Զոհրաբ Ըռքոյան / Արտաշավի. Պատմագիտական տեղեկանք

0

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արտաշավիի գյուղական համայնքը տեղաբաշխված է Հակարի գետի ձախակողմյան բարձրադիր լանջերին (Ծ.Մ. 1200-1500մ բարձր)՝ Բերձոր շրջկենտրոնից 35 կմ հյուսիս (մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 85 կմ հեռու): Համայնքն ունի 3089,5հա տարածք, որից 2483,1 հա` գյուղատնտեսական նշանակության, 484,1հա` անտառային հողեր: Գյուղում բնակվում է 145 մարդ` 31 ընտանիքում: Ազատագրվել է 1993թ. գարնանը, վերահայացել 1994 թվականի երկրորդ կեսից: Գյուղի Լեոնիդ Ազգալդյանի անվ. միջնակարգ դպրոցը գործում է 1995 թվականից. առաջին տնօրեն` Ռուբիկ Սիմոնյան: Կրթօջախը մոտ 17 տարուց ավելի տնօրինում էր գյուղի հիմնադիր բնակիչներից, երջանկահիշատակ Վոլոդյա Հարությունյանը: Ներկա տնօրեն Վերա Խաչատրյանը, ով 2014-ից է ղեկավարում, տեղեկացրեց` ունեն 13 ուսուցիչ, 41 աշակերտ, որոնցից 14-ը դպրոց է հաճախում հարևան Նորաշենիկ գյուղից: Դպրոցը գործում է նոր կառուցված միհարկանի շենքում:

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանն իր մեջ է ներառել Հակարի գետի և նրա 4 հիմնական վտակների` Աղավնոյի, Հոչանցի, Շալուայի և Որոտանի հովիտները, որոնք Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների մի քանի գավառների կազմում էին: Արցախի գավառներից հիմնականում Բերձոր-Բերդաձորն ու Վայկունիք-Վակունիսը-Հարճլանքն` (ըստ Բագրատ Ուլուբաբյանի` նաև Ծար) 2 գավառներն են ներկայիս Քաշաթաղի կազմում: Վայկունիք անվանումը Խորենացին այսպես է բացատրում. «…Որովհետև Տիգրանը լսել էր, թե ՎԱՅԿՈՒՆ անունով մի ելուզակ վրդովում է հայոց աշխարհը՝ գրավելով այն ամուր լեռը, որ մինչ այսօր էլ այդ ելուզակի անունով կոչվում է Վայկունիք…» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն` Երևան, 1990թ., Էջ՝ 83): Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի կարծիքով` ավազակ կամ ելուզակ Վայկունը նույն հռոմեացի զորավար Լուկուլոսն է: Կան կարծիքներ, որ Տիգրան Մեծի օրոք եղել է Վայկուն անունով մի ավազակ, որ ասպատակել է Արցախ երկրում: Խորենացին նշել է նաև, որ Արցախն ունեցել է 12 գավառ՝ 1. Կողթ-Կոխտ-Կողդք, 2. Բերդ ձոր կամ Բերդաձոր-Բերձոր, 3. Վայկունիք, 4. Սիսական ոստան (Սիսան ձոր), 5. Մեծկունիք-Մեծունիք-Մեծ կողմանա, 6. Մեծիրանք-Մեծարանք-Մեծյուրյանք, 7. Փառնես-Քուստի Փառնես կամ Միջնարցախ, 8. Մյուս Հաբանդ, 9. Պարզկանք-Պազկանք-Պածկանք, 10. Մուխանք-Մխանք-Մխանց տոհմ, 11. Հարժլանք-Հարճլանք-Հարջլանք, 12. Պիանք: Ղևոնդ Ալիշանն «Արցախ» գրքում (ԵՊՀ հրատարակչություն. Երևան 1993թ.) գրում է. «Այսպես, Խորենացին 12 գավառներ է թվարկում, իսկ ըստ այլ օրինակների 13 կամ 14 են»: Ավելացնում է 13-րդը՝ Քոտակ-Կոտանք: Հավելում է նաև, որ դարերի ընթացքում, տարբեր քաղաքական իրավիճակներում գտնվելով՝ Արցախում փոխվել են սահմանները, ավելացել կամ պակասել են վարչական միավորները: Երրորդ՝ Վայկունիք գավառի մասին Ալիշանը գրում է. «…որը պարզ կերպով առանձնացած է մյուս մասերից, որոնցից ավելի արևմուտք լինելով, երկու կողմից սահմանակից է Սյունիքին, արևմուտքից՝ Սոդք գավառին, որից անջատվում է արցախական Թարթառի և Գեղամա ծովի ավազանի բարձր լեռների անջրպետով, հարավից՝ Հաբանդով կամ Զանգեզուրով, իսկ սահմանի ելքից՝ Արցախի Չլաբերդ գավառով, հյուսիսից՝ նեղ Քունկուր լեռով, որտեղ վերջանում է Այրում գավառը» (էջ` 15): Մակար Բարխուդարյանն իր «Արցախ» գրքում Արցախի Բերդաձոր կամ Բերձոր գավառում նշում է 24 բնակավայր, իսկ Հարճլանք-Վակունիս-Վայկունիք գավառում` 31: Վակունիսի կազմում է ներկայացնում Արտաշավի (Արդաշևի) գյուղը: Անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր եկեղեցում պահպանվող ձեռագրերին, տեղեկացնում է. «… Զ. Աւետարան մեծադիր, գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչաց անճաշակ պատկեր. Յիշատակարանից. Արդ, գրեցաւ ի թվ. ՉԿԹ զբազմամեղ գրիչ, կազմիչ եւ նորոգիչ»: Սկզբում. «Կամաւն Աստուծոյ ես Եղիա էրեցս, որդի իմ տէր Մելիքսեթ նորոգել տուինք զսուրբ աւետարանս ի յերկինս Մաղայոզ ի գեւղն Արտաշիպի, թագաւորութիւն Շահ Ապազին, հայրապետութիւն տեառն մերոյ Յովհաննէս կաթուղիկոսին թվ. Հայոց ՌԿԴ (1615թ.)»:

Նույն գյուղում Քեսաբ երեցի ջանքերով նորոգվել է մեկ այլ ձեռագիր, դարձյալ 1615 թվականին: Հիշատակարանում նշված է. «…ի յերկիրս Մաղայոզ ի գեւղն Արտաշիպի…»: Իսկ 1637 թվականին ևս մեկ այլ ավետարան է նորոգվել Սարգիս երեցի կողմից. «..ի երկիրս Մաղայուզ ի գուղս Արտայշիբի: Դարձեալ նորոքեցաւ ձեռամբ սուտանուն Սարքիս էրէցուս, ի թիւականիս Հայոց ՌՋԶ(1637թ.)» («ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ». Երևան, 1978թ., Հատոր Բ, էջ՝ 699): Այս ամենը վկայում են, որ Արտաշավի գյուղը եղել է Վայկունիք գավառի հայաշատ ու հոգևոր կենտրոններից մեկը, ունեցել է եկեղեցի, և այստեղ են նորոգվել կամ գրվել ավետարաններ, այլ ձեռագրեր: Մինչև 18-րդ դարակեսն Արտաշավիում հայերն են բնակվել, այնուհետև գավառը գրեթե հայաթափ է եղել: Մ. Բարխուդարյանը, խոսելով Բերդաձոր-Բերձոր և Հարճլանք-Վայկունիք գավառների բերդերի, լեռների բնակավայրերի, պահպանված