Ամալյա Գրիգորյան / Երկրի կենարար ավիշը

0

Նոյեմբերի 16-ին Արցախի գրողների միությունը նախաձեռնել է երկրորդ հանդիպումը գյուղաբնակ գրողների հետ: Հրավիրված էին Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքից բանաստեղծուհի Զոյա Հովհաննիսյանը, Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից՝ արձակագիր Միքայել Խաչյանը, Քաշաթաղից՝ գրող, հրապարակախոս Զոհրաբ Ըռքոյանը և Հերհերից՝ երիտասարդ բանաստեղծ Հայասեր Հովսեփյանը:
Բացման խոսքում ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց միջոցառման յուրօրինակ ձևաչափի կարևորությունը: «Արցախում գրողը պարտավոր է նաև գրականության մեջ նոր «դիրքեր» գրավել,- ասաց Վ. Հակոբյանը:- Գյուղերում ապրող գրողները շնորհակալ գործ են կատարում՝ նվիրվելով հոգևորին, դպրությանը, կրթությանը: Նրանք երկիր են պահում, ազգային հոգևոր արժեքներ են պահպանում»:

Ապա անդրադառնալով օրվա հերոսներին՝ առանձին-առանձին ներկայացրեց վերջիններիս: Ըստ Վ. Հակոբյանի՝ Զոյա Հովհաննիսյանն Արցախի գրական ընտանիքի այն բանաստեղծուհիներից է, ով իր ակտիվ հասարակական կյանքով աչքի է ընկնում ամենուր: Բանաստեղծուհու ստեղծագործություններն իրենց պարզությամբ ու անմիջականությամբ ընթերցողի ուշադրությանն են արժանանում:

Միքայել Խաչյանին ԱՀ գրողների միության նախագահը ծանոթ է դեռևս ուսանողական տարիներից: Գրողը մեծ ներդրում ունի նաև իր հայրենի գյուղի կրթական ոլորտի կայացման գործում: Նա մասնակցել է Արցախյան պատերազմին, որտեղ էլ վիրավորվել է: Մ. Խաչյանը այսօր էլ շարունակում է ստեղծագործել թե՛ արձակ և թե՛ չափածո ժանրերում:
Բնութագրելով բանաստեղծ Հայասեր Հովսեփյանին՝ ով աշխատում է Մարտունու շրջանի Հերհեր գյուղում՝ որպես մանկավարժ, ԳՄ նախագահն ընդգծեց, որ Հայասերը մի շարք ժողովածուների հեղինակ է: Վերջերս նա տպագրության է հանձնել ևս մեկ գիրք: Հ. Հովսեփյանն ունի բարձր ինտելեկտ, քայլում է ժամանակի հետ և ստեղծում հետաքրքիր ու բազմերանգ պոեզիա:
Ներկայացնելով Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Զոհրաբ Ըռքոյանին՝ Վ. Հակոբյանը մասնավորապես ասել է. «Զ. Ըռքոյանի պատմական, գեղարվեստական ակնարկները հրապարակվում են տարբեր թերթերում: Ընթերցողը նրա գրածների շնորհիվ որոշակի պատկերացում է կազմում Արցախ աշխարհի և, մասնավորապես, Բերձորի, Քաշաթաղի բնակավայրերի ու այնտեղ ապրող մարդկանց մասին: Հրապարակախոսը ապրում է իր հայրենիքով, սիրում է այն որդիական ջերմ սիրով»:
Միջոցառմանը ծավալուն ելույթով հանդես է եկել Գրիգոր Նարեկացի համալսարանի Գիտական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը: Նա անդրադարձել է վերոնշյալ գրողների պատերազմական թեմայով գրված ստեղծագործությունների առանձնահատկություններին:
