Մարգարետ Ասլանյան / Թարգմանություն

0

ՄԱՐԻԱՆԵ ԳՐՈՒԲԵՐ

 

ԵՍ ՔԵԶ ԿՀԻՇԵՄ՝
ԹԵ ՉՄՈՌԱՆԱՄ
(1944 Վիեննա, Ավստրիա)

 

 

***
Ես կհիշեմ քեզ փոթորկից հետո,
երբ անվերադարձ լինեն
ճանապարհները զղջումների
ու դու ցած իջնես
բլուրից կապույտ:

Ես քեզ կհիշեմ անձրևից առաջ,
երբ հնարավոր չեն լինի
կարոտների արտասուքները,
ու ես կելնեմ դաշտերով հույսի:
Ես քեզ կհիշեմ՝ թե չմոռանամ…

***
Պատերազմները
լքեցին քաղաքը,
բայց ոչ մեկ չհաղթեց
կռիվն իր ներսի.
մի բան սխալ է աշխարհի վրա,
մեզանից անդին մի բան շատ
սուտ է…

***
Հիմա, երբ այլևս չեմ մտածում
ծիծաղելի երևալու մասին,
երբ ամեն շունչս ասք է
իմ ու Աստծո սիրավեպի մասին՝

կարող ես չվերադառնալ,
որովհետև դու չես կարող լինել
նույնիսկ սատանա…

***
Եվ որտեղի՞ց այսքան
նարնջագույն աշխարհում
այսչափ սգավոր
իրականություն…

***
Ես ծրարել եմ մենակությունս
և առաջին պատահած գնացքով
ուղարկել Փարիզ.
այնքան տաք է տեղը,
որ հետադարձ նամակներ չեմ
ստացել արդեն կյանքուկես…

***
Ուշ աշնան կեսին
մի տերև ընկավ
արտասվող ծառից.
թե չմոռանամ` մի օր կհիշեմ`
ո՞վ է ինձ դավել փոթորկից առաջ…

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել