Վանո Եղիազարյան/ Սարինյանի հայտնության արցախյան խորհուրդը

0

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի «Դպրատուն» հրատարակչությունը 2018թ. լույս է ընծայել «Գեղագիտությունը և բանաստեղծությունը. Սարինյանի հետ» գիրքը, որը կազմել է բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը: Գրքի մասին առայժմ չի գրվել որևէ գրախոսություն:

Սույն գրախոսության արդիականությունը ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի մասին գրված ժողովածուի գրականագիտական արժևորումն է: Մեր նպատակն է բացահայտել ժողովածուի արժանիքները և թերությունները: Մեր խնդիրն է համակողմանիորեն ներկայացնել ժողովածուն` իր կառուցվածքային և բովանդակային առաձնահատկություններով: Գրախոսության մեջ առաջնորդվել ենք արժեբանական (աքսիոլոգիական), մեկնաբանական (հերմենևտիկա) մասնագիտական մեթոդներով:
Գրախոսության գիտական նորույթը խնդրո առարկա ժողովածուում Սերգեյ Սարինյանի և Վարդան Հակոբյանի գրական ու մարդկային կապի մեկնությունն է` Արցախյան հարցի ու ազգային գաղափարաբանության լույսի ներքո:
Գիրքը բացվում է Ա. Գրիգորյանի «Որպես առաջաբան» վերնագրված համառոտ խոսքով, որում հիմնական գծերով ներկայացվում է ժողովածուի կառուցվածքը:
Գիրքը բաժանված է վեց մասերի, որոնք կառուցվածքային առումով անհամաչափ են: Գրքի առաջին «Տիեզերական ընդգրկումների անսահմանությունը» մասում ներկայացված են Վարդան Հակոբյանի կողմից 2003 թ. գրված «Նամակ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին», 2004 թ. գրված «Աշխարհն ամփոփում եմ իմ մեջ և ներանձնանում», 2005 թ. գրված «Հայոց գրականության երկու դար»-ի չորրորդ հատորյակը կարդալուց հետո» և «Շարունակվող լեգենդի» տիեզերական խորհուրդը» անթվակիր ենթագլուխներից: Ակնհայտ է, որ այս մասում համակարգային առումով կա անմիօրինակություն, ինչպես թվագրման, այնպես էլ ժանրային առումով` բաց նամակի կողքին դիմանկարի փորձ, ապա նաև գրախոսություն: Հիշյալ թերություններով հանդերձ` գրքի հաջողված հատվածներից է այս մասը, որում հետաքրքրական գծերով բացահայտվում է գրող-գրականագետ Վարդան Հակոբյանի սարինյանական ֆենոմենի ընկալումը` իբրև գիտնականի, մարդու, մտածողի, մտավորականի և արցախցու: Այս մասում հընթացս ուրվագծվում է նաև Վարդան Հակոբյանի կերպարը` որպես գնահատողի, բանաստեղծի ու գիտնականի:
Գրքում առանձնացվել է 10 էջանոց երկրորդ մասը` «Սերգեյ Սարինյանը ժամանակակիցների գնահատմամբ» վերնագրով, ուր գնահատանքի խոսք ասող անունների հերթականությունը, կարծում ենք, կամ պիտի ընտրվեր ժամանակագրական սկզբունքով, կամ, որ ավելի գերադասելի է նման դեպքերում, հեղինակների ազգանվան այբբենական հերթականությամբ: Ավելին` սույն մասում տեղ են գտել անուններ, որոնց պետք է նախորդեին Սերգեյ Սարինյանի անձը և գիտական վաստակը գնահատող այլ մարդկանց անուններ, ինչպես` օրինակ չէր կարելի անտեսել Սարինյանի 90-ամյակի առթիվ «Գրական թերթ»-ում տպագրված Էդվարդ Միլիտոնյանի «Ժամանակի բարձունքից դիտողը», Ավիկ Իսահակյանի «Գրականության երդվյալ նվիրյալը» և այլ բազմաթիվ հոբելյանական հոդվածներ, կամ Աելիտա Դոլուխանյանի «Դասական գրականագետը» և տողերիս հեղինակի` «Գրականագիտական մտքի ազնվականը» Սերգեյ Սարինյանի մասին մահախոսական հոդվածները և այլն, և այլն: Էլ չեմ խոսում գիտական ամսագրերում Սերգեյ Սարինյանի կյանքին ու գրականագիտական վաստակին նվիրված հոդվածների անտեսման մասին, ինչը պետք է տեղ գտներ նման վերնագիր ունեցող մասում: Կարծում ենք, գրքի վերահրատարակման ժամանակ, իսկ դա, որքան տեղյակ եմ, կլինի մոտ ապագայում, պետք է բաժինը համալրվի անհրաժեշտ ու հարուստ նյութերով:
Գրքի երրորդ` «Հայտնության խորհուրդը կամ բանաստեղծության փիլիսոփայությունը» մասում տեղ են գտել Սերգեյ Սարինյանի կողմից տարբեր տարիների գրված գրախոսական հոդվածները Վարդան Հակոբյանի պոեզիայի մասին (նաև բանավիճային մի հոդված), ինչպես նաև Վ. Հակոբյանի «Քսաներորդ դարի հայ քնարերգության զարգացման միտումները» գիտական գրքի մասին կարծիքը:
Այս մասին կցվել են ասույթներ Սարինյանի մտքերից, որոնք, ինչպես Ա. Գրիգորյանն է նշել առաջաբանում, ծաղկաքաղ արված իմաստասիրական խոսքեր են և «ունեն նաև թեմատիկ լայն ընդգրկումներ», սակայն պետք է նկատել, որ բացակայում են դրանց հղումները:
Գրքի ճանաչողական, գիտական ու գեղագիտական արժեքն առանձնապես բացահայտվում է չորրորդ մասում, որ վերնագրված է «Սարինյանի ֆենոմենը». այն թեև գիտական հարցադրումների շուրջ երկխոսություն է Վարդան Հակոբյանի և Ամալյա Գրիգորյանի միջև, սակայն հղացքի մեջ Վարդան Հակոբյանի հուշապատումն է, որն էլ գրքի ամենամեծ արժանիքն է` արցախյան բարբառով ու հումորով համեմված: Հուշապատումի մեջ ընթերցողի աչքի առաջ կերպարանք են առնում հուշագրող զրուցաբանի` Վարդան Հակոբյանի, նրա խոսքի միջոցով նաև Սերգեյ Սարինյանի, Պարույր Սևակի, Սևակ Արզումանյանի, Սերգեյ Աբրահամյանի, Զորի Բալայանի, Հրանտ Մաթևոսյանի, Լևոն Անանյանի, Լևոն Խեչոյանի կերպարները: Կան նաև բազմաթիվ էպիզոդիկ կերպարներ` Բագրատ Ուլուբաբյանը, Բոգդան Ջանյանը, Ազատ Եղիազարյանը, Կիմ Գաբրիելյանը և այլն: Հարցազրույցը հագեցած է գիտականությամբ, սակայն այն առավել գրավիչ է դառնում Սարինյանի մարդկային կերպարի կերտմամբ` իմաստուն ու խոհեմ, քմահաճ ու բարձրաճաշակ, անկանխատեսելի ու մանկան պես համոզվող: Անչափ հետաքրքիր են Սարինյանի կենցաղային ու մարդկային թուլությունները:
Գրախոսվող գիրքը նախ և առաջ Վարդան Հակոբյանի անկեղծ նվիրումի արտահայտությունն է, որ հուշի թևեր է առել` որպես իր խղճի հանգստություն: Սարինյանին անձամբ ճանաչողը չի կարող առանց հուզմունքի կարդալ Վարդան Հակոբյանի այս հուշերը, որոնցում տեսնում ես Սարինյանին այնպես, ինչպես կա: Ասեմ, որ կենդանի հումորը գրեթե բոլոր էջերում ուղեկցում է ընթերցողին՝ խոսքը դարձնելով ավելի գրավիչ: Կատարենք մի մեջբերում, ուր խոսվում է Պարույր Սևակի և Սերգեյ Սարինյանի մտերմության ու անմիջականության մասին:
Այսպես. «Երբ ՀԳՄ-ում քննարկում էին Սևակի գիրքը, դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաների մեծ մասը կանգնած էր, միջանցքներում ու դրսում ևս հավաքվել էին մարդիկ, «ասեղ գցելու» տեղ չկար, հանգամանք, որը ցույց էր տալիս, թե գրականության և, տվյալ դեպքում, Սևակի քնարերգության նկատմամբ որքան մեծ էր հասարակության, ժողովրդի սերը: Սարինյանի զեկուցումից հետո իրարամերժ ելույթներ եղան, տարբեր կարծիքներ հնչեցին: Վերջում խոսքը տրվեց Պարույր Սևակին, նա ելույթ ունեցավ, ապա պատասխանեց ներկաների հարցերին: Ունկնդիրներից մեկը, որը Սևակի պոեզիայի երկրպագուներից էր և բարձր էր գնահատում նաև Սարինյանի գրականագիտական հայացքները, հաղթածի ոգևորությամբ հարցնում է Սևակին.
