Մաքսիմ Հովհաննիսյան / Լքյալներ

0

Լույսի նվազ շողը թրթռաց դռան գորշ մակերեսին, կանգ առավ զանգի կոճակի վրա: Տղան թեթեւակի սեղմեց կոճակն ու սպասեց: Ներսից պատասխան չեղավ: Այս անգամ աղջիկը ավելի տեւական սեղմեց, բայց դարձյալ անարձագանք:
-Երեւի տանը մարդ չկա,- ցածր ասաց աղջիկը:
Տղան թույլ, ապա ավելի ուժգին ծեծեց դուռը ու սպասեց: Քիչ անց փեղկը կիսահար բացվեց. աղջամուղջի մեջ աղոտ երեւաց մի ծեր կին:
– Ո՞ւմ եք ուզում,- օտարոտի հարցրեց նա:
– Տատի, կարելի՞ է,- ասաց աղջիկը:
– Դուք ո՞վ եք:
Խոսելով-բացատրելով՝ տղան եւ աղջիկը մտան մեկ աստիճան ցածր կիսանկուղը: Նրանց պարուրեց անհրավեր հյուրի զգացումը: Ծեր կինը վառեց լամպը, որը հազիվ փարատեց մութը: Խնայողության համար է, անցավ տղայի մտքով: «Անհյուրընկալ պատերը սեւ»՝ մտքում ասաց նա: Լքվածության շունչ էր փչում ամենուր, ավելի ընդգծելով ծեր կնոջ միայնակությունը: Տղան հայացքով ընդգրկեց սենյակը: Մերկ պատեր են, դիմացի անպատուհան պատից կախված էր հին գորգ, որի վրա երիտասարդ զույգի մեծադիր լուսանկարն էր: Դա փոքր ինչ փարատում էր սենյակում տիրող վհատությունը:
Կինը մոտեցավ տղային եւ ձայնի մեջ երանգ դնելով ասաց.
– Մեր մարդն է, էն մեկն էլ ես եմ,- կնոջ դեմքին կոտրված ժպիտ գծագրվեց, կարծես ինչ որ բան արդարացնելու համար ավելացրեց.-չեմ էլ հիշում, թե երբ ենք նկարվել: Սոկրատը ստիպեց, նրանից էդ հիշատակն է մնացել:
Աղջկա ուշադրությունը գրավեց մահճակալին փռված հնամաշ նափռաշը, որը դեռեւս պահպանում էր նախնական գույները: Տեղաշորերը կանոնավոր հավաքված էին մահճակալի սնարին, իսկ մյուս մասը աթոռի տեղ էր ծառայում, որովհետեւ սենյակի միակ աթոռը գտնվում էր սեղանից անուշադիր հեռվում:
-Ինչ խաղաղ է,- ձեռքերը տարածելով ասաց աղջիկը:
Նա հարմար տեղավորվեց կնոջ կողքին, վերջինս տեղ արեց, ու երկուսով կիպ նստեցին կողք-կողքի: Աղջիկը ձեռքը փափուկ դրեց կնոջ խորշոմած ձեռքին, դա դուր եկավ ու լայն ժպտաց:
Երազիկն էլ ժպտաց:
-Տատի, ես Երազիկն եմ, ընկերս Մարտինն է, դու էլ…
– Իմ անունը Սիրանուշ է, բայց բոլորը ինձ Սիրուշ են ասում: Որը հավանում եք՝ ասեք:
Երազիկը բացատրեց այցելության նպատակը:
-Սոցիալական հարցախույզ է, մեր նպատակն է հարցման միջոցով իմանալ միայնակ ապրողների կյանքի պայմանները, կարիքները:
-Կարիքներն է՞լ:
Երազիկը կնոջ ձայնի մեջ երանգ զգաց:
-Սիրանուշ տատի, հարցման արդյունքները պիտի ընդհանրացնենք ու ներկայացնենք համապատասխան գերատեսչությունները, որ հետագայում հաշվի առնեն:
-Ի՜նչ եմ ասում:
Նույն քմծիծաղը, որ սկսել էր հետապնդել:
-Սիրանուշ տատի, ինչ հարցնենք, պետք չէ երկար բացատրություն տաք՝ այո կամ ոչ:
-Հա, բալա ջան:
Առաջին հարցերին հեշտ էր պատասխանել, բայց հետո դժվարացան:
