Յակոբ Այնթապլեան / Բանաստեղծություններ

0

Ամերիկահայ բանաստեղծ, սրտաբան, դոկտոր Յակոբ Այնթապլեանը ծնված լինելով Սիրիայում, ապա Իտալիայում կրթություն ստանալով, ավելի քան 50 տարի ծառայում է ամերիկյան առողջապահական ոլորտում` իր մասնագիտական կարողություններով կյանք պարգևելով հազարավոր հիվանդների, այդ թվում և հայերի: Լինելով հայտնի սրտաբան, նա միևնույն ժամանակ նվիրվել է ազգային խնդիրներին և բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է օգտակար լինել հայությանը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում:
Դոկտոր Այնթապլեանն առաջին անգամ Հայաստան է այցելել արցախյան շարժման ծանր օրերին, 1988 թվականի ահեղ երկրաշարժից հետո և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ է իրականացրել և այսօր էլ շարունակում է իր հայանպաստ գործունեությունը հայրենիքում: Նրա մտահոգությունների առանցքում նաև հայերենապահպանության խնդիրն է, որի լուծման ուղղությամբ ներկայումս մեծ աշխատանք է տանում` իր իսկ կողմից հիմնած Գրիգոր Նարեկացի համալսարանի Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնի հետ:
Յակոբ Այնթապլեանը նշանավոր բանաստեղծ է: Ազգային հիմնախնդիրները նրա քնարերգության հիմնական թեմաներն են: Բանաստեղծություններում արտացոլված են գրողի հոգու տվայտանքները, մարտնչող ոգին: «Հայաստան տեսած ըլլալով, անոր իր տուած այցելութեան ընթացքին ոգեղէնին հետ եւ դարաւոր գոյութեան պատգամին ղօղանջը իր հետ բերաւ գրականութեան, բերաւ բանաստեղծութեան մէջ խմորելու»,- գրում է Արմեն Տոնոյանը Այնթապլեանի «Վերադարձ» բանաստեղծական ժողովածուի առաջաբանի վերլուծական խոսքում:

ՍՊԻՏԱԿ

Մահուան լռութիւն… մահուան ցուրտ սարսուռ…
Ալ չկայ այնտեղ խայտացող մանուկ…
Ալ չկայ այնտեղ երգ ու ճռուողիւն…
Միայն հաչոցը խելագարուած շան,
Կորուստի համար աղեխարշ ոռնոց…
Ճզմուած մարմիններ հայ մանուկներու՝
Հսկայ շէնքին տակ մանկապարտէզի:

Բակին մէջ փոքրիկ հողակոյտին լուռ՝
Խաչը ծուռ փայտէ անձայն կ’արտասուէ…
Հրկիզուած մանկան անճանաչ դէմքին
Մեխակ ու նարկիզ պսակ կը կազմեն…
Միայն շունն հաչող ու ես ցաւահար,
Անխօս ու մոլոր մահասփիւռ ձմրան,
Մանկապարտէզի ձիւնածածկ թումբին
Տակը կ’որոնեմ նկարներ գունեղ,
Տարտղնած էջեր… ու գողտրիկ յուշեր…
Մտայղացման մանկան նշխարներ…
Էջերը թաց սառն ու ձիւնածածկ
Սրտիս կը սեղմեմ սրտերը մանկանց…
Սրտիս մէջ կ’առնեմ էջերն այդ թաց՝
Ձիւնածածկ ու սառն գունեղ նկարներ
Ու արտասուքիս շիթեր կը կաթին
Ժայռեռու ծերպին, ընդերքին հողին…
Գուցէ գալ գարնան կակաչներ ծաղկին
Բակին մէջ հեծող մանկապարտէզին
Իմ սրտէս կաթած արտասուաշիթէն…
Ինչպէս տետրին մէջ նկարազարդման…

Շիջող շողերը գորշ մայրամուտին
Խուլ ու մունջ դարձած մարդկային ցաւի
Վերջին գգուանքով գորշ աղջամուղջին՝
Լեռներու ետին հանդարտ կ’անհետին…
Որբ շան խելայեղ կաղկանձը անդուլ
Հոգւոյս մէջ վշտի վէրքեր կը քերծէ…
Ու յառնող կեանքի նշոյլին կառչած,
Սրտէս բեկոր մը ես խաչին գամած
Ցաւիս պատեանին խորքը ամփոփուած,
Հեռացայ անխօս ցաւ Սպիտակէն…
Մարտ 1989

ԵՍ ԿԸ ՀԱՒԱՏԱՄ

Հայոց հանճարի փայլատակումին,
Յաւերժի խորքը ընդմիշտ մխրճուած,
Անխախտ, անսասան մեր Մասիս սարին:

Ես կը հաւատամ գահեր խորտակող գրչի
զօրութեան,
Նահատակներու արեան սրբութեան,
Ֆետայիներու սուրբ խոյանքներուն
Ու արեամբ օծուած մեր ազատութեան:

Ես կը հաւատամ մեծ այգաբացի անլուռ
ղօղանջին,
Կը լսեմ ձայնը փրկութեան զանգին,
Ու կը հաւատամ մեր արդարութեան, խունկ ու սրբութեան,

Երբ Հայեր կրկին կարաւան կազմած՝
դառնան մեր երկիր՝
Երկիր Հայաստան…
Ես կը հաւատամ…:
Նոյեմբեր 1989

ԵՍ ՔԵԶԻ ԿՈՒ ԳԱՄ

Ես քեզի կու գամ, հեզ ու երկիւղած,
Սեմիդ կանգնելու, հողըդ պագնելու,
Արցունքներովս ոտքըդ սրբելու,
Իմ սուրբ ու անգին՝ Երկիր Հայաստան:

Օտար ափերուն ծնած մանկան պէս,
Մօրը կարօտին պապակը շուրթիս՝
Կու գամ սնուելու ոգովդ անբիծ,
Երկիր Նայիրի Աշխարհ Հայաստան:

Մենք նոյն կաղնիի տարբեր ճիւղերն ենք,
Մենք նոյն թռչունի երկու թեւերն ենք,
Նոյն չար ոսոխի միակ զոհերն ենք,
Բայց Հայու զաւակ՝ Եղբայր Հայրենի:

Ես կու գամ քեզի, սրտաբաց, համեստ,
Վերակնքուելու ջուրով Սեւանի,
Իմ սիրտս ձօն է ամէն մի Հայու,
Որ ես նոյնանամ քեզմով յաւիտեան:

Ես քեզի կու գամ հեզ ու երկիւղած,
Սեմիդ կանգնելու, հողըդ պագնելու,
Արցունքներովս հողըդ սրբելու,
Իմ սուրբ ու անգին՝ Երկիր Հայաստան:

Էջը կազմեց՝ Ամալյա Գրիգորյանը

«Եղիցի լույս»
Թիվ 10-11 (189-190) 2018

Տարածել

Պատասխանել