Ամալյա Գրիգորյան / Բառը՝ սահմանի վրա

0

Զարկերակ
«Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին,-ասվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարտի 21-ը պոեզիայի միջազգային օր հռչակելու մասին որոշման մեջ,- սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը:

Հայ ժողովրդի համար պոեզիան մշտապես եղել է առաջնային: Հիրավի, մեր քնարերգությունը՝ Գողթան երգերից մինչև այսօր, անցել է զարգացման մեծ ճանապարհ… Ամենածանր պահին էլ այն չի լքել հային, եղել է նեցուկ. ուղղորդել նրան դեպի լույսը… Դավթակ Քերթողից մինչև Նարեկացի, Քուչակ, Թումանյան, Իսահակյան, Չարենց, Շիրազ, Սևակ, Հովհ. Գրիգորյան…Մինչև մեր օրերը: Իսկ Նարեկացին մեր գրականության անմահ փառքերից է, համաշխարհային մեծություն. նրան վերջերս Հռոմի Պապը շնորհեց Տիեզերական Եկեղեցու դոկտորի պատվավոր աստիճան:
Պետք է ասել, որ Արցախի գրական ընտանիքն այսօր աշխարհին ներկայանում է իր ինքնատիպ պոեզիայով: Պատահական չէ, որ Անդրկովկասում առաջինն Արցախը կազմակերպեց Պոեզիայի միջազգային փառատոներ, որոնց մասնակցեցին աշխարհի տարբեր երկրների, թվով՝ տասնհինգ ճանաչված դեմքեր…Բացի դրանից, պոետներ Վարդան Հակոբյանը, Հրանտ Ալեքսանյանը, Ռոբերտ Եսայանը հրավիրվել ու մասնակցել են Մակեդոնիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Հայաստանի պոեզիայի փառատոներին. թարգմանվել մի շարք լեզուներով, հրատարակվել առանձին գրքերով:
Արցախյան պոեզիան, հիրավի, մեծապես նպաստում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այդ օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:
Բանաստեղծությունը մարդու հավերժական ուղեկիցն է:
Մարդը կռվում է՝ պոեզիան նրա հետ է:
Մարդը սիրում է՝ պոեզիան նրա հետ է:
Մարդը տխրում է՝ պոեզիան նրա հետ է:
Մարդը երգում է՝ պոեզիան նրա հետ է:
Հայաստանը պոեզիայի երկիր է:
Պոեզիայի միջազգային օրն այս տարի Արցախում նշվեց Նարեկացու անունը կրող համալսարանի Պոեզիայի դահլիճում, ուր հավաքվել էին գրողներ, դասախոսներ, ուսանողներ:

Բանաստեղծներ` Ժաննա Բեգլարյանը, Ռոբերտ Եսայանը, Կիմ Գաբրիելյանը, Արիս Արսենին, Համլետ Մարտիրոսյանը, Սոֆյա Սարգսյանը, Զինաիդա Բալայանը, Սոկրատ Խանյանը, Վարդան Հակոբյանը հանդես եկան բանաստեղծական փոքրիկ շարքերի ընթերցանությամբ: Վերջում համալսարանի ուսանողներ Մերի Գրիգորյանը, Լիլի Գրիգորյանը և Աննա Օհանյանը ասմունքեցին մեր դասականներից: Միջոցառումը վարում էր Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը:
Անշուշտ, Արցախում պոեզիան ևս զինվորագրվել է մեր ազատամարտին: Ե՛վ պոետների գործերը, և՛ նրանց տեքստերով գրված երգերը միշտ ճակատում են, միշտ պայքարի մեջ: Մայակովսկին ասել է՝ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՄԲ Է ԵՎ ԴՐՈՇ: Արցախում դա ավելի նկատելի է: Մանավանդ, որ մեր բանաստեղծներից շատերը մասնակցել և շարունակում են մասնակցել արցախյան ազատամարտին` և՛ զենքով և՛ գրչով: Նրանց տողը ծնվում է հենց ռազմի դաշտում, խրամատներում:
Վաղնջական ժամանակներից պոեզիան առաջնորդում է մարդուն: Եվ, սակայն, դժվար է նշել, թե երբ է գրվել առաջին բանաստեղծությունը: Կոնկրետ թիվ հնարավոր չէ նշել: Սակայն համարվում է, որ ամենահին բանաստեղծություններ-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23–րդ դարում: Դրանց հեղինակը բանաստեղծուհի-քրմուհի Էն Հեդու Անան է՝ աքքադական թագավոր Սարգոնի դուստրը: Արքայադուստրը գրել է Նաննե Լուսնի աստծո և նրա աղջկա` կորած աստղ Ինաննեի մասին:

Տարածել

Պատասխանել