-Մենակ եմ ապրում: Մեկ-մեկ թվում է, թե ամբողջ կյանքում մենակ եմ եղել: Մարդու ճակատը կտրվի, ամեն ինչի հարմարվում է: Ամուսինս աշխատավոր մարդ է եղել, լավ աշխատել է, էդպես էլ ծախսել է, չի խնայել: Երբ ասում էի՝ Սոկրատ, սեւ օրի համար մի բան ետ գցենք, ձեռ էր առնում. «-Մարդ պետք է սրտի ուզածն անի, որ աստված չխնայի»: Հավատացյալ չէր, բայց խոսքի տակին-գլխին աստծոն վկա էր բերում,¬ Սիրանուշը քիչ դադար տվեց, ապա ներշնչված ասաց.-սըխ տղամարդ է եղել:
-Երեւի աստված շատ համարեց, էն քերծ տղամարդուն վերցրեց տարավ,¬ ասաց անքեն ու խաղաղ, մի տեսակ կողքանց:
-Առանց պատճառի վերցրեց տարավ: Ինքն ու քրոջ մարդը միասին աշխատում էին թուրքերում: Թե ինչ սեւ կատու անցավ նրանց միջեւ, վիճեցին, իրար վրա դանակ քաշեցին: Մնացի անտեր անտիրական: Երեխաներս անհեր եմ մեծացրել: Մեծս՝ Սուրենն էր, որ հիշում եմ, քթիս ծուխը ելնում է, գնաց բանակ եկավ, արհեստի տվի: Մի աղջկա հավանել էր, ձեր հավանած նշանդրիք արեցինք,- նա խոր շունչ քաշեց:- Մի կիրակի օր ընկերներով գնացին սառն աղբյուրի մոտ հանգստանալու: Վերադարձին մեքենան շուռ եկա՜վ… Ոչ մեկի քիթը չարնոտվեց, իմիս աջալը եկել էր:
Սիրանուշը լռեց, որ մտքերը հավաքի, հետո խոր թառանչ քաշեց, տխուր աչքերի միջից կոտրված ժպտաց.
– Մարդու ճակատին ինչ գրված է, նա էլ քաշելու է:
Դանդաղ էր պատմում, մտքերը հավաքում էր, կողմնակի մարդու պես պատմում: Երեւի հաշտվել է ճակատագրի հետ: Սիրանուշը բաժակից մի կում արեց,որ չորացած շրթունքը թացացնի:
Հավանաբար շաքարախտ ունի, կարեկցանքով մտածեց Երազիկը, նա փաղաքշեց: Սիրանուշ տատը լցվեց:
-Փոքրը՝ Աշոտն է, ինչ ասեմ, որտեղ մթնում է՝ այնտեղ էլ մնում է: Թոշակի ումուդին է, մեկ էլ աղբարկղներից շիշ է հավաքում: Ամեն ինչ տեղը տեղին էր, կոշկակար էր աշխատում, հետո ընկերացավ խմիչքին, ձեռից գնաց:
-Աշոտը ընտանիք չո՞ւնի,¬ հարցրեց Մարտինը:
-Կին էլ ունի, երեխաներ էլ ունի: Կինն ինչքան աշխատեց մարդուն ճիշտ ճանապարհի բերել, չհաջողվեց, նա էլ երեխաներին վերցրեց ու գնաց Ռուսաստան՝ ծնողների մոտ:
-Կապ չկա՞ ընտանիքի հետ:
– Էյնը ընտանիքը գալի՞ս է, որ կապ ունենա: Հոգիս ինչ ծռեմ, կինը մեղավոր չի, լավ հարս է եղել, հոգատար մայր է եղել, օրինավոր կին է եղել, ձեր գլուխը ինչ ցավացնեմ, մոր ծիծ կերած, ընտանիքին նվիրված հարս էր:
Սիրանուշը փոքր տղայի մասին պատմում է, ոնց որ ուրիշի մասին պատմեն:
– Հազարից մեկ երեւում է, փողի է գալիս: Մինչեւ մի բան չի պոկում, չի գնում:
Տղան էլ, աղջիկն էլ, իրենցից անկախ, տհաճության նախնական զգացումից ազատվեցին, պարզվեց, որ Սիրանուշ տատը խոսքաշեն կին է:
-Ներող եղեք, որ ոչինչ չկա հյուրասիրելու,- թեթեւ քմծիծաղ տալով ասաց ու անքեն նայեց հյուրերին:
Երազիկը խառնվեց իրար.
