Ռադյարդ Քիփլինգ

0

ԵԹԵ

Թե չկորցնես գլուխը քո գլխակորույս մարդկանց մեջ,
Երբ որ շուրջդ խուճապահար` մեղք են բարդում քեզ վրա,
Կհավատաս թե ինքդ քեզ, երբ կասկածում են անվերջ,
Եվ անսալով կասկածներին` թե կգործես անվարան,
Թե կարող ես հար սպասել, բայց չհոգնել, չփլվել,
Կամ զրպարտված լինելով միշտ` չզրպարտել երբևէ,
Ատելության թիրախ դարձած` ատելության չտրվել
Եվ ցույց չտալ, թե լավն ես շատ կամ իմաստուն ես եղել.
Թե երազես` չթողնելով երազդ քեզ դառնա տեր,
Թե մտածես, բայց խոկալը քեզ չդարձնես նպատակ,
Թե Հաղթությունն ու Օրհասը դիմավորես անտարբեր
Եվ ընդունես անկիրք սրտով` համարելով լոկ խաբկանք,
Համբերատար թե դիմանաս, երբ քո խոսքը ճշմարիտ
Խարդախները նենգափոխեն` հիմարներին խաբելով,
Կյանքիդ գնով ստեղծածից` չմնա քարը քարին,
Հին գործիքով, սակայն, կերտես` ջանք ու քրտինք թափելով.
Թե կարող ես շահածը քո մեն մի շեղջի վերածել
Եվ համարձակ մի շարժումով ողջը տանուլ տալ անդարձ,
Եվ նորից նոր վերսկսել, բայց շշուկով իսկ չասել
Ու չհիշել ոչ մի անգամ կորուստները քո անցած,
Թե կարող ես գերլարումով սրտի՛դ, նյարդի’դ, մկանի’դ՝
Շարունակել ապրել նորից, երբ ապրելու ուժ չկա,
Եվ անվարան քայլել առաջ, երբ քո ներսում այդ ժամին
Չկա ոչինչ, բացի Կամքից, որ հորդորում է «Տոկա՛».
Թե կխոսես ամբոխի հետ, բայց միշտ մաքուր կլինես,
Արքաների հետ քայլելով՝ միշտ կմնաս պարզ ու բաց,
Թե բարեկամ կամ թշնամի չեն վնասի երբեք քեզ,
Թե կնստեն քեզ հետ հաշվի, բայց չեն պաշտի չափազանց,
Թե րոպեի վազքն անողոք սանձես ջանքով աներկբա՝
Դարձնելով այն վաթսուն գերխիտ, իմաստալից ակնթարթ,
Քո՛նն է այնժամ Հողագունդն այս ու նրանում ամեն բան,
Եվ ավելին՝ այնժամ արդեն դու կլինես, որդի՛ս, ՄԱՐԴ:

2017թ.
Թիվ  01-02 (175-176)

Տարածել

Պատասխանել