Վարդան Հակոբյան / Հովսեփ Նալբանդյանին` «Սիրո մատյանը» կարդալուց հետո

0

Սիրելի Հովսեփ
Արդեն երկար ժամանակ է, ինչ իմ ձեռքի տակ են քո կազմած ու հրատարակած վերջին երեք ժողովածուները՝ մեկը մեկից հետաքրքիր ու բովանդակալից, բայց պիտի խոստովանեմ, որ «Սիրո մատյան» գիրքը որոշակիորեն առանձնանում է: Եվ ասեմ՝ ինչով:
Գրեթե ամեն օր ընթերցելով մեր անվանի սիրերգակներին՝ բավականության ու անբացատրելի լռության մեջ եմ հայտնվում, վայելում եմ «Սիրո մատյանի» ընձեռած ջերմ անխոսությունը, ինչպես լինում է Արարատի վեհության առաջ կանգնելիս, ինչպես լինում է լեռնահոս վտակի հետ՝ ծառ ու ծաղկի տակ հոսելիս կամ ճամփորդների ծարավը մարելիս… Միտքս ինձ հեռուն տարավ, հիշեցի Այվազովսկու կտավը. «Նոյը իջնում է Արարատից»: Եվ մտածում եմ՝ եթե Նոյը Արարատից իջնելիս ձեռքին չուներ հայոց սիրո մատյանը, ուրեմն Նահապետն այն սրտումն էր կրում: Այդ սերը հետո մասունքվեց Նոյ Նահապետի սիրերգակ ժառանգների հոգիներում: Հովսեփ, դու այդ հոգիներից բուռ առ բուռ վերցրիր սրբազան հուրը և, իհարկե, այն ջուրը, որը կարող էր միայն հայոց լեռներից բխել… Ուրիշ այդ որ երկրի աղբյուր է, որից Ծովինարը մի երկու կում խմելով՝ Սանասար ու Բաղդասար կնվիրեր ազգին… Մենք էլ, ինչպես և մեր սերը, մեր հող ու ջրից ենք սերում… ժամանակի և տարածության սահմանները ջնջելով՝ Քուչակը և Հովհաննես Գրիգորյանը հայտնվում են իրար կողքի՝ հայրենական կամարի տակ, շշուկներով խոսում աշխարհի հետ՝ մեզ կրկին ու դարձյալ ականջալուր անելով իրենց տիեզերական սուրբ ձայնին: Ապա մեր մյուս ոսկեբերան գրիչները… Նաղաշ Հովնաթան, Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, Շիրազ, Պարույր Սևակ, Կոստան Զարյան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան.. Անկրկնելի աստղաբույլ, որ հմայք ու իմաստ է տալիս մեր հողին ու երկնքին… Ուղղակի ցավ զգացի, Հովսեփ ջան, որ նման շքեղ ժողովածուից դուրս է մնացել սիրո մեր անմրցակից տաղերգու Գրիգոր Նարեկացին:
Այս ստվար ժողովածուի մեջ նախշաքարային այնպիսի ներդաշնակությամբ են մեկ հզոր համապատկերում հելուզված մեր հին ու նոր ժամանակները՝ պոետական ձայների ինքնատիպ ելևէջումներով… Սայաթ-Նովայի բառի մեջ սիրուց տոչորված հոգին է՝ ժամանակի ոճական ու մտածողական ընդգծված պատկերով («Դուն կրակ, հագածդ կրակ, վուր մե կրակին դիմանամ…»), Ղուկաս Սիրունյանի բառը, բնականաբար, փիլիսոփայական այլ դարի հատուկ հոգեբանությամբ է երգում սիրածի գովքը. («Աղջիկը կանգնեց խնձորենու մոտ և մի գիշերում խնձորենին ծաղկեց»): Այսպես, ամեն մեկն ունի խոսքի ու պատկերի իր ուրույն կոդը: Որքան անհուն է սերը, երգի արմատները նույնքան ճշգրտությամբ են քարտեզագրում մեր ժողովրդի ապրած տառապանքները, որովհետև ոչ մի երգ մեկ սրտի բաբախյուն չէ, որ նոտագրում է իր տառ ու բառի մեջ, որովհետև ոչ մի քարտեզ չի կարող հայոց ամբողջական աշխարհն այնքան գեղեցիկ ու չմասնատված ներկայացնել, որքան աստվածատուր երգը, մանավանդ՝ սիրո երգը: Ցավը մարդուս ուրախության ժպիտներում առավել ընդգծված գույներով է երևում, քան տխրության մեջ: Անգամ հեքիաթներում անմահական հուրը ներհյուսված է տառապանքի, սիրո և մաքառման հետ: Այսինքն՝ նա է հասնում անմահական հրին, ով ավելի խորն է սիրում: Իսկ մեծ սերը մեծ դժվարությունների հաղթահարման կամք ու ներուժ է: Նույնն է նաև երգի մեջ՝ առանց անձնազոհ սիրո չկա մնայուն երգ: Եվ ես նորից ու կրկին, որերորդ անգամ, համոզվում եմ, որ հայոց սիրերգությունն ավելի շատ հայրեներգություն է, մարդերգություն է, անվերջ վերադարձի կարոտերգություն է. ահա թե ինչու բավական է Մկրտիչ Պեշիկթաշլյանից կամ Սևակից, Մուշեղ Իշխանից մի բառ, որ նրանով մեր ներսի աստվածային վրձինն անթերի քանդակի մեր Էրգիր-հայրենիքը: Ինչ խոսք, պարզ ճշմարտություն է,որ ոչ մի երգ առանց սիրո չի ծնվում՝ անկախ թեմատիկ-գաղափարական արծարծումներից, ինչպես ասում են: Ամեն սիրերգակ ունի իր սիրո Հայաստանը, մենք զգում-ապրում ենք ամեն մեկին յուրովի, բայց և այնպես, ինչ հիասքանչ է այն երկինքը մեկտանիքյա, որի տակ համախոս ու ներդաշնակ են բոլոր սիրերգակները՝ որքան էլ իրարից տարբեր ու բազմազան:
Հովսեփ ջան, քո հղացած և կերտած «Սիրո մատյանի» մեջ ասես միանգամից շառաչում են Ծովից ծով Հայաստանի բոլոր ծովերը, որոնց տարերքների մեջ իր ձայնն ունեն հինավուրց հայոց Արցախի աղբյուրներն ու գետերը: Գիրքն ընթերցում եմ և բացվում է շնչառությունս՝ որքան ժամանակակից ու արդիական են մեր սիրերգակները, որքան խորն է այդ «հանճարեղ ճորտերի» տքնությունը, որքան՝ տիեզերածավալ: Եվ ինչ գեղեցիկ են նրանց շարունակում մերօրյա շնորհալի սիրերգակները: Շնորհալիները: «Սիրո մատյանի» սիրավոր Հայաստանը… Ինքն իր սիրո անզուգական երգն անձեռակերտ…

 

 

Գրողները և դերասանները՝ զինվորականների հետ

 

Հ.Գ. Եվ արժեր, անշուշտ, Հովսեփ ջան, որ ծովեր ու օվկիանոսներ անցնելով, հազար ու մի արհավիրք հաղթահարելով՝ անմահական հուրը բերող ասպետների վճռականությամբ ու սիրով, գայիր մի աշխարահամասից հասնեիր մեկ այլ աշխարհամաս և Արցախին նման գիրք նվիրաբերեիր: Սիրո գիրք: Մեր նկարագիրն է: Դա միայն հայը կանի: Դա մեր այն զենքն, որ բոլոր մրցակցություններում, ներառյալ՝  գերժամանակակից զենքը, անգերազանցելի է: Շեն կենաս ախպեր, ծերքըտ՝ միշտ էրկան…

2017թ.
Թիվ  01-02 (175-176)

Տարածել

Պատասխանել