Գրեթե բոլոր գրողներն էլ անդրադարձել են արցախյան պատերազմի թեմային. յուրաքանչյուրը յուրովի մասնակցել, յուրովի արտացոլել է պատերազմն իր ստեղծագործություններում: Նրանց ստեղծագործությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի մինչպատերազմական և հետպատերազմական: Պատերազմը շրջադարձային եղավ. փոխեց ստեղծագործող անհատների մտածողությունը, աշխարհընկալումները, վերաբերմունքը: Այս առումով իր հոդվածներից մեկում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը գրել է. «Հայ գրողը որդեգրեց ոչ թե պատերազմը, թեկուզ հաղթական, փառաբանելու, այլ պատերազմներին ՈՉ ասելու քաղաքականությունը, ոչ թե զինվոր-ազատամարտիկի հաղթանակները ներբողելու, այլ՝ նրա՝ հաղթանակից հետո իր իսկ երկրում որպես լուսանցքի մարդ ապրելը պատկերելու քաղաքականությունը: Ու հայ գրողը պատկերեց ոչ թե բերկրանքը, այլ ցավը, ոչ թե նվաճումը տարածքների, այլ կորուստը հազարավոր հրաշալի հայորդիների…»:
Այսպես՝ գրող, արցախյան պատերազմի մասնակից Միքայել Խաչյանի «Պատերազմը և մենք» փոքրածավալ պատմվածքների ժողովածուն խորապես ներկայացնում է պատերազմական կյանքը՝ իր ողբերգական հետևանքներով:
Գրքի չափածո բնաբանում հեղինակը գրում է՝ Մարտն ավարտվեց, //Եվ գումարտակը նոսրացած շարքով// դանդաղ առաջեց…//Առանց հարևան դժվար է քայլել: Այս տողերը, թեև հակիրճ, սակայն իրենց հանգիստ, անպաճույճ ոճի ու պարունակած մեծ ու խորը ասելիքի մեջ կարծես ներքին աղերսներ են դրսևորում մեր երևանաբնակ բանաստեղծներից մեկի Խաչիկ Մանուկյանի հետևյալ տողերի հետ. «Բարձունքը մերն է, տղերքը չկան// Տղերքն ավելի բարձրում մնացին»:
Պատումներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի խեղված ճակատագիր: Պատերազմը մարել է տան ճրագներ, որը՝ կիսատ է թողել իր սերը, որը՝ ընտանիք, որը՝ մեծ երազանք, որը՝ ուսում… Պատերազմից կամ չեն վերադարձել, կամ վերադարձել են հաշմված, նրանց հոգեբանական նրբերանգների բացահայտմանն է նվիրված «Ճակատագրի խաղ», «Ժամադրություն» պատմվածքները: Նկատենք, գրողի նշակետն առաջին հերթին ոչ թե պատերազմի ազգային նշանակությունը կարևորելն է, այլ անհատին` պատերազմի մղող գործոններն ու առավել շատ պատերազմի դառը հետևանքները՝ մարդկային խաթարված կյանքերի ու ճակատագրերի արտացոլումն է: Խաչյանի հերոսներից յուրաքանչյուրն ընդվզում է պատերազմի դեմ յուրովի. «Տունդ քանդվի, պատերազմ, որ մեր տունը քանդեցիր»: Պատմվածքներից մեկի հերոսն էլ անիծելով պատերազմ կոչված չարիքը՝ ասում է.«Չլիներ պատերազմը, ամեն ինչ ուրիշ կերպ կդասավորվեր: Թող կորչի պատերազմը»:
Պատմվածքներից մի քանիսում հեղինակը ներկայացրել է ազերի թուրքի կերպարը, սակայն ոչ բացասական քողի ներքո: Կար ժամանակ, երբ իրար կողք կողքի էին ապրում, բարեկամանում և նույնիսկ ամուսնանում էին հայն ու ազերին: «Ճակատագիր», «Ափսոսանք» պատմվածքներում, վերջինս իրական դեպք է, գրողը նման եղելությունների մասին է արձանագրում ու նույնիսկ ափսոսում է, որ պատմվածքի հերոսը Ֆամիլը ազգությամբ ազերի է, նա իր մանկության մտերիմ ընկերն էր, նույնիսկ հայերեն էր սովորել ու հայ աղջկա հետ ամուսնացել: Սակայն ողբերգական ավարտ է ունենում պատմվածքի սյուժեն: Սկսվում է արցախյան գոյամարտը և ազերիները իմանում են, որ Ֆամիլի կինը հայ է և գալիս են տանելու, սակայն Ֆամիլը խնդրում է մեկ օրով հետաձգել վճիռը: Նույն օրը Ֆամիլը կնոջը անհապաղ փրկում է՝ նրան տեղափոխելով Լենինգրադ: Որդիներից մեկը մնում է Բաքվում և նրան որպես հրետանավորի տանում են սահման, որպեսզի հրանոթով համազարկ տա հայերի կողմը: Սակայն տղան խոստովանում է, որ ինքը չի կարող այդ հրամանը կատարել, որովհետև իր մայրը հայ է և ազերիները տղային տեղնուտեղը սպանում են:
Պատումի գաղափարն այն է, որ անկախ էթնիկական, կրոնական պատկանելիությունից՝ մարդը մնում է մարդ: Սա է Խաչյանի հետևությունը: Գրողի մարդասիրական հայացնքներն են արտացոլված ժողովածուի գրեթե բոլոր պատումներում: Նրա հերոսները յուրովի խաղաղասեր են ու հումանիստ: Այսպես՝ գյուղը ազատագրած հայ դիրքապահներից Արմենը հակառակորդի երեխային ոչ միայն գերի չի վերցնում, այլև ապահով ճանապարհում է դեպի թշնամու կողմը, իսկ ինքը դժբախտաբար թշնամու ականի վրա պայթում է ու բազմաթիվ վերքերի հետ կորցնում նաև տեսողությունը:
Կա մի ուրիշ պատերազմ, որն ավելի սարսափելի է, դա պատերազմից հետո պատերազմն է մարդկանց հոգիներում, կորուստների հետ անհաշտ ապրելու անվերջանալի ծանր հոգեվիճակը: Այս առումով ուշագրավ է բանաստեղծուհի Զոյա Հովհաննիսյանի պոեզիան: Նա գրականություն է բերել որդեկորույս մոր կերպարը՝ Մայր եմ տառապյալ հայոց Արցախի… Ցավոք, արցախյան պատերազմում Զ. Հովհաննիսյանը կոցրել է իր որդուն: Բանաստեղծ մոր բանատողերում անսփոփ մրմուռ կա և առանց հուզմունքի հնարավոր չէ դրանք կարդալ:
Բանաստեղծուհին՝ որպես խիզախ հայուհի, ինքն է իր զավակին զինվոր կարգում, ուղարկում մարտի դաշտ՝ հողն ազատագրելու, պատգամելով նրան, որ իր առաջին մայրը հայրենիքն է և նրա փրկության համար ինքը պատրաստ է ամեն մի զոհողության: Արցախամայրը բոլոր հայորդիների մայրն է, նրա ձայնը որդեկորույս բոլոր մայրերի համանվագն է.
Ժամանակը դաժան, սև գլխաշոր է
Նետել ուսերս…
-Հողը տնքում է քարե արցունքի
Ծանր զարկերից
Եվ սև կակաչներ պարզում դեպի ինձ…
Ձեռքերս մեկնում, փնջում եմ դրանք
Հայրենի հողի համար զոհ դարձած
Որդիներիս պես՝ սեղմում եմ գիրկս…
Եվ հառաչում են լեռները հայոց…
Եվ հառաչում են սերերը հայոց…
Եվ հառաչում են մայրերը հայոց…
Բանաստեղծուհու երգերը եղերերգեր են, դաժան եղելությունը կսկծացնում է նրա հոգին, և նա իր հոգու ճիչը, անանց ցավը փորձում է բառավորել, հանձնել թղթին, գոնե այդկերպ մխիթարվել, վերականգնել ամենակարևորը՝ հոգու հավատը.