Հայոց մշակույթի մասին, գրում է. «Ահա՛ այն գիւղերից մի քանիսն: Զերդի (Զարդ) Տիկ. Բաբադէմ, Նիլջան, Ենկիջա, Ղարաչամ, Արտաշաւի, Վաղազին, Հաճի, Հոչազ, Հաճի Սամլու, Խալիփալլու (Առաջնորդապատկան), Սուաթ, Մարջանլու (Մունջուխլու), Հաթամլար, Հաճիլար (Հարճլանք), Չուրման, Շամքեանդի, Կարաբայնի (Կարաբաց), Կարաչանի, Լիլօ-Բաղր (Լիլաբակ), Ալակչի (Մաղագործ), Թուրքիշվան (Թրքաշվանթուր քաշող և հալածող գիւղ), Շուքարան, Աղան, Ասրիկ (Իսրայէլի գիւղ), Աղջաքանդ (Ըղջկաքանդ-Աղջկայ քանդած), Ալուխան, Սևանդ (Սև հանդ) ևն…:
Միայն մի հայաբնակ գիւղ մնացած է այժմ Հարճլանք գաւառում, որ է: Ալղուլի, հիմնուած է Արտաշի սարի հարաւային կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 95–105 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանայ մի: Ծուխ 74, ար. 372, իգ. 286. (Մ. Բարխուդարյան. «Արցախ» էջ 257, Բագու, տպարան «ԱՐՕՐ» 1895թ. («Մունք», Ստեփանակերտ, 1995թ, տպարան «Ամարաս», Երևան, 1996թ.): Ալղուլի գյուղը վերջնական հայաթափ եղավ 1918 թվականին: Նշված տարածքն ազատագրվեց 1993թ. գարնանը և Հայոց պատմական գյուղեր վերստին հայերը վերադարձան 1994-1996 թվականներին: Գերության շրջանում, հատկապես խորհրդային տարիներին, տարածքում եղած Հայոց պատմական հուշարձանները` հիմնականում եկեղեցիները, հանգստարանները, հոգևոր կոթողները, այստեղ վերաբնակեցված մահմեդականները հնարավորինս քարուքանդ են արել: Արտաշավի գյուղի եկեղեցին ևս ադրբեջանցիներն ավերել են խորհրդային տարիներին: Եկեղեցու հարևանությամբ է եղել հայոց գերեզմանատունը, որը նույնպես հիմնահատակ է արվել նույն շրջանում: Գյուղի արևմտյան կողմում թուրքերի կառուցած ակումբի պատերի մեջ հայկական շիրմաքարերի բազում բեկորներ են եղել: Պատերազմի ժամանակ ակումբը քանդվել էր, և դրա պատերից ու հիմքերից հանված խաչքարերի ու տապանաքարերի բեկորներն այժմ մի տեղում են հավաքված: Վերջերս հերթական անգամ եղա Արտաշավիում. համայնքի ղեկավար Էդիկ Մելքոնյանի և դպրոցի զինղեկ Վահրամ Հարությունյանի հետ շրջեցինք եկեղեցու և հանգստարանի տարածքում: Պատերի մեկից միջից հանվել է մի ամբողջական տապանաքար` աղեղնավոր մարդու քանդակով, ով նետահարում է եղնիկի: Մոտ 150x90x 45սմ չափեր ունեցող տապանաքարի երեսին կա տարեթիվը` ՌԻԴ(1024+551= 1575): Քարի մյուս կողմում 3 խաչ կա քանդակված: Զարդանախշ մի խաչքարի բեկորի (60-64-16,5 սմ) մեջտեղում մեծ խաչ է քանդակված, ձախ կողմում Թ տառն է, Աջ կողմում` Վ տառը` ներքևում Ջ և Լ տառերն են` ԹՎ(ԻՆ) ՋԼ(1481թ.): 12 տողանոց արձանագրություն կա աջ կողի