– Սերգեյ Սարինյանը մինչև հիմա չէր հավանում քո գրածները, ընկեր Սևակ, բա ինչու հիմա միանգամից այդքան շատ բարձր գնահատական տվեց քո պոեզիային: Ինչո՞վ է բացատրվում դա:
Մի պահ անակնկալի եկավ Սևակը և մինչև կպատասխաներ, տեղից` Սևակի ականջի տակ, խոսեց Սարինյանը` ջերմ հումորով.
– Դա բացատրվում է նրանով, որ Սևակի «Մարդը ափի մեջ» գիրքը նոր է գրվել, պարզ չէ՞, բանաստեղծն աճել է:
Բայց հարց տվողը չլսեց Սարինյանի ձայնը: Եվ Սևակը` ժպիտն ուղղելով Սարինյանին, նույն հումորով բարձրաձայն «հակադարձեց» գրականագետի խոսքը.
– Դա բացատրվում է նրանով, որ գիտնականն աճել է:
Եվ դահլիճը երկու մեծերի այդ կատակներին արձագանքեց բուռն ծափահարություններով»:
Գնահատելի է նաև ակադեմիկոսի համագյուղացի, երիտասարդ գրականագետ Ամալյա Գրիգորյանի պատվախնդրությունն ու երախտագիտությունը, որ, ինչպես պարզվում է գրքից, Սարինյանի պատանեկան տարիների ամենամոտ ընկերոջ` Նարիմանի բարեկամուհին է:
Գրքի հինգերորդ մասը` «Հարցարան» վերնագրով, Սարինյանի և Հակոբյանի զրույցն է` բանաստեղծի ու մարդու ներքին էության մասին, որ հյուսվում է արվեստի, գրականության, իմաստասիրության տեսական հարցադրումներով: Զրույցում բացահայտվում են արցախցի երկու մտածողները, իսկ Վարդան Հակոբյանի խոսքում ընդհանրական գծերով գնահատվում է Արցախի գրական միջավայրը, ավագ սերնդից՝ Գուրգեն Գաբրիելյանը, Սոկրատ Խանյանը, Ն. Ավագյանը, Հրաչյա Բեգլարյանը, Զ. Հովհաննիսյանը, երիտասարդներից` Ռոբերտ Եսայանը, Անահիտ Քոչարյանը, Նորեկ Գասպարյանը, Լեռնիկ Հակոբյանը, Հովիկ Մուսայելյանը, Դավիթ Շիրինյանը, որոնք եկել են շարունակելու և նորովի ապրեցնելու Հայոց արևելից կողմանց գրականությունը` Դավթակ Քերթողի, Համամ Արևելցու, Եսայի Ապումուսեի Արցախի իշխանի սկզբնավորած գրական ավանդները:
Գրքի վեցերորդ մաս է համարվել Վարդան Հակոբյանի երեք բանաստեղծությունները` նվիրված Սերգեյ Սարինյանին, որոնցից մեկն՝ արցախի բարբառով, որից Սարինյանը հատուկ հրճվանք էր ապրում, ինչի մասին մի առիթով կիսվել է ինձ հետ: Մի հանգամանք ևս, որի մասին կուզեի նշել: Ես ևս վերջին տարիներին ջերմ հարաբերությունների մեջ էի Սարինյանի հետ, հետևապես տեսնում ու զգում էի, թե գիտական-ստեղծագործական ինչ համագործակցություն էր ծավալվել Ս. Սարինյանի և Վ. Հակոբյանի միջև, նրանց մտերմությունը, կարելի է ասել, բացառիկ էր:
Գրքի վերջում զետեղվել են բազմաթիվ նկարներ, որոնք կապված են Սարինյանի և Հակոբյանի գրական միջավայրի հետ:
Եզրակացություն` «Գեղագիտությունը և բանաստեղծությունը. Սարինյանի հետ» գիրքը, որը կազմել է բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը, իր արժանիքներով ու բացթողումներով հանդերձ, գնահատանքի ու հարգանքի տուրք է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի հիշատակին: Գիրքը Սերգեյ Սարինյանի ու Վարդան Հակոբյանի գրական ու մարդկային շփումների արդյունքն է` յուրահատուկ հիշատակի խոսք, որ արցախցու անկեղծ նվիրումի արտահայտություն է` որպես Սարինյանի նորովի հայտնության արցախյան խորհուրդ:

«Եղիցի լույս»
Թիվ 1 (191) 2019

Տարածել

Պատասխանել