Ամեն տողիս մեջ հևում է հոգիս,
Ես խնկարկում եմ հավատս ծնվող,
Անհավատության սահմանը անցել՝
Ես Գողգոթա եմ բարձրանում անահ…
Այնուամենայնիվ, չասված, չբառավորվող խոսքեր կան քնարական հերոսի հոգում, որ ալեկոծում են իր էությունը, իսկ ինքը հերոսաբար ու արժանապատվորեն տանում է այդ ցավը` Ես իմ լռության պատերի ճեղքում//Իմ հեծկլտոցն եմ թաքցնում լռին:
Արցախի հերոսամայրը իր հոգու ծանր վշտով, «ընկղմված լինելով ցավի ընդերքում», շարունակում է պայքարի ոգին վառ պահել հոգում՝ մնալով ուժեղ ու անդրդվելի: Նա գրում է.
Հպարտությամբ կրեմ ցավս՝
Չխորտակվի ամրությունս:
Կամ
Կարծր է հոգիս, հավատացեք,
Կուսաբերդի կողին կպած կայծքարի պես:
Կարոտի, հուշի, երազանքի ու սպասման խորհուրդներ են նաև պարունակում իրենց մեջ բանաստեղծ մոր երգերը.
Մոր կարոտ է կարոտը այս,
Որ սպասումից ճերմակել ու
Դարձել է մի լույս աղավնի
Ու փնտրում է իր կարոտը՝
Իր երկինքը…
Զոյա Հովհաննիսյանի ցավերգությունը սակայն չի վերածվում լալկանության, հոռետեսության, նա ամուր է կանգնած հայրենի հողին և նրա լույսը՝ իր որդուց հետո իր սիրասուն թոռնիկներն են.
Բանաստեղծուհի մոր հոգին չի չարանում, նա շարունակում է ապրել իր աղոթքներով ու մարդկությանը հղում իր մարդասիրական ու խաղաղասիրական ուղերձները, իսկ ապրելու խորհուրդն իր համար այլևս այսպես է բանաձևած.
Առավոտ ծեգին աղոթքն է հոգուս՝
Շուրթերիս վրա պարում հուսառատ,
Ինչպես հարության մի համանվագ,
Որպես փրկության հուսո նախերգանք:
Հետաքրքիր ու ինքնատիպ են բանաստեղծուհու կերտած պատկերները, որոնք խորը շեշտադրումներ են պարունակում ու որոշակի տրամադրություններ են ստեղծում՝ արտացոլելով հայության ցավն ու ժամանակի ողբերգականությունը: Այսպես՝ /Հորիզոնը մի արյունոտ վիրակապ է,// կամ Վերքարան է հողը հայոց, Մայրամուտը օտարացեղ, Իր փեշերն է լուռ հավաքում, Օրը կախաղան է ասես, արևի քրքիջի տակ ունայն և այլն:
Ռազմահայրենասիրական թեմատիկան արդիական է նաև այսօր, առանձնապես՝ Արցախի երիտասարդ սերնդի ստեղծագործություններում, նրանք ամիջական մասնակցություն են ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմագործողություններին: Դարձյալ մեր գրողը հայտնվեց խրամատում՝ զենքը ձեռքին, հայրենիքի պաշտպանության սուրբ գործը ստանձնած:
Այս առումով ուշագրավ է երիտասարդ բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի պոեզիան: Բանաստեղծն իր չափածո և արձակ մտորումներում արծարծում է ոչ միայն պատերազմի անմիջական մասնակցի ապրումները, այլև արցախյան պատերազմի ժամանակ իր ու իր սերնդակիցների կորսված մանկության դառը հուշերը: Եթե արցախյան պատերազմում իր հայրն էր կռվել, ապա քսան տարի անց ինքն է զենքը ձեռքին խրամատում կանգնել: Նրա երգերը խաղաղության կոչեր են:
Գեղեցիկ է առավել այն գեղեցկությունը, //որ խաղաղություն է կոչվում,-ասում է բանաստեղծը և ընդվզում խաղաղության դեմ, որ իրեն մենակ է թողնում խրամատում, կամ չտեսնելուն է տալիս զինվորի արյունը: Պարադոքսալ պատկերների միջոցով հեղինակը անձնավորում է խաղաղությունը, նրան վերագրելով՝ վախկոտ, դավաճան մակդիրները:
Բանաստեղծը նախ և առաջ չի համակերպվում պատերազմում նահատակված հայորդիների, իր ընկերների կորստի հետ.