-Սիրանուշ տատ, դո՛ւ ներիր…
Մարտինը փորձեց մեղավորությունը իր վրա վերցնել:
-Ոչինչ,- նորից քմծիծաղ տվեց Սիրանուշ տատը,- հաջորդ անգամ հաշվի կառնեք:
-Գո՞հ ես, դժգո՞հ ես էս կյանքից,- հարցաթերթիկից դուրս հարց տվեց Մարտինը եւ զգաց, որ անհեթեթ բան ասաց:
-Գոհ եմ, ինչո՞ւ պիտի դժգոհ լինեմ: Մարդ որ էս լույս աշխարհում ապրում է, ինչո՞ւ պիտի դժգոհ լինի:
Պատասխանն անսպասելի էր:
-Սիրանուշ տատի, ճիշտն ասա, շաբաթական քանի անգամ ես մսով ճաշ ուտում,¬ ձեռքի հարցաթերթիկին նայելով հարցրեց Երազիկը:
-Ուզում եք ճի՞շտն ասեմ:
-Այո, իհարկե, Սիրանուշ տատ:
-Սպասեք հիշեմ, թե վերջին անգամ երբ եմ մսով ճաշ կերել,- Սիրանուշ տատը կանգ առավ, որ հիշի, ապա հարցրեց. -Մեր տանը պատրատա՞ծ ճաշ, թե ուրիշ տեղ:
-Սիրանուշ տատ, էն էլ, էն էլ:
-Սրանից մի քանի շաբաթ առաջ էր, երեւի ամսից էլ ավել, Վարսենիկի քառասունքին:
Անսպասելի Սիրանուշ տատի աչքերը ջրակալվեցին:
-Ողորմի նրան, լավ կին էր, երգում էր, ոտանավորներ էր արտասանում: «Հանգանակի» միջոցառումներին ժողովուրդին ուրախ էր պահում: Լսած կլինեք «Հանգանակի» մասին, ինձ նման անտեր մարդկանց համար է, օժանդակում են ինչով կարողանում են, ամիսը մեկ՝ սննդամթերք են բաժանում, դեղեր են տալիս, ճիշտ է՝ շատ թանկերից ուժները չի պատում, բայց էլի շնորհակալ ենք: Մեկի մի տեղը ցավում է՝ գալիս է «Հանգանակ», երբ մենակությունը սկսում է խեղդել, հավաքվում ենք, խոսում, իրար դարդերից պատմելով թեթեւանում: Ողորմի տանք հանգուցյալին, բոլորս էլ շատ վշտացանք: Մեկը չկար, որ նրանից մի վատ բան հիշեր: Շատ ցավեր է տեսել, ոսկորներին թող հանգստություն գա: Կյանքը որ պատմում էր, բոլորս լաց էինք լինում: Հենց «Հանգանակ» կազմակերպությունը փող հատկացրեց, մենք ու մենք քառասունք արինք: Բոլորս էլ լաց եղանք, ամեն մեկս իր ցավից էր խոսում: Մի օր գնացի տեսակցության… Գլուխներդ չե՞մ ցավացնում:
Երազիկն էլ, Մարտինն էլ միասին ասացին.