վրա. ԿԱՆԳ/ՆԵՑԻ/ ԽԱ/ՉՍ Հ/ԱՒՐ Ի/Մ ԵՒ Մ/ԱՒՐ ԻՄ/ ԵՒ ԱՂԲ(ԱՒՐ) ԻՄ Ի Վ/ԱՍՆ ՓՐԿՈ(Ւ)ԹԵ/ԱՆ/ Հ/ՈԳՈ… Նույն քարաբեկորներից մեկ այլ ավելի փոքր չափերով /մոտ 60x32x17սմ/ խաչքարի կտորի աջ կողմին նույնպես արձանագրություն կա, ներքևում թռչուն է քանդակված` արծիվ է` ճանկերում ինչ-որ կենդանի: Պահպանվել է արձանագրության ընդամենը 3 տող` ԱՆՈՒ/ ՄԻՆ/ ԹՎ/ ՌԾ-1050+551= 1601: Դիմացից զարդանախշ է խաչքարը` մեջտեղում խաչը: Ցավոք, կտորն է միայն պահպանվել: Գյուղի առաջին բնակիչներից Սեյրան Վանեսյանը պատմեց, որ մի քանի հուշաքարի կտորներ պատահական են գտել և տեղափոխել այստեղ: Մոտ 2 տասնյակ նման քարաբեկորներ կան տեղում, որոշների վրա նույնպես արձանագրություններ կան, իսկ քանդակներ բոլորն ունեն: Նախկին եկեղեցու և գերեզմանոցի տեղում քարակույտեր կան, որոնց մեջ և՛ շիրմաքարերի բեկորներն են շատ և՛ եկեղեցու պատերի ու սյուների քարերը: Որոշվել է եկեղեցու տեղում փոքր տարածք առանձնացնել և այս հուշաքարերը տեղադրել այդ մասում՝ դարձնելով սրբատեղի: Արտաշավիի հարևանությամբ է Վաղազին գյուղը, որը նույնպես պատմական անցյալ ունի, որտեղ դարձյալ նման հուշարձաններ են պահպանվել: Վաղազինի մասին հիշատակված է Գտչավանքի հյուսիսային պատի արձանագրությունում, որը թողել է Վրթանես եպիսկոպոսը: Մ. Բարխուդարյանի գրքում կա նաև այս արձանագրությունը. «Վանքիս հիւսիսային որմի վերայ փորագրուած է.

«Յանուն Հաւր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ, ես Սարգիս և Վրդանէս եպիսկոպոսք հիմնարկեցաք զեկեղեցիս ի ՈՂ. (1241) թվիս. շատ աշխատութեամբ աւագ խորանն խփեցաւ և եղբայրս իմ Տէր Սարգիս ի Քրիստոս փոխեցաւ: Ես տէր Վրդանէս կատարեցի բազում աշխատութեամբ և հալալ արդեամբք իմովք ՈՂԷ, թվիս ի դառն և ի նեղ ժամանակիս՝ որ ազգն նետողաց զբազում գաւառս աւերեաց և մնաց այլասեռից աթոռ ի վիճակ սրբոյն Գրիգորիսի, որ է հաստատեալ աջով և սուրբ նշանաւն և գաւազանաւն սրբով. վիճակեցաւ և սահմանով ի յԱղուանոյ գետոյ մինչև Երասխն, մինչ ի Աւազն Գատուհատի, Վակունիս Վաղազնագետով, ի Քարատնիս և Խոզանագետովն, Զառիստ իւր գետովն. Հաքարի Հազարագետովն, Քրտագետ իւր գետովն, իւր սահմանովն, Դիզակ, Բէլուկան իւր գետովն և հայրենիքն եկեղեցւոյս տուինք, Փարախն և Գոտանոցն, Եկեղեցաձորն իւր սահմանովն. Ա. լուծ հոզ ի Տայիս. Ա. լուծ ի Դող ի Գաղս, Ա. ի Մոխրենիս. ով որ այս սահմանէս յետ առնէ կաթուղիկոս կամ իշխան կամ հայրապետ, երեք սուրբ՝ ժողովոյն նզոված եղիցի, յԱստուծոյ և յամենայն սրբոց անիծեալ, մասն և բաժին ընդ Յուդայի առցէ»:

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել