Վարդան Հակոբյան / Ուղերձ

0

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի
75-ամյակի կապակցությամբ՝
ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
պարոն ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԻՆ

Արցախի մտավորականության, ամբողջ հասարակության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ինստիտուտի կոլեկտիվին, մեր ժողովրդին՝ մայր Հայաստանի ամենաառաջնակարգ գիտական հաստատություններից մեկի պայծառ հոբելյանի առթիվ:
Գրականության ինստիտուտն ինձ համար սրբազան մի տաճար է, որտեղ (ինչպես և առաջին անգամ՝ տարիներ առաջ, երբ այն դեռ իր 40-նն էր բոլորել), ոտք եմ դնում խորն ակնածանքով: Հայոց գեղագիտական միտքն այս տաճարի կամարների ներքո ստեղծագործական սխրանքներ է կատարել՝ թե մասնագետներ պատրաստելու, թե հրատարակչական աննախադեպ գործունեություն ծավալելու, թե հետազոտական աշխատանքներ իրագործելու, թե գրականագիտության պարբերացման ու գիտական նոր մեթոդների մշակման և բազմաթիվ այլ առումներով:
Այստեղ ես առաջին անգամ եղա Բագրատ Ուլուբաբյանի առաջնորդությամբ՝ Սուրեն Աղաբաբյանի հրավերով, ով և եղավ իմ թեկնածուականի գիտական ղեկավարը:
Այստեղ ես տեսա, ճանաչեցի մեր գրականագիտության այնպիսի երևելիների, ինչպիսիք են Սերգեյ Սարինյանը, Էդվարդ Ջրբաշյանը, Սևակ Արզումանյանը և շատ ուրիշ նշանավոր դեմքեր, որոնց անուններն անմար կերոններ են մեր գիտության ճամփաներին, որոնց մտերմությունը վայելելու բախտին եմ արժանացել:
Այստեղ եմ ես պաշտպանել նաև իմ դոկտորական ատենախոսությունը:
Այստեղ է, որ ես ապրելով Արցախում, որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիայի գրականության բնագավառում գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ՝ ներգրավվել եմ սուրբ օջախի գիտական աշխատանքներում՝ իմ համեստ մասնակցությունն ունենալով նրա արգասավոր և ազգանվեր գործունեության մեջ:
Հիրավի, գրականության ինստիտուտի կամարներից լույս է ճառագում՝ մեր ժողովրդի ոգու, մտքի, արարման աստվածային լույսը, որից իրենց բաժինն են ստանում աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերը նույնպես, այդ թվում՝ հին հայոց Արևելից Կողմանք Արցախում: Այսօր մեզ մոտ գործող բուհերի լիարժեք գործունեությունը հնարավոր է դարձել գրականության ինստիտուտի պատրաստած կադրերի շնորհիվ: Արցախ աշխարհում գիտական մտքի զարգացմանը մեծապես նպաստում է Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը, որի դերակատարությունն, անշուշտ, անուրանալի է: Դեռևս պատերազմող Արցախի համար հոգևոր-մշակութային համագործակցությունն իր էական դերն է ունենում յուրաքանչյուրիս, առաջին հերթին սահմանին կանգնած հայ զինվորի ոգին առավել բարձր ու աննկուն պահելու սուրբ գործում:
Հոբելյանական այս տոնին ուզում եմ նշել նաև, որ գրականության ինստիտուտի երկու հզոր դեմքերի՝ Սերգեյ Սարինյանի և Սևակ Արզումանյանի անվան թանգարան ենք վերջերս բացել նրանց ծննդավայրում՝ Խաչեն գյուղի դպրոցում, որը կրում է հայ մեծ դասական, արմատներով խաչենցի Ղազարոս Աղայանի անունը:
Մեր գրականագիտության զարգացման ասպարեզում ինստիտուտի դերն անգնահատելի է: Մնայուն արժեքներ են «Հայ նոր գրականության պատմության» հատորները, մեծ դասականների (Խ. Աբովյան, Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան և այլն) ստեղծագործությունների ակադեմիական հրատարակությունները: Մեծ ու շնորհակալ աշխատանք է կատարում ինստիտուտը նաև հայ գրականության քարոզչության, նրա զարգացման բնականոն ընթացքի վրա ունենալով իր ծանրակշիռ ազդեցությունը:
Ուրախությամբ ամրագրենք, հարգարժան, Վարդան Գևորգի, որ հարուստ ավանդների պահպանման ու զարգացման ուղղությամբ իր առաքելությունը շարունակում է սրբորեն կատարել վաստակավոր կոլեկտիվը Ձեր՝ անվանի գրականագետի ու մշակութային գործչի գլխավորությամբ:
Կրկին շնորհավորելով բոլորիս՝ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 75-ակյակի կապակցությամբ, նրա կոլեկտիվին մաղթում եմ գիտական-ստեղծագործական նոր սխրանքներ՝ հանուն մեր առավել լուսավոր վաղվան:

«Եղիցի լույս»
Թիվ 10-11 (189-190) 2018

Տարածել

Պատասխանել