Հերմինե Ավագյան / Հիշողությունս աստղեր է նկարում

0

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Հերմինեն միանգամից ներկայացավ և ուշադրության արժանացավ ոչ թե առաջին թոթովանքով, այլ անդրանիկ գրքով: Զարմանալի աղջիկ է: Կարդացինք պատմվածքներն ու տեսանք, որ նրանցում իրականությունը ներկայացվում է գեղագետի միանգամայն թարմ ընկալումներով ու երևույթին հավելվում է գրողական տեսլականը, հանգամանք, որ իրականությունը դարձնում է գերիրականություն, մարդուն, ինչպես Նիցշեն կասեր՝ գերմարդ: Հոգեբանական խորքերը, ապրումների անաղարտությունը, փաստի հստակությունը ցույց են տալիս, որ հեղինակն իր ճակատին կրում է Աստծո նշանը: Իսկ երբ առաջարկեցինք նոր գործեր ներկայացնի «Եղիցի լույս» թերթում տպագրելու համար, նա մեզ տրամադրեց բանաստեղծությունների մի շարք: Անկեղծ ասած, ներքին վախվորանք ունեցա կարդալուց առաջ՝ արձակը լավ է ստացվում Հերմինեի մոտ, երևի չափածոն տպավորությունս փչացնի, ինչպես շատ հաճախ է պատահում, բայց… Զարմանալիորեն Հերմինեն նույնքան խորքով, անբռնազբոս ու ինքնատիպ է բանաստեղծություններում:
Բարի վայելում՝ ընթերցողներին: Իսկ Հերմինե Ավագյանից սպասենք այն նոր հայտնությունները, որ ունենում են հող ու երկնքով հաստված ուղևորները՝ իրենցով իմաստավորած ճանապարհին:

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

* * *
Դու կարոտդ նկարեցիր
Սենյակիս ճերմակ պատին
Եւ հեռացար:
Ես ոտաբոբիկ մտա նկարի մեջ՝
Ինչպես հայտնի հեքիաթում,
Բայց ոտնահետքերիդ տեղ
Աշնան տերևներ էին
Եւ համատարած խշշոց…
Հետո Հուշերի պապիկը
Ինձ երազներ պատմեց
Խռմփացնելով,
Եւ ես լաց եղա բոլոր
Կորած երազներիս համար:
Հետո աչքերս թռչուններ դարձան,
Եւ վերդարձան բույնը
Իրականության…
Ձեռքերիս մեջ ոտնահետքերդ էին՝
Դեղին տերևներ…
Հետո աշունը մտավ սենյակս,
Քանզի ուրիշ տեղ չուներ գնալու
նա խոստացավ, որ անտեղի չի
անձրեւի…
Հետո…
Դու կարոտդ նկարեցիր
Իմ սենյակի ճերմակ պատին,
Իսկ ես չնկատեցի,
Որ պատը ներսումս է,
Իսկ դու մոռացար
Մի քանի գույն թողնել՝
Այն ներկելու համար…

* * *
Երբ համբերությունը
Մահանում է ափերիդ մեջ,
Դու ափսոսում ես այն դեն նետել,
Քանզի այն ամբարում է իր մեջ
Ապրած-չապրած ժամանակդ,
Փախչող խաղը ժամացույցի,
Քրքիջները խելակորույս րոպեների,
Որ պիտի հանդիպումներ դառնային…
Եւ հազար ու մեկ գիշերները,
Որ չես քնել`
Միշտ ուշացող այն հեքիաթի
պատճառով…
Դու չես կարող դեն շպրտել
Քո սեփական աչքերը թաց,
որ պահում են, պինդ պահում են
Արցունքները քո չծնված.
Ամեն արցունք մի երազ է,
Հենց որ ծնվեց`ցած կընկնի, էլ չի
լինի…
Դու չես կարող մի կողմ նետել
Հառաչանքը ափսոսանքի
Եւ անտարբեր Անցորդի պես
Ժամանակի ձեռքը սեղմել
Ու լոկ ասել` բարով մնաս,
Ուրախ էի, որ ուշացար կամ էլ`
չեկար…
Ու համբերությունը նորից,
Մի վերջին անգամ մահանում է
ափերումդ,
Ու նորից, մի վերջին անգամ
Դու այն
Չես շպրտում,
Չես այրում,
Չես թաղում,
Չես …Չես…
Ու այն շարունակում է մնալ
ափերումդ`
Մի ուրիշ ժամանակ,
Մի ուրիշ սպասումներում
Համբարձվելու համար…

* * *
Օրը դարդոտվել է
Եւ ծերացել է դարի չափ…
Ժամանակը խաղալիք է
մարդու ձեռքին,
Ամեն օր ջարդոտվում է անխնա..
Աստղերը աղոթքներ են,
որ կախվել են երկնքից
Ու չեն հասնում մարդուն…
Երազները տեղ չեն գտնում
Խարիսպ ձգելու.
Անհասցե են բոլոր ափերը…
Կարոտը ճաք է տվել,
Եւ պապակ է՝
Արդեն հազար տարի…
Գիշերը չի սպառվում,
Այլ փուլ է գալիս
Ինչ-որ մեկի բաց աչքերին…
Լուսինը անքնության
Դեղատոմս է բաժանում
եւ մոռանում է լքել երկինքը…

Օրը դարդոտվել է
Եւ ծերացել է դարի չափ…
Ինչ-որ մեկի հավատը
Մնացել է հին հեքիաթում
Եւ երեք խնձոր է
Այնտեղ որոնում…

* * *
Դու ինձ կարող ես
Գտնել,
Հավաքել,
Փնջել
Բառերիս,
Տողերիս,
Լռությանս պարտեզում.
Այնտեղ ծաղիկներ
Շատ կան,
Եւ բոլորն էլ
Թաքուն գույն,
Թաքուն բույր,
Թաքուն հայացք ունեն
Քեզ համար պահած:
Դու ժրաջան մեղվի հայացքով
Քաղիր լռությունս,
Կապիր
Հազար ու մեկ
Վարդագույն թելերով,
Քաղիր բառերս ասված
Եւ նաեւ չասված,
Որ պիտի նեկտար դառնան
Մի օր…
Դու ձեռքերիդ մեջ
Լուսաբաց բեր մի քիչ,
Այն լուսաբացներից,
Որտեղ չեն մրսում,
Չեն դողում,
Չեն լացում կարոտից.
Եւ շաղ տուր այն
Բառերիս,
Տողերիս,
Լռությանս
Պարտեզում…
Փնջիր ինձ այնպես,
Որ չթոշնեմ արևներիցդ,
Եւ ես կծաղկեմ
Ժամերիդ,
Օրերիդ,
Տարիներիդ
Գունավոր ու անգույն
Ծաղկամաններում…

* * *
Զինվորին
Արյունդ դարձել է աղոթք`
Սնելով մարմինդ.
Դու սրբացել ես…
Մահվան դիմաց
Կանգնել ես առանց վահանի.
Սերդ վահան է…
Քո թիկունքում
Հայրենիքդ է`
Բեկուն ու կանգուն.
Դու նրա սյունն ես…
Անձրեւից թաց է մարմինդ,
Աչքերիդ մեջ՝ լուսաբացներ.
Դու արևաբույն ես…

* * *
Ես չգիտեմ` քանի տարեկան է
Պատերազմը,
Բայց այն հաստատ չի ծերանում,
Կամ էլ` ամեն օր ծնվում է նորից.
Ծնվում է`
Առանց երկունքի,
Առանց մոր,
Առանց փայփայանքի,
Որբ ու անտեր…
Խե՛ղճ պատերազմ,
Քանզի առանց սիրո ծնված
Ամեն բան
Խե՛ղճ է, աղե՛տ է լոկ…
Ու պատերազմն ընկնում է
Դռնեդուռ, պատեպատ,
Երկրից երկիր,
Ընկնում է փողոցները,
Հեռուստացույցները,
Ռադիոները,
Հիվանդանոցները,
Ծննդատներն անգամ,
Ընկնում է…
Ընկնում է…
Չէ, նա հաստատ
Սատանայի որդին է,
Որ չի արարվել,
Ուղարկվել է
Չարի ուղեծրով`
Ձախողելու Արարչի գործերը…
Գուցե մի օր
Այս ամենը կավարտվի,
Երբ Ժամանակը
Նրա գլխին խաղ խաղա,
Ու ծերությունից չփրկվի,
Կամ էլ`
Նրան մատնեն,
Կախեն / չեն խաչի/ ինչ-որ
Հուդայի ձեռքով,
Երեսուն քոռ ոսկու,
Արծաթի,
Կոպեկի դիմաց…
Գուցե դա կլինի հետո,
Երբ հետո-ի փոխարեն
Ուրիշ, շատ ուրիշ
Հետո կլինի,
Չգիտեմ՝ ինչ
/Որովհետեւ չեմ լինի/…
Երևի դա կլինի
Այն ժամանակը,
Որ փախել է ինչ-որ անհայտ
Օրացույցից,
Որ չի գրվել Աստվածաշնչում,
Ոչ մի մարգարեի
Վկայությունում,
Որ կկոչվի մի նոր բառով…
Ինչ էլ կոչվի, կարևոր չէ,
Միայն թե լինի՝…սատանան
տանի…

* * *
Միտքս ծառս է եղել
Մեր տան բակում
Եւ չի ուզում ենթարկվել
Օրերի վարգին…
Փորձում եմ
Ժամանակը ամուր կապել
մեր տան դարպասից,
Բայց այն ճռռում է…
Կարոտս շնչում է
Ճամփեքի փոշին.
Փոշին թթվածին է,
Ապրեցնում է…
Այգիս գարնան քող է հագել,
Եւ ծառերը բոլոր
Հարսանքավոր են ասես…
Թոնրահացի բույրը վազել,
Հասել է գյուղամեջ.
Ուրեմն հաց թխող կա դեռ…
Ես ուզում եմ, որ ջահել մնան
Միտքս
Կարոտս,
Ծառերս,
Թոնրահացս…

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել