Հասմիկ Սիմոնյան / Թարգմանություն

0

Պավանա Րեդի

Լոս Անջելեսում բնակվող հնդիկ բանաստեղծ Պավանան ծնվել է Ֆիջիում: Կանադական փոքրիկ քաղաքում, ուր տեղափոխվեցին ընտանիքով Ֆիջիից, միակ մուգ մաշկ ունեցող բնակիչներն էին: Գրել սկսել է մեծ քրոջ ինքնասպանությունից հետո. աղջիկը թուխ էր ու դպրոցում ենթարկվում էր բուլինգի: Այդ ժամանակ Պավանան 11 տարեկան էր: Բառերը չէին հերիքում, սկսեց գրել անզորության մասին, սահմանների, անհանդուրժողականության: Այժմ Ինստագրամում հայտնի է Maza Dohta կեղծանունով, որ «թռցրել» է Մուրակամիի IQ84-ից: Սիրած գրողներն են Թագորն ու Վիկրամ Սեթը: Համագործակցել է Անուշկա Շանկարի հետ, որի՝ Գրեմմիին ներկայացված ալբոմի համար երգ է գրել` «Ոսկու երկիրը»: Երբ հարցնում են, թե ինչու է գրում, ասում է` ես փորձում եմ տարիների հեռվից լեզվի միջոցով խնամել քրոջս ու վերջապես հոգ տանել նրա մասին:

***
ես
էկզոտիկ
երկիր
չեմ
քեզ համար
ինձ
ճանաչելով
ճամփորդ
չես դառնա

***

արի հանդիպենք
ես այնքան մենակ եմ
ես երկրորդ լեզուն եմ սովորում

***
ես միշտ քողարկված եմ
պատմությամբ
անգամ երբ մերկ եմ

***
դու կուլ կտաս
հազար ու մի անուն
մինչև կճաշակես
նշանակությունը
քոնի, որ կգտնես

***
թույլ տուր վարդերին
ծաղկել
վերքիդ վրա

***
մուգ աղջիկ
ինչ սիրուն ես հագնում
քո ցավը
դու ոնց որ
էն բանաստեղծությունը լինես
որ սպասում է
գրեն իրեն

***
սերը տեղ չի,
ուր մենք պահում ենք
մեր ուրվականներին:
սերը տեղ է,
ուր մենք ազատում ենք նրանց:

***
կազդուրվելն արվեստ է,
որ խլում է քեզնից ժամանակ,
փորձ
ու նաև սերդ է խլում:

***
շոյիր
վերքդ
ներողամտությամբ

Տարածել

Պատասխանել