Կիմ Գաբրիելյան / Թումանյանի գեղարվեստական արձակի որոշ առանձնահատկություններ

0

Մի առիթով Թումանյանն ասել է, որ ինքն իրեն արձակագիր չի համարում և որ իրեն ավելի շատ դրամատուրգ է տեսնում, թեպետ այդ ժանրով ստեղծագործությոններ չունի: Ըստ էության` դրամատիկական գործ գրելը պարզապես եղել է նրա չիրականացած երազանքը: Գրողի արխիվներում չեն պահպանվել տվյալ ժանրի ձեռագրեր, ուստի դժվար է միանշանակ գնահատել Մեծ լոռեցու ինքնաորակումը:
Թումանյանի մշակութային ժառանգության մեջ, մանավանդ վաղ ստեղծագործական շրջանում, մենք հանդիպում ենք գրական երկի այնպիսի տեսակների, ինչպիսիք են հեքիաթը, ակնարկը, զրույցը, հուշագրությունը, ֆելիետոնը: Նա անգամ փորձ է արել վեպ գրել, որը չի ավարտել ամենատարբեր պատճառաբանություններով` բազմազբաղվածություն, առողջական վիճակ, ժանրային աննախընտրություն և այլն: Թումանյանն առհասարակ չի փայլել շատագրությամբ և իր կենդանության օրոք շուրջ երկու տասնյակ կազմող պատմվածքներն առանձին ժողովածուի տեսքով հանրայնացնելու ձգտում անգամ չի ունեցել:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ էր Թումանյանն ինքն իրեն դրամատուրգ կոչում, մանավանդ, որ «չի սահմանազանցել» այդ ժանրի սահմանները: Եթե այս պարագծով զննենք նրա պոեմներն ու պատմվածքները, կնկատենք, որ դրանք ունեն կառուցվածքային ներքին նմանություններ: Խոսքը, մասնավորապես, «բեմադրական գործողությունների» մասին է: Գրողն ասելիքը ներկայացնում է միզանսցենային դասդասումներով, որն ընթերցողը ոչ թե պարզապես գիտակցորեն կլանում է, այլ նույնիսկ ներկա է գտնվում այդ իրադարձություններին: Թե՝ «Անուշ»-ը և թե՝ «Գիքոր»-ը կազմված են իրավիճակային դեկորներից, որոնցից յուրաքանչյուրը տրամաբանական համատեքստի մի բաղադրիչն է: Փորձենք խորանալ Թումանյանի պատմվածքների սինկրետիզմի մեջ:
«Գիքոր»-ը բազմադրվագ ստեղծագործություն լինելով` անտեսանելի կապով միացված է տեքստի գաղափարական առանցքին: Համբոյի «տան կռիվը», թիֆլիսյան թանձր առօրյան, հիվանդանոցային սրտաճմլիկ դրաման ունեն հոգեբանական նույն բնութագրիչները և ստեղծագործական կառույցի էկլետիկ նշանակությամբ ամբողջացնում են միևնույն ողբերգությունը: Ամեն մի տեսարան առանձին արար է, որտեղ հեղինակի ներկայությունը խիստ աննկատ է: Հերոսները երկխոսությունների միջոցով ավելի շատ բան են պատմում, քան կա բուն հեղինակային խոսքում: Հեղինակի բառընտրությունը կայանում է ոչ թե զուտ քերականական մատուցմամբ, այլ բարբառի ճիշտ օգտագործմամբ, որը գրական նյութի համար անհրաժեշտ կոլորիտ է ապահովում, բնականաբար, բարձրացնելով նաև ստեղծագործության գեղագիտական արժեքը:
Թվում է` եթե Թումանյանը ժանրային վերափոխման ենթարկեր «Գիքորը», ապա հնարավոր կլիներ դրանից նույնչափ հաջողված դրամատիկական երկ ստանալ: Նկատենք, հետագայում սեփական երկի այսօրինակ վերաձևում է կատարել նոր սերնդի արձակագիրներից Լևոն Խեչոյանը: Նրա «Սպասում» պիեսը համանուն և «Հայրս» պատմվածքների դրամատուրգիական վերակերտումն է, որով հեղինակը հավելյալ մանրամասներով փորձել է ասելիքը ներկայացնել առավել հուզական-դիդակտիկ միջավայրում, ինչը նրան հաջողվել է:
«Գիքոր»-ն առաջին անգամ տպագրվել է «Հասկեր»-ում` 1907 թվականին, բայց այն գրվել էր շուրջ մեկ տասնամյակ առաջ և պետք է լույս տեսներ «Հորիզոն» հանդեսում, որը սակայն չի հրատարակվել: Տարիներ անց, տպագրելուց առաջ, Թումանյանը վերախմբագրել է «Գիքոր»-ը, բայց թե ինչ էական փոփոխությունների է ենթարկել, դժվար է ասել, քանի որ նրա ձեռագրերը չեն պահպանվել: Արդյո՞ք մեծ գրողն այն դրամատիկական գործի վերածելու նպատակ ունեցել է. մենք կարող ենք ընդամենը ենթադրություններ անել` չբացառելով դրա հավանականությունը:
Պատկերային համակարգը գեղարվեստական ստեղծագործության ատաղձն է, որով էլ գրվածքը տարբերվում է սովորական պատումից: Եթե Թումանյանի պատմվածքներն այս չափանիշով դիտարկենք, գուցե թե զերծ թվան գեղարվեստական արժանիքներից, որովհետև մակդիրները, համեմատությունները, այլաբանություններն ու խորհրդանիշները ակնհայտորեն սակավ են: Բայց հանճարեղ լոռեցին գրական երկի գեղագիտական համակարգն ապահովելու իր յուրակերպն ուներ. նա գեղարվ եստական պատկերի փոխարեն հաճախ օգտագործել է գործողությունների իմաստավորման մեթոդը: Ընթերցողը զգայական ինֆորմացիա ստանում է այդ գործողությունների միջոցով, այլ ոչ թե տեքստային հուշումներով:
Բնորոշ է այս առումով «Գելը» պատմվածքը: Գրվածքը կարելի համարել նաև նովելաշար. բոլոր 9 մասերն էլ առանձին պատմություններ են /արարներ/, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում նույն հերոսների դերակատարությամբ: Դարձյալ գերակայում են երկխոսությունները՝ ի բացառյալ չորրորդ մասի, որտեղ առավելապես հեղինակային մեկնաբանություններ են գայլի կենդանական-գազանային վարքի մասին:
Եթե պատմվածքի դիտավայրը փոխարինենք բեմով, ապա բոլոր արարների մեջ կտեսնենք նույն գյուղական անպաճույճ կացարանը, թեժացրած հին բուխարին, արտաքնապես իրարից տարբեր, սակայն հոգեաշխարհով նույնական հովիվներին, որոնց կենսափիլիսոփայությունը խարսխված է մարդկային անմիջականության վրա: Գրվածքի պարզունակ լեզուն, բարբառի յուրահատկությամբ չի պայմանավորված: Թումանյանը այս և մյուս պատմվածքներում կարևորել է ոչ թե ժողովրդական խոսվածքը, այլ մտածողության կերպը: Անգամ գրական հայերենով վերաշարադրելու դեպքում, կարծում ենք, կերպարները դարձյալ կմնան նույն պարզամտության սանդղակին:
Մի տիպական մեջբերում հիշյալ պատմվածքից. «Այ տղա, դե էն ա, ոչխարը բերում էի, տուն անեմ: Բերի գեղին մոտեցրի, մին էլ տեսնեմ ոչխարը դեսուդեն խախալ-խախալ է անում. շունն էլ հա է անում, թե ոչխարի մեջն ընկնի: Հենց էս ժամանակը շները թփի տակիցը մի գիլի վեր կալան ու ետևիցը լարվեցին»: Այստեղ ոչ այնքան բարբառային ոճն է շեշտված, որքան մտածողության ուրույն կերպը: Թումանյանը, լավ ուսումնասիրած լինելով լոռեցու ավանդական բնավորությունը, կարողացել է ստեղծել նրա ճիշտ արքետիպը: Աշխարհից անգիտակ, սակայն հարուստ կենսափորձով Անդրիաս քեռին, Շորագյալցի Ավոն և մյուսները բարի ու կոպիտ են իրենց եդեմական լեռնաշխարհի նման: Գրողի մյուս պատմվածքները` «Գաբո բիձու շերամապահությունը», «Նեսոյի քարաբաղնիսը», «Քեռի Խեչանը», «Երկաթուղու շինությունը» և ուրիշներ, նույն այս առանձնահատկությունն ունեն: Դրանք ևս կառուցված են «բեմադրական» հենքի վրա: «Նեսոյի քարաբաղնիս»-ը թերևս կարելի է անվանել մեկ արարով դրամա, որտեղ հեղինակային խոսքն աննշան է, փոխարենը շատ են երկխոսությունները:
Այսպես ասած` բեմական միջավայրն օդան է, որտեղ հարևաններով հավաքված, չիբուխ են ծխում ու քննարկում Կիրակոսի առողջական վիճակը: Թումանյանը չիբուխ ծխելուն հատուկ փիլիսոփայական իմաստ է տալիս, ընդ որում` ծխելով ուղեկցվող գործողություններն առկա են ոչ միայն նրա պատմվածքներում: Զորօրինակ` «Ծանըր տընքալով թեք ընկավ ծերը,/Երկար կոթավոր չիբուխը լըցրեց…»: /«Հառաչանք»/:
Ուշագրավ է նաև իրոնիկ տոնը, որը կարմիր թելի պես անցնում է ամբողջ ստեղծագործության միջով: Թումանյանը հոգեբանական մեկնություն չի տալիս Նեսոյի պարզամիտ նախաձեռնության հետևանքներին, որպեսզի ընթերցողական ընկալումը չմնա հեղինակային ազդեցության շրջանակում, նա զերծ է մնում պարտադրական միջամտությունից ու իր դերակատարության համեստ նշանակությամբ դառնում է իրադարձությունների լուռ մասնակիցը: Ընթերցողի մի աչքը հեղինակի վրա է` սպասելով իրավաբարոյական բացատրության, մինչդեռ Թումանյանը նրբանկատորեն այս առաքելությունը վերապահում է Նեսոյին, որի սին ինքնավստահությունը պատճառ է դառնում համագյուղացու մահվան: Եզրահանգումն էլ դարձյալ ոչ հեղինակային է` «Տո՛, դե ճակատի գիր ա էլի, հո նրանց էլ Նեսոն չի խեղդել»: Իսկ պատմվածքի վերջում Նեսոյի` լուռ նստած չիբուխ ծխելը նման է բեմական վարագույրի: Ամեն ինչ դրանով ասված է, և ենթադրություններն ու գնահատականները թողնվում են հանդիսատես-ընթերցողին:
Բեմում /նաև՛ կինոյում/ տիպական կերպարներն ընդգծելու համար հաճախ է օգտագործվում բարբառային կամ ժարգոնային լեզուն: Թումանյանի արձակը միմիայն բարբառային բազմօգտագործումներով չի շեշտվում, գրողն իր հերոսներին կերպավորում է ստույգ միջավայրում, որի մեջ նաև ապրվող ժամանակն է ուրվագծվում:
Ամենայն հայոց բանաստեղծը դասական իմաստով թատերասեր էր ու թատերագետ, նույնիսկ մի անգամ անհաջող փորձ էր արել խաղալ բեմում: Իսկ Թիֆլիսի հայոց թատրոնի բացման առիթով գրել է. «Կցանկանայինք, որ հայ հասարակությունը գնահատեր ու պաշտպաներ իր մայրենի բեմը, իր դրամատուրգներին ու դերասաններին, այսպիսով նրանց հնարավորություն տալով ավելի ուժեղանալու և իրեն համար էլ իրավունք ձեռք բերեր ավելի խստապահանջ լինելու»: Այս խստապահանջությունն էր գուցե նաև պատճառը, որ չէր համարձակվում ձեռք զարկել դրամատուրգիային: Անհնար է, որ գրական անչափելի ձիրքով օժտված Թումանյանը ցանկանար ու չկարողանար գրել դրամատիկական գործեր: Չենք բացառում նաև այդ ժանրով գրված երկերը իր իսկ ձեռքով ոչնչացնելու պարագան, որովհետև նա այդպիսի սովորություն էլ ուներ: Նույնիսկ պատգամել էր զավակներին, որ եթե հետագայում իր արխիվում անավարտ ստեղծագործություններ գտնեն, ոչնչացնեն ձեռագրերը:
Մեծ բանաստեղծի, մանկագրի, հեքիաթագրի, հրապարակախոսի ու արձակագրի հանճարը, այդուհանդերձ, չի տուժել, որ նա այդպես էլ չի գրել դրամատուրգիական գործեր: Հովհաննես Թումանյանը դարձյալ ու միշտ մնալու է «անհաս Արարատը մեր նոր քերթության»:

«Եղիցի լույս»
Թիվ 2 (192) 2019

Տարածել

Պատասխանել