-Սիրանուշ տատի, հետաքրքիր լսում ենք:
-Մեր տնից հեռու չէր ապրում, մոտիկ էր ապրում: Կարծես սիրտս ասում էր՝ վերկաց գնա: Որ մտա ներս, Վարսենիկը մի տեսակ թառանչ քաշեց: Հարցրի՝ ո՞նց ես, ասաց՝ լավ եմ, համ՝ ասաց, համ էլ՝ թաշկինակը տարավ աչքերին: Երկար ժամանակ չէր կարողանում զինքը հավաքել: Ջուր տվեցի, կում արեց, ասաց, երբ ներս մտար, աչքիս Մարիամս երեւաց: Վախենում եմ մեռնեմ՝ էլ չտեսնեմ: Էն եթիմը էս մենակ աշխարհում ո՞նց է ապրելու: Ասաց ու նորից թաշկինակը աչքերին կալավ: Չեմ իմանում՝ պատմեմ, թե չպատմեմ Վարսենիկի մասին:
Երազիկը հորդորեց, Մարտինը պաշտպանեց:
-Որ ասում եք՝ պատմեմ:
Սիրանուշ տատը կանգ առավ, կարծես մտքերի հետ ուրիշ տեղ գնաց: Հետո իրեն հավաքեց, պատմությունը շարունակեց:
Մարիամը Վարսենիկի միակ աղջիկն էր, թուրքի էր գնացել: Մերն էլ, աղջիկն էլ ինչ արին-չարին, ձեռք չքաշեց, ամուսնացավ տարավ Բաքու: Սեւ մնա էդ օրը: Ղարաբաղի շարժումը որ սկսվեց, թուրքն ու երեխաները՝ երեք տղա ուներ, միանգամից փոխվեցին: Մարիամը իրավունք չուներ բոլորի հետ սեղան նստել: Առանց պատճառի, թե պատճառով ծեծում էր ու երեխաներն էլ հորը պաշտպան էին կանգնում: Իրավունք չուներ փողոց դուրս գալ, մարդկանց երես տեսնել: Թաղվածը բոլոր փաստաթղթերը վերցրել էր, որ հանկարծ տնից չփախչի: Անունը չէին տալիս, արհամարհական «էրմանի» էին ասում: Որտեղ ասես, որ Վարսենիկը չդիմեց՝ Կարմիր խաչից սկսած: Վարսենիկը փրկագին խոստացավ, սեփական տուն ուներ, ծախեց, որ էդ փողով աղջկան գերությունից ազատի: Մի տարուց ավելի սպասում էր էդ օրվան: Բոլորն էլ ընկճվել էին, միթե հնարավոր է, մի տեղ գրա՞ծ է, որ սեփական երեխաները մոր հետ այդպիսի դաժանություն կատարեն:
Այլեւս հարցեր չտվին, կարծես մոռացան, թե ինչի համար էին եկել:
Սիրանուշը լռեց: Ոչ ոք չէր փորձում որեւէ բառ ասել: Տունը տրտմությամբ լցվեց: Կարծես ամբողջ աշխարհն է տխրել:
Մարտինը տեղից բարձրացավ, հետո Երազիկը հետեւեց նրան, հրաժեշտ տվին:
Սիրանուշը չփորձեց պահել, միայն աչքերով ուղեկցեց նրանց: Երբ դուրս եկան տնից, իրիկնային լույսերը արդեն վառվում էին: Երկար ժամանակ ոչ ոք չէր խոսում: Քայլում էին ընկճված, ամեն մեկը իր մտքերի հետ: Երազիկը փողոցի խաչմերուկում կանգնեց ու բարձրաձայն մղկտաց: Նա փարվեց Մարտինին, չէր կարողանում հեկեկոցը պահել: Մարտինը գրկեց Երազիկի վտիտ ուսերը: Նա թույլ տվեց, որ Մարտինը դողացող շուրթերով համբուրի իրեն: Ավտոմեքենաները սկսեցին ազդանշաններ տալ: Զույգը խանգարել էր փողոցային երթեւեկությունը:

«Եղիցի լույս»
Թիվ 10-11 (189-190) 2018

Տարածել

Պատասխանել