Հողն իմ ոտքերի տակ,
Իսկ դուք՝ հողի…
Այս ինչ արեցիք, տղերք…
Գրողը խեչոյանական պատգամին հավատարիմ, փորձում է ամեն կերպ ատել տալ պատերազմը.
Պատերազմները,
Որտեղ սպանվում են մարդիկ,
Որտեղ լլկվում են մարդիկ,
Ինչպես կարելի է հաղթական կոչել:
Բանաստեղծի համար մի ուրիշ խորհուրդ ունի խրամատը, այն կյանքի և մահվան սահմանագիծն է, նա այդտեղ անքուն գիշերներ է լուսացրել ինքնաձիգի հետ, աչալուրջ հսկելով սահմանը: Էքստրեմալ, սահմանային իրավիճակում հայտնված քնարական հերոսն իր բողոքի ձայն է բարձրացնում բոլոր նրանց հանդեպ, ովքեր անհոգ իրենց համար վայելում են կյանքը, խրամատից, սահմանից շատ հեռու, քաղաքներում: Նրա խոսքի մեջ սարկազմ կա, նա գրում է.
Ես զինվոր եմ,
և զարմանալի ոչինչ չկա,
երբ գիշերվա խավարասքող խրամատի մեջ
ժպտում եմ մենակ,
պարզապես
քազցր տեսիլք կա հուշերի,
որ այցելում է անսպասելիորեն ու
հանկարծակի:
Եվ տեսիլքի մեջ ընկերներս,
Լույսերով ողողված քաղաքի
Ակումբում,
Շամպայն են կրակում՝
Խցանը օդ թռցնելով
Ու արժանանալով շքեղ աղջիկների
Ջերմ ծափերին,
Իսկ ես
Լուսածրող փամփուշտ եմ կրակում
Լուսնի ուղղությամբ
և սպասում հակառակորդի ոռնոցին՝
որպես պատասխան:
Հիրավի՝ պատերազմի մասնակից գրողները հայտնվելով էքզիստենցիալ իրավիճակներում, նախապատվությունը տվել են հայրենիքի փրկությանը: Նրանց առանցքային խնդիրը հայ ինքնության պահպանումն է, գոյավորման սկիզբի, տեսակի կենսափիլիսոփայության ակունքների բացահայտումն ու ինքնահաստատումն է: Յուրովի ժխտելով պատերազմը՝ մեր գրողները իրենց խաղաղարար ու մարդասիրական ձայնն են բարձրացնում ի լուր ողջ աշխարհի:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բանաստեղծ Դավիթ Միքայելյանը, Ծովինար Բաղդասարյանը, ովքեր բարձր գնահատեցին իրենց գրչընկերների ստեղծագործությունները:
Վերջում խոսքը տրվեց օրվա հերոսներին, նրանք շնորհակալություն հայտնեցին ելույթ ունեցողներին, ապա ներկաների համար կարդացին իրենց ստեղծագործություններից:
ԱԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը գրողների միության անունից դրամական պարգևներ հանձնեց հրավիրված գրողներին:

«Եղիցի լույս»
Թիվ 10-11 (189-190) 2018

Տարածել

Պատասխանել