Նվարդ Սողոմոնյան / Իր ժամանակների բանաստեղծական վավերագիրը

0

Բանաստեղծ, «Հայրենյաց պաշտպան» և «Շուշի» թերթերի խմբագիր Ռոբերտ Եսայանը ճանաչված անուն է համահայկական գրական դաշտում: Նա ավելի քան երեք տասնյակ ժողովածուների հեղինակ է:
Նրա անդրանիկ ժողովածուն, որ հրատարակվել է Երևանում, գրավել է հայ անվանի գրողների, գրաքննադատների, ինչպես նաև ընթերցողների ուշադրությունը: Նա մասնակցել է նաև Արցախյան ազգային-ազատագրական պատերազմին` գրիչը փոխարինելով զենքով: Բանաստեղծի 60-ամյա հոբելյանը նշվեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դահլիճում, որին ներկա էր նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը:

Միջոցառումը բացեց ԱՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը` նշելով, որ առաջին իսկ բանաստեղծություններից հասկանալի դարձավ, որ ասպարեզ է իջել տաղանդավոր ստեղծագործող, ով մշտապես մնաց բանաստեղծության հետ: Ռ. Եսայանը առանձնահատուկ երևույթ է և՛ որպես պոետ, և՛ որպես քաղաքացի: Նա այն բանաստեղծներից է, որ բերեց իր ոճը, աշխարհընկալումը, իր բառը, քայլը, շարժումը, իր գեղագիտությունը: Նրա բանաստեղծության փիլիսոփայությունը հենվում է կյանքի վրա, որը նա վերարտադրում է բարձր արվեստով:
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը նշեց, որ անցյալ դարի 80-ականներին գրական ասպարեզ իջավ խոստումնալից մի սերունդ, որի մեջ առանձնանում է Ռոբերտ Եսայանն իր թարմ, պատկերավոր մտածողությամբ, բովանդակային, հոգեբանական խորքերով:
ԱրՊՀ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, բանաստեղծ Արկադի Թովմասյանը, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ Ժաննա Բեգլարյանը, բանաստեղծ, երգիծաբան Դավիթ Միքայելյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը, բանաստեղծուհի Քանաքարա Քոչարյանը, ԱՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանն իրենց ելույթներում ներկայացրին հոբելյարի անցած գրական-ստեղծագործական ճանապարհը: Բանաստեղծը բաց երակ է և զգում է ժամանակի բևեռացումները: Նրա առաջին իսկ տողերում ընդգծված են իրականության խորքերն ընկալելու ինքնատիպությունը: Բառը նրա գրչի տակ դրսևորվում է տարերքի ամբողջ ուժով: Հոգեբանական պատկերներով ոչ միայն բանաստեղծության ոգին է բացահայտվում, այլև ժամանակի դիմագիծը, և նա կամա-ակամա դառնում է ժամանակի գեղարվեստական վավերագիրը: Բանաստեղծի ճակատագիրը ոչ միայն մեկ անհատինն է, այլև կրում է մարդկային տառապանքների խտացած բեռը: Ռ. Եսայանի պոեզիայի ներկապնակը հարուստ ու գունեղ է, թեմաները՝ բազմազան. հայրենիք, սեր, հայրենի եզերք, ծննդավայր, հայոց բանակ և զինվորի գովք: Խաղաղության և ազատության համար պայքարող զինվորի մարդասիրությունը` որպես լույսի ու հավատի գաղափար, ամենատարբեր կիրառումներով է մարմնավորվում բանաստեղծի պոեզիայում, որը և նրա գեղարվեստական խոսքին հաղորդում է անմիջականություն, դարձնում ավելի հնչեղ ու համոզիչ: Ռ. Եսայանի պոեզիան, մանավանդ Ազատամարտի մասին գրված նրա գործերը, ունեն մի առանձնահատկություն. նրանք ոչ թե ազատագրական պայքարի մասին են, այլ պարզապես ստեղծվել են ռազմի դաշտում, այսինքն, Ռոբերտն ազատամարտիկ բանաստեղծ է, երկրի զինվոր, և նրա մարտաշունչ երգերի մեջ ներկայացվում է զինվորի հոգեբանությունը: Պատկերավորությունն ու մտքի ներքին դինամիզմը հատուկ են Եսայանի մտածողությանը: Բանաստեղծի բառն ապրված է, այն ցավի արտահայտություն է և հույսի ներշնչում: Եվ պատահական չէ, որ բանաստեղծի ստեղծագործություններում, անկախ թեմատիկ ընդգրկումներից ու արծարծվող խնդիրներից, միշտ առկա է լավատեսական մոտեցումը:
Ժամանակին Ռոբերտ Եսայանի տաղանդը բարձր է գնահատել անվանի բանաստեղծ Գևորգ Էմինը, իսկ բանաստեղծ Պ. Կոշելը գրել է. «Ռ. Եսայանի պոեզիան արժանի է սևեռուն ուշադրության: Հայ մշակույթն իրավունք ունի հպարտանալ իր զավակով, պոեզիայի երկնակամարում հայտնվել է մի նոր տաղանդ»: Բանաստեղծի պատկերավորությունն ու անմիջականությունը յուրովի է դիտարկել գրականագետ Սարգիս Կիրակոսյանը` նշելով, որ նրա «բանաստեղծությունները լույսի պես պարզ, միաժամանակ` գրավիչ անմիջականությամբ, պատկերավոր ուրույն լեզվամտածողությամբ և հայոց ազգային ոգին սեփական կենսափորձով հնչեցնելու վավերական զորությամբ կաճին` բանաստեղծական հասուն բերքով ծանրաբեռ»:
Ռոբերտ Եսայանը երկրի ճակատագրով ապրող բանաստեղծ է, հրաշալի մարդ, ընկեր, ընտանիքի լավ հայր:
Սփյուռքից հոբելյարին ջերմ ուղերձ էր հղել Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանը:
Հոբելյանական հանդիսությանը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մ. Բալայանն իր ելույթում ասաց, որ բանաստեղծն անհատականություն է, և նրա «գրիչը հայացք ունի»:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ և հոբելյարին վարչակազմի նվերը փոխանցեց Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Գալստյանը։
Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գայանե Առուշանյանն ասմունքեց հոբելյարի ստեղծագործություններից:
«Հայացք ձգելով իմ գրական ճանապարհի վրա, մտածում եմ, որ ամեն ինչ ի սկզբանե որոշված չէր,- իր ելույթում ասաց հոբելյարը,-ճշմարիտ է և այն, որ առանց բարի մարդկանց աջակցության, իմ ճանապարհը տեղ չէր հասնի: Նրանք մղեցին ինձ դեպի գրական հուն և պոետական որոնումների, նոր հորիզոնների»:

«Եղիցի լույս»
Թիվ 1 (191) 2019

Տարածել

Պատասխանել