Կիմ Գաբրիելյան / Ա ռ ա կ ն ե ր

0

ԻԺԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ

Թե ինչպես եղավ`
Ժամանակավոր
Իժը անտառում
Դարձավ թագավոր:
Եվ սողուններին
Պաշտոններ տվեց,
Անգամ ճիճվին էլ
Լավ գործի դրեց:
Ու երբ որ տեսավ
Պինդ է իր տակը,
Հրապարակեց
Հրովարտակը.
-Պետք է ամեն ոք`
Արծիվ, թե հովազ,
Իմ տիրությունում
Սովորեն սողալ:

ԳԱՄՓՌԸ

Գամփռը բակում
Խելոք ձևացավ
Ու կարճ ժամկետում
Վաստակեց համբավ:
Եվ այդ համբավը
Հիմք ընդունելով`
Նրան կարգեցին
Բակում գլխավոր:

Գամփռին այդ էր պետք`
Դիրքն օգտագործեց,
Ամենքի կերից
Բաժինն իր կորզեց:
Սակայն, տեսեք որ,
Կերը հարմար չէր`
Այծն ու ոչխարը
Աչքին վատացան:

Ու ստացվեց այնպես,
Որ գամփռի ստիպմամբ
Երկուսն էլ շուտով
Բակից հեռացան:

ԺԼԱՏ ՊԱՏԱՍԽԱՆ

Ժլատ տերը
Մի օր վճռեց`
Խոզի կերը
Կիսատ լցրեց:
-Այսքանն էլ է
Քեզ համար շատ,
Ախորժակիդ
Թե որ նայեմ`
Ունեցվածքս կքայքայեմ:
Խոզը նրան
Պատասխանեց.
-Իզուր ես դու
Այդպես ասում.
Չէ՞ որ վերջում
Իմ կերածը
Դու ես մարսում:

ՁԵՌՆՊԱՀԸ

Որտեղ որ մի
Ժողով լինի`
Կաչաղակն իր
Խոսքը ունի:
Եվ չի գովում
Նա գովելին,
Ոչ էլ ժխտում
Ծուռն ու թերին:
Բայց քանի որ
Անվտանգ է ձեռնպահը`
Միշտ էլ նրան
Խոսք է տալիս
Նախագահը:

ԹՈՇԱԿԱՌՈՒ ՄԵՂՈՒՆ

Ծերացավ մեղուն.
Հիմնարկությունում
Արեցին ժողով
Եվ երկարամյա
Նրա վաստակը
Գնահատեցին
Խիստ որոշակի.
Աշխատել ես միշտ
Ազնիվ ու բեղուն,
Արդ ժամն է գնաս
Արդար թոշակի:
Իսկ այսօրվանից
Հիմնարկությունում
Պիտ փոխարինի
Քեզ իշամեղուն:

ՀԱՄՈԶԻՉ ՊԱՏՃԱՌ

Շունը գայլին
Ասաց. -Եղբայր,
Ինչի՞ց է, որ
Ատամներն իմ
Շուտ են թափվում,
Չէ՞ որ ես էլ
Ձեր ցեղից եմ
Նույնպես հաշվվում:
Գայլը մռայլ
Չարախնդաց.
-Նրանից է,
Որ անտեղի
Շատ ես հաչում:

ԿԱՏՈՒՆ

Կատուն կարծում էր,
Որ թե չաղանա,
Ինքն էլ թերևս
Մի վագր դառնա:

Չաղացավ… Սակայն
Մոռացել էր նա,
Որ ահեղ վագր
Դառնալու համար
Պետք է և վագրի
Սիրտ էլ ունենալ:

ԽԼՈՒՐԴԸ

Հանգիստ ու դադար
Չունի խլուրդը,
Ողջ օրը առած
Բահն ու քլունգը,
Մոռացած անգամ
Իր նպատակը`
Հա’ փորփրում է
Ամենքի տակը:
Եվ թե քանի արտ
Հերկել կհասցներ,
Եթե լոկ հերկեր`
Արորին հարցրեք:

ԴԺԲԱԽՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Կովին ազնիվ կարծեցին,
Պահեստապետ կարգեցին,
Բայց դեռ չանցած ամիսկես`
Ուրիշ դարձավ
Կովը հեզ:
Բերնի համը մոռացած,
Սկսեց ուտել չոր ու թաց;
Սակայն կով էր, էլ ի՜նչ ճար
Կերածը պիտ որոճար:
Ու որոճաց, բայց թե հենց
Որոճալիս բռնվեց-
Ո՜վ է տեսել նման բան,
Գողացածն էլ որոճա՞ն…

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Խոզը էշին
Ասաց. …Դրկի’ց,
Ո՞նց ազատվեմ
Չաղությունից:

Էշը տնքաց
Բեռի տակից.
-Մեջքիդ այսպես
Բեռ կրիր միշտ:

ՄԱՏՆԻՉ ՊՈՉԸ

Աղվեսը մի օր
Իրեն հզոր գայլ
Երևակայեց,
Սակայն հազիվհազ
Հոտի շներից
Գլուխն ազատեց:

Եվ ափսոսալով
Աղվեսը այսպես
Ինքն իրեն խորհեց.
-Իմ երկար պոչը
Ինձ դավաճանեց-
Պոչս չլիներ`
Մի ոչխար հիմա
Իմը կլիներ:

ԳՈՐՏԻ ՎԱԽԸ

Գորտին ասացին.
-Զուր ես ուռկանից
Այդպես վախենում,
Մեկ է, բռնելուց`
Քեզ բաց են թողնում:
Գորտը հառաչեց.
Ես վախենում եմ
Ոչ թե ուռկանից,
Այլ ուռկանն ընկած
Համր ձկների
Արհամարհանքից:

ՀԱՐՄԱՐ ԳՈՐԾ

Կրիան այսպես
Դիմեց առյուծին.
-Չե՞ս դնի, արդյոք,
Ինձ հարմար գործի…
Ճիշտ է, շատ եմ ես
Կյանքում դանդաղկոտ,
Բայց չեմ էլ եղել
Երբեք ալարկոտ:
Գործում թեկուզև
Հաճախ տուժում եմ,
Սակայն աշխատել
Սրտանց ուզում եմ:

Եվ առյուծ արքան
Երկար մտածեց,
Նրան պալատի
Պահակը կարգեց.
Դանդաղկո՞տն է շատ,
Այդ մեկը ոչինչ,
Միայն թե գործում
Ազնիվ լինի միշտ:

ԳՈՌԳՈՌԱՑՈՂ ԱՐՋԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Ճշմարիտ է ասված, որ արջը միշտ վախենալուց է գոռգոռում: Ադրբեջանի վերջին տարիների վեհերոտ պահվածքը և ռազմական հռետորաբանությունը ոչ այլ ինչ են, քան հայկական զինուժի հանդեպ ունեցած սարսափի «արջավարի» դրսևորում: Հուլիսի սկզբին Մինգեչաուրի ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, բառի բուն իմաստով, կաթվածահար էր եղել մեր հարևան երկիրը: Շուրջ չորս տասնյակ քաղաքներ ու շրջաններ, այդ թվում՝ Բաքուն ու Գյանջան, մնացել էին առանց լույսի, խցանումներ էին առաջացել փողոցներում, մարդիկ մնացել էին մետրոյի գնացքներում, վերելակների մեջ, դադարեցվել էր ջրամատակարարումը, խափանվել էին նավթարդյունաբերական աշխատանքները: Ըստ «Ազերէներջիի» ղեկավար Էթիբար Փիրվերդիևի` խնդիրը շոգ եղանակն էր, ինչը հանգեցրել էր էլեկտրաէներգիայի անկանխատեսելի պահանջարկի:
Պարզվում է, որ շոգը լրջորեն ազդում է ՋԷԿ-ի վրա` ընդհուպ նաև խափանելով աշխատանքը: Եթե ամառային արևն ունակ է առավելագույնը մինչև 50 աստիճան ջերմություն առաջացնել Մինգեչաուրի և հարակից տարածքներում, ապա հայկական «Սմերչի» մեկ հրթիռը հաստատ հազարավոր աստիճանով «կշոգեհարի» ջերմաէլեկտրակայանը, բնականաբար, խավարի մատնելով Ադրբեջանի մեծ մասը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն օրերս ուղղակիորեն ակնարկել էր, որ հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանության բանակի հրթիռային համակարգերն առանց դժվարության կխոցեն Մինգեչաուրի ՋԷԿ-ը, ինչը այդ երկրի տնտեսության համար աղետ կդառնա:
Ադրբեջանական սպառնալիքին չափազանց բաց տեքստով հակադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարը, զգուշացնելով, որ այս անգամ հայկական զինուժը չի դիմանա հզոր հակահարձակմամբ ազերբանակին ջախջախիչ հարված հասցնելու գայթակղությանը:
Ընդամենն ասվել է այն, ինչը գործնականում հնարավոր է: Բաքվում սովորել են պարբերաբար հոխորտալ` հայերիս, իբր, վախ ներշնչելու համար: Եվ մեր արժանապատիվ լռությունն էլ նրանց կողմից դիտարկվել է իբրև ճարահատ զգուշավորություն: Սակայն, ընդամենը մեկ անգամ արված թափանցիկ ակնարկը ազերական ոտնձգությունների հակազդման ծանր հետևանքների մասին, սարսափի է մատնել սև և սպիտակ ոչխարավորներին: Սոցիալական ցանցերն ամեն օր լիքն են տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց մեջ գերակշռողը անասնական վախն է:
Չնսեմացնելով պատերազմի վերսկսման մշտական վտանգը, հարկ է նշել, որ Ադրբեջանն ինչքան շատ է խոսում «իր հողերն ազատագրելու» ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու մտադրության մասին, այնքան նվազում է դրա հավանականությունը: Ով` ով, բայց մենք հրաշալի գիտենք, որ ազերիները երբեք և ոչ մի պարագայում չեն փայլել «սասունցիդավթյան» մեծահոգությամբ ու հազիվ թե զգուշացնեն մեզ հարվածելու պլանների մասին: Նրանք կհարձակվեն, երբ վստահ կլինեն իրենց ուժերին, ասել է թե` երբ մենք թույլ կլինենք իրենցից: Եվ հենց էականն էլ այն է, որ մենք երբեք չենք զիջի մեր հարևանններին` ո’չ ոգու զորությամբ և ոչ էլ զինական ուժով:
Իսկ արջն ինչքան ուզում է, թող գոռգոռա, ինչքան բարձր` այնքան վատ իրենց համար: Ի դեպ, ասում են նաև, թե գոռալուն զուգահեռ` վախեցած արջը նաև… տակը լցնում է: Մենք, իհարկե, չենք կարող դա ստուգել, և թերևս դրա պատասխանը կենդանաբանները կասեն:

«ՊՈՒՂՈՒ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել