ինձ, լավ ու վատ օրեր,
Էլ հերիք եղավ…
Խառն ու անպտուղ աղմուկներից, թե
Բառերի դատարկ զնգոցից հոգնել՝
Դարձել եմ կյանքին խորթ ու անտեղյակ…
Հին ու ներկաթափ կտավ եմ՝ գուցե
Հարեդից էլ հին,
Մի կեսով արդեն Տիրոջ երկնքում,
Մյուսով գետնին՝
Ժպտում ափիշուրթ, լացում անարցունք,
Ի՜նձ եմ… որոնում, եւ ի՞նձ հարցնում,
Թե մահկանացուս ինչո՞ւ չի կնքվում:
. . . . . . . . .
Ոտքերս վաղուց խռով հնձանից՝
Հուսալու, ախր, ի՞նչ կա ինձանից:

* * *
Չի մոռացվում վերքը հասցված,
Բայց ներել է հուշում Աստված
Ոչ իմացյալ հանցագործին-
Հեշտ չէ, գիտեմ, բայց դու փորձիր…

Անհաշիվ են ուղիները մոլորվելու,
Սխալ գուցե չի գործում նա,
Ով ապրում է արդեն վերում:

* * *
Երբ գտնվում եմ քեզանից հեռու,
Սարերից իջնող կածանդ քարոտ
Դառնում է կարոտ՝
Կծիկի նման ինձ ետ կծկելով՝
Քո գիրկը բերում:

* * *
Կասկածում եմ, այն էլ ուժգին,
Թե կսանձեն իմ բնույթին –
Թամբ ու մտրակ չտեսած իմ
Վայրի մուսթանգ խենթ նժույգին:

* * *
Շատ էի ջահել, սիրուց անգիտակ:
Ինձ ձեռքով արեց…Օ՜, ես դա տեսա՝
Ինչպես տեսնում ենք խազերը ափի:
Արքայական ի՜նչ կարմիր էր հագին…
Շուրթին էլ ծաղկած ժպիտից թվաց
Հալվելուն մոտ է տաքացած հոգիս:
Կախարդվածի պես հարցրի նրան.
-Դուք նման չեք ինձ ծանոթ ոչ-ոքի,
Եվ Ձեր կարմիրն էլ…այդքան անսովոր՝
Կարծես թե լինի հաղթահանդեսը
Պայծառագույնի…Եվ այդ վզարկու՛ն՝
Որ միլիոնի մեջ մեն է, երեւի,
Եվ ժպի՜տը, որ անդրադարձն ունի…
Սրտի ճաքերը լցնող անձրեւի:
Բայց… ինչո՞ւ եք ինձ Ձեր գիրկը առնում,
Կրակով լցվեց մարմինս ասես…
Ով եք՝ ինձ կասե՞ք:

Չիմացա ո՞ր մեկ երկնքից քաղած
Աստղ ու աստղիկներ աչքերում պահած՝
Զինաթափ արեց, ժպտաց ինձ կրկին,
Բռնեց ձեռքս ու տարավ իր սրտին.
-Է՜լ ով կարող է քեզ այսպես սիրել…
Եվ ո՞ւմ կարող ես սիրել դու այդքան…
Բացի՜ր աչքերդ, քեզ հետ միասին
Ծնված Երգն եմ ես՝ քո սրտի արքան:

* * *
Դեռ կլինի Ժամանակ, երբ
Կբացառվի երթ՝ Գողգոթա,
Երբ կիմանա արորն իր տեղն
Ու չի կոչի իրեն գութան…
Այնժամ գուցե կհասկանա
Ի՛նձ էլ աշխարհ.
Սիրտս հնձան,
Տողս համեստ մտքի նշխար,
Հոգիս ծնծղա…

* * *
Կթռչեն տարիներն այս, այո,
Եվ կգա ժամանակ մի դաժան,
Չի լինի երբ դեմքիս տաք նայող.
Չեն նայում տերեւին խաշամ…
Կարճ կապրեմ թե քիչ էլ երկար,
Սիրեցեք ինձ հիմա՛ – քանի կամ…
Գործել է անկաշառ լեզուս բաց՝
Անպաշտպան ապրել իմ սիրտը մերկ,
Ի զորու չեմ եղել հանդուրժել քսու աչք,
Երեսի նետվող թուք, անտեղի մեծարում…
Ձեր խինդը, ձեր ցավն եմ վերծանում,
Սիրեցեք ձեզ սրտանց սիրողիս,
Սիրեցեք հենց հիմա… զի գիտեմ.
Չեք կարող զիս սիրել ավելին՝
Կհանձնեք մի օր երբ սեւ հողին:

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել