Շահմանե Մանսուրյան «Իմ աշխարհն ունեմ` պարզ ու սիրելի». Արկադի Թովմասյան

0

Բանաստեղծ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արկադի Թովմասյանը 70 տարեկան է: Այս առթիվ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում օրերս կայացած միջոցառմանը հոբելյարին շնորհավորելու էին եկել Արցախի գրական ընտանիքի անդամներ, գործընկերներ, իր արվեստի երկրպագուներ, ուսանողներ:
Իր խոսքն սկսելով շնորհավորանքով, Արցախի գրողների միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանը նշեց, որ տասնամյակների կնիքն ունեցող իրենց բարեկամությունը լի է բանաստեղծությամբ ու անմոռանալի հուշերով: «Ա. Թովմասյան բանաստեղծն ունի իր ընթերցողը, քանզի ստեղծել է այն պոեզիան, որը զորու է հոգեկից լինել մարդուն: Ինչպիսի հուզմունքով ընդունվեց «Սայլակներով պար» բանստեղծությունը, որն, իմ կարծիքով, մեր պոեզիայում պատերազմական թեմայով գրված լավագույն ստեղծագործություններից է: Առաջին իսկ գործերից նկատելի էին բանաստեղծի մտածողության նրբությունը, քնքշությունը: Այս որակներն էլ առայսօր իրենց պոետական յուրօրինակ արտահայտությունն ունեն նրա ստեղծագործությունում: Թովմասյանի ստեղծագործությունում առանցքային է հեղինակի հոգեբան-մանկավարժ լինելը և նրա համար բանաստեղծությունն էլ դարձել է հոգեբանության բարձրակետն ու հենարանը»,- ասաց Վ. Հակոբյանը:

«Իմ աշխարհն ունեմ` պարզ ու սիրելի…», Արկադի Թովմասյանը պոետական իր աշխարհը հենց այսպես է ներկայացնում և ընթերցողիս համար այն նման է կյանքի լեցուն օրվա, ուր հազարաձայն են հայրենիքի ճակատագրի հանդեպ տագնապը, սերը, անտառի սոսափն ու ծննդավայրի չլռող շշուկներն ու հուշերը բերող հոգատար քամին։
Եվ իր ստեղծագործությունում անցյալի պատկերները բակունցյան գորգի նախշերն են, որքան լվանում է ժամանակն,այնքան պայծառանում են նրա գույները: Եվ ներկան դառնում է մանկության հուշերի անվերջ կանչը,այնտեղ ինքը մի խենթ պատանի է,ում համար դեռևս ընտրության ճամփաները բյուր են, իսկ հոգուն անծանոթ են վհատությունն ու զղջումը:
Եվ այդ հզոր հենքի վրա է կառուցում իր բանաստեղծությունը ու այսօր իր համար աշխարհի դավերը փոշիանում են հենց Արցախում: Հայրենի հողի զորությունը ամուր է բանաստեղծի հոգում, որ կարող է ասել.
Ես հող եմ,
Չեք կարող բեկել ինձ երբեք,
Կամ
Ես լեռներից կախված զանգ եմ…
Արցախյան ազգային ազատագրական շարժման ակտիվ մասնակից Արկադի Թովմասյանի պոեզիայում առանցքային են մեր գոյամարտին նվիրված բանաստեղծությունները,անիծյալ պատերազմը չի մեռնում երբեք մոր աչքերի մեջ…
Բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը հենց անդրադարձավ Ա. Թովմասյանի պատերազմական թեմայով գրված ստեղծագործություններին, «…որոնք իրենց բովանդակային ինքնատիպությամբ, ստեղծած հոգեբանական խոր ապրումներով և իրավիճակներով` հոգեցունց ազդեցություն ունեն ընթերցողի վրա: Թովմասյանն արցախյան գոյապայքարի առաջամարտիկ է և իր մաշկի վրա զգացել է այդ օրերի ողջ դառնությունը:Գրողը հանրահավաքներից մեկում ունեցած ելույթի համար մի խումբ մտավորականների հետ բանտարկվել է: Սակայն նա չի հրաժարվել հայրենիքի ազատության համար իր մղած պայքարից և այն շարունակել է …նաև բանաստեղծությամբ: Թովմասյանը ներկայացնում է մի պատերազմ, որը հաջորդել է բուն պատերազմին և որն առավել սարսափելի է: Դա մարդկանց հոգիներում ահեղաձայն որոտացող պատերազմն է` թանկ կորուստներով, հոգու և մարմնի հաշմվածությամբ: Գրողը յուրովի է ընդվզում պատերազմի դեմ ասելով` «Պատերազմում եմ քո դեմ` պատերազմ»: Արձակագիր Լևոն Խեչոյանն ասել է «Գրականությունը պատերազմն ատել տալու հնարավորություն է»: Թովմասյանը գրողական նման կենսադիրքով` պատերազմն ատել տալու իր մոտեցումն ունի, ինչն էլ իր ժողովրդի ցավի արտահայտությունն է, ասել է թե` իր ցավի արտահայտությունը»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Բանաստեղծը ծնվել է 1948 թվականի մարտի 21¬ին, Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ Միջնակարգից հետո ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետը և այն ավարտել 1979¬ին։ Աշխատել է Արցախի կրթության և մշակույթի օջախներում։ 1987¬ին պաշտպանել է ատենախոսություն և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, արժանացել դոցենտի կոչման։ Նա Արցախի Հանրապետության կառավարության Եղիշեի անվան մրցանակի կրկնակի դափնեկիր է, բանաստեղծությունների չորս ժողովածուների հեղինակ, ղեկավարում է Արցախի մայր բուհի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։
Բանաստեղծն ամենքի զգայուն սիրտն է, արթուն աչքը և նրանից անտես, թվում է ոչինչ չկա իր շրջապատում։ Եվ միայն բանաստեղծը կարող է լսել հայրենի անտառների ամենաթեթև շրշյունը, բանաստեղծը կարող է զգալ մայթով անցնող աղջկա`անփութորեն ձմռանը հանձնած ծաղկի տխրությունը, իր սրտազարկը համարել սիրո արձագանք, երջանիկ լինել նույնիսկ նրանով, որ անպատասխան սերն անգամ չի դադարում սիրելուց…
Արկադի Թովմասյանի պոեզիայում հայրենապատումը հյուսվում է նաև սիրերգությունից, մարդերգությունից, բնապաշտությունից։ Իր ներշնչանքը հայրենիքը ազատ ու հզոր տեսնելու ձգտում է` իբրև մարդկության պատմության մեջ իր հանճարեղ խոսքն ասող հնամենի ցեղի փափագ: Ազատությունն է ամենամեծ հրաշքը` մարդուն ընծայված,մեր ժողովրդի հազարամյակներով չափվող պատմությունը մարդ արարածի անկորնչելի հավատն ու հույսն է պահել իր մեջ` նույն աշխարհի համար։ Սա է ասում բանաստեղծ Արկադի Թովմասյանը և պատահական չէ, որ նրա հայրենապատումից սերն է բուրում, և սիրերգության մեջ նույնանում են բնությունն ու հայրենիքը։
Ես վերջին զինվորն եմ լինելու
Քո դաշտից հեռացող
Ես վերջին զինվորն եմ լինելու`
Հաղթողի դրոշներ` իմ ձեռքին։
Կամ
Արցախցի եմ ես,
Դարերով փակված լեզվիս կապերը
Ես արձակում եմ
Ու շղթաներս դառնում են տառեր
Գրում անունդ, իմ մայր Հայաստան։
Միջոցառմանը հանդես եկան բանասիրական գիտությունների թեկնածուներ Կարինե Ավանեսյանը, Ժաննա Բեգլարյանը, բանաստեղծներ Դավիթ Միքայելյանը, Ռոբերտ Եսայանը: Բանխոսները յուրովի գնահատեցին պոետի վաստակը, նրա մարդկային զուլալ նկարագիրը:
«Ա. Թովմասյանը գունեղ հոգեաշխարհ ունեցող բանաստեղծ է: Այդ հոգեաշխարհից, իբրև բանաստեղծություններ, ալիքվում են նրա ցավն ու տառապանքը: Սակայն ցավի ու տառապանքի արտահայտություններ բանաստեղծությունները չեն վհատեցնում ընթերցողին, այլ հուսադրում, լցնում հավատը: Բանաստեղծը լռությունը շոշափում է հոգու լարերով և այն յուրովի նրբերանգներով ներկայացնում ընթերցողին:Նրա պոեզիայից հայ զինվորի ոգին է հառնում»,-ասաց Ռ. Եսայանը:
Տուն կանչողը միշտ էլ մանկության հուշերն են, որոնք չեն թողնում, որ քնի լույսը, իսկ, երբ լույսն արթուն է` արարվում է բանաստեղծությունը: Ինքը իր ստեղծագործությամբ ներկայանում է բոլորանվեր, իր հայրենիքով, իր անձնական տվայտանքներով, տողի գույների հրավառությամբ և սիրտ բացում` ահա` այսպես.
Ես կյանքում եղա և խոր, և խրթին,
Դրսից միշտ անտաշ,
ներքուստ միշտ քնքուշ:
Հպարտ է իր հայրենիքով,նրա` պատմության խոժոռ հայացքը` գալիքի` ազատ, արարող ու հզոր լինելու… հայացքն է պահում…
Երկիր ունեմ, որ իր փառքով
Աշխարհին է հույս տվել,
Որդիք ունեմ,
Որ աստղերի
Երազներին տիրացել,
Ազատաբաղձ հոգիներին
Լույսի ճամփա են բացել։
Հոբելյանական միջոցառմանը Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողները ասմունքեցին Ա.Թովմասյանի ստեղծագործություններից:Հոբելյարը նվերներ ստացավ համալսարանի դասախոսների և գրողների միության կողմից:
Ա.Թովմասյանը բանաստեղծի հավատարմությամբ է հավատարիմ իր իսկ սկզբունքին. «Դու լոկ քո երգի տանջանքով գնա», ինչն էլ դարձրել է իրեն կողապինդ, աներեր և կարող է ասել` ինչու՞ խավարին լույս շողեր չտալ, գուցե թե՞ մեկը այդ արահետով կհասնի լեռներ…
«Հայրենասիրական երգերում քնարական հերոսը ինքն է` բանաստեղծը։ Գյուղական պատանու կենսագրությունը կարևոր կռվան է նրա պոեզիայում։ Սակայն նրա պատանեկան հուշերը ստանում են կենսափորձի երանգ և դառնում ընթերցողին հուզող ու ապրեցնող խոհ ու խորհուրդ։ Այստեղից է նրա ապրումի ընդհանրացնող ուժը։ Հայրենասիրության թեման նոր երգանգներով բացահայտվեց Արկադի Թովմասյանի «Արցախցի եմ ես», «Զգույշ քայլեք, մարդիք» ժողովածուներում և նոր շարքերում։ Գնալով Արկադի Թովմասյանի հայրենապատումը վերածվում է պայքարի երգի»,¬ գրել է բանասիրության դոկտոր,պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։
Առաջվա պես ինքը իր երկրի մի ծառն է, իր երգի մի տողը և մեղեդին լուռ, բայց, եթե կանչի հայրենիքը, ինքը կորոտա հզոր…
Սա պոետի համար բանաստեղծական գյուտ չէ, այլ խոր ապրում, անհնարանք հնարանքով ստեղծված տողեր, իր պարզության մեջ կենսահաստատ փիլիսոփայությամբ, երդմնակալ: Որպես երկրի զավակ, թիկունքն ամուր է հայրենի բնակավայրով, լեռներով, հոգին պինդ` մանկության հուշերով, քանզի ամենաանմոռաց երգը լսել է հասկի օրորից,
հողվորի շուրթից, սիրահարների խոսքերից` քնքուշ ու համբույրներից…
Ընթերցողիս համար հաճելի էր հայտնաբերել իր բանաստեղծությամբ հրապարակ հանած «կրակենի» բառը, անհնար էր չնկատել բանաստեղծական հյութեղ պատկերների կողքին նաև մեր բարբառով գրված ստեղծագործությունները:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հոբելյարը: Նա իր խոսքը համամեց իր բաժին երկինքը պահող փոքրիկ թռչունի մասին խորիմաստ պատմությամբ` ևս մեկ անգամ հավաստելու, որ իր մանկավարժական գործունեությամբ, բանաստեղծությամբ, հարազատ ժողովրդի պայքարի ու հաղթանակի մի մասնիկը լինելով է պահում իր բաժին երկինքը… գալիքի համար…
Պոետի երջանկությունն այն է, որ նրան հանդիպողը խոսի հենց նրա բանաստեղծություններով, մի առիթով ասել է Արկադի Թովմասյանը: Իսկ մենք կարող ենք ասել, որ նա ամեն օր էլ շուրջը կարող է տեսնել հենց իր տողերի պատկերները, քանզի առաջվա պես անձրևը պատմում է գաղտնիքն աստղերի, առաջվա պես ջահելության անփութությունը ծաղիկ է թողնում ձմռան լռության մեջ, առաջվա պես պոետը մորմոքվում է սիրո կարոտից և մրմնջում` «իմ կրակենի», առաջվա պես զավակի սիրտը թունդ է ելնում կյանքից հեռացած մոր` մասունք դարձած շալը տեսնելով: Եվ բանաստեղծը զինվորավարի գիտե,որ անցնելիք ճամփա ունի, դեռ ամենալավ տողը չի գրվել, ամենալավ երգը չի հյուսվել: Ուրեմն, պիտի շարունակի խավարին լույսի շողեր տալ, իր լույսի պահապանը լինել ու հիմա` ինչպես չասենք, որ այս ամենն էլ հենց պոետի երազած երջանկությունն է…

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել